«Ով իր խաչը չի վերցնում ու Ինձ չի հետևում, արժանի չէ Ինձ»

«Ով իր խաչը չի վերցնում ու Ինձ չի հետևում, արժանի չէ Ինձ»

Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ անցնում է իր առաքելության ուղին, որով Տերը ցանկանում է, որ յուրաքանչյուր ոք հասնի իր գոյության վերջնական նպատակին՝ հոգու փրկությանն ու հավիտենական կյանքին: Տիրոջ կամքն է, որպեսզի մարդը հարստանա մնայուն և ոչ անցողիկ բարիքներով, որ կարող է ձեռք բերել այս կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր անձ իր ազատ կամքով կարող է ընդունել Աստծու կամքը և ապրել դրա համաձայն, կարող է նաև մերժել այն՝ հետևելով իր կամքին: Քրիստոս ասում է. «Ով իր խաչը չի վերցնում ու Ինձ չի հետևում, արժանի չէ Ինձ» (Մատթ. 10:38): Քրիստոնյայի համար խաչը կրելը ձգտում է՝ Աստծու կամքի մեջ մնալու և Նրա նախախնամությանն ապավինելու: Հաճախ մարդուն թվում է, թե կրում է աստվածատուր իր խաչը, բայց իրականում հետևում է իր կամքին և հակառակվում Աստծուն: Իսկ նա, ով, Աստծու կամքը կատարելով, կրում է իր խաչը, այդ ճանապարհին Տերը, Իր խոսքի համաձայն, չի թողնում նրան առանց հոգևոր մխիթարության՝ «Իմ լուծը տանելի է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11:30):

Խաչը կրելը չի վերաբերում կյանքի առանձին հանգամանքներին: Իրականում մարդն իր խաչը կրում է ողջ կյանքի ընթացքում, քանի որ ամեն օր նրան վիճակված է ընտրություն կատարել բարու և չարի, երկնայինի և երկրայինի, ճշմարտության և ստի, Աստծու կամքի և իր կամքի միջև: Կյանքն ընտրությունների մի շարք է, ինչպես վայրկյաններից և րոպեներից է կազմվում տարին, այնպես էլ փոքր կամ փրկության համար կարևոր ընտրություններից է կազմվում քրիստոնյայի կյանքը: Բարին ընտրելով, այսինքն՝ խաչը կրելով՝ մարդը, իսկապես, ապրում է և դեպի հավիտենական կյանք ընթանում: Մարդու ուղին դեպի հավիտենական կյանք կամ մահ ընթանում է առանց դադարի: Այդ պատճառով առօրյա կյանքի հոգսերի մեջ մարդ չպետք է դադարի դեպի Աստված ընթանալուց: Նման ընթացք ունեին աստվածահաճո կյանքով ապրող սրբերը:

Յուրաքանչյուրն իր խաչը կրում է նախ իր սրտում: Քրիստոս հաճախակի նախատում էր փարիսեցիներին՝ իրենց արտաքին և ցուցադրական բարեպաշտության համար: «Աստծու թագավորությունը ձեր մեջ է գտնվում»,- ասում է Քրիստոս (Ղուկ. 17:21): Խաչը կրելով և Տիրոջը հետևելով՝ մարդը համոզվում է, որ թագավորական այդ զենքը պահպանում է իրեն չարի հարձակումներից, օգնում է հաղթահարել կրքերը և պարսպում մի շարք վտանգներից:

Մարդը կարող է իր խաչը կրել նաև մտքում, քանի որ քրիստոնյան մշտապես պայքարի մեջ է վատ մտքերի դեմ: Չարի կամքն է, որ մարդը հրաժարվի իր փրկարար խաչը կրելուց: Չարի ներշնչմամբ Քրիստոսի խաչելության ժամանակ խաչի առջևից անցնողներն ասում էին. «Եթե Աստծու Որդի ես, ապա փրկի՛ր ինքդ քեզ և ցա՛ծ իջիր խաչից» (Մատթ. 27:40): Մեղքի պատճառով խաչը կորցրած անձը կարող է վերադարձնել այն միայն զղջումով և ապաշխարությամբ: Խաչը կրելը քրիստոնյայի համար կյանք է և այն հնարավոր է կրել միայն Աստծու օգնությամբ: Տիրոջ խոսքի համաձայն՝ ով մինչև վերջ դիմանա, նա կփրկվի (Մատթ. 10:22): «Ով հավատարիմ է փոքր ծառայության մեջ, մեծի մեջ էլ հավատարիմ է» (Ղուկ. 16:10): Խաչը ուղի է դեպի երկինք: Երբեմն դժվար է խաչին հավատարիմ լինել՝ մի փոքր տառապանք կրել, օրինակ՝ չարին չարով չպատասխանել: Մարդը, մեղանչական լինելով, անընդհատ սայթաքում է և միայն Աստծուն են հայտնի յուրաքանչյուրի գործած մեղքերը, բայց ամենագութ Տերը շարունակում է սիրել, համբերել ու սպասել մեղավորի զղջմանը՝ ցավ ապրելով, որ մարդիկ սեր չունեն Իր ու իրար նկատմամբ: Տերն ամեն օր մարդուն օրհնություններ և ուրախություններ է պարգևում, որոնք շատ հաճախ մարդիկ չտեսնելով՝ մի փոքր խնդրի դեպքում հուսահատության մեջ են ընկնում: Հարկավոր է օրինակ վերցնել Հոբ Երանելիից, որ երբեք չտրտնջաց Աստծու դեմ, այլ շնորհակալ եղավ ամեն ինչի համար և խոնարհաբար ընդունեց բոլոր փորձությունները:

Քրիստոնյայի համար խաչը վերցնելը և այն երախտագիտությամբ, խոնարհությամբ ու համբերությամբ կրելը միակ փրկարար ուղին է: Այդ մասին է պատմում հետևյալ առակը. «Մի անգամ ճանապարհով մարդիկ էին անցնում: Նրանցից յուրաքանչյուրն ուսին խաչ էր կրում: Նրանցից մեկին թվում էր, թե իր խաչը չափազանց ծանր է: Եվ քանի որ նա շատ խորամանկ էր, հետ ընկավ բոլորից, մտավ թփերի հետևն ու իր խաչի մի մասը սղոցով կտրեց: Իր խորամանկությունից շատ գոհ՝ նա հասավ ու առաջ անցավ բոլորից: Հանկարծ ճանապարհին մի անդունդի հանդիպեց: Բոլորը, կամրջելով իրենց խաչերը, հաղթահարեցին անդունդը, և միայն խորամանկ մարդն էր, որ անհաջողության մատնվեց, քանի որ նրա խաչը շատ կարճ գտնվեց»:

Քրիստոնյայի ուղին խաչակրության և ոչ թե հարմարավետության ուղի է: Աստվածահաճո կյանքը ենթադրում է մեղքերի դեմ պայքար, ինչը նույնպես խաչ է: Տերը ոչ ոքի հեշտ ճանապարհ չխոստացավ: Մինչև Գողգոթա Տերը ինքը կրեց Իր խաչը: Շատ հաճախ մարդիկ տրտնջում են խաչի ծանրությունից՝ մոռանալով, որ Երկնավոր Հայրը գիտի յուրաքանչյուրին իր ուժերին համապատասխան և հօգուտ հոգու խաչ տալ: Կյանքի կարևորագույն դասեր պարունակող առակներից մեկում կարդում ենք, որ մի մարդ կարծում է, որ իր կյանքը չափազանց ծանր է և դիմում է Աստծուն հետևյալ խնդրանքով. «Տեր Աստվա՛ծ, իմ խաչը չափազանց ծանր է և չեմ կարողանում այն կրել: Այն մարդկանց, որոնց ես ճանաչում եմ, նրանց խաչերը շատ թեթև են: Կարո՞ղ ես իմ խաչը փոխել՝ առավել թեթևը տալով»: Եվ Աստված ասում է. «Շատ լավ, հրավիրում եմ քեզ խաչերի պահեստարան, ընտրի՛ր քեզ համար խաչ»: Մարդն ընկնում է պահեստարան, սկսում խաչերը փորձել և բոլորը նրան թվում են ծանր ու անհարմար: Փորձելով բոլոր խաչերը՝ նա դռան մոտ նկատում է մի խաչ, որ նրան փոքր է թվում և Աստծուն ասում է. «Թո՛ւյլ տուր վերցնել այս խաչը, նա ինձ ամենահարմարն է թվում»: Այն ժամանակ Աստված նրան պատասխանում է. «Դա հենց քո խաչն է, որ թողեցիր դռան մոտ՝ նախքան մյուս խաչերը փորձելը»:

Ուրախություններն ու հաճույքները, որ այսօր բարձրացվել են որպես կյանքի բարձրագույն արժեքներ, ոչինչ արժեն, քանի որ չեն արարում, այլ միայն պահանջում են: Իսկ խաչը կրելով՝ մարդը կառուցում է իր կյանքը, արարում, չարի տարածման դեմ խոչընդոտ հանդիսանում: Աստվածային ճշմարտությունից հեռու մարդը կարծում է, թե որքան շատ է ձեռք բերում, այնքան առավել է հարստանում՝ չմտածելով, որ իր ունեցածն ուղղակի իր շուրջն է և ոչ թե իր հոգում՝ չանդրադառնալով, որ հոգին այլ կերպ է հարստանում: Առաքինի կյանքով դեպի Աստված ընթանալն է, որ ամրացնում, լուսավորում և հարստացնում է հոգին: Մարդն, իր խաչը կրելով, նմանվում է Փրկչին՝ իր խաչը միանալով Քրիստոսի անհաղթահարելի խաչին, մեծ ուժ է ձեռք բերում:

Ուստի հետևելով Ս. Մակար Մեծի հորդորին՝ ուրախությա՛մբ կրենք մեր խաչը. «Մարդը, որ հետևում է Աստծուն, պետք է ուրախությամբ կրի իր խաչը, պատրաստ լինելով հանուն Աստծու կրելու գալիք հայտնի և ծածուկ փորձությունները, Աստծու հանդեպ այն հույսը և հավատն ունենալով, որ Նրա իշխանությամբ ու թույլտվությամբ է ինքը փորձություններ կրում և միայն Նրա միջոցով կարող է հաղթահարել դրանք: Քրիստոս էլ, հանուն մարդկության փրկության, խաչվեց՝ մեզ թողնելով կյանքի օրինակը (Ա Պետրոս 2:21), որպեսզի այն դժվարության և փորձության ուղով, որով Նա ընթացավ, անցնեն Նրան ճշմարտապես հավատացողները և Նրան ժառանգակից դառնալ ցանկացողները (Հռոմ. 8:17)»:

Կարինե Սուգիկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում