Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

«Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս, չխնայես կյանքդ»:

Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է, նա ծնվել է 1930թ. Երևանում. ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների և կինոփառատոների դափնեկիր Խորեն Աբրահամյանը խորհրդահայ թատրոնի և կինոյի ամենաճանաչված դերասաններից։

Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր: 19790-1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 19880-1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985-1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980-1995թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Աբրահամյան-կինոդերասանի հաջողությունը սկսվել է 1958 թ-ին նկարահանված «Առաջին սիրո երգը» կինոնկարում գլխավոր հերոսի՝ Արսեն Վարունցի դերակատարումով: Այն մեծ ընդունելություն է ունեցել, գրեթե բոլորը երգում էին Աբրահամյան-Վարունցի երգերը, որոնց հեղինակը Առնո Բաբաջանյանն է:

Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով՝ Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977 թ.), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թ.) և այլն։ Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»։

Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» , Պ. Զեյթունցյանի«Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։ 2000 թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։

«Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…»:

Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն)։ Հայտնի էր նաև որպես ասմունքող։

Խորեն Աբրահամյանը միակն էր ԽՍՀՄ դերասաններից, որ համամիութենական կինոփառատոներում երեք անգամ արժանացել է տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակներին (Գեւորգ՝ «Սարոյան եղբայրներ», 1970թ. Մինսկի, Մյասնիկյան՝ «Երկունք», 1977թ. Ռիգայի 10-րդ և Սիսակյան՝ «Ապրեցեք երկար», 1980թ. Դուշանբեի 13-րդ կինոփառատոներ):

Խորեն Աբրահամյանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

«Ես կես դարից ավել նույն գործով եմ զբաղվում, դժվար է, ծանր է, հատկապես ինքս ինձ հետ կռիվ տալուց հոգնել եմ, բայց ես ուրիշ որևէ բանով զբաղվել չեմ կարող , ուրիշ որևէ բան չգիտեմ: Ինքս ինձնից հո չեմ կարող փախչել: Ես դերասան եմ»:

Աղբյուր՝ Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում