Հոգիս դատա՛րկ է նորեն․․․

Հոգիս դատա՛րկ է նորեն․․․

Մոմըս տակավ կը մարի
– Հոգիս դատա՛րկ է նորեն –
Գիշերվան հովն ուժգնորեն
Հին ցավերուս կը փարի…

Մտածումներս կը հատնին.
– Հոգիս դատա՛րկ է նորեն –
Ցուրտ բարձերուն ծայրերեն
Ցավոտ հուշեր կը ծընին…

Սիկառս հուշիկ կը սպառի.
– Հոգիս դատա՛րկ է նորեն –
Կապույտ ծուխը հեղգորեն
Կ՚երազկոտի, կը ցնդի…

Միտքս ՈՉին կը հարի.
– Հոգիս դատա՛րկ է նորեն –
Գիշերվան հովն ուժգնորեն
Ա՛լ ցավերուս թող փարի,

Մոմըս սակավ կը մարի…

Մատթեոս Զարիֆյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում