Երանելի սուրբ Բարսեղ Կեսարացու քարոզը պահքի մասին

Երանելի սուրբ Բարսեղ Կեսարացու քարոզը պահքի մասին

«Փո՛ղ հնչեցրեք,- ասում է սաղմոսերգուն,- մեր տոնի բարենշան օրերին» (հմմտ․ Սաղմոս Ձ 4)։ Այս է մարգարեական հրամանը, որ բարձրահունչ երգակցությամբ տոնախմբենք բարենշան այս օրը։ Չէ՞ որ ճանաչեցինք պահքի շնորհները՝ ըստ Եսայի մարգարեի, ով մերժելով հրեական պահքը՝ ճշմարիտ պահեցողությունն է մեզ մատնացույց անում՝ ասելով․ «Հակառակության և կռիվների մեջ ծոմ մի՛ պահեք, այլ քանդե՛ք անիրավության բոլոր կապանքները» (հմմտ. Ես. ԾԸ 4, 6)։

Տերը Ինքը ևս ասում է․ «Տխուր մի՛ եղիր, այլ օծիր քո երեսը» (հմմտ. Մտթ. Զ 16, 17), ուստի վարվենք այսկերպ, ինչպես որ վարդապետեց Քրիստոս։ Պահքի այս առաջիկա օրերին տրտմերես չլինենք, այլ, ըստ մեր ուսանածի, թող որ պահեցողությամբ զվարճանա՛ն մեր սրտերը, ինչպես որ վայել է սրբերին։ Որևէ մեկը տրտմությամբ պսակի չի արժանանալու և որևէ մեկը տխրությամբ հաղթության չի հասնելու։ Հիրավի, ինչպե՞ս կարող է հիվանդ մեկը տխրել՝ բժշկված լինելով։ Չէ՞ որ հարկ է ցնծալ սեփական անձի բժշկությամբ, իսկ այդ բժշկությանն ի փոխհատուցում կերակուրների սակավությունը բնավ տխրության առիթ չէ, քանի որ բյուրապատիկ առավել մեծ շնորհ է միայն որովայնի հեշտության համար հոգ տանելու փոխարեն սեփական անձի մասին խնամք տանելը։

Իսկապես որ, պահքի միջոցով որովայնը «ճնշելով» շնորհն է, որ հաստատվում է մեր մեջ, և այդպիսով պահքը վեհացնում է մեր հոգին, որպեսզի շնորհները բնակվեն այնտեղ։ Ուստի ուրա՛խ եղիր, քանի որ քեզ բշկության դեղ է տրվել, որով կարող ես վերացնել քո մեղքերը։ Այնպես, ինչպես մարմնի հիվանդություններն են բժշկվում զանազան բալասանների օգնությամբ, նույնպես և պահքի միջոցով վերացվում են հոգում բույն դրած մեղքերը։ Եվ Պահքը, ինչպես որ իր անունն էլ է վկայում, մեզ հեռու է «պահում» այդ մեղքերից։

«Օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը» (Մտթ. Զ 17)։ Այս խոսքը, որ քեզ է ուղղված, հետևյալ խորհուրդն ունի. նա, ով յուղով օծում է իրեն և լվանում իր երեսը, նա իրենից հեռու է վանում մեղքը։ Նաև պետք է իմանալ, որ մարմնի անդամներով պահեցողությունը նախևառաջ սրտի մեջ օրինադրված պահեցողությունից է բխում, ուստի նախ սրբի՛ր քո անձը մեղքերից և օծի՛ր քեզ սուրբ յուղով, որպեսզի Քրիստոսին մերձավոր լինես, և ապա մուտք գործես մարմնական պահքի մեջ։

Պետք չէ կեղծավորների նման ապականել երեսը, քանի որ դա խանգարում է պահեցողության ներքին խորհրդին, որն այդ դեպքում ասես արտաքուստ խավարով է պատվում և վարագուրվում է կեղծիքով։ Կեղծավոր է այն ծառան, որն օտարի դիմակով է ներկայանում իր տիրոջը։ Նույնպես նաև կեղծավոր է նա, ով ռամիկ լինելով՝ թագավոր է ձևանում։ Սույնպես են նաև նրանք, ովքեր իրենց սրտում ուրախության պարերգությունն ունենալով՝ մարդկանց այլ բան են ցույց տալիս և այլ կերպ են ներկայանում նրանց: Ուստի մի՛ ապականեք ձեր երեսները, այլ, ինչպիսին որ կաք, այդկերպ էլ երևացեք։

Անձդ փառավորելու նպատակով մի՛ ձևացրու, թե տրտմության ու ժուժկալության մեջ ես։ Հրապարակահայտ պահեցողությունը ո՛չ բարերար է և ո՛չ օգտավետ։ Իսկ ահա ծածուկ պահեցողությունը բազմացնում է հավիտենական կյանքի պտուղները։ Մարդկանց կողմից տրվող գովասանքները, սակայն, կործանում են պահքը։ Ուստի և այսուհետ առաջնորդվիր պահեցողության պտուղները ժողովելու զվարճությամբ։ Պահքի այդ պտուղները աստվածային շնորհներն են, որոնք ո՛չ հնանում են ու ո՛չ ծերանում, այլ հարատև ծաղկեցնում են մշտանորոգ բերկրանքը։

Ինձ թվում է, որ պահքի սկզբնավորումը առավել հին է, քան այն օրենքի ուժով սահմանելը։ Փոքր-ինչ համբերիր, և կտեսնես իմ այս խոսքի ճշմարտացիությունը։ Մի՛ կարծիր, որ երբ յոթերորդ ամսի տասներորդ օրը մեղքերի քավության օր հրամանադրվեց Իսրայելի համար, այդ եղավ պահքի սկիզբը (հմմտ. Ղևտ. ԻԳ 27)։ Արի՛ պատմության ձեռքը բռնած գնանք ու խուզարկենք՝ իմանալու, թե որն է պահեցողության սկզբնավորումը։ Եվ արդ, զանազանելով ու գտնելով, թե որն է պահքի սկզբնավորությունը, տեսնում ենք, որ այդ սկիզբը մնացյալ ամեն բանի սկիզբներից առավել պատկառելի մի գանձ է։ Ուստի, ամաչի՛ր պահքի ծերությունից, քանի որ այն հասակակից է մարդկությանը…

Պահքը օրինադրվել է դրախտում։ Պահքի առաջին պատվիրանը ստացավ Ադամը։ Նրան պատվիրվեց ծառից ճանաչելով բարին ու չարը՝ չուտել չարի պտուղը։ Ըստ այսմ՝ սա ժուժկալությամբ պահեցողության օրինադրությունն էր։ Եվ եթե այնժամ Եվայի խաբվելով չխախտվեր նախահայրերի՝ չարի պտուղը չուտելով սահմանափակված պահեցողությունը, այժմ մենք էլ ի՞նչ կարիք կունենայինք՝ պահք պահելու։ Չէ՞ որ «առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին» (հմմտ. Մտթ. Թ 12)։ Եվ քանի որ մենք հիվանդացանք մեղքով, ուստի հարկ է, որ բժշկվենք պահքով։ Ապաշխարությունն առանց պահքի դատարկ է։ «Թող անիծյալ հողը փուշ ու տատասկ բխեցնի քեզ» (հմմտ. Ծննդ. 17-18)։ Այսժամ Աստծու կողմից մեզ համար տրտմալի հրաման է տրվում և չի ասվում թե՝ փափկակենցաղության մեջ կհարատևես, այլ Աստված մեզ ամենքիս հնարավորություն է տալիս՝ պահքով Իրեն վճարելու մեր պարտքերը։

Պահեցողությունը նաև դրախտային կյանքի կերպարանքն ունի, ոչ միայն այն պատճառով, որ դրախտում մարդը հրեշտակների նմանությամբ իր սակավապետությամբ համասնունդ էր վերջիններիս, այլ նաև քանի որ մարդկային խորհուրդները չէին ներթափանցել դրախտ՝ չպահանջելով ո՛չ գինարբուք, ո՛չ կենդանիների զոհաբերություն և ո՛չ որևէ այլ բան, որը կպղտորեր մարդկային սիրտը։

Այսուամենայնիվ, քանի որ այդ առաջին պահքը չպահեցինք, դրախտից դուրս վտարվեցինք․ այժմ պահենք այն, որպեսզի վերստին այնտեղ վերադառնանք։ Տե՛ս, թե ինչպես Ղազարոսը պահեցողության շնորհիվ դրախտ մտավ։ Ուստի դու Եվայի անհնազանդության օրինակով օձին քեզ խորհրդակից մի՛ դարձրու, այլ կերակրի պահեցողությամբ խնայի՛ր քո մարմինը։ Մարմնի հիվանդություններն ու տկարությունները ինձ պատճառ մի՛ բեր, քանի որ ոչ թե ինձ, այլ Ամենագետին պիտի ասես այդ պատճառաբանությունները։ Պահք պահել չե՞ս կարողանում։ Իսկ կյանքումդ ամեն բանից հագենալ և մարմինդ կերակուրների ծանրությամբ ջախջախել կարողանո՞ւմ ես…

Գիտեմ, որ բժիշկները ևս հիվանդներին հրամայում են զանազան կերակուրներ չուտել և որոշ կերակուրներից էլ զերծ մնալ. այդ ինչպե՞ս է, որ դա կարողանում ես պահել, իսկ սա՝ ոչ։ Ի՞նչն է ավելի դյուրին որովայնի համար, այն օր ու գիշեր կերակուրների առատությամբ ծանրացնե՞լը, թե՞ քիչ ու չափավորաբար սնվելը։ Չէ՞ որ անգամ կործանվող նավը կործանումից փրկելը, եթե այն ծանրաբեռնված է բեռներով, առավել դժվարահաս կլինի, քան թեթևաբարձ նավի դեպքում, քանի որ ալիքների «հարձակման» ժամանակ բազում բեռների ծանրությունը ընկղմում է նավը։ Իսկ ահա չափավորապես բեռնավորված նավն ալիքների ծփանքից դյուրությամբ վեր է ելնում և որևէ վնաս չի կրում ալեկոծությունից։ Նույն կերպ և անդադրում կերակուրների ծանրությամբ հագեցած մարդկային մարմինը դյուրությամբ ընկղմվում է հիվանդությունների մեջ, իսկ պատճաշությամբ զսպված և թեթև կերակուրներով հագեցած մարմնից չար հիվանդությունները, որ հանկարծահաս ձմռան նման վրա են տալիս, շատ շուտ էլ հեռու են փախչում շնորհիվ պահեցողության «պատճառած» առժամանակ նեղության։

Այո, գուցե պահքը առժամանակ նեղություն է, ինչպես որ այս կամ այն կերակուրը չուտելու բժշկի ցուցումներն էլ ատելի են հիվանդների համար, սակայն երբ հիվանդությունը վայրի գազանի նման հարձակվում է քեզ վրա, ավելի լավ է ոչ թե մարմնի պարարտությամբ մարտնչել նրա դեմ՝ իրականում, սակայն, համեղ կերակուր դառնալով գազանին, այլ խաղաղությամբ և հանդարտությամբ, այն է՝ չափավոր սնվելով՝ հեռու վանել հիվանդությունը։ Իսկ ահա զանազան կերակուրների շատությունն, ինքնին, դեռ շատ վաղուց, մարդկային ազգի ցավի ու տառապանքների պատճառ է դարձել։

Իմ պատմության ընթացքը գնում է դեպի պահքի արմատները, երբ սրբերը վաղնջական ժամանակներից պահքի խորհուրդն ընդունելով՝ ժառանգաբար հորից՝ որդուն, և այդպես շարունակ այն փոխանցեցին սերնդեսերունդ, որով և մեզ հասավ պահեցողության համար սահմանված կարգավորվածությունը։ Դրախտում ո՛չ գինի կար, ո՛չ կենդանիների զոհաբերություն, ո՛չ առհասարակ մսակերություն։ Ջրհեղեղից հետո ի հայտ եկավ գինին, բոլոր կենդանիներին իբրև բանջար ուտելու հրամանը (հմմտ. Ծննդ. Թ 3)։ Սակայն մարդկանց միջից կատարելությունը նվազած լինելու պատճառով թերի եղավ նաև կերակուրների վայելքը։ Ահավասիկ Նոյը, որևէ մեկից սովորած և նախկինում երբևէ տեսած չլինելով, թե ինչ բան է գինին, իր անփորձության և անգիտության պատճառով այն ի վնաս իրեն ծառայեցրեց։ Նա այգի տնկեց, խմեց այգու պտղից պատրաստված գինուց և հարբեց (հմմտ. Ծննդ. Թ 20-21), սակայն, ոչ թե գինեսեր լինելու, այլ անփորձ չափով ըմպելու պատճառով։ Եվ այս կերպ դրախտի պահեցողության պատվիրանին հաջորդեց պարկեշտ ծավալով գինի ըմպելու պահեցողությունը։

Այնուհետ արդեն տեսնում ենք, որ Մովսեսը ևս պահեցողությամբ է, որ մոտենում է ծխագագաթ լեռանը և այդ պահեցողությամբ զորացած է, որ համարձակվում է աստվածային մեգի մեջ մտնել։ Եվ տախտակների վրա Աստծու ձեռքով գրված նաև պահքի պատվիրանն է ստանում Մովսեսը ու այն հաղորդում առաջինն ընդունած ժողովրդին։ Սակայն վայրահակ որովայնամոլությունը նրանց կռապաշտության է առաջնորդում, քանի որ, ինչպես գրված է՝ «ժողովուրդը նստեց ուտելու և ըմպելու, ապա վեր կացավ պարելու…» (հմմտ. Ելք ԼԲ 6)։

Մովսեսի՝ աստվածապատգամ ծառայի քառասուն օր ու գիշերյա պահեցողությունն ու սպասավորությունը ի չիք դարձավ ժողովրդի գինեկոնծության պատճառով։ Նրանք, ովքեր պահք պահելու՝ Աստծու ձեռագիր պատգամն էին առել, արբեցությամբ խորտակվեցին՝ անարժան գտնվելով Մովսես մարգարեի միջոցով Աստծու սահմանած օրինադրության առաջ։ Եվ սա այն պատճառով, որ Աստծու մեծամեծ նշաններով վարդապետված այս ժողովուրդը մի պահ, որովայնամոլության մեկ ակնթարթ եգիպտապատկան կռամոլության մեջ թաթախվեց։ Այս երկուսն իրար կո՛ղք դիր և տե՛ս, թե ինչպես է պահքը դեպի Աստված բարձրացնում, իսկ աստվածամերժ կերուխումը՝ զրկում փրկությունից, ուստի դու գնա պահեցողությա՛ն ճանապարհով։

Այդ ի՞նչն էր, որ Եսավին փառազուրկ ու իր եղբորը ծառա դարձրեց, մի՞թե կերակուրը չէր պատճառը, որ նա հրաժարվեց իր անդրանկությունից (հմմտ. Ծննդ. ԻԵ 31)։ Եվ մի՞թե պահքն ու աղոթքը չէին, որ Սամուելին վերադարձրին իր մոր մոտ։ Նաև չէ՞ որ պահքի անհաղթ զորությունն էր, որ Սամսոնի մոր որովայնը մանկամբ հղացրեց։ Եվ պահքն էր, որ սնուցեց ու մեծացրեց մանկանը, որը, մորը տրված՝ հրեշտակի պատվերի համաձայն՝ ո՛չ գինի ու ո՛չ օղի չպիտի խմեր։

Եվ արդ, պահքը մարգարեներ է ծնում, զորավորներին՝ առավել է ուժեղացնում, ուժեղագույններին՝ իմաստնացնում։ Պահքը բարի մարդու անձը պահպանում է՝ ամուր զենք դառնալով նրա համար։ Պահքը հեռու է վանում բոլոր փորձությունները, օծում է բարեպաշտությամբ ու զգաստությամբ, ողջախոհությամբ ու բարի գործերով է զարդարում մարդուն։ Պատերազմների մեջ եղողին պահքը քաջություն է շնորհում, խաղաղության մեջ՝ հանդարտություն վարդապետում։

Ուխտավորներին սրբացնում է պահքը, քահանաներին՝ կատարելագործում, ուստի նաև քահանայագործության ճշմարիտ ծառայությունը վավերագրող օծումից առաջ պարտադիր պահեցողություն է օրինադրված։ Պահքն էր, որ Եղիային մեծ տեսության արժանացրեց, քանի որ նա քառասուն օր պահքով սրբեց իր անձը, և ապա միայն, որքանով որ հնարավոր էր մարդու համար, արժանի եղավ Քորեբ լեռան վրա տեսնելու Տիրոջը։

Պահքը, հիրավի, զորավոր է մահվանից։ Իր սահմանած պահքի շնորհիվ Աստված կակղեցնում է խստապարանոցների չար ու դատապարտելի անհնազանդությունը, որպեսզի ուղղի նրանց չար ընթացքը։ Եվ հենց պահքն է, որ խոսեցնում է Աստծու շուրթերը, ըստ այն խոսքի, որ Ինքը՝ Տերն է ասում, թե «երկրի վրա ջուր չի լինի, մինչև Ես Իմ բերանով չասեմ»։ Նաև Եղիսե մարգարեն, որ պահք էր պահում և վայրի բանջարեղենով էր միայն սնվում, իր աղոթալիր պահքի զորությամբ կարողացավ ժողովրդին փրկել համատարած մահվանից (հմմտ. Դ Թագ. Դ 39-41)։ Այսպես և բոլոր սրբերն էլ իրենց պահեցողության գործադրմամբ նպաստում են Աստծու բարի կամքի դրսևորմանը։

Նաև Բաբելոնի երեք մանուկները պահեցողությամբ է, որ անարատ էին դարձել, ինչի շնորհիվ էլ հրի մեջ նետվելով՝ որևէ վնաս չկրեցին, այլ ինչպես ոսկին է առավել մաքրվում կրակի մեջ, նույն կերպ և դեռ մի բան էլ առավել պատվական եղան նրանք. հուրը չձուլեց նրանց, այլ անարատ պահեց։ Նետվելով քառասուն կանգուն հնոցի մեջ, որ նաև նավթ ու ձյութով և որդերով էր լցված, մանուկներն իրենց պահեցողության շնորհիվ անվնաս դուրս եկան և հաղթեցին հրին այդ պատերազմում (հմմտ. Դան. Գ 24-30)։ Դանիելը՝ Աստծու սիրելին, երեք յոթնօրյակ հաց չուտելով և ջուր չխմելով՝ առյուծներով լի գուբը իջեցվեց, սակայն առյուծները իրենց երախները բաց չարեցին ու չվնասեցին պահքով զորացած սրբին։ Ահավասիկ, պահքը շիջեց հրի զորությունն ու խցեց առյուծների երախը։

Պահքը, ինչպես երկնասլաց թռչուն, երկինք է առաքում մեր աղոթքները։ Պահքը հիմքն է ամեն հաստատության, մայրն է ողջախոհության, մանկության դաստիարակն է ու ծերության զարդը, ուղեգնացների բարի ճանապարհակիցը և խաղաղ օթևանը։ Պահքի մեջ եղող մարդը չարակնությամբ չի նայում կնոջը, նունպես և կինը՝ պահեցության մեջ եղող տղամարդուն։ Եվ ուրեմն ի՞նչ վնաս կարող է լինել պահքից։ Այն տանը, որտեղ պահք են պահում, մինչև իսկ կենդանիները մահ չեն ճաշակում, որպեսզի մարդկանց որովայնի կեր դառնան ու անգամ խոհարարների ձեռքերը արյան չեն դիպչում։ Շաբաթ օրը հրեաներին տրվեց, ինչպես ասվում է, որպեսզի հանգտանան և՛ անասունները և՛ ծառաները (հմմտ. Ելք Ի 10)։ Նույնկերպ և այս պահքը այդ հանգիստն է նաև, որը Աստված պատվիրում է ունենալ ծանրաբեռնված աշխատանքների միջև։ Ուստի և դու այդ ընթացքում նաև հո՛գ տար նրանց նկատմամբ, ովքեր տկարանդամ են և աղքատագույն, որպեսզի քո այդ ժուժկալությամբ առավել իմաստուն դառնաս Աստծու առջև։ Սակայն եթե միայն որկրամոլությամբ լեցուն լինես դու, ունայն ու զուր կլինի քեզ համար Քրիստոսի վարդապետությունը։

Պահք պահողները նաև թող զգու՛յշ լինեն, որպեսզի չլինի թե որբի ու աղքատի բաժնին դիպչեն, այլ թող որ մի բան էլ իրենք նրանց բաժին տան իրենց բաժնից։ Բացի այդ, թող որ չլինի այնպես, որ պահք պահելով՝ շատակեր լինեք պահքի կերակուրների մեջ, քանի որ թեպետ պահոց ախորժալի կերակուրները պայծառությամբ են լցնում պահքի օրերը, սակայն և որովայնին փափագելի սեղանը գուցե մոռացնել տա քեզ պահքի նպատակի մասին։ Այլ դու համբերությա՛մբ պահեցող եղիր, և ոչ թե փափկասիրությամբ, որպեսզի չլինի թե խափանվի պահքի իսկությունը և դու էլ արհամարհելի դառնաս քո նպատակից շեղվելու պատճառով։ Որքան որ դժվար է պահեցողության ճանապարհը, այդքան էլ քաղցր է նրա վայելքը և շնորհաշատ՝ պարգևատրումը։ Չէ՞ որ նաև արեգակը իր ողջ պայծառությամբ գիշերվա խավարից հետո է փայլում, նույնպես և զվարթությունը հաջորդում է խորը քնին, ողջությունն ու փրկությունն էլ փորձությունից հետո են լինում միայն։ Նույն կերպ է նաև պահեցողության վարձատրության պարագայում։

Երկիրը, որ լի էր ամեն բարիքով, մեղքի պատճառով ասես հրո ճարակ է դարձել, և որպեսզի կարողանանք շիջանել այդ հուրը, մեզ ջուր է անհրաժեշտ. այդ ջուրը պահքն է։ Այն ոչ միայն առավել է սրբացնում սրբերին, այլև ոտքի է կանգնեցնում անկում ապրածներին՝ քաջ առողջություն պարգևելով նրանց։ Արդ, դու զգուշացի՛ր, որպեսզի չլինի թե կենարար ջուրը թողած՝ կաթի կամ գինու հետևից գնաս։ Ոչ ոք այսքան ժամանակ ջրից չի հարբել, ոչ մեկի գլուխը ջուր ըմպելուց չի ծանրացել ու չի ցավել։ Ոչ մեկի համար ջուր ըմպելը որևէ ուրիշ մեկի նախանձի առիթ չի դարձել։ Նույն կերպ և պահեցողության ջրով «ոռոգվող» որևէ մեկը ոտքից ու ձեռքից խեղանդամ չի դարձել։ Այլ, ընդհակառակը, նրանք, ովքեր փափկակենցաղությանն են տրվում, նրանք է, որ զանազան հիվանդությունների մեջ են ընկնում։

Դարձյալ նաև պահք պահողը առավել պարկեշտ է, հեռու ամեն անամոթությունից, ողջախոհությամբ, գլուխը կախ իր ուղով ընթացող, որևէ մեկի հետ չթշնամացող, մտախոհ դեմքով, չափավոր խոսքով ու սրտի մաքրությամբ զարդարված։ Հիշի՛ր հավիտենացած սրբերին, «որոնց այս աշխարհը արժանի չէր», որոնք «այծի մորթուց պատրաստված զգեստներով էին շրջում՝ կարիքի ու նեղության մեջ»․ պահեցողությամբ դու ևս գնա նրանց ճանապարհով ու դու ևս մաս կունենաս նրանցից (հմմտ. Եբր. ԺԱ 36, 37)։

Այդ ի՞նչն էր, որ Ղազարոսին Աբրահամի գոգում հանգչեցրեց. մի՞թե պահքը չէր այդ։ Էլ չեմ խոսում Հովհաննեսի մասին, ում կյանքը տեղով պահեցողություն էր (հմմտ. Գ 4)։ Նա ո՛չ մահիճ ուներ ու ո՛չ սեղան, ո՛չ մշակելի հող ու ո՛չ արորաձիգ եզ, ո՛չ ցորեն ու ո՛չ հաց և ո՛չ որևէ այլ բան, որ անհրաժեշտություն է կյանքի համար (հմմտ. Բ Կորնթ. ԺԱ 27)։ Այդ ամենի շնորհիվ է, որ կանանցից ծնվածների մեջ չկա ավելի մեծը, քան Հովհաննես Մկրտիչն է։

Նաև Պողոս առաքյալն է նշում, որ պահքը բոլոր նեղությունների պարծանքն է, որ դեպի երկինք է բարձրացնում։ Անգամ Ինքը՝ մեր Տերը, մեզ համար պահք պահեց ու ամրացրեց Իր մարմինը՝ այդպիսով ընդդեմ բանսարկուի դիմամարտության մեզ պատվիրելով պահեցողությամբ օծել ու դաստիարակել մեր անձը, որպեսզի կարողանանք մարտնչել փորձությունների դեմ։

Պատկերացնո՞ւմ եք, Ինքը՝ Տերը՝ բարձրյալ Աստված լինելով, խոնարհվեց մարդկային բնության առաջ ու երկինք համբարձվելով՝ Ինքը կերակուր դարձավ մեզ համար, ու մեր մարդկային մարմնի համար ճանապարհ հարթեց դեպի երկինք։ Իսկ դու, որ անմտաբար կամենում ես առավել պարարտացնել մարմինդ կերակուրներով, ինչպե՞ս պիտի երկինք բարձրանաս։ Մի՞թե չես կամենում փրկության կենարար վարդապետությունից որևէ բան ուսանել։ Եթե անգետ լինես այդ վարդապետությունից, կնմանվես այն ընկերներին, որոնք պատերազմի գնալու ճանապարհին իրարու հետ են կռվում և այդպիսով երկուսն էլ պարտության են մատնվում։ Այսկերպ նաև նա, ով առաջնայնություն է տալիս մարմնին, հոգին է կորցնում, իսկ ով մարմինը ծառայեցնում է հոգուն, երկուսն էլ պահպանում է (հմմտ. Գաղ. Ե 17)։

Նաև եթե կամենում ես միտքդ զորացնել, մարմինդ հալեցրո՛ւ պահքով, քանի որ այսպես է ասում առաքյալը, թե՝ «որքան որ ապականվում է մեր արտաքին մարդը, այդքան նորոգվում է ներքինը» (հմմտ. Բ Կորնթ. Դ 16)։ Դարձյալ՝ «երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (հմմտ. Բ Կորնթ. ԺԲ 10)։ Ուստի նաև, եթե չարհամարհես ապականացու կերակուրները, Արքայության սեղանի վայելքից մաս չես ունենա, քանի որ պահքն է, որ նախակազմել է այդ սեղանը։ Եթե անգետ լինես այս ամենին և տեղի տաս չափ ու սահման չունեցող հագեցվածությանը, այդպիսով քեզ տանջող որդեր կժողովես, քանի որ նա, ով առատ փափկասիրությամբ ու հանապազ կերակրամոլությամբ մահվան դուռը գնա, այդժամ էլ ի՞նչ խոսք կարող է գնալ հոգևոր շնորհի մասին։

Մովսեսը, Օրենքը ստանալով, գործադրեց այն ու պահք պահեց։ Պահք պահեցին նինվեացիները, որոնք և ոչ միայն իրենք էին պահում, այլև անբան կենդանիներին ևս իրենց պահակից էին դարձնում։ Եվ ի՞նչ եղավ արդյոք արդյունքը. նրանք փրկվեցին սպառնալի կործանումից։ Եվ ի հակադրություն այս ամենի՝ արդյոք ո՞ւմ, եթե ոչ՝ մսակերության տենչողների ոսկորներն էին, որ այդպես էլ անհույս մնացին անապատում գցված։ Հրեաները, որ նախապես Աստծու կողմից պարգևվող մանանայով ու ժայռաբուխ ջրով էին հագենում, որ ծովընթաց ճանապարհորդությամբ հաղթում էին եգիպտացիներին, ա՛յն հրեաները, «որոնց մեջ որևէ հիվանդ չկար», երբ հիշեցին մսով լի կաթսաների մասին ու ցանկասիրությանը տրվելով՝ Եգիպտոս վերադարձան, այդպես էլ չտեսան Ավետյաց երկիրը (հմմտ. Ելք Գ 17)։ Այս ամենին ականատես լինելով, դու մի՞թե չես վախենում այս օրինակներից և մի՞թե չես սարսռում շատակերության այս ախտից։

Երբևէ ինքդ քո առաջ մի՛ գոցիր դեպի բարեհուսություն տանող ճանապարհը։ Անգամ իմաստուն Դանիելը աստվածտեսություն չէր ունենա, եթե պահքը նրա հոգին ճառագայթափայլ չդարձներ, քանի որ մարդկային բնությունը գոլորշիաձև ամպագոյությամբ խոչընդոտում է Սուրբ Հոգու ճառագայթմանը և հարկ է, որպեսզի պահքը բանա այդ ճանապարհը։ Այդկերպ՝ պահեցողությամբ, մարդիկ, ինչպես որ մարգարեն է ասում, «լիուլի կերան հրեշտակների հացը» (հմմտ. Սղմ. ՀԷ 25)։ Ո՛չ մսեղեն ու ո՛չ էլ գինի, այլ գեթ հաց։ Չէ՞ որ պահքը ինքն իրենով զենք է ընդդեմ չարի աներևույթ գնդի, ինչպես և Քրիստոս է ասում, որ չար ոգին «այլ կերպ դուրս չի ելնում, այլ միայն՝ աղոթքով և պահեցողությամբ» (հմմտ. Մրկ. Թ 28)։

Այս է պահքի տված բարիքը, իսկ ահա հագեցվածությունը սկիզբն է թշնամության, քանի որ նա, ով պահք չի պահում, իսկույն ընկնում է փափկակենցաղության, արբեցության և միտքը պղտորող ամեն տեսակի արատավոր վավաշոտության մեջ։ Այդտեղից էլ գալիս է և այն, որ մարդկային մեղավոր բնությունը թանձրամտությամբ է պատվում և անժամանակ ու առանց ժուժկալության տենչում է հակառակ սեռին։ Իսկ ահա պահեցողության մեջ եղող կինն ու ամուսինը ճանաչում են իրար մերձենալու չափն ու սահմանը և միաձայն համախոհությամբ աղոթասացությանն են մերձենում։

Պահքը, սակայն, միայն կերակուրներից հրաժարվելով չի սահմանափակվում։ Պահքը ամենայն չարիքից օտարանալու մի շրջան է, ուստի վերացրու՛ անիրավության բոլոր կնճիռները, ների՛ր ընկերոջդ հանցանքները քո անձի հանդեպ և ոխ ու վրիժառություն մի՛ ունեցիր որևէ մեկի դեմ, հակառակ դեպքում կստացվի, որ կերակրատեսակ միս չուտելով՝ քո եղբոր «միսն» ես ուտում։ Եվ կամ գինի ըմպելուց զերծ ես մնում, սակայն չես ժուժկալում թշնամանք տածելու մեջ։ Կամ էլ թե օր ու գիշեր հեռու ես մնում կերակուր ճաշակելուց, սակայն միևնույն ժամանակ դատական ատյաններից դուրս չես գալիս։ Եվ ստացվում է, որ այդպիսիք ևս արբենում են, միայն թե ոչ գինով։ Չէ՞ որ սրտմտությունը խելագար ոգու արբեցությունն է։ Այն առավել վատթար է, քան գինով արբեցումը, քանի որ ամբողջովին ի չիք է դարձնում պահեցողության խորհուրդը։ Այս արբեցումը մերժելի է նաև, քանի որ այն երկյուղ ու վախ է առաջ բերում, ինչից ևս հարկ է հեռու մնալ, ըստ այն խոսքի, թե՝ «երկուղից փրկի՛ր իմ անձը»։

Այսպիսով, ամեն ոք, ով կամենում է հեռու մնալ չար ախտերից, պետք է պահքի խորհուրդն ըմբռնի։ Իսկ այդ խորհրդի մեջ, ինչպես տեսանք էլ, տեղ չունի բարկության ախտը, քանի որ այդ ախտի մեջ եղողն ինքն իր տերը չէ, նա ո՛չ ինքն իրեն է տեղը բերում, ո՛չ իր մերձավորին ու էլ չեմ ասում, որ ծանոթ-անծանոթ ամենքին սխալ է հանում, ամենքի հետ թշնամանում է, ծեծկռտուք է հրահրում, սպառնում է, երդվում, աղաղակում ու ծաղրում։ Ուստի հեռո՛ւ մնա և՛ այդ տեսակ արբեցությունից, և՛ գինու ոչ չափավոր ըմպումից, որ մեկ այլ արբեցություն է ծնում։ Այլ դու գինու փոխարեն ջուր ըմպիր և այդպիսով վստահ կլինես, որ արբեցության պատճառով քո պահքը խորհրդազուրկ չի լինի։ Չէ՞ որ անհնար է արբեցությամբ հարատևել Տիրոջ պահքի մեջ ճիշտ այն կերպ, ինչպես որ անհնար է հարկ եղածից ավելին վերցնելով՝ արդար մնալ, և կամ վավաշոտ աչք ունենալով՝ ողջախոհ լինել, կամ էլ թե՝ չարությամբ լցված լինելով՝ առաքինի գործեր կատարել։ Պահքն է և՛ արդարության, և՛ ողջախոհության, և՛ առաքինության դուռը։ Նայի՛ր, արբեցությունը քեզ անհագության մեջ է գցում, իսկ ահա պահքը ինքնաբավությամբ է լիացնում քեզ։

Պետք է, որ նա, ով պահք է պահում, ժուժկալ լինի ամեն բանի մեջ, այլապես կստացվի, որ նա զուր տանջում է ինքն իրեն և «խաբում» Աստծուն՝ անմտությամբ մարմինը խորտակելով և հոգուն էլ մխիթարություն չտալով։ Իսկ եթե մեկը արբեցումի մեջ է հանգիստ գտնում, նրա հավատը նմանվում է մի ծակ կարասի, որի միջով հոսում ու գնում են առաքինությունները, սակայն մեղքը մնում է։ Ծառան որ ծառա է, փախչում է իրեն անդադար ծեծող տիրոջից, իսկ դու մնում ես գինու հետ այն դեպքում, երբ այն հանապազ ծանրացնում ու ցավեցնում է քո գլուխը։ Այլ հարց է, որ գինու չափավոր կիրառումը օգտակար է մարմնական ինչ-ինչ պետքերի բավարարման համար։ Սակայն երբ չափ ու սահմանն անց է կենում, գինին հոգնեցնում է մարդուն, շուրջն ամեն բան ատելի ու աղմկոտ է թվում և մահանման քնի մեջ է գցում նրան, իսկ արթնությունն էլ երազի է նմանվում։

Գիտե՞ս արդյոք, որ Քրիստոս, ով սպասում է քեզ երկնքում, օթևաններ ունի քեզ համար, ինչպես որ Ինքն ասաց. «Կգնանք և կօթևանենք Հոր մոտ»։ Արբեցությունը, սակայն, փակում է դեպի այդ օթևանները տանող Տերունական մուտքը, քանի որ արբեցությունը Տիրոջը չի ճանաչում։ Այն վանում է իրենից Սուրբ Հոգուն, ինչպես որ ծուխն է մեղուներին հեռու վանում, և հոգևոր շնորհները հալածվում են արբեցության կողմից։ Իսկ ահա պահքը բարիք է ըստ ամենայնի, այն խաղաղությունն է ընտանիքների և փրկությունը բոլոր պահեցողների։ Պահքի զորությունը ամեն տեսակի խռովություն խաղաղության է վերափոխում և ավելի է պայծառացնում պահեցողների հոգիները։ Ուստի մաղթում եմ, որ Ինքը՝ Տերը, որ մեզ կյանքի այս ժամանակավոր ճամփուղին է շնորհել, Իր սուրբ նահատակների նմանությամբ մեզ ևս հաստատակամություն ու սրտի զորություն շնորհի, որպեսզի հասնենք Տիրոջ Հարության սուրբ օրվան։ Իսկ այժմ, Քրիստոսի փրկավետ չարչարանքների հիշատակությամբ և Նրա երկնային, հավիտենական արդարադատությանն ակն ունենանալով՝ փառավորե՛նք Աստծուն հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս. Էջմիածին, 2008թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում