Արագիլները

Դուք ինձ չե՞ք ասի, որբացած բներ,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելուց առաջ:
- ՏԱՌԱՊՈՒՄ ԷԻՆ:
Դուք ինձ չե՞ք ասի, աստղեր ու արև,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելու պահին:
- ՏԱԳՆԱՊՈՒՄ ԷԻՆ:
Դուք ինձ չե՞ք ասի, անձմեռ հեռու,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելուց հետո:
- ԿԱՐՈՏՈՒՄ ԷԻՆ:
Անքուն եղեգներ անձմեռ հեռվի,
Ի՞նչ էին խոսում արագիլները
Ձեզ «մնաք բարով» ասելուց առաջ:
- ՇՏԱՊՈՒՄ ԷԻՆ:
Բուք արտաշնչող լեռնագագաթներ,
Ի՞նչ էին խոսում հոգնած ու մրսած
Արագիլները ետ գալու պահին:
- ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ:
Համո ՍԱՀՅԱՆ