Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել, ցույց տալ Արցախի՝ ինքն իրեն գոյություն ունենալու փաստը. Նորա Մարտիրոսյան

Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել, ցույց տալ Արցախի՝ ինքն իրեն գոյություն ունենալու փաստը. Նորա Մարտիրոսյան

Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում 2020-ին ընտրված ֆրանսահայ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում։

«2020 թ․սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ ֆիլմի փարիզյան պրեմիերան։ Մեր ամբողջ թիմը, բոլոր աջակիցներն ուղղակի ցնծում էին, որ Արցախի մասին ֆիլմը նկարահանվեց ու պրեմիերան կայացավ: Իսկ երբ 27-ին արթնացանք, պարզվեց, որ Արցախում պատերազմ է սկսվել: Երբ ֆիլմը ներկայացնում էի տարբեր կինոդահլիճներում, դժվարանում էի խոսել, որովհետև Արցախում իրավիճակն անընդհատ փոխվում էր:

Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել և ցույց տալ Արցախի ինքնին լինելը, ինքն իրեն գոյություն ունենալու փաստը: Ամենաճիշտ պատասխանը ֆիլմն է տալիս: Հավատն ու հույսը, որոնց վրա է հենված ֆիլմը, նաև իմ հույսն ու հավատն են»,- Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ՝ պատմել է Նորա Մարտիրոսյանը ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, 2018թ․, երբ նախագիծը պետք է ներկայացվեր Եվրիմաժին՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար, Ազգային կինոկենտրոնն արագ արձագանքել էր ու չէր սխալվել, որովհետև նախագիծը հաջողված էր։ Այն արժանացել էր Եվրիմաժի հավանությանը և լրացուցիչ ֆինասավորում ստացել:

Կինոկենտրոնի տնօրենը փաստել է, որ Եվրիմաժով անցած ֆիլմերի առջև մեծ հնարավորություններ են բացվում՝ ցուցադրվելով եվրոպական դահլիճներում, մեծաթիվ հանդիսատեսի առաջ․ «Հույս ունեմ, որ ֆիլմը հաջողություններ կունենա և այսուհետև էլ արժանի գնահատականի կարժանանա՝ հատկապես պատերազմից հետո»:

«Երբ որ քամին հանդարտվի» համատեղ կինոարտադրության (Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա) ֆիլմը պետական ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից։

Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերացբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

Աղբյուր՝ Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում