USD
EUR
RUB

Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը գոհության մասին

 

Ունկնդրե՛նք առաքյալի այն խոսքերը, որոնց միջոցով նա խոսում է թեսաղոնիկեցիների հետ՝ ամենքին հիշեցնելով իրենց կյանքի օրերում Աստծուն աղոթելու անհրաժեշտության մասին: Առաքյալի՝ նրանց ուղղված ուսուցումը, որից թեսաղոնիկեցիները կարող էին օգուտ քաղել, հետևյալն էր, որ թեև ինչպես ամեն բան, այդպես էլ մարդկային կյանքը անցողիկ է, սակայն հարկ է «ամեն ժամ ուրախ լինել, անդադար աղոթել և ամեն ինչում գոհություն հայտնել» (հմմտ. Թսղ. Ե 16-18):

Արդ, թե ինչ է, առհասարակ, ուրախությունը, և ինչ օգտակարություն կարող է ունենալ մշտապես ուրախ լինելը, կամ թե ինչպես է հնարավոր անդադար աղոթք ուղղել ու ամեն ինչում գոհություն հայտնել Աստծուն, այդ ամենի մասին փոքր-ինչ հետո կխոսենք: Իսկ նախ և առաջ գիտենանք, որ այս խոսքերին ընդդիմացողներն ու իրենց անկարողության պատճառով առաքյալի այս պատվիրանի դեմ հայհոյախոսողները հենց առաջի՛նը պիտի կատարեն այս խոսքերը:

Այդպիսիք, սակայն, ասում են՝ ինչպե՞ս կարող է առաքինություն համարվել գիշեր-ցերեկ ողջ հոգով հրճվելն ու ցնծալը: Եվ ասում են, թե ինչպե՞ս է այդ կարելի, այն դեպքում, երբ շուրջբոլորդ, քո կամքից անկախ, վխտում են բյուրավոր չար մարդիկ, ուստի և դեռ մի բան էլ հարկավոր է հոգումդ տրտմություն ունենալ, քանի որ նման պարագաներում ոչ մի կերպ հնարավոր չէ խնդալ ու բարեմտել, տառապելով՝ չցավել, և խոցվելով՝ չտագնապել:

Եվ կամ, ինչպես որ ասում են ոմանք, ինչպե՞ս կարող է մարդ ուրախ լինել, երբ նրա շուրջն իրենց մտածումները հիվանդություններով ախտացրած մարդիկ են գտնվում, որոնց պատճառով գուցե ամեն մեկն էլ այլոց մեղավորության մեջ գցելու պատճառ դառնա (հմմտ. Սղմ. 4): Այս ամենը առիթ դարձնելով է, որ ոմանք դանդաղում են առաքյալի այս պատվիրանը կատարելու մեջ և հանդգնում են չարախոսել նրա դեմ՝ իբրև անկարելին սահմանող մեկի:

Նման կերպ խորհող մարդն ասում է. «Ինչպե՞ս կարող եմ ամեն ժամ ուրախ լինել՝ առանց իմ ներսում ուրախության պատճառ ունենալու», քանի որ, ըստ նրա, արտաքին հանգամանքներն են, որ մեզ համար ուրախանալու պատճառ են դառնում, և ոչ թե մեր մեջ եղող զգացումները։

Ուստի և մեզ համար ուրախության առիթ են հանդիսանում մերձավորի սերը, երկար ժամանակ չտեսնվելուց հետո՝ ծնողների հետ հանդիպումը, ունեցվածքի տեր դառնալը, մարդկանցից պատվի արժանանալը, սարսափելի հիվանդությունից հաջողությամբ ապաքինումը և կենցաղային բարօրության այլ դրսևորումներ՝ ամեն բարիքով հագեցած տունը, լեցուն սեղանը, ուրախության մասնակից լինելը, հաճելի տեղեկություններ լսելն ու ակնահաճո բաներ տեսնելը, որոնք ուրախացնում են մարդուն, ինչպես նաև՝ մեզ հարազատ մարդկանց ողջությունն ու բարեկեցիկ կյանքով ապրելը, քանի որ մեզ վրա տխրություն բերող երևույթներն էլ ոչ թե միայն մեզ են ցավեցնում, այլ նաև մեր սիրելիներին ու ազգակիցներին են տրտմեցնում։

Արդ, ուրեմն, ինչպես կարծում են ոմանք, միայն այս բոլոր թվարկված երևույթներն են մեր հոգուն հրճվանք ու բարեմտություն պարգևում։ Եվ այս նույն տրամաբանությամբ էլ, երբ մարդը տեսնում է իր թշնամիների կործանումը, դավաճանների վիրավորվելը, ինչպես և՝ բարեգործների երախտիքներն ու, միաժամանակ, իր շուրջը տեղի ունեցող և իր կյանքը խռովող դժնդակ աղետների բացակայությունը, այդժա՛մ է միայն, որ ունակ է դառնում իր հոգով խնդություն ապրելու։

Սակայն, ահա՛, առաքյալը մեզ մի հրաման է տալիս, որը թեպետ ոմանց հաճելի չէ, սակայն իր կարևորությամբ հաջորդում է առաջին առաջնահերթություն ունեցող մյուս պատվիրաններին՝ ինչքան էլ որ ասելու լինես․ «Ես ինչպե՞ս անդադար աղոթեմ՝ մարմնի համար անհրաժեշտ պետքերը թողած՝ իմ միտքը հոգուս վրա սևեռելով, քանի որ անկարելի է միտքը երկու տարբեր հոգսերի վրա կենտրոնացնելը»։

Եվ դեռ առաքյալը հրամայեց ամեն ինչում գոհություն հայտնել, իսկ դու, գուցե, ասես․ «Գոհանա՞մ՝ տանջված ու վիրավորված, չարչարանքի անիվի վրա պրկված ու աչքերս՝ կուրացած լինելով։ Գոհանա՞մ՝ գանահարվելով ու թշնամիների կողմից ինձ պատճառված անպատմելի վերքերը կրելով, ցրտին՝ սառչելով, սովամահ լինելով ու փայտին կապվելով։

Ինչպե՞ս գոհանամ, երբ հանկարծ մի օր անզավակ մնամ կամ էլ կնոջիցս զրկվեմ, չարառիթ նավաբեկության պատճառով կորցնեմ ունեցվածքս կամ էլ, ծովում՝ ծովահենների, իսկ ցամաքում՝ ավազակների պատահելով, հարձակման ենթարկվեմ ու վիրավորվեմ նրանց կողմից։ Եվ կամ, ինչպե՞ս գոհանամ, երբ զրպարտվեմ, աղքատանամ կամ էլ բանտ ընկնեմ»։

Այս բոլորը և դեռ ավելին չարախոսները բամբասում են օրինադրողի մասին և հակաճառում նրան հայհոյական խոսքերով՝ իրենց մեղքերի դիրքերից ելնելով: Արդ, սակայն, մենք ինչպե՞ս կարող ենք քննադատել առաքյալին, երբ մեզնից շատ ու շատ բարձր է նա, նա՛, ով երկրից էլ վեր ընթացավ և երկնային քաղաքացիությունն ընդունեց: Ուստի և ովքեր հակառակվում են առաքյալին, դա այն պատճառով է, որ նրանք անկարող են հասնելու և հասկանալու օրինադրի մեծ խորհուրդները, քանի որ այդպիսիք ընկղմված են երկրի, մարմնի մեջ, ինչպես որդերը՝ տիղմի: Այդպիսիք, որ թաղված են մարմնական ախտերի տակ, դեռ մի բան էլ հանդգնում են առաքելական հրամանների ճշարտացիությունը կասկածի ենթարկել:

Առաքյալը, սակայն, պատգամում է ուրախ լինել ոչ թե ի տես բոլոր նրանց, որոնց մարդ կհանդիպի, այլ՝ ուրախ լինել սեփական անձի հետ «հաղորդակցության» ժամանակ, ոչ թե իբրև մեկը, ով մարմնի մեջ ապրելու պատճառով մարմնական է, այլ իբրև մեկը, ով կենդանի է՝ իր մեջ ունենալով Քրիստոսին (հմմտ. Գաղ. Բ 20): Իբրև մեկը, ով ամենաառաքինի բարություններին երբևէ մարմնական զանազան ախտավորությունները չխառնեց, այլ թեպետև մարմնով չարչարվում էր, սակայն հավատարիմ էր մնում չարչարանքներ կրող իր այդ մարմնին և տրտմությամբ չէր հրաժարվում այդ չարչարանքներից, այլ հաստատուն էր պահում իր մեջ Հոգու խորհուրդները:

Քանի որ, ինչպես հենց ինքը՝ առաքյալն է ավանդում, հարկ է, որ մենք երկրի վրա մեռցնենք մեր մարմնի անդամները, որովհետև այդկերպ մենք «մեր մարմինների մեջ կրում ենք Հիսուսին» (հմմտ. Բ Կորնթ. Դ 10): Ուստի և առաքյալը ինքն էլ, անհրաժեշտաբար, մեռած մարմնի վարքով էր ապրում և չէր խուսափում վերքեր ընդունելուց, այլ այդկերպ հավատարիմ էր մնում Հոգու հետ ունեցած միավորությանը:

Անպատվության ենթարկվելու, հալածվելու և մահվան մատնվելու սպառնալիքները նրա մտքում տեղ չունեին և անկարող էին առաքյալի ոգու բարձրությունը կործանել՝ համադասակից դարձնելով նրանց, ովքեր երկրաքարշ ախտերին են գամված: Եվ եթե այդպիսիք հավասարամիտ լինեին առաքյալի խորհուրդներին, երբ որևէ դժվարության մեջ ընկնեին, ո՛չ իրենց ընկերոջ վրա տրտմություն կազդեին, և ո՛չ էլ իրենք տխրությամբ կընդունեին վրա հասած վտանգը:

Իսկ ահա եթե դուք ըստ մարմնի ապրեք, ապա կտրտմեք (հմմտ. Հռոմ. Ը 13): Սակայն այդ ողորմելիները դատաստանի են ենթարկվելու հենց իրենց իսկ մեղավոր ցանկությունների համեմատ և ա՛յն բանի պատճառով, որ նրանք ինքնակամ չընտրեցին առավել վայելուչ ճանապարհը: Մինչդեռ Արարչին միանալու ցանկությամբ տոգորված հոգին սովոր է աստվածային ամեն գեղեցկությամբ զվարճանալու, խնդությամբ ցնծալու և մարմնական զանազան ախտերի միջով անցնելով էլ՝ անփոփոխ մնալու և չկորցնելու իր բարեմտությունը:

Եվ դեռ այսպիսիք, տեսնելով ուրիշներին՝ տրտմության մեջ ընկած, ջանք չեն խնայում ուրախություն պարգևել վերջիններիս՝ իրենց իսկ ուրախության օրինակը ցույց տալով, ինչպես որ անում էր Պողոսը՝ «համակերպվելով տկարությունների, նեղությունների, հալածանքների ու վշտերի մեջ» և իր տկարություններով պարծենալով (տե՛ս Կորնթ. ԺԲ 10), լինելով «քաղցի ու ծարավի, ցրտի ու մերկության, հալածանքների ու նեղությունների մեջ» (հմմտ. Բ Կորնթ. ԺԱ 27): Եվ այն ամենի մեջ, որոնցում ուրիշները դժվարանում էին ու հրաժարվում էին նման խրթին կյանքով ապրելուց, առաքյալն այդ ամենի մեջ ապրելով՝ ուրախանում էր այդ ամենով:

Արդ, նրանք, ովքեր հիմարաբար են ընդունում առաքելական միտքն ու չեն հասկանում, որ Պողոսը մեզ ավետարանական կյանքով ապրելուն է կոչում, հանդգնում են բամբասել առաքյալի մասին, որը հորդորում է մշտապես ցնծալ Աստծու կողմից մեզ ընձեռնված մեծ պարգևների համար:

Չէ՞ որ մենք ոչնչից գոյության կոչվեցինք՝ Արարչի պատկերով ստեղծվելով (հմմտ. Ծննդ. Ա 26), մտքով ու բանականությամբ օժտվեցինք, ինչի շնորհիվ էլ կարող եղանք ճանաչելու Աստծուն: Մտքի ու բանականության շնորհիվ նաև արարչության ողջ գեղեցկությունը ճանաչեցինք, ինչպես և մեծն Աստծու՝ ամենքի հանդեպ ունեցած նախախնամության ու Նրա իմաստության մասին «ընթերցեցինք» այնպես, ինչպես մի գրի առնված գրություն կկարդայինք:

Մենք բարին ու չարը զատորոշելու կարողությամբ ենք օժտված, մեր բնությամբ օգտակար բաներն ընտրելու և վնասակար սովորություններն էլ մեզնից հեռու վանելու կարողությունն ունենք: Մենք, որ մեղքերի պատճառով օտարացել էինք Աստծուց, դարձյալ մեր սկզբնական կոչման նկատմամբ հարազատությանը վերադարձանք և Միածնի արյամբ էլ ազատագրվեցինք անպատվաբեր ծառայությունից: Հարության հույսը, ավետարանական բարիքների վայելքը, Երկնքի թագավորությունը, բարի ավետիսը, միտքը, խորհուրդներն ու զորությունները ընդունողները եղանք մենք:

Ինչպե՞ս է հնարավոր, որ այս բոլորը խնդության և անդադար, մշտնջենավոր ուրախության պատճառ չլինեն մեզ համար: Եվ ինչպե՞ս է կարելի, որ դեռ մի բան էլ որովայնամոլներին հատուկ, նյութապաշտ ու փափուկ անկողնում խռմփացնելով անցկացվող կյանքը խնդությամբ ապրելու արժանի կյանք համարվի մեզ համար: Ես, սակայն, կարծում եմ, որ այդպիսի մարդկանց համար ողբալ է անհրաժեշտ, քանի որ նրանք, թեպետ միտք ունեն, սակայն անմտության մեջ են խարխափում:

Իսկ ահա նրանց, ովքեր հույսով հանդերձյալ, հավիտենական կյանքի գալստյանն են սպասում, երանի է պետք տալ, քանի որ նրանք մոտակա ու անցավոր կյանքը հավիտենության հետ են «փոխանակում» և այսպիսիք, եթե հրի մեջ էլ նետվեն, չեն դադարի Աստծու հետ միավորված լինելուց, ինչպես որ Բաբելոնի երեք մանուկներն էին: Նրանք, եթե առյուծների առաջ էլ գցվեն և եթե կետի փորում էլ հայտնվեն, միևնույն է, երանելի են: Եվ հենց նրանց հատուկ խնդությամբ է պետք ուրախանալ. ո՛չ թե ներկայում կրած ցավերի պատճառով տրտմելով, այլ՝ ուրախանալով ա՛յն հույսով, որ ապագայում մեզ ուրախանալ է վիճակված:

Եվ ինձ այնպես է թվում, որ նրանք, ովքեր սքանչելի նահատակությանն են արժանանում, որը երկնային բարիքների սպասումով է ուղեկցվում, այդպիսիք իսկույն ստանում են իրենց բարեպաշտության վարձը՝ առաքինաբար հակառակամարտներին արժանի ու կործանիչ հարված հասցնելու համար: Իսկ այդ վարձը իրականություն դարձած փառքի հույսն է, որ պսակների ձևով է մատուցվում:

Քանի որ, ինչպես մենամարտերում մարտնչելու պատրաստվող ռազմիկները, երբ կռվարաններում վարժանքներ են անում, չեն խորշում հարվածների հասցրած ցավերն ընդունելուց և իրենց ողջ ուժով առաջ են նետվում հակառակորդի դեմ՝ գովասանքի արժանանալու ցանկությամբ բռնկված՝ անտեսելով հնարավոր ամեն մի վտանգ, այս նույն կերպ նաև առաքինությունների մեջ փութաջան անձինք, թեպետ մեծամեծ դժվարությունների են առերեսվում, սակայն չեն դադարում խնդությամբ ուրախանալուց, քանի որ «նեղությունը համբերություն է առաջ բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս, իսկ հույսը երբեք չի ամաչեցնում» (հմմտ. Հռոմ. Ե 3-5):

Այս իսկ պատճառով է, որ ուրիշ շատ տեղերում ևս մենք Պողոսից սովորում ենք համբերել նեղությանն ու հույսով ուրախանալ: Արդ, ուրեմն, հույսն է, որ մենք Հոգուց ստացանք՝ իբրև խնդության առիթ, ուստի մշտապես հույսով ուրախության մե՛ջ լինենք: Բայց և չմոռանանք, որ նույն ինքը՝ առաքյալը, հրամայում է, որ եթե լալ է անհրաժեշտ, ապա պետք է լալ՝ լացողների հետ (հմմտ. Հռոմ. ԺԲ 15): Գաղատացիներին գրելով էլ՝ առաքյալը լալիս էր Քրիստոսի խաչի թշնամիների համար:

Նաև, ինչպե՞ս կարող ենք հերքել, որ Երեմիան լաց է լինում, իսկ Եզեկիան Աստծու հրամանով պատվիրում է ողբալ իշխանների վրա (հմմտ. Եզկ. ԺԹ 1): Այսպես սրբերից շատերն են հառաչում՝ ասելով. «Վա՜յ ինձ, մա՛յր իմ, իբրև ո՞ւմ ծնեցիր ինձ», և թե՝ «Վա՜յ ինձ, որովհետև երկյուղածն անհետացավ, և չկա արդար մարդկանց մեջ, և վա՜յ ինձ, որովհետև եղա ինչպես հասկաքաղը հունձքի ժամանակ» (հմմտ. Միք. Է 2, 1):

Եվ, առհասարակ, եթե ուսումնասիրենք արդարների բոլոր խոսքերը, ապա կգտնենք տխրություն արտահայտող հառաչներ, որոնք, ինչպես ինքդ էլ կարող ես համոզվել, հնչում են այս աշխարհի նեղությունների ու այս աշխարհում ապրելու դժվարակեցության պատճառով. «Վա՜յ ինձ, որովհետև երկարաձգվեց պանդխտությունս» (Սղմ. ՃԺԹ 5): Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ արդարը ցանկություն ունի շուտափույթ «մարմնից դուրս գալու և Քրիստոսի հետ լինելու» (Փլպ. Ա 23): Այս դեպքում երկրային կյանքի պանդխտության երկարությո՛ւնն է, որ խոչընդոտ է դառնում սպասվելիք խնդության վրա հասնելու համար:

Տեսնում ենք նաև, որ ինքը՝ Դավիթն էլ մի նվազ ողբ է ասում իր սիրելի Հովնաթանի վրա՝ վերջինիս հետ նաև ողբալով իր թշնամուն. «Ցավում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Հովնաթան» (Բ Թագ. Ա 26), և թե՝ «Իսրայելի՛ դուստրեր, ողբացե՛ք Սավուղի վրա» (հմմտ. Բ Թագ. Ա 24): Դավիթը այս վերջինին ողբում է նրա՝ մեղքով մեռած լինելու պատճառով, իսկ ահա Հովնաթանին՝ իր ողջ կյանքում իրեն սիրելի լինելու համար:

Կա՞ արդյոք ուրիշ օրինակներ բերելու կարիք: Արտասվեց և Տե՛րը՝ Ղազարոսի վրա (տե՛ս Հովհ. ԺԱ 35), արտասվեց և Երուսաղեմի՛ վրա (տե՛ս Ղուկ. ԺԹ 41) ու դեռ երանի տվեց սգավորներին (տե՛ս Մտթ. Ե 4) և նրանց, ովքեր լալիս են (տե՛ս Ղուկ. Զ 21):

Այս խոսքերը մեջբերելով՝ ոմանք ասում են՝ ուրեմն, ինչպե՞ս է առաքյալը պատգամում, որ մշտապես ուրախ լինենք, երբ այս օրինակներն իրենք են վկայում են արտասուքի և խնդության բացակայության անհրաժեշտության մասին: Սա պայմանավորված է ա՛յն հանգամանքով, որ առաքյալի՝ մեզ համար սահմանած տխուր լինելու արգելքը վերաբերում է որևէ մարմնական վերքից, սեփական կամքից անկախ որևէ դժբախտության մեջ ընկնելուց «դրդված» ողբալուն: Իսկ ահա խնդությունը Հոգու խայտանքն է՝ համաձայն մեզ ավետված Տիրոջ կամքի, և Հոգին է, որ բնավորվելով մարդու սրտում՝ հարկադրաբար այդ ավետյաց կամքը բովանդակող ուրախություն է առաջ բերում:

Ուստի և այս երկու դեպքերը՝ խնդություն «ծնող» Հոգու խայտանքն ու մարմնական պատահարների հետևանքով առաջացող տրտմությունը զանազանվում են իրարից, ըստ այդմ՝ միմյանցից շա՜տ տարբեր են տրտմամիտ և ուրախահոգի մարդիկ: Տրտմածների մաշկն իսկ դեղնավուն կամ կապտագույն է, նրանց շարժուձևը՝ «ցամաքած», իսկ ահա հրճվասիրտ մարդիկ ծաղկափթիթ, կարմրագույն մարմին ունեն, քանի որ այդպիսիք, Հոգու բերկրանքից դրդված, անդադար բարեբեր շարժման մեջ են ու մշտապես էլ՝ հեռու մեղսասեր հեշտություններից: Եվ հենց այսպիսի մարդկա՛նց՝ սրբերի մասին է, որ ինքներս էլ ասում ենք, թե և՛ ողբը, և՛ արտասուքը Աստծու սիրուց մղված է լինում:

Այդ սրբերն են, որ մշտապես ականատես լինելով Աստծու սիրուն՝ այդ սիրուց բխող ուրախությամբ են լցվում ու խնդություն են աճեցնում իրենց հոգում, բայց և հենց այդ սիրուց իսկ մղված՝ ինքնակամ սգում են իրենց ծառայակից մարդկանց՝ մեղավորների համար, որպեսզի իրենց արտասուքների միջոցով նրանց վերստին ուղղագնաց ճանապարհին վերադարձնեն:

Ինչպես որ ծովի մեջ գտնվող նավի եզրին կանգնածները, տեսնելով ծովում ընկղմվածներին, սրտնեղում են նրանց՝ վտանգի մեջ հայտնվածների համար, առանց, սակայն, իրենց զգուշությունը կորցնելու, որպեսզի իրենք էլ ծովը չընկնեն, այդ նույն կերպ էլ ընկերների հանցանքների համար տխրող մարդիկ, թեպետ տխրում են նրանց՝ մեղքերի մեջ լինելու պատճառով, սակայն չեն կորցնում իրենց «զգուշությունը», որը հենց հոգում բույն դրած աստվածային ուրախությունն է:

Այլ դեռ, ինչպես որ նավի վրա գտնվողները ծովն ընկածներին, զգուշության կանոնները պահպանելով, օգնության ձեռք են մեկնում, այդ նույն կերպ էլ արդարները մեղքի մեջ ընկած իրենց եղբայրներին են մեծագույն օգնություն ցույց տալիս՝ իրենց արտասուքների միջոցով սրբության տախտակամածին բարձրացնելով ու Տիրոջ ուրախությանն արժանացնելով նրանց:

Այս իսկ պատճառով էլ երանի է տրվում նրանց, ովքեր լալիս են, «որովհետև նրանք պիտի ծիծաղեն» (Ղուկ. Զ 21), և երանելի են համարվում սգավորները, «որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մտթ. Ե 4): «Ծիծաղ» ասելով՝ չպիտի հասկանանք արյունաեռ քրքիջը, այլ տխրության մեջ ամփոփված անապական ու անխառն զվարթությունը:

Առաքյալը պատվիրում է, որպեսզի մենք էլ մշտապես մեր միտքը արտասվելու պատրաստ պահենք, քանի որ արտասուքը սերմն ու ժամանակավոր փոխարինողն է հավիտենական խնդության: Մտքով վե՛ր ելիր և հայացքդ ուղղի՛ր հրեշտակների կայանին ու տե՛ս, թե արդյոք այդ կայաններում որևէ այլ բան կա՞, եթե ոչ միայն՝ հրեշտակային խնդությունն ու հրճվանքը, քանի որ իրենք՝ հրեշտակները, արժանացել են Աստծուն մոտ լինելուն և Արարչի անճառելի ուրախությունն ու փառքի գեղեցկությունը վայելելուն: Ահա այդ կյանքով ապրելո՛ւն է կոչում մեզ առաքյալը՝ պատվիրելով ամեն ժամ ուրախ լինել:

Իսկ ահա Տիրոջ արտասվելը Ղազարոսի համար կամ Երուսաղեմի վրա ողբալը մեզ չափավորություն ուսուցանելու համար եղան, և ինչպես որ, առանց կերակրի ու ըմպելիքի կարիք զգալու, Տերը կերավ ու խմեց՝ մեզ չափավորություն ու ժուժկալության սահման ուսուցանելու նպատակով, այդ նույն կերպ էլ Նա արտասվեց ողբասացների ու սգացողների սաստիկ լացուկոծը, որ մոլություն է, նվազեցնելու նպատակով:

Քանի որ ուրիշ ի՞նչը, եթե ոչ՝ Բանն Աստծու արտասվելը կարող է մեզ համար օրինակ լինել՝ իբրև ողբալու չափավորության սահման արտասուքը ընդունելու համար, ինչի համար էլ որ հենց Տերը արտասվեց, որպեսզի ցույց տա այն կարգը, թե որքան է անհրաժեշտ տրտմել, ում համար, երբ և որտեղ: Ուստի և Տիրոջ արտասվելը ախտավոր չէր, այլ՝ ուսուցողական նպատակ ուներ: Սա հայտնի է դառնում այն խոսքից, որ Տերն ասում է. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն Ես գնում եմ, որ նրան արթնացնեմ» (Հովհ. ԺԱ 11): Մեզնից ո՞վ է, որ իր սիրելի, քնած մարդու համար կողբա՝ վստահ լինելով, որ նա փոքր-ինչ հետո արթնանալու է:

«Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի» (Հովհ. ԺԱ 43),- ասաց Տերը, և մեռյալը դուրս ելավ ու կապված լինելով՝ քայլեց: Զարմանալի մի սքանչելիք. ոտքերը երիզով կապված Ղազարոսը անխափանորեն շարժվեց: Դա այն բանի շնորհիվ եղավ, որ Նա, ով զորացնում էր, ավելի մեծ էր, քան այն, ինչը որ խափանում էր:

Արդ, ուրեմն, եթե Տերը կարող էր այսպիսի զորություն գործադրել, էլ ինչո՞ւ արտասվեց, երբ իմացավ Ղազարոսի մահվան մասին: Պատասխանը հետևյալն է. Տերը, մեր տկարությունները տեսնելով, որոշակի չափ ու սահման էր կարգում այս կամ այն երևույթի վրա, որպեսզի մեզ մեղսալի արարքներ գործելուց հեռու պահի: Ուստի և Տերը, անկարեկից լինելը՝ իբրև գազաններին բնորոշ հատկություն՝ իսպառ մերժելով, տրտմասեր ու ողբասաց լինելն էլ մերժեց՝ որպես անմարդկային հատկություն:

Ուստի և Տերը արտասվեց Իր սիրելի մարդու համար ու Իր՝ մարդկային բնության հետ ունեցած հավասարությունը ցույց տալով, մեզ՝ յուրաքանչյուրիս, ազատեց չափից դուրս տրտմությամբ ողբալու, և տրտմածների հանդեպ էլ անկարեկից լինելու զույգ ախտերից:

Արդ, ինչպես որ Տերը քաղց զգաց և չափավոր կերակրով սնվեց, և ինչպես որ ծարավեց ու կրկին՝ չափավորաբար, հագեցրեց իր ծարավը՝ ուտելով ու խմելով այնքան միայն, որքան անհրաժեշտ է մարմնի կենսագործունեության համար, ինչպես որ հոգնեց մարմնով ու երկար ճանապարհորդությունից հետո էլ ուժասպառ եղավ՝ ո՛չ թե Իր Աստվածությամբ հոգնության ենթարկվելով, այլ՝ մարմնով, որը բնությամբ ենթակա էր հոգնության, այս ամենի նմանողությամբ էլ Տերը նաև արտասվե՛լը թույլատրելի համարեց՝ իբրև մարմնին բնորոշ հատկություն:

Սակայն Տերը մերժում է այն ողբը, որը հաճախ պատահում է, և խորապես վշտացողը խելապակաս մարդու տպավորություն է թողնում, նրա տրտմությունից ասես գոլորշիներ են առաջանում ու նրա աչքերից, առվակների նման, արցունքներ են հոսում ու թրջում նրա ողջ երեսը: Այդ ողբասացը ցնորական ձայներ է արձակում ու նման տրտմության մեջ եղողներին ունկնդրողներն էլ հանկարծակի ապշության մեջ են ընկնում:

Նմանատիպ կերպով ողբացող մարդու թմրած գլխից, ինչպես հրե մի օջախից, գոլորշիներ են վեր բարձրանում, և ինչպես որ իրական գոլորշիներն են՝ թանձրանալով, անձրևող ամպի վերածվում, այդպես էլ ողբասացի սուգից ելնող գոլորշիները արցունքի ամպեր են կուտակում և արցունք են դառնում սգավորի աչքերին: Այս պատճառով նաև մեղսասեր հեշտություններն են դյուրությամբ սողոսկում տրտմությամբ լի սգավորների մեջ, քանի որ նրանք անհամար արտասուքների պատճառով ուժասպառ են լինում: Իմ այս խոսքերի ճշմարտացիությունը կհաստատեն նրանք, ովքեր նմանատիպ կացության մեջ եղել են:

Շատերին գիտենք, որ ողբի մեջ լինելով և արտասուքների առատահոսությունը չափավորել չկարողանալով՝ անդառնալիորեն այս կամ այն ախտի մեջ են ընկղմվում. ոմանք՝ խելագարության ու մինչև իսկ մահվան դուռը հասնելով, ոմանք՝ մարմնապես բոլորովին տկարանալով ու տրտմության ծանրության տակ իրենց զորությունը խորտակելով: Սա նման է այն բանին, որ մեկը խեղդվի իր տան մեջ վառվող կրակի՝ տանից դուրս ելնելու տարբերակ չունեցող ու տան մեջ շուրջանակի պտտվող ծխից: Եվ կամ սգի մեջ ընկղմված մարդը ասես կրակի է նմանվում, որը քամու պատճառով կորցնում է իր «ապրելու» համար անհրաժեշտ զորությունն ու իսպառ հանգչում է:

Արդ, ուրեմն, Տերն իր արտասուքով օրինակ է տալիս տրտմասեր յուրաքանչյուր մարդու: Եվ ինչպես որ կերակուրը, որ Տերը ճաշակում էր, չի կարող մեզ համար որկրամոլության պատճառ դառնալ, այլ, ընդհակառակը, ճաշակելով՝ Տերը մեզ ուսուցանում է, թե որն է ժուժկալության ու սակավապետության վերին սահմանը, այդ նույն կերպ էլ և արտասուքը ողբալու «թույլտվություն» չէ, այլ՝ բարեձև ու չափավոր եղանակով տրտմությունը արտահայտելու ճշմարիտ օրինակ, ինչից հետևում է, որ հարկ է պարկեշտաբար ու գեղեցկապես մեր իսկ բնության սահմանների մեջ մնալ և չափավորապես միայն դրսևորել տրտմությունը:

Ո՛չ կանանց և ո՛չ էլ տղամարդկանց հրամայված չէ սգասեր ու բազմարտասուք լինել, այլ՝ փոքր-ինչ միայն տխրել տրտմելի երևույթների համար և մի չնչին արտասուք թափել, ու այդ էլ՝ հանդարտությամբ, առանց ողբալու, առանց աղաղակելու, առանց հանդերձները պատռելու կամ գլխին հող լցնելու, և ոչ էլ՝ նմանատիպ այլ ամոթալի գործողությունների զուգորդությամբ, որոնք վայել չեն մեր մարդկային բնությանը:

Այլ հարկ է աստվածային վարդապետությունների ուսուցումներով հեռու պահել մեզ նման երևույթներից՝ ասես զգուշության պարիսպ անցկացնելով ու ամրանալով արդարության խոսքով, քաջությամբ և ժուժկալությամբ՝ այդպիսով նմանօրինակ ախտերը մեզնից վանելով: Եվ ոչ թե պետք է մի անպարիսպ հովտավայրի նմանվենք ու հնազանդաբար և նվաստորեն ընդունենք մեզ վրա արշավող ախտերի հույլը:

Իսկ անարի մարդը, եթե Աստծու հույսի ամրությունն էլ չունենա, իսկույն սաստկապես կտապալվի ու տրտմությունը կսողոսկի նրա մեջ: Եվ ինչպես որդերը միշտ բնադրում են կակուղ փայտի մեջ, այդպես էլ տրտմությունը տկարացած բարքերով մարդկանց մեջ է բնակվում:

Սակայն մի՞թե ադամանդից էր Հոբի սիրտը: Մի՞թե քարերից էին պատրաստված նրա աղիքները. նրա մանուկները մեկ վայրկյանում կոտորվեցին՝ առանց գոնե վիրավորվելու, այլ՝ իսկույն խորտակվեցին՝ զրկվելով տան ուրախությունից ու իրենց կյանքի ժամանակը վայելելու հնարավորությունից, քանի որ սատանան էր նրանց տան դեմ մարտի ելել: Ուստի Հոբը տեսավ իր տան սեղանը՝ արյամբ շաղախված, տեսավ իր տարբեր ժամանակներում ծնված մանուկներին մեկ ակնթարթում՝ վախճանված: Սակայն Հոբը չհառաչեց ու մարդկային բնությանն օտար որևէ աղաղակ չբարձրացրեց, այլ իր հռչակավոր ու ամենքի կողմից գովասանքի արժանի գոհության խոսքերը բարբառեց. «Տերը տվեց, Տերն էլ առավ: Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ: Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը» (Հոբ Ա 21):

Մի՞թե վիշտ չուներ այս մարդը: Այդ դեպքում ինչպե՞ս է նա ինքն իր մասին ասում, թե՝ «Ես արտասվեցի ամեն մի նեղյալի համար» (հմմտ. Հոբ Լ 25): Մի՞թե, ուրեմն, նա ստեց՝ այս ասելով: Սակայն ամեն բան է վկայում նրա ճշմարտացիության մասին, քանի որ նա ճշմարիտ էր՝ նաև մյուս բոլոր առաքինություններն ունենալով: Քանի որ նա չբամբասող, արդար, սուրբ, ճշմարիտ մարդ էր (հմմտ. Հոբ Ա 1):

Իսկ դու երգանման հառաչանքներով ես արտահայտում քո տրտմությունը, սգում ես ողբալի նվագով ու հալումաշ ես անում քո անձը: Եվ ինչպես որ, օրինակ, ողբերգակները, նախապես պատրաստություն են տեսնում՝ դրամայի տեսարանը լիարժեք ներկայացնելու համար, այդպես էլ դու ես քո սգացող վիճակին «վայել» պատրաստություն տեսնում՝ սև հանդերձանք, անլվա վարսեր, լույսը մարած տուն, աղտ ու փոշի և տխուր նվագ, որոնք մշտապես քո հոգու տրտմության վերքը թաց են պահում:

«Չեմ ուզում, որ նմանվեք նրանց, ովքեր հույս չունեն» (հմմտ. Ա Թսղ. Դ 12): Չէ՞ որ Քրիստոսով ննջեցյալների մասին քեզ ուսուցանվել է, թե «սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության… սերմանվում է տկարությամբ և հարություն է առնում զորությամբ, սերմանվում է շնչավոր մարմին և հարություն է առնում հոգևոր մարմին» (Ա Կորնթ. ԺԵ 42-44):

Արդ, ուրեմն, ինչո՞ւ ես երկարացնում վախճանվածի համար սուգը: Արդյոք ինքդ քեզ չե՞ս ողբում՝ օգնական ձեռքից զրկվելուդ համար: «Բարի է Տիրոջը հուսալը,- ասում է,- քան թե՝ մարդկանց» (Սղմ. ՃԺԷ 8): Ուստի դու մի՛ ողբա վախճանվածին, ասես նրան մի դժնդակ բան է պատահել, քանի որ փոքր-ինչ հետո նրան զարթնեցնելու է երկնքից հնչող փողը և նրան տեսնելու ես Քրիստոսի խորանի մոտ կանգնած:

Ուրեմն, հեռո՛ւ վանիր քեզնից նվաստ ու անսաստ ամեն մի հառաչ և անհույս ու չար ամեն մի «վա՜յ»: Ու նաև այն խոսքերը, թե՝ «ո՞վ կմտածեր, որ կարող է այսպիսի բան պատահել», կամ թե՝ «երբեք մտքովս չէր անցնի, որ հողով կծածկեմ իմ սիրելիի գլուխը»: Քանի որ նմանատիպ խոսքերը անգամ եթե ուրիշից էլ լսենք, պիտի շառագունենք՝ անցավորների հիշատակի հանդեպ հարգանքից ելնելով ու նորավախճանների նկատմամբ այդ խոսքերն արտաբերողի ախտալի քայլը տեսնելով:

Արդ, ուրեմն, ո՛չ տարաժամ մահը, ո՛չ ուրիշ դժնդակ պատահարներ, որոնք հանկարծակի վրա կհասնեն մեզ վրա, թող որ երբևէ չզարհուրեցնե՛ն մեզ՝ բարեպաշտության խոսքով դաստիարակվածներիս, եթե անգամ այնպիսի դեպք պատահի, որ մեզնից որևէ մեկը կորցնի երիտասարդ որդուն, որն իր ծերության միակ մխիթարությունն էր, որն իր սերունդը շարունակողն էր, իր տոհմի զարդը, որը ծաղիկ էր իր հասակակիցների մեջ, որը շնորհների ծաղկման տարիքում էր:

Այս դեպքում անգամ ոչ ոք թող չասի, թե «նա վախճանվեց ու կորավ, հող ու մոխիր դարձավ, նա՛, ով մի փոքր առաջ էր ինձ համար այնքա՜ն հաճելի կերպով խոսում ու նա՛, ով իմ՝ ծնողիս, աչքերի լույսն էր»: Ի՞նչ կարող ենք անել մենք այդ դեպքում: Պիտի պատռե՞նք մեր պատմուճանը և գետնին ընկնելով՝ թավա՞լ գանք, կամ թե ինքներս մեզ իբրև անփարատելի ու անմխիթարելի վշտով տապակվող մե՞կը պիտի ցույց տանք մեր մերձավորների առաջ, նման այն մանկանը, որը ծեծ ուտելու պատճառով վայնասուն է կապում և այս ու այն կողմ թռչկոտում:

Բայց չէ՞ որ հարկավոր է տեղի ունեցածի անխուսափելիությունը և մահվան օրենքի անփոփոխելիությունը հաշվի առնելով՝ գիտակցել, որ ինչ տարիքում էլ մարդ լինի, միևնույն է, ենթակա է վախճանվելու, և որ այդ օրենքին էլ ենթարկվում է յուրաքանչյուր ոք: Ուստի պետք չէ սաստիկ զարմանալ պատահածի համար և ոչ էլ միտքը խոտորել չարի ճանապարհներով, քանի որ այնպես չէ, որ հենց նոր վիրապից դուրս գալով՝ հանկարծակիորեն կրկին այնտեղ ընկանք, այլ ի սկզբանե էլ գիտեինք, որ մենք ամենքս էլ մահկանացու ենք և մահկանացու էր մեր ունեցած մանուկը նույնպես:

Չէ՞ որ, հիրավի, մենք նախապես էլ գիտեինք, որ մարդկային որևէ բան հաստատուն չէ և արարվածներիցս որևէ մեկն էլ չի «հաջողացրել» ապրել հավիտյան: Մեծամեծ քաղաքներն ու երևելի շինություններն էլ անգամ, որ երբեմն փայլում էին իրենց պայծառությամբ, զորությամբ ու բնակիչների բազմաքանակությամբ, զանազան ապրանքների առ ու վաճառքով և լիությամբ, կործանվեցին ու այժմ դրանցից միայն հնամենի ավերակներ են մնացել:

Նաև, այնպիսի մի նավ, որը երկար ժամանակ ծովում նավարկելով՝ բյուրապատիկ լիությամբ էր բեռնավորված եղել և արագընթացությամբ վաճառականներին մեծ շահույթ էր բերել, վրա հասած մեկ հողմի պատճառով աներևութացավ: Եվ այն զորքն էլ, որը բազմիցս պատերազմներում հաղթելով՝ փախուստի էր մատնել իր հակառակորդներին, հանկարծ կորցրեց իր ողջ զորությունն ու ողորմելի տեսք ստանալով՝ պատմության գիրկն անցավ:

Բովանդակ ազգերը, իրենց մեծ զորությամբ հաղթանակներ տոնելով և զանազան երկրների, կղզիների ու ծովերի տիրանալով, իրենք էլ, շատ հաճախ, այլոց ավարառության զոհը դարձան կամ ժամանակի ընթացքում վատնեցին իրենց ողջ ունեցածը և դեռ գերի ընկնելով էլ՝ զրկվեցին իրենց ազատությունից ու ծառայության լծի տակ ընկան: Եվ, առհասարակ, կյանքը ցույց է տալիս, որ բոլոր մեծամեծ երևույթների ու անտանելի չարիքների մասին էլ իմ այս ասած օրինակը լիովին պատշաճում է:

Եվ, ինչպես որ կշեռքի միջոցով որոշում ենք այս կամ այն բանի ծանրությունն ու ոսկին էլ չափում ենք փորձաքարի հետ շփելու միջոցով, այս նույն կերպ էլ Տիրոջից մեզ տրված չափին է պետք, որ մենք հավատարիմ լինենք ու մեր գործերով մեզ համար սահմանված ողջախոհության չափը չանցնենք՝ այն խախտելով:

Արդ, եթե երբևէ քեզ ինչ-որ անախորժություն պատահի, միտքդ անմիջապես կենտրոնացրու ա՛յն բանի վրա, որ հանկարծ խռովության ախտի մեջ չընկնես, և այդուհետ ապագայում իրականանալիք հույսի սպասումով կարող կլինես ներկայում տեղի ունեցածն ավելի թեթև տանելու: Զոր օրինակ, նրանք, ովքեր աչքերով տկար են, թեպետ անկարող են շատ շքեղություններ տեսնելու, սակայն կարող են իրենց աչքերը հառել դյուրությամբ տեսանելի ծաղիկների ու ծառերի վրա: Այս նույն կերպ էլ հարկ է, որ մենք մեր հոգու աչքերով չփորձենք տրտմության մեջ խորասուզվել, այլ հարկ է, որ մեր աչքերը ներկա վտանգներից շեղենք ու հառենք դեպի բարի երևույթները:

Ամեն ժամ ուրախ լինելը քեզ համար հնարավոր կլինի, եթե դու քո ապրած ողջ կյանքով հայացքդ հառես Աստծուն. այդժամ է, որ հատուցման հույսը կթեթևացնի կյանքիդ տրտմությունը: Անպատվվեցի՞ր. հայացքդ ուղղի՛ր երկնային փառքին և համբերությամբ հանդուրժի՛ր ամեն բան: Տուժեցի՞ր. սակայն նայի՛ր և տե՛ս երկնային գանձերի ճոխությունը, որը կարող է քոնը լինել գործածդ բարի արարքների շնորհիվ: Քո գավառից վտարվեցի՞ր. բայց չէ՞ որ դու ունես երկնային գավառում՝ Երուսաղեմում, բնակության հնարավորությունը: Մանո՞ւկ կորցրիր. սակայն դու հրեշտակնե՛ր ունես, որոնց հետ պիտի պարես Աստծու գահի շուրջբոլորն ու պիտի զվարճանաս հավիտենական ուրախությամբ:

Այս եղանակներով կպայքարես քեզ վրա հասած տրտմությունների դեմ, հաստատուն կմնաս բարու մեջ և անտխուր ու անխռով կպահես քո հոգին, ինչին էլ որ կոչում է մեզ Պողոսի պատվիրանը: Մարդկային երևույթների ուրախությամբ անչափորեն մի՛ հրճվիր քո հոգում և ո՛չ էլ անչափ տրտմությամբ տխրիր, այլապես մտքիդ հաստատունությունը կկորցնես ու նրա վեհությունը կխոնարհեցնես, մանավանդ որ այնպես չէ, որ քեզ նախապես իսկ ուսուցանվել է, թե անվտանգ ու անխռով կյանքով պիտի ապրես:

Արդ, ուրեմն իմ թվարկած այս միջոցները դյուրությամբ կօգնեն քեզ ճիշտ ուղով ընթանալու հարցում, եթե քեզ համար ընդունելի համարես առաքյալի վերոնշյալ պատվիրանը, որը քեզ պատգամում է մշտապես ուրախ լինել: Արդ, ուրեմն, ուրախությո՛ւնն ապրեցրու քո հոգում և ներկա դժվարությունները զանց առնելով էլ՝ միտքդ հառի՛ր հավիտենական հույսին, որի հեռահար երևումն իսկ բավական է հոգիդ ուրախությամբ լցնելու և հրեշտակային ցնծությունն էլ քո սրտում բնակեցնելու համար մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով, որին փա՜ռք և զորություն հավիտյանս հավիտենից: Ամեն:

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս․ Էջմիածին, 2008թ․,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Հանդիպում, որ կյանք է փոխում (Ղուկ. 19:1-10) Լուվր է վերադարձվել Վերածննդի դարաշրջանին պատկանող զրահը, որը գողացել էին տասնամյակներ առաջ Իր լալու մեջ անգամ երգի հնչյուններ կան… Ժանգը կտեսնեք՝ ոսկի մնացեք, ազգին մնացեք Հսկիր ինքդ քեզ Հայկական մանրանկարչության ընդօրինակությունները կներկայացվեն «Ծաղկելու արվեստը» ցուցահանդեսում Մեդեա Աբրահամյանի հոգեհանգստի տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարտի 5-ին Երեք դերասան եւ Քյոսայանի ջազ-քառյակը կպատմեն Ազնավուրի մասին Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 բացառիկ նմուշներով. Զոհրաբյան Ցուցադրություն՝ նվիրված Շուշանիկ Կուրղինյանի հոբելյանին Նունե Թումանյանի «2020»-ը «Հուշարձանին վնաս հասցնելը ոչ այլ ինչ է, քան թշնամական պահվածք հայկական մշակույթի հանդեպ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Հայկական լեռնաշխարհի և դրա հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմական-մշակութային ժառանգությունը» առցանց համաժողովին Դավթի սաղմոսներն Աստծուց են ներշնչված 88 տարեկանում վախճանվել է հայ կատարողական արվեստի սյուներից մեկը՝ Մեդեա Աբրահամյանը Ապրելու համար կամք է պետք Մահացել է գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը Գարունդ հայերեն է գալիս Վահան Տերյան․ Գարնանամուտ «Ոսկե Գլոբուս 2021». հայտնի են «լավագույնի» տիտղոսին արժանացած մրցանակակիրները Պետական ջազ նվագախումբը գարնան առաջին օրը շնորհավորել է Շոպենի նոկտյուրներից մեկի ջազային կատարմամբ Ամեն մեկին բաժին հասած հավատքը «Մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը` կյանք և խաղաղություն» Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը Աշտարակներ, երաժշտական գործիքներ և տարատեսակ այլ առարկաներ. ճապոնացի վարպետն ուշագրավ քանդակներ է կերտում մատիտի միջուկով (լուսանկարներ) Սեր ու լավատեսություն. Գյումրու թատրոնում «Քեյս» ներկայացմամբ մեկնարկում է պրեմիերաների շարքը Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ... «Գովք հիմարության» Խաչի ու ցավի մասին Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13) Արցախի ձեռագրական արվեստը՝ Մաշտոցյան Մատենադարանում Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Ուրցաձոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13) «Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հայտարարությունը Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ
website by Sargssyan