Թեիզմ, դեիզմ և անթրոպոմորֆիզմ, Հետաքրքրող անուններ

Թեիզմ, դեիզմ և անթրոպոմորֆիզմ, Հետաքրքրող անուններ

Թեիզմ, դեիզմ և անթրոպոմորֆիզմ

Մարգարեների տեսիլքներում Աստված հայտնվում է տարբեր կերպարանքներով, բայց իրականում Աստված հոգի է, ազատ մարդակերպական ձևերից: Աստծո հայտնվելը մարգարեներին այսպիսի ձևերով մեկ նպատակ ուներ` հասկացված լինել աստվածայինի համեմատ սահմանափակ բանականություն և տրամաբանություն ունեցող մարդկանց համար: Օրինակ`Հին Կտակարանում տեսնում ենք Ծննդոցի հեղինակի ոճը պատմություն պատմելու մեջ: Դրախտում լսվում է քայլող Աստծո ոտնաձայնը, Աստված զղջում է, հիշում, զայրանում, հոտոտում և այլն (Ծննդ. 3.8, 6.6-7, 8.1, 21, 9.15-16, 19.29, 30.22, Ելք 2.24, 6.5, Ղևտ. 26.31 և այլն): Այսպիսի արտահայտչաձևի դեմ հանդես եկավ 16-17 դարերում առաջած դեիզմ կոչվող փիլիսոփայական ուղղությունը: Դեիզմը թեիզմի հականիշն է ոչ ժխտական իմաստով: Թեիզմ բառը մեզ ծանոթ է աթեիզմ բառից, որը ժխտում է Աստծո գոյությունը: Թեիզմը հաստատումն է Աստծո գոյության` պնդումով, որ Աստված անձ է, ում հետ կարող ենք խոսել և ում կարող ենք ուղղել մեր աղոթքները: Ի հակադրություն թեիզմի` դեիզմն ապացուցում է Աստծո գոյությունը, սակայն Նրան համարելով ոչ թե անձ, այլ տիեզերքի անանձ, բարձրագույն սկզբունք: Աստծո համար մարդկային հատկանիշների օգտագործումը կոչվում է անթրոպոմորֆիզմ` մարդակերպություն: Դեիզմը, հերքելով Աստծո անձ լինելը, ասում է, որ անթրոպոմորֆիզմը կցված է Աստծուն անձ համարող թեիզմին, և եթե թեիզմը բաժանվի անթրոպոմորֆիզմից, ապա անօգուտ կդառնա: Սակայն նոր ժամանակների փիլիսոփաներից մեկն իր աշխատություններում դիտարկելով այս տեսակետը, ասում է, որ անթրոպոմորֆիզմն առնչվում է միայն պատմության լեզվի հետ և չի առնչվում դրա օբյեկտի, այսինքն` Աստծո հետ: Սա շեշտվում է նաև Աստվածաշնչում, և աստվածաշնչյան անձինք ևս նման ձևն ընկալում են որպես Աստծո գործունեությունը մարդկայնորեն ըմբռնելի կերպով արտահայտելու պարզունակ միջոց: Օրինակ` Աստված ասում է Սամուել մարգարեին, որ զղջացել է Սավուղին թագավոր օծելու համար (Ա Թագ. 15.10): Իսկ Սամուելն ինքը քիչ հետո, հակառակ Աստծուց իրեն ասվածի, նշում է. «Աստված մարդ չէ, որ զղջա» (Ա Թագ. 15.29):

Նաև Աստծո հիշելը չպետք է հասկանալ մեր բնությանը հատուկ ձևով: Օրինակ` Աստծո կողմից Նոյին հիշելը նշանակում է, որ Աստված գթաց Նոյին, երբ նա նեղության մեջ էր: Աստծո պարագային հիշել բառը Սուրբ Գրքում նշանակում է խոստումների և պարգևների իրականացում (Ծննդ. 19.29, Ելից 2.24, 32.13, Սաղմ. 8.13, 97.3, 135.23):

Նման փոխաբերական իմաստով պետք է ընկալել նաև Աստծո հոտոտելը: Ջրհեղեղից հետո Նոյի կատարած ողջակեզի առնչությամբ ասվում է, որ «Տեր Աստված հոտոտեց անուշ բույրը» (Ծննդ. 8.20-21): Սա նշանակում է, որ զոհաբերությունը հաճելի էր Աստծուն: Նման միտք գործածում է նաև Պողոս առաքյալը, որով երևում է դրա փոխաբերական իմաստը. «Արդ, գոհություն Աստծու, որ Քրիստոս Հիսուսով մեզ միշտ հաղթության է տանում և իր գիտության բուրմունքը մեզնով սփռում է ամեն տեղ, քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ` և՛ փրկվածների մեջ, և՛ կորստյան մատնվածների մեջ. ոմանց` մահվան հոտ, որ տանում է դեպի մահ և ոմանց` կենդանության բույր, որ տանում է դեպի կյանք»( Բ Կորնթ. 2.15-16): Նաև փիլիպեցիներին ուղղված թղթում իրեն տրված նվերը առաքյալը կոչում է անուշահոտություն, ընդունելի պատարագ` հաճելի Աստծուն (Փիլիպ. 4.18):

Հետաքրքրող անուններ

Երախտամոռության գարշելի օրինակ է Տիրոջն ապտակողը, որի անունը Մաղքոս էր: Սրա ականջն էր կտրել Պետրոսը (Հովհ. 18.10), իսկ Քրիստոս սիրով բուժել էր նրա կտրված ականջը (Ղուկ. 22.50-51): Սակայն Մաղքոսը, որ քահանայապետի ծառան էր, իր տիրոջը հաճոյանալու համար հարցաքննության ժամանակ ապտակեց Քրիստոսին (Հովհ. 18.22): Քրիստոսի վրա թքողի անունը Ոչքոր կամ Ոչքորան էր (Մատթ. 26.67, Մարկ. 14.65), լեղին խմեցնողի անունը` Ռագոս (Հովհ. 19.29): Քրիստոսի հետ խաչված ավազակներից բարեմիտը հեթանոս էր, իսկ հայհոյիչը` հրեա (Մատթ. 27.38, Մարկ. 15.27, Ղուկ. 23.32, Հովհ. 19.18): Սակայն հավատացած ավազակի մասին ասվում է, որ նա հետո հրեություն էր ընդունել, իսկ չար ավազակը իր ծննդյամբ բուն հրեա էր: Հավատացյալ ավազակի անունը Դեմնոս էր, անհավատինը` Կեստոս: Հարյուրապետի անունը, ով իր զինվորներից մեկին հրամայեց խոցել Քրիստոսին (Հովհ. 19.34),Ղունկիանոս էր: Քրիստոսի մահը տեսնելով` հարյուրապետը հավատաց Քրիստոսին (Մատթ. 27.54, Մարկ. 15.39, Ղուկ. 23.47): Երբ Քրիստոսի կողը խոցեցին, կողից արյուն և ջուր բխեց (Հովհ. 19.34): Սա տեսնելով` Ղունկիանոս հարյուրապետը իր ձեռքը վերցրեց արյունոտ տեգը և համբուրեց, այնուհետև շփեց իր կուրացած աչքը, որը հավանաբար վնասվել էր մարտերից մեկի ժամանակ, և տեսողությունը վերականգնվեց: Մեր Սուրբ Եկեղեցին հատուկ հարգանքով ամեն տարի նշում է Ղունկիանոս հարյուրապետի հիշատակը:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում