Մի լա, Հայաստան․․․

Մի լա, Հայաստան․․․

Մի լա, Հայաստան, ծանր է իմ սրտին
Քո կոմիտասյան հառաչը տխուր․․․
Դեռ բոցկլտում է արեգակը հուր,
Եվ բոցկլտում է ժողովուրդն այս հին։

Գիտեմ, թե մի օր հազար ու հազար
Զոհերիդ աճյունն իրար գումարվի,
Գոյանա պիտի սրբազան մի սար,
Որ Արարատին կհավասարվի։

Եթե քո թափած արցունքը վարար
Գետերի փոխվեր ու Սևան հասներ,
Սևանը կելներ ափերից իր քար
Եվ օվկիանոսի ձայնով կխոսեր։

Թե միանգամից ողբերդ բոլոր
Եվ հառաչանքիդ ձայները տխուր
Ելնեին դեպի երկնային ոլորտ,
Պտտվեր պիտի Աստծո սիրտը խուլ։

Ասա՛, ուրեմն, այդ ի՞նչ ուժ ունի,
Ինչպե՞ս դիմանա իմ սիրտը չնչին
Բիրտ հարվածներին այդ սուր դաշույնի
Եվ կոմիտասյան երգի հառաչին։

Էդուարդաս Մեժելայտիս

Թարգմ․՝ Վ․ Դավթյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում