Կիպրոսի Սուրբ Մակարավանք. անցյալն ու ներկան

Կիպրոսի Սուրբ Մակարավանք. անցյալն ու ներկան

Քչերին է հայտնի Կիպրոսում գտնվող Սուրբ Մակարավանքի գոյության, ավելին` դրա անցյալի պատմության կամ ներկա վիճակի մասին:

2014թ.-ի մարտին կատարած այցը ամփոփում է վանքի ներկա վիճակն ու ճարտարապետական տեսքը. իսկ մինչ այդ կատարենք պատմական էքսկուրս անդրադառնալով վանքի անցյալին օգտագործելով հավաքագրած պատմափաստագրական տվյալներ:

Սուրբ Մակարավանքը գտնվում է ծովից 510 մ բարձրության վրա Բեշպարմակ լեռան հյուսիսային ստորոտին` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության Կիրինեա կամ Գիրնե քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա:

Վանքը կառուցվել է մոտավորապես 1000-ական թվականներին, որպես քրիստոնյա եգիպտացիների՝ ղպտերի վանք և փոխանցվել է հայերին 15-րդ դարում: Ստույգ հայտնի չէ վանքի հանձման տարեթիվը: Այդ տարիներին առաքելական և հայկական, սիրիական և եթովպիական եկեղեցիների միջև չկային որևէ հարաբերություններ: Ուստիև վանքը հայերին հանձնման արարողության կամ դրա մեջ մեծ դերակատարություն ունեցած ազդեցիկ անձանց անունները նույնպես անհայտ են:

Նկ.1. Սուրբ Մակարավանքի նախկին տեսքը

Սուրբ Մակարավանքի վերաբերյալ նյութերն ու փաստագրությունները եզակի են՝ ի տարբերություն հայկական մի շարք եկեղեցիների ու վանքերի:

Լինելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում ինձ նույնպես չհաջողվեց գտնել որևէ կարևորագույն գրականություն, աշխատություն կամ արխիվային նյութ: Ունենալով մեծ ցանկություն հրապարակել զեկույց միջերկրածովյան այս հրաշքի վերաբերյալ սահմանափակվեցի միայն տեղային դիտարկումներով, տեղացիների հետ հանդիպումներով, փոքրիկ գրադարանային ու ինտերնետային գրականության որոնումներով:

Նկ.2. Սուրբ Մակարավանքի ընդհանուր ներկա տեսքը

Հրաչյա Աճառյանի «Հայ գրականության պատմություն» աշխատությունում հանդիպում ենք, որ Սուրբ Մակարավանքը կառուցվել է 1111թ.-ին Կիպրոս` հայկական երկրորդ գաղթականության ժամանակ, երբ համայնքն այնքան մեծացավ, որ առաջացավ նման կառույցի անհրաժեշտությունը: Սուրբ Մակարավանքի մասին գրվում է, որ այն եգիպտացի ղպտի քրիստոնյաները 15-րդ դարում փոխանցել են հայերին: Պահպանված է օսմաներենով կազմված արձանագրությունը, որով վավերացվում է կատարվածը:

Նկ.3. Սուրբ Մակարավանքի բակային հատվածը

Այդ փաստաթղթից բացի 18-րդ դարից` Թուրքական տիրապետության շրջանից մեզ է հասել երկու հրովարտակ, որոնք ոչ միայն փաստում են վանքի հայկական պատկանելիությունը, այլև երաշխավորում են նրա անձեռնմխելիությունը և ազատում բոլոր կարգի տուրքերից: Վանքի ճակատագրին ու փաստագրական նյութերին է անդրադարձել միջազգայնագետ Արմեն Նավասարդյանը «Սուրբ Մակարավանք – Միջերկրականի կործանված հրաշալիք» հրապարակման մեջ, վանք կատարած այցից հետո:

Նկ.4. Սուրբ Մակարավանքի պատուհանների շրջանակների ու հիմնապատերի վիճակը

Հարյուրավոր տարիների ընթացքում Սուրբ Մակարավանքը եղել է հազարավոր հայերի պաշտամունքային կենտրոնը: Քանի որ այն գտնվում էր խաղաղ ու հանգիստ տարածաշրջանում ուստի ժամանակ առ ժամանակ հանդիսանում էր հարյուրավոր ազդեցիկ հայ մտավորականների, եկեղեցականների ու այլ գործիչների փախուստից հանգրվանելու միակ ապահով վայրը:

Հայտնի է, որ 1814թ.-ի երկրաշարժը ավերիչ ազդեցություն է ունեցել վանքի ճարտարապետական տեսքի վրա, որը հետագայում վերականգնվել է բազմաթիվ փոփոխություններով:

Նիկոսիայի հայ համայնքը վանքը օգտագործում էր որպես ամառային նստավայր: Այն հանդիսանում էր նաև դեպի Երուսաղեմ ուխտագնացությունների կամ ճամփորդությունների առաջնային կետը:

20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հազարավոր հայերի դրդեց ապաստանել Կիպրոսում` հատկապես Սուրբ Մակարավանքում: Այդ տարիներին վանքը բացեց իր դռներն հարյուրավոր անապահովների ու ծնողազուրկ դարձած հայ մանուկների առջև: Այդ ժամանակահատվածից սկսած վանքի տարածքում հիմնադրվեց տնամերձ մշակվող հողատարածք մոտ 300 հա տարածքով: Հայտնի է, որ մինչ 1974թ.-ը այստեղ բնակվում էին բազմաթիվ հայկական ընտանիքներ, գործում էր դպրոց և այն բաց էր բոլոր նրանց համար, ովքեր հոգևոր կրթության կարիք ունեին:

Վանքի ծաղկուն շրջանի և ազդեցիկ լինելու մասին վկայությունները փաստեցին նաև վանքի տարածքում ու մոտակա քաղաքներում հանդիպած մի քանի տեղացիներ, որոնք քաջատեղյակ էին վանքի պատմությունից:

Հատկանշական է, որ կղզու հյուսիսային հատվածում գործող մի քանի տուրիստական գրասենյակներում, ինչպես նաև տուրիզմի զարգացման գործակալություններում բազմաթիվ են թռուցիկները, որտեղ ներկայացված է վանքի հակիրճ պատմությունը, իսկ բնակիչների մեծամասնությունն այն անվանում է պարզապես Ermeni Manastiri` «Հայկական վանք»:

1998թ.-ին որոշում էր կայացվել վանքը վերածել հյուրանոցի, որն իրականություն չդարձավ միայն կղզու հունական մասի հայ համայնքի համառ ջանքերի շնորհիվ:

**

Սուրբ Մակարավանք հասնելն այդքան էլ բարդ չէր, թեպետ ճանապարհին կային դժվարանցանելի հատվածներ, որոնք անհրաժեշտ էր հաղթահարել միայն ոտքով:

Վանքի ճանապարհին կան փոքրիկ բացատներ, որտեղ հարմարեցված են բազմաթիվ տաղավարներ, սեղան-նստարաններ ու մանղալներ պիկնիկի համար: Ինչպես պարզ դարձավ տարածքը համարվում է հանգստյան գոտի:

Վանքի տարածքը շրջապատված էր բազմաթիվ նարնջենիներով ու մանդարենիներով գեղատեսիլ միջերկրական բնապատկեր:

Հասնելով Սուրբ Մակարավանք պարզ դարձավ, որ երբեմնի ճարտարապետական այս հրաշքից մնացել են միայն հիմնապատերն ու վանդալների հետքերը: Հիմնովին ավերված են վանքի միջնապատերն ու խեղաթյուրված երբեմնի հզոր ճարտարապետական հորինվածքը:

Տեղ-տեղ ականատես եղա վանդալների ձեռքերով արված անհայտ թուրքատառ գրությունների վանքի հիմնապատերի տարբեր հատվածներում: Համալիրի կենտրոնական հատվածում տեղակայված էր չգործող փոքրիկ ցայտաղբյուր-ջրավազան, որի յուղաներկի հետքերն ու ցեմենտի թարմությունը կարող են վկայել, որ այն կառուցվել է ոչ վաղ անցյալում. ուստի ևս մեկ անգամ փաստվում է, որ վանքի տարածքը օգտագործվել է, որպես ժամանցի, հանգստի ու սննդի վայր:

Տարածքն ամբողջությամբ խոտածածկ էր, որն երբեմն հասնում էր մինչ հիմնապատեր:

Տեղային ուսումնասիրությունները որոշակիորեն սփոփելի են, քանզի վանքի հարակից բարձրադիր տեսադաշտից գրեթե ակնհայտ է Մակարավանքի հատակագիծը. այն լիովին պահպանվել է: Տեսանելի են նաև հարկաբաժիններն ու զանգակատան կառուցվածքը: Դժվար էր դիտումներ անցկացնել վանքի նկուղային հատվածում, քանի որ դրանք հիմնականում փլատակների էին վերածված: Վանքի որոշակի հատվածներում պահպանված էին նույնիսկ պատուհանների փայտյա շրջանակները:

Սուրբ Մակարավանքը նույնիսկ այս վիճակով նման էր մի թանգարանի՝ բաց երկնքի տակ, որն անընդհատ հիշեցնում էր թե ինչ է տեղի ունեցել 1974թ.-ին:
Սույն զեկույցը միտված է ուշադրության հրավիրել հատկապես ավագ սերնդի ճարտարապետներին ու արվեստաբաններին Սուրբ Մակարավանքի պատմությունը լայնածավալ ուսումնասիրելու, ինչու չէ նաև վերականգնման առաջարկներ ներկայացնելու համար: Թեև առկա են որոշակի դժվարություններ ՀՀ քաղաքացիների մուտքը կղզու հյուսիսային հատված, սակայն ուսումնասիրությունների առաջին քայլն արված է, որը հետագայում ճանապարհ կհարթի ուսումնասիրելու ու դիտարկելու նաև կղզու հյուսիսային հատվածի Ֆամագուստա ավիրված քաղաքի Կանչվոր /Գանչվոր/ Սուրբ Աստվածածին վանքը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրական է արձագանքել Սուրբ Մակարավանքի վերանորոգման բազմաթիվ առաջարկներին, իսկ Թուրքիայի ու Հյուսիսային Կիպրոսի իշխանություններն ամենևին դեմ չեն վանքի վերանորոգմանը, սակայն առանց ֆինանսական օժանդակության: Ուստի մնում է միայն պետական մակարդակով ու քաղաքակիրթ աշխարհի օժանդակությամբ փրկել Սուրբ Մակարավանքըª Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ազգային այս գանձը:

Մարտին ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ

ՀՀ ԳԱԱ Արվեստի Ինստիտուտ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում