Գնում է օրը…

Գնում է օրը…

***
Գնում է օրը, ու թանաքագույն նրա թևերից
Ներքև են թափվում, փետուրների պես, տերևներ դեղնած:
Իր թանաքագույն հետքերը թողած ճանապարհներին՝
Գնում է օրը՝ թռչունի նման, թևաթափ, հոգնած:
Ու կույրի նման տնտղում ամեն տեղ, մինչ ինձ է գտնում,
Ու ես տեսնում եմ հոգնած, կիսամեռ աչքերը նրա:
Ասում է. «Նայի՛ր, նայի՛ր ինչպես ենք իրար կողոպտում,
Իսկ ժամանակը թքել է վաղուց իմ ու քո վրա…
Եվ դու, որ այդպես անվերջ բթացող քո իմաստնությամբ
Մաս-մաս վատնում ես թմրած ժամերդ մրուրում գինու,-
Ես չեմ զբաղվում գնչուհու նման կեղծ գուշակությամբ,
Ինձ մի հարցնի, թե վաղը քեզ հետ ի՞նչ է լինելու:
Ամենքս ունենք լոկ մենք մեզ համար ուրույն պատասխան,
Նայի՛ր դատարկված աչքերիս, այնտեղ դու կգտնես քեզ:
Դե՛, մնաս բարո՜վ, սահմանագլխին հավիտենության
Գուցե տեսնվենք, երբ տեսիլքները գերազանցեն մեզ»:
…Ու թույլ՝ քարշ տալով թևերն իր հոգնած՝ հեռանում է նա
Ու դառնում մի սև հսկայազանգված թռչունի ստվեր…
Իսկ հորիզոնում, ասես կիսամեռ աչքերից նրա,
Մանկան կենսախինդ միամտությամբ այգն է սկսվել…

Սամվել Զուլոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում