Անկյալ հրեշտակ

Անկյալ հրեշտակ

Զարմանում ես՝ ինձ հետ
Ի՞նչ կատարվեց հանկարծ,
Ինչե՞ր եղան հետո, երբ մերժված իմ հոգին
Քո երկնքից մի օր գլորվեց ցած
Ու զարնվեց կոպիտ եղելության պատին։
Ես չմեռա… սե՛րը, հավատն ինքը մեռավ,
Ու բեկորներն անթիվ ցրիվ եղան չորս կողմ,
Դու չիմացար՝ հետո ինչե՜ր-ինչե՜ր եղան,
Ինչե՜ր տարավ իր հետ
Մոլեգնաշանթ մի հողմ։
Ես չմեռա,
Հանգիստ կյանքն իր գործը արեց,
Ժամանակը դանդաղ, իմաստնությամբ իր չոր,
Նախ՝ դատարկված հոգուս իր մրուրը քամեց,
Հետո սովորեցրեց՝ ինչպես դառնալ հզոր…
Դու չիմացար ոչինչ։ Ու չգիտես հիմա՝
Ինչեր, ինչեր կանի
Աստծուց մերժված հոգին։
Ես ծախեցի հոգին իմ մեձիմահ
Եվ ինձ գտա հանկարծ աստվածների կողքին։
… Ու մարգարե դարձած, դարձած հրաշագործ,
Ես արվեստով դևի ու Աստծո պես՝
Այրված հոգիներին դնում եմ պաղ թրջոց
Եվ աղոթքով նրանց հայհոյում քեզ։
Շռայլում եմ բառեր, պատվիրաններ հիմար,
Հրապուրում ստի ծուղակներում խոհեմ
Ու քրքջում նաև այդ խեղճերի վրա,
Նրանք, ամեն մեկը՝ քեզնից մի մաս ունեն…
Գիտե՞ս՝ ինչեր կանի Աստծուց մերժված հոգին,
Ես այն հիմա մա՜ս-մա՜ս աճուրդի եմ հանել
Ու քո մերժված սիրո մահարձանի կողքին
Ես կարող եմ հիմա քանի՜ խաչեր շարել։
Ու կուրորեն պաշտած ուրվականիդ առաջ
Սրտեր դնել քանի՜ ցավից դեռ ծխացող…
Գիտե՞ս՝ ինչեր կանի Աստծուց մերժված հոգին,
Գիտե՞ս՝ ինչեր կանի դևը աստվածացող։

Սամվել Զուլոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում