USD
EUR
RUB

Ակնթարթի հոգնությունը

 

Խմբավարը հաղթահարում է այգաբացի կախարդանքը. ներքին համոզվածությամբ` լույսը ճաշակելու բերկրանքը կարող է տևել մինչև կյանքը երկարաձգելու անկարողության գիտակցումը, թեև ծոցագրպանում պահում է կախարդական փայտիկը: Նրա կիսաքուն կինը մոտենում է պահարանին և հանում խնամքով արդուկված ֆրակը: Արդեն երրորդ օրն է նա ամուսնուն չի նկատում, պատմում է մայրամուտ ապրած երիտասարդության, չծնված երեխաների ու իր զավակների մասին, որոնք վաղուց արդեն երեխաներ չեն:

Ամուսինը նայում է պատի ժամացույցին. լռությունից հոգնած սլաքները կատարում են անշեղ պտույտը և խմբավարը նոր խորհրդածություններով անցնում է իր պարտականություններին, դանդաղ շտապում է աշխատավայր`կատարելու վերջին փորձը, որպեսզի ոչ մի սխալ նոտա չարձակվի ելույթի ժամանակ: Կայարանում նրա մտքերը սևեռվում են այն գաղափարի վրա, որ կնոջը միայնակ է թողել մարտադաշտում, ու հիմա կինն անմիաբան շարժումներով հավաքում է ամուսնական մահիճը և իբրև կողակից ու զինակիր հաշվում է չարձակած փամփուշտների թիվը:

Տրոլեյբուսի անիվները ճկվում են, օրորվող սրահն ընդամենը մի քանի ուղևոր ունի, որոնցից մեկը անհայտ ու ծերացած խմբավարն է: Նա հոտոտում է օդը ու զգում ծխի ակնթարթ առ ակնթարթ խտացող հեղձուկը: Ինքնասպանության պատրվակով այրվող տների պատուհանից դուրս է նետվում թավջութակի հեկեկացող երգը: Հուսադրող մի հնչյուն, մի բառ գտնելու դեպքում գուցե հնարավոր լիներ շրջանցել թվացյալ անխուսափելին: Ածխացած տների ներտարածքը պահպանում են միայն քարե պատերը, որոնք միշտ դիմակայել են պատմությանը հայտնի փոթորիկներին, արեգակի խավարմանը ու ծերերի անեծք-գուշակություններին, որ ենթադրում են` տանտերերի հեռանցումից հետո սկսվելու են խենթ-խենթ խնջույքները ուղեկցող վհուկների պարախաղը:

Խմբավարը հավաքում է ուժերը, իր մեջ փնտրում է մարգարեին, որը կասի` արդյոք մոխրացած տների մեջ կորցրել է իր կնոջը` վերջին ցանկությունը շուրթերին: Նրա աչքերը լայն բացվում են, մարմնում սկիզբ է առնում հանկարծակիությունից ծնված խուճապ:

Խցանում է, տանկը փակել է տրոլեյբուսի ճանապարհը: Տանկի հրամանատարը հրավիրում է խմբավարին միասին շախմատ խաղալ, մինչև վերին օղակներից հրաման կտան բացել խցանումը: Հրամանատարը պատմում էր անցյալի, Ա գյուղում ապրող, գեղանի կանանց մասին: «Մեծ հարսանիքի» ավարտին, բարձրահասակ սպայի մատնությամբ, հրոսակները հարձակվեցին, վստահ էին, որ գյուղի տղամարդիկ հրացանները թողել են տանը` պատից կախված: Թշնամու ձեռքը չընկնելու համար կանայք նետվեցին մոտակա ձորը, իսկ սպան ծառայության դիմաց ստացավ խոստացված մի քանի ոսկեդրամները: Ապառնի ժամանակով հրամանատարը բծախնդրությամբ նկարագրում էր արքաների գալիք զայրույթը: Խորտակվող նավակների հրամկազմին անձամբ էր ճանաչում: Ապագայում մարտական կուզիկ ձին կխրխնջա` ասում էր հրամանատարը: Նրա սանձը բռնող տասնութամյա զինվորը կկատարի առաջին քայլը, հույսով որ կդառնա հրամանատար: Ներկայի մասին լռում էր ու վառում ծխախոտը:

Խմբավարին ցույց էր տալիս պայթյունից առաջացած խոռոչը` մի’ շփոթիր, սա խրամատ չէ: Այս դժվարին ժամանակներում ճանապարհը փակած տանկը խանգարում է անզեն մարդկանց նետվել անդունդը: Խմբավարը նայում է խոռոչի ընդերքը: Մթության մեջ պարզ գծագրվում է իր կնոջ դեմքը, շարժուն շուրթերով ասես կանչում է ամուսնուն մթության խորքը: Գիտակցության մոռացված մի դարակում շտապելու միտք հղացավ: Չէ որ փորձի էր: Հրամանատարի կարգադրությամբ խոռոչի վրա նեղ տախտակ գցեցին, որպեսզի միացնեն անդունդի ափերը, ու մինչ հրամանատարը հիշոցներ էր արձակում երկինք, խմբավարը փորձում էր հավասարակշռությունը վստահել բարակ տախտակի զորությանը: Ոտնաթաթերը զգուշորեն միմյանց առջև դնելով` ծոցագրպանից հանեց իր փայտիկը. հնչում էին անգմբեթ եկեղեցու զանգերը ու նրան թվում էր` անհամաչափ զարկի մեղավորը անդունդի մյուս ափին դիմավորող երեխաների աղմուկն է` շտապ վաճառվում են դեղին շաքարաքլորներ, գումարը փոխանցվում է վիրավոր զինվորների ֆոնդին: Շտապօգնության մեքենայի մոտ վիրակապող բժշկին խմբավարն ասաց`ես վիրավոր չեմ, պարզապես ուզում եմ հասնել աշխատավայր, կարո˚ղ եք, ինձ էլ տանել ձեզ հետ:

Փորձասենյակի շքամուտքի վրա գրված է` մուտքը` դիմակով: Սենյակի պատերին փակցված են մերկ կանանց գեղանկարներ, ստորին մասում` նեղ ու երկար ճերմակ թղթին, գրված է ստեղծման ամսաթիվն ու նկարի արժեքը: Անկյունում դրված սեղանի վրա ներքնակ կա: Կարճ մազերով կինը պարկից հանում է բուրդը ու լցնում ներքնակի մեջ: Ակնոցն աչքերին սև թելով թելում է ասեղը, գլուխը կախ շարունակում կարել: Նրան բրդի որակից ու աշխատանքի ավարտից բացի ոչինչ չի հետաքրքրում: Այստեղ խմբավարին անհետ կորած են համարում:

Առանց դուռը թակելու ներս է մտնում առաջին տղամարդը: Կանգնում է համարակալված շրջանի մեջ, ուղղում է դիմակը, ձայնին առնական արտահայտություն է հաղորդում` ես այստեղ եմ: Միջին տարիքի տղամարդը հմայիլների վարպետ է: Նրա կրպակից գնումներ են կատարում նույնիսկ բարձրաստիճան զինվորականների կանայք: Սակայն ամենադյութիչ հմայիլները նա պահում է իր դուստրերի համար, որպեսզի կրկնապատկվի նրանց առինքնող գեղեցկությունը: Նկարչուհին մատնացույց է անում լոգանքի պահին մազերի հյուսքը քանդող կնոջ գեղանկարը և առաջարկում գնել: Տղամարդը կտրուկ պատասխան է տալիս` չեմ կարող, ես կին, երեխաներ ունեմ: Նա չի նկատում արցունքոտված աչքերով նկարչուհուն, որ փորձում է գտնել շնչահեղձ չլինելու ելքը:

Որտե˚ղ է արվեստի արարման աղբյուրը, որից կարելի է սնվել, ստեղծել նոր կտավ: Նա, երիտասարդության տարիներին, ուժերը վատնում էր իրեն շրջապատող կանանց մեջ փնտրելով արվեստագետի: Ոչ թե տաղանդը այլ ժառանգություն ստացած ձիրքը պիտի գործածեր ի նպաստ նոր մուսաների ծլարձակման, պիտի հույզեր կուտակեր տարբեր դիրքերով մերկ կանանց նկարելու համար, որովհետև մերկությունը միջոց է, որով հասնում ես արվեստին` համոզված էր նա:

Մեքենայի ձայնին ընդառաջ կանայք պարկերը մոտեցրին բեռնախցիկին ու տխուր ժպտացին դռան մեղմ թակոցով սենյակ մտած հոգևորականին: Նա, ի նշան ներկայության, խրախուսող ժպիտ արձակեց, բայց համավարակից պաշտպանող դիմակը ծածկեց ծռմռված շուրթերը և միայն աչքերի արտահայտությունը ուրախության պատրանք ստեղծեց: Սարկավագը կանխազգաց նկարչուհու դեռ չարձակած բառերի հերթագայությունը: Գետնին գծված շրջանի մեջ կանգնած թիկունքով շրջվեց, հայացքը հառեց երկինք և սկսեց իր աղոթքը, ի լուր Աստծո հավատացյալների ետուառաջ տարավ բուրվառը ու փորձասենյակը լցրեց խնկի բույրով: Տեղի էր ունենում աննկատ գործողություն. խնկի բույրը թափանցում էր սենյակի չորս անկյունները, ներքնակին խոնարհված կինը ծխից հազում էր, իսկ ներքնակի բուրդն աստիճանաբար ներծծում էր խնկի անուշահոտությունը: Աստծո ամենատես աչքից չէին վրիպում պատուհանների մոտ մաքուր օդ փնտրող կանայք, նրանք ենթարկվում էին Աստծուն երկրպագելու մեղմ պարտադրանքին: Ներկաների անորոշ հայացքը գամվում է դռանը, սպասում են երրորդ այցելուի գալստյանը, գուցե խմբավա˚րն է:

Մերկ կնոջ ոտնաթաթերը հպվում են լեփ լեցուն պարկին ու նա վախից փորքրիկ ցատկ է կատարում: Փնտրում է նկարչուհուն, ուզում է արդարանալ: «Առավոտ էր: Լոգասենյակում էի: Պայթյուն լսեցի: Վազեցի դուրս: Հետո շարունակում է`դու կարող ես ինձ նկարել, չէ որ արդեն մերկ եմ»: Նկարչուհու վրձնի մազիկների ներկի կաթիլները ծորում են մանրահատակին: Գլուխները կախ հատակին են նայում առաջին տղամարդը և հոգևորականը` խոսափելու մերկ կնոջ մարմնի գայթակղությունից: Լռությունից կորացած մերկ կինը պառկում է ներքնակին, մարտադաշտում գործածվող ցանցը գցում է վրան, որ քողարկվի մարդկանց ամենատես հայացքներից: Նրա ականջներում բռնության կոչի նման պայթում է զինվորական քայլքի ձայնը. համարակալված շրջանում կանգնած տղամարդիկ կտրուկ աջ դարձ են կատարում, մի քանի անգամ զինվորական քայլքով անցնում են սենյակի մի ծայրից մյուսը, հասնում են դռան մոտ և զարմանքից ետ-ետ գնում` խմբավարը գտնվել է: Խմբավարը փորձում է կարգավորել շնչառությունը, հենվում է սենյակի միակ պատին, որն ազատ էր գեղանկարներից, թափ է տալիս փոշոտված ֆրակը: Նա նայում է զարդասեղանի առջև նստած կնոջ նկարին, որ հավաքում էր կոր ուսերին իջնող վարսերը:

- Իմ կինն է,- հայտնագործություն անողի նման բացականչում է խմբավարը:

- Ես չեմ ճանաչել Ձեր կնոջը, բայց խորհուրդ կտամ գնել,- պատասխանում է նկարչուհին:
Մերկ կինն ավելի է կծկվում, կարծում է իր մասին են խոսում: Միգուցե նրան տեսնո˚ւմ են, քողարկող ցանցը թափանցի˚կ է: Բոլորը նայում են միմյանց, փորձում են գտնել անհետ կորած մարդուն. նա թաքնվել է քողարկող ցանցի տակ: Տղամարդը մոտենում է մերկ կնոջը ու դստերը խոստացած հմայիլը ամրացնում վարսերին, որպեսզի պահպանի նրան գալիք ցուրտ ձմռանից: Հոգևորականը բացում է ափը և կնոջ շուրթերին է մոտեցնում կիրակնօրյա նշխարը:

Այնտեղ` փողոցում, հրամանատարը զինվորական պատիվ է տալիս խաղաղապահների զորագնդին, սակայն փորձասենյակում բոլորը նայում են խմբավարին: Նա ծոցագրպանից հանում է փայտիկը, բռնում է ձեռքում, բարձրացնում է վեր ու ասում միայն մեկ նախադասություն, սակայն ոչ ոք ասես չի կարողանում որսալ իմաստը:

Անցյալի կուզիկ անցորդներից ու ահեղ պատերազմների գալիքից բացի, ներկաների, ցավից բթացած հայացքում, հառնում է մի նոր տեսիլք` այդքան փափագած սկիզբը:

Դեկտեմբեր, 2020 թ.

Լիլիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Աղբյուր՝ Granish.org

Լրահոս
Թիֆլիսի Ներսիսյան դպրոց Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը Երևանում 10-րդ անգամ կնշվի Ջազի միջազգային օրը Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության Հույսի շող՝ քովիդի ու պատերազմի մղձավանջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ռոստովում խորհրդանշական համերգ կկազմակերպվի Համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին Արմենուհի Սիսյան Շուշին 1902թ. փետրվարին Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը «ՍԱ - ՆՐԱՆԻՑ - ՀԻՆ» ցուցահանդեսի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը Աստծունը՝ Աստծուն (Մատթ. 22:15-22, Մարկ. 12:13-17, Ղուկ. 20:20-26) Հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխության «Գլխավոր լուրեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արցախյան պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» շարքը Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան Մեծ Հայքի 12-րդ նահանգը՝ Ուտիք աշխարհի հոգեվոր ժառանգությունը «Կյանքում ամենադժվար բանը սեփական «ես»-ը չկորցնելով՝ մյուս մարդկանց հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. այն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում (տեսանյութ) «Հաշտվեցե՛ք Աստծու հետ» ՀայաստանՀայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակումի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում Սամվել Կոսյան․ Խաղադրույք Ավագ Եփրեմյան․ Երկիր և Ջրեր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանումը» դեբյուտային ֆիլմն ընդգրկվել է Կրակովի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կհնչեն Մանսուրյանի, Լուչանո Բերիոյի, Կոմիտասի ստեղծագործությունները Ընթերցողներին նոր հրատարակությամբ կներկայացվի Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» Պատերազմի հետեւանքները բնավ ներդաշնակ չեն պայծառ ապագա կառուցելու մեր տեսլականի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. «Երկրի հարցը» Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը 24TV-ի եթերում (տեսանյութ) Աստվածային կարեկցանք Նկարիչ Լեմս Ներսիսյանը «Էրգիր Ավետյաց» ցուցադրությունը նվիրեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը (լուսանկարներ) Աստծու կամքը Արցախի ՄԻՊ-ն Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին Առաջին անգամ Հայաստանում միահյուսված հնչել են Պյացոլայի և Վիվալդիի ստեղծագործությունները Հողոտ, մղեղոտ... Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր «Մի՛ սպանիր» պատվիրանը եվ հին ուխտի սպանությունները Հայաստանի ֆիլհարմոնիկը «Դո-ից Սի» խորագրով վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիան» «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բոլոր ժամանակների մեր բանաստեղծը Դավանանք և վարդապետություն Վերջակետ
website by Sargssyan