USD
EUR
RUB

Լռությունը

 

«Լուռ եղա և չբացեցի բերանս, որովհետև Դու արեցիր» (Սաղմ. 39. 10):

Վշտի ու սգի ժամանակ ավելի վեհ ու վսեմ «արտահայտություն» չեմ կարող երևակայել, քան լռությունն է: Սաղմոսերգուն իր դառը տառապանքի ու կսկծալի ցավի ամենապերճախոս «արտահայտությունն» է համարում լռությունը՝ մի քանի պարզ բառերով ու զգայուն շեշտադրումներով ասելով. «Լուռ եղա և չբացեցի բերանս, որովհետև Դու արեցիր»:

Կյանքում քիչ չեն այն առիթները, երբ անհրաժեշտ է խոսել, երբ մարդ խոսելու որոշակի և հաստատուն պարտականություն ունի: Այսպես օրինակ՝ երբ քրիստոնեական ճշմարտությունը ուզում է մերժել սուտը, պիտի խոսի, պիտի բարոյական «ողջ ուժով» արտահայտվի ի պաշտպանություն ճշմարտության, քանի որ հակառակ դեպքում լռությունը տկարություն ու վախկոտություն կհամարվի: Սակայն կան պարագաներ, երբ մեր պարտականությունը պիտի լինի լռելն ու միայն լռելը:

Մեզ պատահող դժբախտությունները ոչ միշտ են անբացատրելի: Դրանց շարքում կան այնպիսիք, որոնք մենք կարող ենք ըմբռնել. դժբախտություններ կան, որոնք մենք մեր ձեռքով ենք «պատրաստում» և դրանք մեր անխոհեմության ու անզգուշության հետևանքով անպակաս են մեզնից: Սրարշավ և շոգեպինդ գնացքի սարսափելի վթարը, ածխագազի պայթյունը ածխահանքում, հսկա նավի՝ ծովում ընկղմվելը, սրանք բոլորը անհոգության, անզգուշության ու անխոհեմության հետևանք են:

Պարզամտություն կլիներ հարցնել, թե ինչու Աստված չի արգելում նման ահավոր ու սահմռկեցուցիչ աղետները: Տիեզերքի ներդաշնակությունը պահելու համար Աստված բնության «ծոցում» օրենքներ է սահմանել. անհրաժեշտ է այդ օրենքները իմանալ և ուսումնասիրել, եթե չենք ուզում վնասվել դրանցից: Աստված մարդուն ամեն կարողություն տվել է՝ այդ օրենքները սովորելու և դրանք ի նպաստ զարգացման ու առաջադիմության ծառայեցնելու:

Բայց թերևս ասեք, թե «ինչո՞ւ են մեզ «հանդիպում» անակնկալ և անծանոթ պատճառներով զանազան դժբախտություններ ու ցավեր, որոնք վերիվայր են շրջում մեր բոլոր ծրագրերը, ջախջախում հույսերը և կորստյան մատնում մեր ձեռքբերումները»:

Այս դեպքում ևս պիտի պատասխանեմ. կյանքում դժբախտությունն ու ցավը անհրաժեշտություն են: Ի՞նչ կուզեիք դժբախտության փոխարեն. միշտ և շարունակական բարեբախտությո՞ւն, մշտապես պայծառ ու խաղաղ երկի՞նք, մշտապես Աստծու կողմից ընդունելի աղոթքնե՞ր, աստվածառաք լիուլի օրհնություննե՞ր և ձեր աղոթքների ու խնդրանքների անհապաղ կատարո՞ւմ: Այդ պարագայում դուք Աստծուն կհիշեիք միայն ա՛յն ժամանակ, երբ կարիքի մեջ լինեիք, ինչի հետևանքով Աստծուն ձեր հրամանները կատարող վարձկանի տեղ կդնեիք:

Անշուշտ, մեր աղոթքները հաճախ անլսելի են մնում, և դա իր դրական կողմերն ունի: Եթե մեր աղոթքները մշտապես լսվեին, մենք չէինք իմանա, թե ինչ է պայքարը, ինչ ասել է ճիգ և, հետևաբար, ի՞նչ է բարոյական կյանքի առաջադիմությունը: Որտեղ չկա պայքար, չկա նաև հաղթանակ: Որտեղ չեք պայքարում, կորցնում եք ձեր ողջ «հմայքն» ու դադարում եք անկախ լինելուց:

Աստված էլ կկորցներ Իր հմայքն ու կդադարեր անկախ և ազատ լինելուց ու կդառնար ձեր գերին, ձեր զինվորը, ձեր վարձկանը, որ ձեզ հնազանդվել գիտի, որ միայն ձեր հրամանները կատարել և ձեր կամքով շարժվել գիտի: Օ՜հ, տեսնո՞ւմ եք, թե ձեր տրամաբանությամբ ո՛ւր ենք հասնում: Երբ «վերացնում» եք կյանքի դժբախտություններն ու նեղությունները, ի չիք եք դարձնում նաև դրանց բերած երկնային օրհնությունները:

Գիտեմ՝ ինչ պիտի ասեք ինձ. «Պատճառաբանություններդ ճիշտ են թվում, բայց երբևէ չեն կարող մեզ համոզել, քանի որ կյանքում այնպիսի՜ մանրամասնություններ կան, այնպիսի՜ անցուդարձեր են տեղի ունենում մեր շուրջը, հեռվում և մեզ մոտ, որ շփոթվում ու անօգուտ ենք համարում մինչև անգամ այդ ամենի մասին խորհելը: Այդ դեպքերը միայն ըմբոստացնում են մեզ, դրանք բարի Աստծու կամքին տրամագծորեն հակառակ առեղծվածներ են:

Ինչպե՞ս կարելի է բացատրել, որ դեռատի մայրը, հազիվ մի հրեշտականման զավակ ունենանալով, հազիվ նրան իր գուրգուրանքի առարկան դարձրած, մեկ էլ հանկարծ գալիս է մահն ու խլում է մանկանը, հակառակ մոր աղաչանքներին, արցունքներին ու ողբերին: Ինչպե՞ս կարելի է բացատրել, որ երիտասարդը, հազիվ կյանքի բովի մեջ մտած ու խանդավառությամբ գործի լծված, մեկ էլ հանկարծ մահանում է այն դեպքում, որ կարող էր իր թարմ ուժերը մարդկային հասարակության օգտին ծառայեցնել:

Կարող ենք հիշատակել բազմաթիվ օրինակներ, որոնք շփոթեցնում են մարդու միտքը և Աստծու արդարության ու սիրո վերաբերյալ մեր պատկերացումները վերիվայր են շրջում: Սույն աղետների մասին ինչ բացատրություններ էլ որ տրվեն, դրանք բնավ համոզիչ չեն լինի, այլ մեզ համար գայթակղություն կդառնան, իսկ մեր միտքն էլ ընդմիշտ խռովված կմնա»:

Ո՜վ հավատացյալներ, հասկանում եմ, որ դուք իրավունք ունեք մտահոգվելու և նույնիսկ խռովվելու: Ես այդ պարագաներում կնախընտրեի լռությունը: Ուրիշների նման չէի ասի, որ այս աշխարհում խորհրդավոր ու անհասկանալի «կարգադրություններ» կան, չէի հարցնի, թե օրինակ՝ ինչո՞ւ են առաքինի մարդիկ մահանում, հեռանում այս աշխարհից, երբ այնքա՜ն անպիտաններ ու չարագործներ ազատորեն թափառում են աշխարհում, թե ինչո՞ւ է մահը անողորմաբար «հարվածում» մանկանը, սակայն «ձեռք չի տալիս» ծերունուն: Ինչո՞ւ է մահը «դիպչում» ամենաերիտասարդին, ամենաուժեղին, ամենալավին, և մոռանում նրանց, որոնց համար մահն ազատություն կնշանակեր: Եվ վերջապես ինչո՞ւ են այնքա՜ն դեպքեր մեզ համար բացարձակ անհասկանալի ու շփոթեցուցիչ մնում:

Օ՜հ, սիրելինե՛ր, ոչինչ չգիտենք և չենք կարող իմանալ: Ես նախընտրում եմ այսպիսի դառնաշունչ պարագաներում սաղմոսերգուի նման լռություն «պահպանել» և նրա հետ ասել. «Լուռ եղա և չբացեցի բերանս, որովհետև Դու արեցիր»:

Սակայն կան մարդիկ, որոնք չեն լռում և ուզում են բացատրել այդ պատահարները: Նրանք լռելը տկարություն են համարում, նրանք հավակնում են ըմբռնելու մարդկանց պատուհասվող չարիքների բուն շարժառիթները: Դժբախտաբար այսպիսիք այնքան են առաջ գնում, որ այսինչ կամ այնինչ տանը կամ անձին պատահած աղետի առթիվ այնպիսի ծանր ու անօգուտ «վճիռներ» են կայացնում և վտանգավոր կարծիքներ հայտնում, որ ավելի են դառնացնում մարդկանց ցավերն ու խռովում են սրտերը՝ առանց որևէ օգուտ տալու:

Նրանք ասում են. «Դժբախտությունը կամ վիշտը մեղքի հետևանք են: Մեղքը միշտ պատիժ է բերում: Եթե մեզ աղետներ, չարիքներ են պատահում, Աստված է դրանք ուղարկում՝ մեզ պատժելու, և դրանք անշուշտ հետևանք են մեր թերությունների ու հանցանքների»: Այս հավակնոտ բացատրությունը գրեթե երբեք չի կարող ճիշտ լինել: Ինչ-ինչ պարագաներում թերևս այն տեղին լինի, բայց առհասարակ այդ բացատրությունը գոհացուցիչ չէ: Տեսե՛ք, թե քանի քանիսն են պատժվում՝ առանց մեղավոր լինելու: Ինչպե՞ս պետք է «մեկնել» Բեթղեհեմի մանուկների սրածությունը: Կարո՞ղ ենք ասել՝ «մանուկները մեղանչել էին»:

Նման կարծիքներ ու վճիռներ արտահայտելիս պետք է զգույշ լինել: Արդար Հոբի տառապանքներն ինչպե՞ս պետք է բացատրել: Կարո՞ղ ենք ասել՝ «Հոբը մեղանչել էր»: Սելովամի աշտարակի տակ մնացած տասնութ հոգու և Պիղատոսի հրամանով կոտորված գալիլիացիների մասին կարո՞ղ ենք ասել, որ նրանք մեղավորներ էին այն դեպքում, երբ Ինքը՝ Քրիստոս, նրանց մեղավոր չհամարեց:

Երբ 1922 թվականի սեպտեմբերի 17-ին Զմյուռնիայի սարսափելի աղետից մազապուրծ եղած Աթենք հասա, ամենքի շուրթերին այն խոսքն էր, որ Զմյուռնիան էլ պատժվեց իր մեղքերի համար: Ի՜նչ կուրություն, ինչպիսի՜ վտանգավոր հպարտություն, որով հանդգնում են այսպիսի այլանդակ դատաստաններ անելու: Այսկերպ խորհողներին ու խոսողներին չեմ վարանում ասելու. ձեր դատաստանները հեթանոսական են, հեթանոսական է նաև ձեր հավատքը:

Ձեր հավատքը Մալթա կղզու ողորմելի բնիկների հավատքից չի տարբերվում: Նրանք էլ ձեր պես մտածեցին ու խոսեցին, երբ տեսան Պողոս առաքյալի ձեռքին օձի փաթաթվելը. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թեպետ ծովից փրկվեց, բայց արդարությունը նրան թույլ չտվեց, որ ապրի» (Գործք. 28. 4): Ես նախընտրում եմ լռել, քան այդ անստույգ գաղափարներն արտահայտել: «Լուռ եղա և չբացեցի բերանս, որովհետև Դու արեցիր»:

Կան ուրիշներ էլ, որոնք հավակնում են ըմբռնելու Ավետարանը և ասում են. «Պետք է վշտի ժամանակ ուրախ լինել. արցունքը հակառակ է Աստծու կամքին: Չպետք է արտասվել, քանի որ վիշտն Աստծու կողմից ուղարկված բարիք, օրհնություն է, որի համար պետք է շնորհակալ լինել Աստծուց ու փառք տալ Նրան, և ոչ թե արտասվել ու ողբալ»:

Վշտի ու սգի ժամանակ չարտասվելը բնության դեմ գործել է նշանակում: Ավետարանը չի «ջնջում» բնությունը, այլ փոխակերպում, սրբագործում է այն: Բնությունն Աստծու ձեռքի գործն է, և նրանք, ովքեր խոսում են դժբախտության ու ցավի ժամանակ ուրախանալու մասին, նույնպես հեթանոս են՝ արժանի Պողոս առաքյալի՝ հեթանոսներին բնորոշող մակդիրներին. «անագորույն», «անողորմ»:

Ինչպե՞ս զսպել, «կանգնեցնել» արցունքը, երբ Ինքը՝ Հիսուս, սգի ու վշտի ժամանակ չկարողացավ զսպել արցունքները: Նա արտասվեց Իր բարեկամ Ղազարոսի գերեզմանի մոտ, Նա լաց եղավ Ձիթենյաց լեռան բարձունքից Երուսաղեմ քաղաքին նայելիս: Զգո՛ւյշ, չխեղաթյուրե՛նք Ավետարանը: Այդպիսի սխալ կարծիքները կարող են շատ մեծ վնաս հասցնել Ավետարանին: Իսկ ես արդեն չեմ զարմանում, որ Ավետարանն ամբաստանում են իբրև մարդկային բնությունը «կրճատելու» և խեղելու առիթ տվող անհասկանալի մի գրքի:

Իսկապես, լինում են դեպքեր, որոնք կոտրում են մեզ, լինում են վշտեր, որոնցից հնարավոր չէ մխիթարվել, և հարկ է միայն լռել: Հիսուս առանց «հասկանալ փորձելու» տառապեց և լռեց: Նա լռեց՝ տեսնելով Իր շուրջը կատարվող անիրավությունները, և երբեք չմեկնաբանեց դրանք: Նա լռեց մինչև անգամ Իր դեմ եղող վայրագությունների առջև: Կայիափայի, Պիղատոսի առջև Նա լուռ մնաց:

Զոհ դառնալով գազանային զրպարտություններին, կանխապես մահվան դատապարտված լինելով՝ Հիսուս բնավ փորձ չարեց «հասկանալու» այդ ամենը և ոչ մի բառ չասաց, բացի այս խոսքից. «Հասել է ժամը… Թո՛ղ Քո կամքը լինի, Հա՛յր»: Օ՜հ, որքա՜ն մեծախորհուրդ էր այդ պահը:

Նա, ով մի ժամանակ հայտարարել էր, որ «ամեն ինչ հնարավոր է Աստծու համար» (հմմտ. Մարկ. 10. 27), ահա՛ տեսնում ենք, որ Գեթսեմանիում տագնապի պահին կերկերուն ու նվաղուն ձայնով աղաղակում է. «Հա՜յր Իմ, եթե հնարավոր է…» (Մատթ. 26. 39): Նա, ով սկզբում հայտարարել էր. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5. 8), ահա՛ տեսնում ենք, որ Խաչի վրա Հոր սուրբ դեմքը ծածկվում է Նրանից, և Նա աղաղակում է. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մարկ. 15. 34): Ինչպես Պիղատոսն ասաց. «Ահա ձեր մարդը» (Հովհ. 19. 5)՝ «Ecce homo», ահա Նա, ով ամեն ինչով նման է մեզ: Նա ևս «վշտից իր բերանն անգամ չի բացում» (Եսայի 53. 7):

Նշանակալից թիվ կազմող ճակատագրապաշտներ կան, որ ասում են մեզ. «Ի՞նչ օգուտ կունենանք, եթե ըմբոստանանք վշտի դեմ: Մեր ըմբոստությունը վնասից բացի ուրիշ բանի չի հանգեցնի: Ճիշտը լռելն է, և պետք է լռենք, քանի որ ամենքս էլ կույր բախտի խաղալիքն ենք: Եվ չէ՞ որ դուք՝ քրիստոնյաներդ նույնպես ըստ էության ճակատագրապաշտ եք, քանի որ ստիպված եք անխուսափելիորեն համակերպվելու Աստծու կամքին. նույն համակերպումն ենք «կիրառում» նաև մենք: Դուք հավատում եք Աստծու՝ նվաճող, ջախջախող և անպարտելի ամենազորությանը, որի առջև համակերպվելուց բացի ուրիշ ելք չկա: Հետևաբար քրիստոնյա թե ոչ քրիստոնյա, իրականում ամենքս էլ ճակատագրապաշտ ենք»:

Իրապես, մենք՝ քրիստոնյաներս, հավատում ենք, որ ամեն բան, ինչ պատահում է մեզ, Աստծու գիտությամբ է: Առանց Նրա իմացության ոչինչ տեղի չի ունենում: «Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր գետին չի ընկնում» (Մատթ. 10. 29): Առանց Հոր գիտության մեկ ճնճղուկ անգամ գետին չի ընկնում:

Անշուշտ ուշադրություն դարձնում եք, որ չեմ ասում՝ «առանց Հոր կամքի» կամ «առանց Հոր արտոնության», այլ ասում եմ՝ «առանց Հոր գիտության»: «Կամք» կամ «արտոնություն» բառերը Ավետարանների բնագրերում չեն հանդիպում. թարգմանիչներն են խեղաթյուրել բնագիրը և թարգմանել «առանց Հոր կամքի» կամ «առանց Հոր արտոնության»: Ի՞նչ է, մի՞թե մեզ պատահող այն բոլոր խռովեցուցիչ աղետները Աստծու կամքով են: Ի՞նչ է, մի՞թե այն ահռելի և գազանային ջարդերը, որոնց հետևանքով անթիվ-անհամար անմեղ մարդիկ են զոհվում, Աստծու կամքով են:

Մի՞թե պիտի ասենք, թե Աստծու կամքն է, Աստվա՛ծ է թույլ տալիս դրանք: Ո՞ւմ շուրթերը կհամարձակվեն այսպիսի անհանդուրժելի խոսք արտասանել: Սակայն մենք՝ քրիստոնյաներս, հավատում ենք, որ «առանց Աստծու գիտության» աշխարհի երեսին ոչինչ չի շարժվում: Աստված տեսնում է ճնճղուկի ընկնելը, հաշվում է մեր գլխի մազերը, տեսնում է մեր արցունքներն ու դառնությունները, և այս ամենից որևէ բան Նա չի մոռանում: «Նրանցից ոչ մեկը Աստծու առաջ մոռացված չէ» (Ղուկ. 12. 6):

Մենք «Աստծու կամք» ասելով հասկանում ենք «Աստծու գիտակցությունը», հակառակ դեպքում մահմեդականների նման «Ալլահի կամքն այս է, մեր ճակատագիրն այս է» ասելով՝ ոչ մի շարժում չպիտի անեինք որևէ վտանգի առաջն առնելու համար: Երբ մենք հիվանդանում ենք, չենք ասում. «Աստված է ուզում, որ հիվանդ լինեմ, ուստի պետք է թույլ տամ, որ այդ չարիքը շարունակի իր գործը, քանի որ իրավունք չունեմ կասեցնելու նրա ընթացքը»: Այսպես արտահայտվել կնշանակի հավատալ իսլամական ճակատագրապաշտությանը:

Մեր պարտականությունը, ընդհակառակը, պայքարելն է՝ իմանալով, որ Աստծու գիտությամբ է մեզ «հյուրընկալվել» հիվանդությունը: Սակայն մինչև որտե՞ղ է պետք պայքարել, և որտեղի՞ց սկսած՝ համակերպվել. մենք պիտի ջանանք հիվանդությանը պարտության մատնել, բայց երբ օրը գա ու մենք հասկանանք, որ հիվանդը ավելի լավ վիճակում չի լինելու և չի բուժվելու, այնժամ այլևս չպիտի պայքարենք, այլ պետք է ընդունենք, որ եկել է զոհողության գնալու պահը:

Դուք ամեն ինչ արեցիք հիվանդին փրկելու համար, սակայն Աստված նախընտրում է վերցնել նրա կյանքը: Ի՞նչ պիտի անեք այդժամ. պետք է միայն համակերպվեք: Համակերպություն ոչ թե կրավորական և հուսահատական տրտմությամբ, այլ հավատքով ու համոզումով, որ դուք արել եք ամեն բան, պայքարել եք Աստծու՝ ձեզ տված բոլոր միջոցներով, իսկ այդ ամենից հետո ձեզ մնում է միայն հանգիստ խղճով Աստծու շնորհը խնդրել ու լռել միայն: Եվ իրապես լռությունն ամենապերճախոսը կլինի, քանի որ որևէ բացատրություն չէր կարող լուսաբանել դառը կորստի նշանակությունը: «Լուռ եղա և չբացեցի բերանս, որովհետև Դու արեցիր»:

Մի վերջին դասակարգի էլ ենք հանդիպում, որի «անդամները» միայն դիպվածին են հավատում և ասում. «Աշխարհում այնպիսի անարդարությունների ու տարօրինակությունների ենք ականատես լինում, որ համոզվում ենք՝ դիպվածը, պատահականությունն է մեզ կառավարում, և ոչ թե իմաստուն ու զգայուն միտքը»: Ինչպե՞ս կարելի է ասել, որ դիպվածն է կառավարում մեզ, երբ տեսնում ենք՝ ամենափոքրիկ կենդանու, շնիկի կամ մրջյունի շարժումներում նպատակ կա: Այդ դեպքում ի՞նչ է, մի՞թե աշխարհն առանց նպատակի պիտի կառավարվեր:

Առանց Աստծու աշխարհն անհասկանալի կլիներ, իսկ Աստված ունի Իր նպատակը: Այդ նպատակն այլ բան չէ, եթե միայն Ճշմարտության, Արդարության և Սիրո թագավորության հաստատումը: Սակայն կա մի բան, որից մենք անտեղյակ ենք. Նրա նպատակի իրագործման համար կիրառվող միջոցների մասին մանրամասնությունն է դա: Այդ մանրամասնությանն անտեղյակ լինելու պատճառով է, որ անլուծելի հարցերի հանդիպելիս պարտավոր ենք ասել. «Լուռ եղա և չբացեցի բերանս, որովհետև Դու արեցիր»:

Այս խոսքը պետք է ասել բոլոր այն դեպքերում, երբ մեր առջև ծառացած խնդիրները անլուծելի են թվում: Օրինակ՝ մեր սիրելիներից մեկի մահվան օրն իսկ մեր մտքում հազարավոր, անսպառ հարցեր են ծագում: «Ո՞ւր գնաց արդյոք իմ սրտակիցը, արդյոք ի՞նչ կլինի նրա հետ, ե՞րբ և ի՞նչ վիճակում մենք կգտնենք իրար, ի՞նչ ձևով, ի՞նչ կերպարանքով ու ինչպիսի՞ պայմաններում կտեսնվենք»: Այս հարցերին Աստված չի պատասխանում:

Ինչքան կարող եք ջանք թափեք այդ հարցերը լուծելու համար, վստահեցնում եմ, ոչ մի հարց լուծել չեք կարողանա և միշտ տգիտության խավարի մեջ կմնաք: Այս դեպքում ևս Աստծու իմաստությունն է հայտնվում: Աստված չի ուզում, որ մենք հայտնապես տեսնենք այն ամենը, ինչ կատարվում է մահից հետո: Մեր սիրելիները մյուս եզերքին են, մի տեղ, ուր մենք չենք կարող տեսնել նրանց կերպարանքը: Օ՜հ, եթե մենք տեսնեինք նրանց, որ այնտեղ մեզ են սպասում, անհամբերությամբ կուզեինք նրանց միանալ և այլևս անկարող կլինեինք երկրի վրա իրականացնել, կատարել մեր նվիրական պարտականությունները:

Արդ, Աստված ուզում է, որ մենք մնանք երկրի վրա, մեր ողջ զգոնությամբ աշխատենք, նվիրվենք մեր կոչմանը, որին կանչվել ենք: Ահա՛ թե ինչու է Տերը մերժել մեզ՝ ստույգ և կենդանի լույս «չսփռելով» նրանց վրա, որոնց մենք կորցրել ենք: Չփորձե՛նք խորասուզվել այդ «անծանոթ» աշխարհում: Հարկ է բավարար համարել այն տեղեկությունը, որը Հիսուս տվել է մեզ: Նրանք Հոր օթևաններում են (հմմտ. Հովհ. 14. 2) և նման են հրեշտակներին (հմմտ. Ղուկ. 20. 36):

Այսքան տեղեկությունը բավարար է, միայն թե մենք չդադարենք Աստծու անհուն ողորմությունը մեր մտածումի առարկա դարձնելուց: Գիտենա՛նք, որ մեր սիրելիները Աստծու հետ են: Նրանք Աստծու հետ են ապրում: «Աստված մեռելների Աստվածը չէ, այլ՝ ողջերի, որովհետև բոլորը Նրա համար կենդանի են» (Ղուկ. 20. 38): Սրանից ավելին բացատրել չփորձե՛նք, այլ լո՛ւռ մնանք՝ ասելով. «.…որովհետև Դու արեցիր»:

Վերջապես չմոռանա՛նք, որ այս խոսքը միաժամանակ աղոթք է: Երբ ձեր ջերմեռանդ ու հավատքով լի խնդրանքներում այս խոսքն եք արտասանում, այդպիսով ցույց եք տալիս համակերպվելու ձեր տրամադրվածությունը, որը իր ողջ բնույթով հույսով լի վստահության խորհուրդն ունի: Այնժամ դուք ավելի մեծ հոգեկան խաղաղություն եք զգում, հոգ չէ, որ անգամ մռայլ խավարում լինեք: Օ՜հ, իմանա՛նք լռության նշանակությունը, քանի որ լռության մեջ մենք պիտի սովորենք ասել Աստծուն. «….որովհետև Դու արեցիր»:

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Գ հատոր, Փարիզ, 1925 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Թիֆլիսի Ներսիսյան դպրոց Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը Երևանում 10-րդ անգամ կնշվի Ջազի միջազգային օրը Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության Հույսի շող՝ քովիդի ու պատերազմի մղձավանջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ռոստովում խորհրդանշական համերգ կկազմակերպվի Համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին Արմենուհի Սիսյան Շուշին 1902թ. փետրվարին Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը «ՍԱ - ՆՐԱՆԻՑ - ՀԻՆ» ցուցահանդեսի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը Աստծունը՝ Աստծուն (Մատթ. 22:15-22, Մարկ. 12:13-17, Ղուկ. 20:20-26) Հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխության «Գլխավոր լուրեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արցախյան պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» շարքը Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան Մեծ Հայքի 12-րդ նահանգը՝ Ուտիք աշխարհի հոգեվոր ժառանգությունը «Կյանքում ամենադժվար բանը սեփական «ես»-ը չկորցնելով՝ մյուս մարդկանց հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. այն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում (տեսանյութ) «Հաշտվեցե՛ք Աստծու հետ» ՀայաստանՀայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակումի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում Սամվել Կոսյան․ Խաղադրույք Ավագ Եփրեմյան․ Երկիր և Ջրեր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանումը» դեբյուտային ֆիլմն ընդգրկվել է Կրակովի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կհնչեն Մանսուրյանի, Լուչանո Բերիոյի, Կոմիտասի ստեղծագործությունները Ընթերցողներին նոր հրատարակությամբ կներկայացվի Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» Պատերազմի հետեւանքները բնավ ներդաշնակ չեն պայծառ ապագա կառուցելու մեր տեսլականի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. «Երկրի հարցը» Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը 24TV-ի եթերում (տեսանյութ) Աստվածային կարեկցանք Նկարիչ Լեմս Ներսիսյանը «Էրգիր Ավետյաց» ցուցադրությունը նվիրեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը (լուսանկարներ) Աստծու կամքը Արցախի ՄԻՊ-ն Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին Առաջին անգամ Հայաստանում միահյուսված հնչել են Պյացոլայի և Վիվալդիի ստեղծագործությունները Հողոտ, մղեղոտ... Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր «Մի՛ սպանիր» պատվիրանը եվ հին ուխտի սպանությունները Հայաստանի ֆիլհարմոնիկը «Դո-ից Սի» խորագրով վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիան» «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բոլոր ժամանակների մեր բանաստեղծը Դավանանք և վարդապետություն Վերջակետ
website by Sargssyan