«Եթե քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի»

«Եթե քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի»

Քրիստոնեական հավատքի դեմ ուղղված ամենատարածված հարցումներից են՝ ո՞ւր է Աստված կամ ո՞վ է Նրան տեսել: Բայց մի՞թե աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ հնարավոր է տեսնել մարմնական աչքերով: Անկասկած, շատ բաներ կան աշխարհում, որ գոյություն ունեն և էականորեն ազդում են մարդկային կյանքի վրա, բայց չեն տեսնվում, դրանք են՝ սերը, հավատարմությունը, հոգու գեղեցկությունը, կարեկցանքը: Թվարկվածը հնարավոր է տեսնել այլ աչքերով՝ հոգու աչքերով, որոնցով մարդ կարող է ընկալել և «տեսնել» այն, ինչ հոգևոր է և աննյութական: Ավետարանում կարդում ենք, որ «Հոգի է Աստված, և Նրա երկրպագուները պետք է հոգով և ճշմարտությամբ պաշտեն Նրան» (Հովհ. 4:24): Հոգով և ճշմարտությամբ Աստծուն երկրպագել, նշանակում է հաճելի լինել Նրան նախ և առաջ սրտի մաքրությամբ:

Ավետարանում գրվածը, թե՝ «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել» (Հովհ. 1:18), վերաբերում է Աստծու էությանը, որ անհասանելի է որևէ մեկին, իսկ երբ ասվում է՝ «երանի նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5:8), վերաբերում է նրանց, ովքեր աստվածճանաչողության մեծ ձգտումով մաքրում են իրենց սիրտն ապաշխարությամբ և պատվիրանապահությամբ: Մաքուր սիրտը նախ խոնարհ սիրտն է, որի մեծագույն օրինակը հանդիսացավ Քրիստոս, Ում կոչված են հետևելու բոլորը: Մաքուր սիրտ ունեցողն ընդունակ է դառնում հոգու աչքերով տեսնելու Աստծուն և հաղորդ դառնալու Նրա օրհնությանը: Ցավալիորեն, հոգևոր տեսողությունը մարդու մեջ աղավաղված է մեղքերի և կրքերի պատճառով: Որքան մարդն իր սիրտը մաքրում է մեղքերից, այնքան ավելի պարզ է դառնում նրա հոգևոր տեսողությունը: Աստծուն մերձ լինելու համար անհրաժեշտ է սիրտը մաքրել, որը բազմաթիվ ջանքեր է պահանջում, բայց պտղաբեր է և փրկարար:

Եթե մարմնական տեսողությունը տրվել է մարդուն՝ արտաքին աշխարհը ճանաչելու համար, ապա հոգևոր տեսողությունը՝ հոգևոր աշխարհն ընկալելու համար: Այն անձը, ում մտքերը, զգացումներն ու ձգտումներն ուղղված են միայն նյութականին և մարմնի գոհացմանը, այդպիսի մեկի համար խորթ է հոգևոր աշխարհը և նա կույր է այդ աշխարհում: Հոգևորը տեսնելու համար՝ նախ անհրաժեշտ է հոգևոր կյանքով ապրել, զգալ աստվածային ներկայությունը: Հոգևոր կյանքը, ըստ եկեղեցու հայրերի, Աստծու պարգևն է մարդուն, որի միջոցով, եթե նա ցանկանա կարող է կենդանի հաղորդակցություն ունենալ Տիրոջ հետ: Հոգևոր կյանքը սկիզբ է առնում մկրտությունից, ինչը Քրիստոս անվանեց հոգևոր ծնունդ (Հովհ. 3:5): Մարդն իր երկրային կյանքի ընթացքում ընդունակ է ազդել իր հոգևոր կյանքի վրա՝ փոխելով այն դեպի լավ կամ վատ կողմը, այսինքն՝ իր ձգտումներով, խոսքերով ու արարքներով մաքրելով կամ խամրեցնելով հոգևոր կյանքի իր պատուհանը: Այդ պատճառով Քրիստոս ասաց. «Աչքն է մարմնի ճրագը. եթե քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը վատառողջ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի» (Մատթ. 6:22): «Աստծու կամքն է, որ դուք սրբվեք» (Ա Թես. 4:3):

Ապաշխարությամբ, աղոթքով և բարի գործով Քրիստոսի հետևորդն օրեցօր, տարեցտարի աննկատելիորեն հոգևոր փորձառություն է ձեռք բերում, առանց որի հնարավոր չէ մուտք գործել հոգևոր կյանք: Հոգևորի մասին կարելի է շատ խոսել, կարդալ, դատողություններ անել, բայց այդ աշխարհում լինել կույր կամ մեռած: Մարդու կյանքում հանդիպող դժվարությունները, հիվանդություններն ու փորձությունները թույլատրվում են Աստծու կողմից, որպեսզի յուրաքանչյուրն իր փորձառությունից ելնելով՝ ճանաչի իր տկարությունը: Իսկ ճանաչելով իրեն՝ խոնարհվի, ապաշխարի և Աստծու օրհնությամբ բուժվի հոգևոր կուրությունից: Երանելի Սիմեոն Աստվածաբանն ասել է. «Նա, ով ցանկանում է պատմել որևէ տան, արտի կամ թագավորական պալատի մասին, պետք է նախապես տեսնի այն, ուսումնասիրի և նոր այդ մասին խոսի: Ո՞վ կարող է պատմել ինչ-որ բանի մասին, եթե այն չի տեսել նախապես: Եթե այս կերպ տեսանելիի և նյութականի մասին չենք կարող որևէ ճշմարիտ բան ասել, ապա ինչպես կարող ենք խոսել Աստծու և սրբերի ու նրանց Աստծու հետ հաղորդակցության մասին, եթե նախապես չենք լուսավորվել աստվածային լույսով»:

«Խոնարհ հոգիներն են, որ երկնային տեսություն ունեն»,- ասել է Ս. Հովհաննես Սանդուղքը: Դա հաստատվում է սուրբգրային օրինակներով և սրբերի վարքագրությամբ: Սուրբ Գրքի Դ Թագավորաց գրքում կարդում ենք, որ երբ սոմնացի կինը տղայի մահից վշտացած ընկնում է Եղիսե մարգարեի ոտքերը, և մարգարեի սպասավոր Գեեզին ցանկանում է նրան հետ քաշել, Եղիսեն ասում է. «Թո՛ւյլ տուր նրան, որովհետև նրա սիրտը վշտահար է, և Տերն ինձնից դա թաքցրել է, չի հայտնել ինձ» (Դ Թագ. 4:27): Կամ սրբերից Ս. Մարիամ Եգիպտացին, որ երբեք չէր տեսել Հայր Զոսիմային, նրան անունով կոչեց, նրա հոգևոր աստիճանը նշեց, ապա պատվիրեց նրան, որ իր վանքի վանահորը փոխանցի ուշադիր լինել թե՛ իր և թե՛ եղբայրների հանդեպ, քանի որ շատ բան է անհրաժեշտ ուղղել: Նրանք նույնպես ճգնավորներ էին, բայց չունեին այն հոգևոր տեսողությունը, որ ուներ Ս. Մարիամ Եգիպտացին:

