«Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13)

«Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13)

Տերունական աղոթքի այս խնդրանքը շատերիս կարծիքով վերաբերում է նրան, որ Աստված ինքն է մեզ փորձություններ տալիս։ Արդյո՞ք այդպես է, և կարո՞ղ է մարդ փորձվել Աստծուց։

Այս հարցի սպառիչ պատասխանը կարդում ենք Սուրբ Գրքում՝ Հակոբոս առաքյալի ընդհանրական թղթում, որտեղ ասված է․«Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձվում», քանի որ Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի: Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից: Այնուհետև ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում, և մեղքը, հասունանալով, մահ է ծնում» (Հակոբոս 1։13-15):

Անշուշտ, հեշտ է մեղադրելը, մինչև անգամ Նրան, ով քո ստեղծողն է, Արարիչը։ Հեշտ է սեփական ցանկությամբ գործած մեղքը Աստծուն վերագրելը, սեփական ձախողումներին որպես պատճառ՝ Նրան հիշատակելը։ Սակայն իրականությունն այդպիսին չէ։

Կհարցնենք, թե այդ դեպքում ինչու է Աստված թույլ տալիս, որ ընկնենք փորձությունների մեջ, երբ կարող է կանխել դրանք և թույլ տալ, որ ապրենք խաղաղ ու երջանիկ։ Պատասխանը պետք է փնտրել մեր ազատ կամք ունենալու շնորհի դրսևորման մեջ։ Աստված, ստեղծելով մեզ, տվեց նաև ազատությունը, ընտրության հնարավորությունը, որպեսզի մենք մեր փորձով իսկ համոզվենք ու ընտրություն կատարենք լավի ու վատի, ճշմարտության ու կեղծիքի, լույսի ու խավարի միջև։ Եվ փորձությունն էլ թույլ է տալիս, որպեսզի ընտրությունը կատարենք և ճաշակենք դրա ամեն հետևանքը՝ լինի հաղթանակ, թե պարտություն։

Փորձությունները մեզ տրվում են նախ հենց նույն ազատության գայթակղությամբ։ Հիշենք առաջին մարդկանց բաժին հասած փորձությունը։ Աստված, նրանց ստեղծելով, տվեց ամեն ինչ՝ պատվիրելով, որ կարող են ուտել բոլոր ծառերի պտուղներից բացի միայն մեկից։ Իսկ չարն այս պարգևը ներկայացրեց որպես արգելք՝ այդպիսով գայթակղելով։ Ադամն ու Եվան այդ մեկ արգելքից անտեսեցին մյուս բոլոր պարգևները, քանի որ ցանկացան, ըստ իրենց, լիարժեք ազատ լինել։ Աստվա՞ծ տվեց նրանց այդ փորձությունը, թե՞ հենց իրենք՝ իրենց ցանկություններով։

Միաժամանակ պիտի հիշենք, որ մեր բոլոր ցանկություններն անբնական չեն, և տրված են հենց Աստծուց։ Դրանց բնականությունը, սակայն, կորում է չափազանցումների ու ամբողջատիրական գաղափարների մեջ։ Եվ ուստի՝ աղոթքի կանգնելիս նախ հիշենք մեր ունեցածը և շնորհակալ լինենք դրա համար, ապա և հիշելով չունեցածը՝ խնդրենք Աստծուց առաջնորդ լինել մեզ՝ չսխալվելու համար՝ ասելով․ «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»։

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում