USD
EUR
RUB

«Բացված փակագծեր»՝ Վիլեն Գալստյանի կյանքից

 

«Առավոտը» քանիցս ներկայացրել է մեր երեւելիների կյանքին ու ստեղծագործական ուղուն վերաբերող դեռեւս ոչ լայն շրջանակներին հայտնի դիպվածներ, որոնք հիանալի նյութ են ֆիլմերի սցենարի համար։ Օրերս լրացավ Վիլեն Գալստյանի ծննդյան 80-ամյակը։ Նա առաջին հայ արտիստն է, ում ճանաչեց համաշխարհային բալետային բեմը։ Անվանի բալետի արտիստի ու խորեոգրաֆի կյանքը, սկսած մանկուց, հուսով ենք կգրավի սցենարիստների եւ կինոռեժիսորների ուշադրությունը։

7 տարեկանում մայրը մաեստրոյին տանում է երաժշտական դպրոց՝ ընդունելության լսումների։ Ծնողները մինչ սպասում էին երեխաների՝ քննասենյակից դուրս գալուն, Վիլենի մայրը ծնողներից մեկից տեղեկանում է, որ դա ոչ թե երաժշտական դպրոց է, այլ բալետային։ Իրականում մայրը շփոթել էր եւ երաժշտական դպրոցի փոխարեն երեխային տարել պարարվեստի ուսումնարան…

 

Հենց այդ ժամանակ դուրս է գալիս ընդունող հանձնաժողովի անդամը եւ հայտարարում ընդունված երեխաների անունները։ Ընդ որում, առաջինը Վիլեն Գալստյանի անունն է լինում։ Մայրը ներողություն խնդրելով՝ փորձում է բացատրել, որ շփոթմունք է տեղի ունեցել, բայց հանձնաժողովի անդամը պնդում է, որ երեխան ունի իսկապես փայլուն բալետային տվյալներ եւ նրան մեծ ապագա է սպասվում։

Բաց թողնենք պարարվեստի ուսումնարանում նրա օրեցօր, տարեցտարի ձեռք բերած հաջողությունների մասին, նշենք, որ նա առաջինն էր հայկական բալետի պատմության մեջ, որ ուսումնարանն ավարտում է արքայազն Զիգֆրիդի դերապարով՝ Չայկովսկու «Կարապի լիճ» բալետում։ Նաեւ հպանցիկ նշենք, որ երիտասարդը ցանկություն ուներ պարել թատրոնում ժամանակի պրիմա պարուհի Լյուդմիլա Սեմանովայի ընկերակցությամբ։ Ու թեեւ չի համարձակվում միանգամից իր որոշման մասին հայտնել պրիմային, բայց ցանկության մասին հայտնում է պարուհու ամուսնուն՝ մենապարող Ֆրունզե Ելանյանին։ Վերջինս էլ հորդորում է երիտասարդին համարձակ լինել եւ այդ մասին հայտնել իր կնոջը։

1961-ից շուրջ տասը տարի Վիլեն Գալստյանը Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող էր։ Դեռ երիտասարդ տարիքում ընդգրկվել էր «Բոլշոյ» թատրոնի բալետային խմբի կազմում եւ շրջագայել աշխարհով։ Տեղեկացված չլինելով հանդերձ կարելի է ենթադրել արտիստի լայն խաղացանկի մասին՝ հայկականից մինչեւ համաշխարհային բալետային գրականության ընտիր նմուշներ։

Մեզ հետ զրույցներում պարոն Գալստյանը մշտապես ասել է, որ բալետի արտիստը՝ եթե նա նույնիսկ լավ ֆիզիկական վիճակում է գտնվում, պետք է բեմից հեռանա 40 տարեկանում։ Ժպիտով էլ հավելել է, թե աշխարհում, բացի Հայաստանից, չկա մի երկիր, որտեղ բալետի արտիստը թոշակի գնա ընդհանուր հիմունքներով՝ 63 տարեկանում:

Վերադառնանք մեր արտիստի բեմական գործունեությանը։ Մեզ հետ զրույցում արվեստագետը պատմել է, որ մի անգամ Մոսկվայում համերգներից մեկի ժամանակ նա պարել է մի համար Խաչատրյանի «Գայանե» բալետից՝ սեփական խորեոգրաֆիայով։ Այդ երեկո հանդիսատեսի շարքերում են լինում նաեւ Արամ Խաչատրյանն ու ԽՍՀՄ մշակույթի մինիստր Ֆուրցեւան։

Երեկոյից հետո նրան ուղեկցում են Ֆուրցեւայի մոտ, որն էլ հայ արտիստին հայտնում է, որ նա ընդգրկված է երեք ամսով Փարիզ մեկնող արվեստագետների խմբում։ Այդ ուղեւորության համար հայ արտիստը պատրաստում է նաեւ Խաչատրյանի «Սուսերով պարը», որով պետք է հանդես գար Ֆրանսիա մեկնող խմբում ընդգրկված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գալիա Իզմայլովան։ Այսպես սկսվում է Վիլեն Գալստյանի՝ իբրեւ խորեոգրաֆի ուղին։ Հիշեցնենք՝ 40 տարեկանում բեմից հեռանալուց հետո։ Չենք կարող չանդրադառնալ մինչ այդ նրա հայտնի Սպարտակի դերապարին, որը նրան վստահվել էր ընդամենը 20 տարեկանում։

Ի դեպ, այդ տարիներին «Սպարտակը» քիչ էր բեմադրված աշխարհում։ Բայց հայտնի խորեոգրաֆ Չանգայի «Սպարտակի» տարբերակը արդեն բեմադրվել էր Երեւանում, Սարատովում եւ Սվերդլովսկում։ Վիլեն Գալստյանը մեզ պատմել է նաեւ, որ երբ իրեն հրավիրել են Սվերդլովսկ, հասնելուն պես թատրոնի տնօրենը խնդրել է փրկել երեկոն։ Իսկ այդ երեկո նշանակված էր հայտնի օպերային երգիչ Զուրաբ Անջափարիձեի մենահամերգը, բոլոր տոմսերը վաճառված էին, բայց երգիչը անառողջ էր։

Արտիստը համաձայնում է պարել Սպարտակ՝ պայմանով, որ գոնե առանձին փորձեր անցկացնի Ֆրիգիայի դերակատարի հետ։ Այստեղ կա մի ուշագրավ դրվագ. պարուհին ներկայացման ժամանակ ուշացնում է ցատկը դեպի Սպարտակը։ Հետո պարզվում է, որ ազգությամբ ուզբեկ պարուհին վախեցել էր Սպարտակի չափից ավելի առնական տեսքից։

Պարոն Գալստյանը պատմեց, որ հերթական հյուրախաղերից մեկի ժամանակ հյուրանոցում ապրել է աշխարհահռչակ Մարիս Լիեպայի հետ։ Ներկայացումից հետո նրանք երկուսով գնում են ռեստորան՝ մի միլիոնատիրուհու եւ նրա աղջկա հետ հանդիպման… Մեր զրուցակիցը հանկարծ լռեց՝ չուզենալով ավարտին հասցնել պատմությունը։

Բայց նաեւ չկարողացավ մերժել մեր խնդրանքը եւ շարունակեց. «Մարիսը սիրավեպ ուներ մոր հետ։ Ինձ էլ գրավեց նրա դուստրը… Բայց հայտնվեցի անհարմար իրավիճակում, քանի որ անգլերեն ոչ մի բառ չգիտեի։ Ամբողջ երեկո գեղեցկուհու ձեռքը բռնած շփվում էի նրա հետ ժեստերի, միմիկայի լեզվով։ Երբ վերադարձա Երեւան, արագացված ծրագրով անգլերեն սովորեցի։ Եվ մեկ տարի անց դարձյալ գնացի հյուրախաղերի եւ Մարիսի հետ հանդիպեցինք նույն կանանց։ Մարիսը զարմացած էր անգլերենի իմ իմացությամբ, ես էլ կատակեցի, թե նախորդ անգամ ձեւացնում էի, որ անգլերեն չգիտեմ։ Բայց ես հասկացա, որ Մարիսը գլխի էր ընկել. նա տաղանդավոր էր ամեն ինչում»։

Իհարկե, խոսելով Վիլեն Գալստյանի մասին, հանցանքի նման բան կլինի չնշել 60 ֆիլմերում նրա մասնակցության մասին եւ անշուշտ առանձնացնել առաջինը՝ Փարաջանովի «Նռան գույնը» (1969թ), որտեղ Սայաթ-Նովային պլաստիկայի, միմիկայի, ժեստերի միջոցով մարմնավորել է Վիլեն Գալստյանը։ Ի դեպ, ասում են, որ այդ դերը ստանալու համար պայքարել են Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Հրաչյա Ներսիսյանը։

1980-ականների վերջերից Վիլեն Գալստյանը պաշտոններ է զբաղեցրել արտասահմանում, այդ թվում՝ հանդիսացել է Մոնտեվիդեոյի թատրոնի գլխավոր բալետմայստերը, դասավանդել է Սեուլի բալետի համալսարանում, այսօր էլ մանկավարժական գործունեություն է ծավալում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, եղել է Երեւանի պարարվեստի ուսումնարանի տնօրենը, յոթը տարի է՝ նա Երեւանի Ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստերն է։ Բնականաբար, ՀՀ ժողովրդական արտիստ է, պետական մրցանակի դափնեկիր, ունի պետության կողմից տրված մեդալների հարուստ հավաքածու։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ... «Գովք հիմարության» Խաչի ու ցավի մասին Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13) Արցախի ձեռագրական արվեստը՝ Մաշտոցյան Մատենադարանում Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Ուրցաձոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13) «Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հայտարարությունը Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ Վան Գոգի՝ 6-9 մլն դոլար գնահատված կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, այնուհետև աճուրդի կհանվի (լուսանկարներ) Տարիների հետ․․․ Արագիլները Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը յուրովի է մեկնաբանել Կոմիտասի «Զուլոն» Կույրի բժշկությունը (Մարկ. 10:46-52, Մատթ. 20:29-34,Ղուկ. 18:35-43) Խոստովանության ուժը Մահացել է բանաստեղծ Լոուրենս Ֆեռլինգետտին «Միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ» Լռությունը Ջութակահար Ֆյոդոր Ռուդին և Պետական սիմֆոնիկ նվագախումբ. ծրագրում՝ Վիվալդի, Պիացոլա «Խոնարհում հերոսներին» Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օր Պահքի արդիականությանը Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող Շուշիի բոլոր անվանումները՝ հայերեն, թե օտարալեզու, հայկական են «Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ 15: 18) Հայկական բրենդները միավորվել են հանուն Հայաստանի և Արցախի անտառների վերականգնման Կոմիտասի թանգարան-ինստիտուտը «Հարսանեկան երգեր», «Կոմիտասը և իր ժառանգությունը» գրքերով շնորհավորեց Գրքի տոնը Տաղ հայրենի տան Սիամանթո․ Մենախոսություն Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի փառատոնը «Եթե քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի» Թումանյանի թանգարանը բացառիկ գրքերի շնորհանդեսով, հետաքրքիր ծրագրերով կնշի գրողի 152-ամյակը Ո՞րն է Աստծուն հնազանդվելու պատճառը Պատմական մանիպուլյացիա՝ ինչպես միշտ
website by Sargssyan