Հովհաննես ավետարանիչը պատմում է, որ ի ծնե կույրին բժշկելուց հետո Հիսուս Իր շուրջը գտնվողներին, որոնց մեջ կային նաև փարիսեցիներ, ասաց. «Դատաստան անելու համար եկա այս աշխարհը, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, և ովքեր տեսնում են, կուրանան» (Հովհ. 9:39): Եկեղեցու հայրերն, այս հատվածը մեկնելով, նշում են, թե ովքեր են նրանք, որ չեն տեսնում, հետո տեսնելու են, և ովքեր՝ նրանք, որ տեսնում են, բայց հետո կուրանալու են: Քրիստոս այստեղ խոսում է ոչ թե մարմնական, այլ հոգևոր կուրության մասին, իսկ ի՞նչ է հոգևոր կուրությունը: Նրանով տառապողները չեն ցանկանում տեսնել Ճշմարիտ Լույսը, որ Հիսուս Քրիստոսն է. «Բանն էր ճշմարիտ Լույսը, որ աշխարհ գալով լուսավորում է ամբողջ մարդկությունը: Նա աշխարհի մեջ էր, աշխարհը Նրանով ստեղծվեց, սակայն աշխարհը չճանաչեց Նրան» (Հովհ. 1:9-11): Հովհաննես ավետարանչի խոսքով, կույր են նրանք, ովքեր չեն ընդունում Քրիստոսին, ովքեր հրաժարվում են Նրա մեջ տեսնել ճշմարիտ Լույսը, նրանց աչքերը փակ են Քրիստոսի Ավետարանի երկնային լույսի առջև: Կույրերը վստահ են, որ տիրապետելով փիլիսոփայությանն ու գիտություններին՝ ճանաչում են ճշմարիտ լույսը: Քրիստոս հաճախակի էր նախատում օրենքի ուսուցիչներին և փարիսեցիներին, որոնց համար միակ լույսը Հին Կտակարանի գրքերն էին: Նրանք չէին ընդունում և հետապնդում էին Քրիստոսին, իսկ խաչելով Նրան՝ կարծեցին, թե մարեցին Լույսը, բայց «Լույսը խավարի մեջ լուսավորում էր, և խավարը նրան չնվաճեց» (Հովհ. 1:5): Իսկ ովքե՞ր էին չտեսնողները, որոնք Քրիստոսի գալուստով սկսեցին տեսնել: Հիշենք սուրբ առաքյալներին, որոնք հասարակ ձկնորսներ էին, բոլորովին անկիրթ և ոչ մի առնչություն չունեին գիտության հետ: Իրենց գիտելիքներով հպարտացած օրենսգետների և փարիսեցիների համար նրանք խավարամիտ էին և կույր, բայց ովքե՞ր սուրբ առաքյալներից առավել տեսան և ճանաչեցին ճշմարիտ Լույսին՝ Հիսուս Քրիստոսին: Նրանք թեև սկզբից չէին տեսնում, իսկ հետո ճշմարիտ Լույսով լիանալով՝ ողջ աշխարհը լուսավորեցին Ավետարանի Լույսով: Բազմաթիվ ազգեր, լուսավորվելով Քրիստոսի Լույսով, դարձան տեսնողներ և ճանաչեցին մարդկային կյանքի ճշմարիտ նպատակը: Նրանք չտեսնողներից դարձան տեսնող, քանի որ Քրիստոս նրանց տվեց իշխանություն՝ Աստծու որդիները լինելու, իսկ մի՞թե Աստծու որդիները կարող են կույր լինել, նրանք բոլորից լավ գիտեն Ճշմարտությունը և տեսնում են ճշմարիտ Լույսը: Նրանք գիտեն, որ Տիրոջով կարող են արժանանալ հոգևոր տեսողության լրությանն ու ճշմարիտ միությանը և կոչված են իրենց հոգին, հոգու պատուհանն ու ներքին հայացքն ուղղել դեպի Աստված: Մինչ իրենց կյանքի ավարտը նրանց շուրթերից չեն դադարում հնչել Ճշմարիտ Լույսին ուղղված աղոթքները. «Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու. լուսավորի՛ր մեղքերով խավարյալիս, բա՛ց արա սրտիս աչքերը և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղի ու սիրո մեջ: Տե՛ր, հաստատի՛ր իմ հոգում լույսի խաղաղությունն ու պայծառությունը, որպեսզի չխոտորվեմ աջ կամ ձախ և չդատապարտվեմ Քո գալստյան օրը, երբ կպահանջվի մեզնից նաքարակիտը» (Ս. Եփրեմ Ասորու «Զորավոր աղոթք»-ի շարքից):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում