Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը՝ վիրտուալ

Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը՝ վիրտուալ

Ջավախքի Կարծախ գյուղում գործող Աշուղ Ջիվանու տուն-թանգարան այսուհետ կարելի է «այցելել» նաև վիտուալ։ ATV12 հեռուսաալիքին Ջավախքի աջակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը հայտնել է, որ ստեղծել են վիրտուլ տուն-թանգարան ծրագիրը։ Այն քառալեզու է լինելու։

Նրա ներկայացմամբ, վիրտուլ տուն-թանգարան ծրագիրը հնարավորություն կտա ծանոթանալ թանգարանի գործունեության, քայլել թանգարանի բոլոր սենյակներով, լսել գիդի բացատրությունները։

Հիշեցնենք, որ Ջիվանու տուն-թանգարանը բացվել է 2016 թ. օգոստոսի 27-ին: Այն կառուցվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ:

Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լևոնյան, 1846 մարտի 5 – 1909 մարտի 19) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում և շուրջ 18 տարի (մինչև 1864 թ.) ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Երկու տարվա ընթացքում պատանին այնպիսի առաջադիմություն է հանդես բերում, որ նույնիսկ դառնում է իր վարպետի մրցակիցը։ Վարպետը հայրաբար օրհնում է իր սանին և անունը դնում Ջիվանի։ Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետև՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները: Հայրենի գյուղում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին: Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանիով հայացավ հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս»: Այստեղ էլ պետք է փաստել, որ աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվեցին արևելյան ելևէջումներից:

Աղբյուր՝ Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում