USD
EUR
RUB

Սբ. Հովհան Ոսկեբերանի աղոթքն ու օրհնությունն` ասված քահանաների և ժողովրդի համար

 

Օրհնյալ է Ամենասուրբ Երրորդությունը բարձունքներում` Հայրը, Որդին և Սուրբ Հոգին. մեծ գոհություն Երեք Անձերին և Մի Աստվածությանը` անեղին, անփոփոխելիին, անսահմանելիին, ամենակարողին, ամենատեսին, ամենապարգևին, ամենքին ապրեցնողին, անմահին, անբավին, անճառին. պատիվ, երկրպագություն և մշտնջենավոր փառաբանություն երկնավորներից և երկրավորներից, հրեղեններից և հողեղեններից, սերովբեներից և քերովբեներից, հրեշտակներից և հրեշտակապետերից Է Երրորդությանը և Մի Աստվածությանը, որ ճշմարիտ էությամբ համագոյակից ու հավասար են միմյանց խորությամբ, բարձրությամբ, լայնությամբ ու երկարությամբ: Որ Իր կանխագետ զորությամբ ստեղծեծ երկինքն ու երկիրը և հրեշտակների բյուրավոր զորքերը, տարածեց երկինքն առանց հիմքի` խորանանման գմբեթաձև հաստատությամբ և ծածկեց այն առատ ջրերով. հրեղենները գնում են ջրերի միջով և չեն հանգչում, քանզի Նրա համար ամեն ինչ հնարավոր է:

Ծովը շրջապատեց ավազով, հողից ծառեր ու ծաղիկներ բուսեցրեց իրենց սերմերով, երկինքն զարդարեց աստղերով, ճառագայթեցրեց նրանից արեգակն ու լուսինը. պսակեց տարին չորս եղանակով, դրանք սահմանեց անհաշտելի հակառակությամբ և անքակտելի սիրով. ստեղծեծ ծովային զանազան զեռուններ, բազում գազաններ, կենդանիներ, սողուններ թևավոր թռչուններ երկրի վրա:

Ապա այդ ամենից հետո ստեղծեծ մարդուն Իր ձեռքով ըստ Իր պատկերի և կենդանի շունչ փչեց նրա մեջ, և մարդը եղավ կենդանի հոգի: Ամեն ինչ հնազանդեցրեց նրա ոտքերի տակ և նրան դրեց կյանքի ու մահվան միջասահմանում` պատվիրելով չճաշակե՛լ գիտության ծառի պտղից: Եվ պատվիրանը պահելու դեպքում խոստացավ նրան բնակեցնել Վերին Երուսաղեմի վերնահարկում:

Իսկ բանսարկում իր չար գործի համար իբրև գործիք գտավ օձին և նրա միջոցով խոսեց կնոջ հետ` խաբելով, թե. «Աստվածներ կլինեք», և ուտել տվեց նրան գիտության ծառից, թողնելով ամոթալից և մերկացնելով լուսեղեն փառքից:

Իսկ Բարերարը քաղցր ձայնով ասում է. «Ո՞ւր ես, Ադա՛մ», և Իր` դրախտ գալով` պատկերեց Միածին Որդու աշխարհ գալը, Իր ոտքերի ձայնը նախանշեց Հովհաննես Մկրտչին: Բայց Ադամն անզղջությամբ գնաց դեպի մահ և անմեղ Աստծուն համարելով իր կորստյան պատճառը` ասաց. «Այդ կինը, որ տվեցիր (ինձ), նա՛ ինձ դրդեց հանցանքի»: Իսկ արդարության Դատավորը անիծեց նրանց և նրանց վնասողներին և դրախտից դուրս հանեց, սակայն ողորմությունից չզրկելով` ընդունեց Աբելի պատարագը, անմահացրեց նրանց զավակներից Ենովքին, Նոյին բազմաթիվ կենդանիների հետ պահեց տապանում, իսկ ամբարիշտ Կայենին իր ծնունդների հետ վերացրեց ջրհեղեղով: Օրհնելով տասներորդին` Աբրահամին` երդումով խոստացավ նրան, թե. «Պիտի բազմացնեմ քո զավակներին երկնքի աստղերի պես». բազում նշաններով և կերպերով խոսեց մեր հայրերի հետ, որոնք պես-պես հրաշքներ գործեցին, և առաքեց պահապան հրեշտակներին: Իսկ երբ ժամանակը հասավ, խոսեց մեզ հետ Որդու միջոցով, որ եկավ և մարմնացավ Սուրբ Կույսից, մտավ օրենքի տակ, որպեսզի օրենքի տակ եղողներին ազատի. կատարեց օրենքները, լրացրեց մարգարեների գրվածքները, գործեց հրաշքներ, լուսավորեց կույրերին, բժշկեց անդամալույծներին, հալածեց դևերին:

Ապա, ի լրումն նշանների, հարություն շնորհեց չորսօրյա թաղյալ Ղազարոսին, նստեց էշի քուռակի վրա, որը հրեաներին և հեթանոսներին կանչելու խորհուրդն ունի, որի համար էլ մանուկները երգում էին. «Օվսաննա, օրհնություն Դավթի Որդուն»:

Իսկ այսօր գալիս է կամավոր չարչարվելու` հանձն առնելով մատնվել անօրեն աշակերտի կողմից: Երեկոյան ժամին խոնարհություն սովորեցնելով տասներկու աշակերտներին` նախ լվաց Հուդայի ոտքերը, որը գնաց մինչև քահանայապետի գավիթը և իր մտքում ասում էր` հազար անգամ էլ մեծարես ինձ, միևնույնն է` չեմ մոռանալու երեսուն արծաթը:

Արդ, այս ահավոր և սքանչելի տոնին ուրախություն եղավ հրեշտակներին և մարդկանց:
Այսօր վերացվեց Ադամի անեծքը:
Այսօր ազատվեցինք սատանայի ծառայությունից:
Այսօր արարածների Արարիչը երևաց երկրի վրա:
Այսօր սերովբեների Աստվածը ծառայի կերպարանք հագավ:
Այսօր քերովբեների համար Անտեսանելին խոնարհվում և լվանում է աշակերտների ոտքերը:
Այսօր լույսն իբրև թիկնոց Կրողը սրբիչ է կապում:
Այսօր Հոր Աթոռակիցը հողեղենների հետ է բազնում:
Այսօր Սուրբ Հոգու փառակիցը հանձն է առնում մահվան դատաստանին մատնվել:
Այսօր ամենքին կյանք Տվողը մահվան է մատնվում:
Այսօր Վեմը ելնելով` լցնում է տիեզերքը:
Այսօր բաշխում է Իր մարմինն ու արյունը և անօրեն աշակերտին հայտնում խորհուրդը:
Այսօր կապվում է կապվածներին Արձակողը, Ում երկինքն ու երկիրն անկարող էին տանել:
Այսօր օրհնում է առաքյալներին` կոչելով քահանայության:
Այսօր գտնում է կորած դրամը, այսինքն` թագավորական պատկերը:
Այսօր հրեշտակներն ուրախացան` մոլորված ոչխարի գտնվելու համար:
Այսօր ճշմարտապես հաղորդվեցինք Տիրոջ մարմնին և արյանը:
Այսօր օրհնվեցին քահանայապետները բոլոր քահանաներով հանդերձ:
Այսօր լուսազարդվեցին թագավորները իրենց ամբողջ զորությամբ և իշխանությամբ, Դավթի և նրա զորավարների հետ միասին:
Այսօր օրհնվեցին ծերերն ու մանուկները, երիտասարդներն ու կույսերը Կապողի և Արձակողի ձեռքով:
Այսօր դրախտն է բացվում մարդկության առջև, և բոլոր արարածները ցնծում են անմահ կյանքով:
Այսօր թոթափվեցինք հին տրտմություններից և ամենքս նորոգվեցինք Քրիստոսով:
Այսօր իշխանություն տվեց ոտնակոխ անելու օձերին ու կարիճներին և թշնամու անբողջ զորությունը:
Այսօր Ավազանի միջոցով հավատացյալները լուսազարդվելով` մաքրվեցին մեղքերի ախտից:

Արդ, թող ձեզ վրա գա Երուսաղեմի մխիթարությունը, որ ասում է. «Մխիթարեցե՛ք իմ ժողովրդին, — ասում է Աստված, — դո՛ւք` քահանանե՛րդ, խոսեցեք Երուսաղեմի սրտից, մխիթարեցե՛ք ազգին, քանզի լցվեց տառապանքով, թող ներվեն նրանց մեղքերը»: Դարձյալ, թե. «Նրա սրտի ճանապարհը տեսա և բժշկվեցի, և տվեցի նրան մխիթարություն ու մոխրի փոխարեն ուրախության օծումը»:

Արդ, թող Բարեգութն Աստված ուրախացնի ձեզ բոլորիդ և արժանացնի երկնավոր պարգևներին:

Թող Տե՛ր Աստված օրհնի հայրապետներին և սուրբ Գրիգորի և մյուս սուրբ հայրապետների հետ կցորդի:

Թող Տե՛ր Աստված օրհնի քահանաներիդ Մելքիսեդեկ քահանայի հետ և զարդարի անկողոպտելի զարդով` Ահարոնի պատմուճանի նման` ըստ Մովսեսի տեսիլքի. Հոգով զարդարի և առաքյալների հետ բնակեցնի նույն խորանում. դարձնի առանց ամոթի մշակներ, որպեսզի երբ Հովվապետը երևա, ընդունեք փառքի անթառամ պսակը:

Թող Տե՛ր Աստված օրհնի կրոնավորներիդ սուրբ Եղիայի և սուրբ Անտոնի հետ և ձեզ նրանց ժառանգակիցները դարձնի:

Թող Տե՛ր Աստված օրհնի ծերերիդ` ինչպես Իսրայելի բանակի ծերերին, ինչպես Սիմեոն ծերունուն, որ Աստվածորդուն իր գիրկն ընդունեց և հայցում էր արձակվել խաղաղությամբ:

Թող Տե՛ր Աստված օրհնի երիտասարդներին, ինչպես երանելի Հովսեփին, որ Աստծուն հաճելի եղավ և Նրանից օրհնվեց:

Թող Տե՛ր Աստված օրհնի կանանց` ինչպես յուղաբեր կանանց, ովքեր եկան Փրկչի գերեզմանին և լցվեցին Տիրոջ Սուրբ Հարության ավետիսով:

Թող Տե՛ր Աստված օրհնի ձեր երեխաներին` ինչպես եբրայեցիների երեխաներին, որոնք վերցրին արմավենու ճյուղերը և ելան Նրան ընդառաջ և ասում էին. «Օվսաննա, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը»:

Թող Տե՛ր Աստված օրհնի բոլորին` մեր Սուրբ Եկեղեցու ժողովրդին` տղամարդկանց և կանանց, ծերերին և մանուկներին, երիտասարդներին ու կույսերին, և փրկի ձեզ բոլոր չարիքներից, ամրացնի Իր Աջի հովանու ներքո, արժանացնի երկնքի արքայությանը և Իր անմատչելի լույս երեսի տեսությանը:

Թող Տե՛ր Աստված օրհնի այս տունն ու բնակարանը և Եկեղեցու հիմքերը` ըստ այն խոսքի, որ ասում է. «Այսօր այս տանը փրկություն եղավ», ըստ Աբրահամին տրված ավետման` նրա ազգատոհմի և ժառանգակիցների հետ:

Թող Տե՛ր Աստված օրհնի այս տան սպասավորներին` լուսարարին, դուռ բացողին, և անթառամ պսակների արժանացնի:

Թող Տե՛ր Աստված օրհնի այս տան վերակացու մշակներին. սրա եզները, խաշները և հոտերը:

Թող Տե՛ր Աստված օրհնի մեր անդաստանները և աճեցնի ամեն տեսակ օգտակար բույսեր. հեռու պահի ամեն տեսակ վնասակար բաներից` հրդեհներից, հիվանդություններից, ժանտախտից, կարկուտից, մորեխից, ջորյակից, ցրտահարությունից. և մարդկանց ու անասունների բոլոր ցավերից ու համաճարակից. հալածի լեգեոնին իր բոլոր զորքերով դեպի անդունդները և առաքի խաղաղության հրեշտակին:

Թող Տե՛ր Աստված օրհնի մեր քաղաքի ժամկոչին, քանզի, ինչպես հրեշտակապետի ձայնն է հաղթող` զարթնացնելու ննջեցյալներին մահահանգիստ քնից, այնպես էլ սրա ձայնն է հաղթող` հալածելու լեգեոնին իր բոլոր զորքերով:

Թող Տե՛ր Աստված օրհնի մեր քաղաքի բնակիչներին և հալածի բռնակալ թշնամու ամբողջ չար զորությունը:

Թող Տե՛ր Աստված օրհնի միաբան ժողովրդիդ և թեթևացնի ձեր մեղքերի բեռը:

Թող Տե՛ր Աստված օրհնի խոստովանողներիդ և ապաշխարողներիդ և թողնի ձեր հանցանքները` ինչպես պոռնիկին ու մաքսավորին, և արժանացնի ձեզ սուրբ առաքյալների լվացմանը` վերնատան մեջ:

Ձեր ծոմապահության փոխարեն ձեզ երկնային կերակուր պարգևի:

Եվ ծարավին տոկալու փոխարեն թող անմահական աղբյուրից ձեզ ջուր տա ըմպելու:

Եվ ձեր գիշերային տքնության փոխարեն` հրեշտակների հետ դասակցի ձեզ:

Եվ ձեր լռակեցության փոխարեն թող ձեզ անթառամ պսակներով զարդարի:

Եվ աղքատների հանդեպ ձեր ողորմածության փոխարեն ձեզ աջակողմյան դասում բազմեցնի:

Արդ, ո՛վ աստվածասեր ժողովուրդ և Քրիստոսի հավատացյալներ, պահեցե՛ք Տիրոջ պատվիրանները և Նրա իրավունքը և մի՛ դադարեք և մի ձանձրացեք ողորմություն անելուց. քանի որ ժամանակը ձեր ձեռքին է` բարին գործեցեք, որպեսզի փոխարենը` մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից հավիտենական կյանք ընդունեք:

Արդ, բոլորին բարիքներ Պարգևողը թող տա եկեղեցիներին շինություն, քահանաներին` ուղղություն, թագավորներին և իշխանավորներին` վայելչություն, ծերերին` մխիթարություն, կրոնավորներին` ժուժկալություն, երիտասարդներին` ողջախոհություն, մեղքերին` թողություն, հիվանդներին` բժշկություն, դևերին` խորտակում, ախտաժետներին` առողջություն և հոգիներին ու մարմիններին` փրկություն:

Արդ, լսելով այս` հեռու վանեցեք ձեր անձերից չարությունը. յուրաքանչյուրդ ներեցե՛ք ձեր եղբոր հանցանքները և թողե՛ք միմյանց հանդեպ ունեցած թշնամությունն ու չարությունը. միայն բարի՛ն գործեցեք, սիրեցե՛ք Տիրոջն ամբողջ սրտով և Նրա կա՛մքը կատարեցեք. բոլոր մարդկանց հետ խաղաղություն ունեցեք. եղեք հեզ ու խոնարհ` անսալով ձայնին, որ ասում է. «Ես որտե՞ղ պիտի բնակվեմ, եթե ոչ հեզերի ու խոնարհների մեջ, և նրանց մեջ, ովքեր երկնչում են Իմ խոսքերից»: Փնտրեցե՛ք խաղաղություն և արդարության ճանապարհով գնացեք. հուսացե՛ք հավիտյանս հավիտենից:

Եվ Տեր Աստված` ամենայնի Արարիչը, թող հաստատուն պահի ձեզ և առատ պարգևներ տա` այստեղ և հանդերձյալ կյանքում, թող ձեզ արժանացնի աջակողմյան դասում դասվելու, ննջեցյալներին` ծանոթ ու անծանոթ, երկնային արքայությունը պատրաստի, Ով օրհնված ու փառավորված է այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Թիֆլիսի Ներսիսյան դպրոց Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը Երևանում 10-րդ անգամ կնշվի Ջազի միջազգային օրը Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության Հույսի շող՝ քովիդի ու պատերազմի մղձավանջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ռոստովում խորհրդանշական համերգ կկազմակերպվի Համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին Արմենուհի Սիսյան Շուշին 1902թ. փետրվարին Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը «ՍԱ - ՆՐԱՆԻՑ - ՀԻՆ» ցուցահանդեսի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը Աստծունը՝ Աստծուն (Մատթ. 22:15-22, Մարկ. 12:13-17, Ղուկ. 20:20-26) Հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխության «Գլխավոր լուրեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արցախյան պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» շարքը Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան Մեծ Հայքի 12-րդ նահանգը՝ Ուտիք աշխարհի հոգեվոր ժառանգությունը «Կյանքում ամենադժվար բանը սեփական «ես»-ը չկորցնելով՝ մյուս մարդկանց հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. այն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում (տեսանյութ) «Հաշտվեցե՛ք Աստծու հետ» ՀայաստանՀայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակումի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում Սամվել Կոսյան․ Խաղադրույք Ավագ Եփրեմյան․ Երկիր և Ջրեր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանումը» դեբյուտային ֆիլմն ընդգրկվել է Կրակովի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կհնչեն Մանսուրյանի, Լուչանո Բերիոյի, Կոմիտասի ստեղծագործությունները Ընթերցողներին նոր հրատարակությամբ կներկայացվի Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» Պատերազմի հետեւանքները բնավ ներդաշնակ չեն պայծառ ապագա կառուցելու մեր տեսլականի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. «Երկրի հարցը» Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը 24TV-ի եթերում (տեսանյութ) Աստվածային կարեկցանք Նկարիչ Լեմս Ներսիսյանը «Էրգիր Ավետյաց» ցուցադրությունը նվիրեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը (լուսանկարներ) Աստծու կամքը Արցախի ՄԻՊ-ն Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին Առաջին անգամ Հայաստանում միահյուսված հնչել են Պյացոլայի և Վիվալդիի ստեղծագործությունները Հողոտ, մղեղոտ... Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր «Մի՛ սպանիր» պատվիրանը եվ հին ուխտի սպանությունները Հայաստանի ֆիլհարմոնիկը «Դո-ից Սի» խորագրով վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիան» «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բոլոր ժամանակների մեր բանաստեղծը Դավանանք և վարդապետություն Վերջակետ
website by Sargssyan