USD
EUR
RUB

Ա Պետրոս 3:5-8

 

5. Քանզի ա՛յսպէս երբեմն և կանայք որ յուսացեալ էին յԱստուած, զարդարէին զանձինս հնազանդե՛լ իւրեանց արանց։

Մի ժամանակ այսպե՛ս էին իրենք իրենց զարդարում Աստծո վրա հույս դրած կանայք, որոնք հնազանդվում էին իրենց մարդկանց:

6. Որ֊պէս և Սարրայ՝ զի հնազա՛նդ էր Աբրահամու. և տէ՛ր իւր կոչէր զնա. որոյ եղերուքն դուք որդի՛ք. բարեգո՛րծք էին, և ո՛չ կասկածէին՝ և ո՛չ ՚ի միոջէ ինչ երկիւղէ։

Այդպես էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում, և դուք նրա զավակները եղաք. նրանք բարեգործ էին ու չէին սարսափում և ո՛չ մի բանից:

7. Սոյնպէս և արք իմաստութեա՛մբ բնակեսցեն ընդ նոսա. իբրև տկա՛ր անօթոյ առնիցեն պատիւ կանանց և իբրև ժառանգակցա՛ց շնորհացն կենաց. զի մի՛ խափան լիցին աղօթիցն ձերոց։

Նույնպես և տղամարդիկ թող իմաստությա՛մբ ապրեն իրենց կանանց հետ, պատվեն նրանց, իբրև դյուրաբեկ անոթի, իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինեն:

8․ Եւ գլուխ ամենայնի, զի համամի՛տք իցէք, համակարի՛ք, եղբայրասէ՛րք, ազնուագո՛ւթք, խոնա՛րհք։

Եվ, ամենագլխավորը, եղե՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ, խոնարհ։

Մեկնություն

Պետրոս առաքյալը, երբ խոսեց կանանց վայելուչ, գեղեցիկ զարդարանքի մասին և սովորեցրեց մեզ, որ այդ զարդարանքն առաքինություններն են, այսինքն՝ հեզությունն ու հանդարտությունը, որոնք հոգու պատկերը անաղարտ ու անեղծ՝ ըստ սկզբնական կերպարանքի պահել գիտեն, այդպիսով ուսուցանեց մանավանդ հոգի՛ն զարդարել, քան թե մանեկավոր հյուսքերով և ոսկեհուռ վարսակալներով պճնել արտաքինը, քանի որ այս վերջինն ընդունայն զարդարանք է և վավաշոտության պատճառ է լինում՝ գայթակղություն դառնալով Աստծու որդիների՝ Կայենի դուստրերի հետ մերձենալու համար:

Իսկ շարունակելով էլ իր խոսքը՝ այնուհետ առաքյալը ա՛յն կանանց օրինակն է բերում, որոնք իրենց հույսը Աստծու վրա էին դնում, և ոգեկոչում է նրա՛նց նմանվել, քանի որ այդ կանայք ընդունեցին ճշմարտությունն ու հնազանդություն ունեցան՝ նախանձախնդիր լինելով աստվածային վարդապետության իրականացմանը: Այս պատճառով էր, որ, ահավասիկ, առաքյալն ասաց. «Մի ժամանակ այսպե՛ս էին իրենք իրենց զարդարում Աստծո վրա հույս դրած կանայք, որոնք հնազանդվում էին իրենց մարդկանց»:

Երանելին ասում է՝ «մի ժամանակ այսպես էին անում», այսինքն՝ «վարվում էին ըստ այն վարդապետության, որը ես ձեզ գրում և ուսուցանում եմ, ձե՛զ, որ շնորհի տակ եք և որ վայելողն եք Քրիստոսի պարգևների, որովհետև տրտմության ու անեծքի երկունքը վերացվեց ձեզնից կենսածին Կույսի շնորհիվ»: Իսկ ահա նրանք, ովքեր այդ շնորհից առաջ էին ու նախամոր անեծքի դատապարտությանն էին ենթակա, իրենց աչքի առջև ո՛չ օրինակ ունեին, ո՛չ վարդապետներ, ո՛չ մարգարեներ և ո՛չ առաքյալներ:

Այլ այդ կանայք միայն իրենց բնական օրենքով ու Աստծու հանդեպ ունեցած հույսով էին նախագուշակում Ավետարանի շնորհները և հեզությամբ, հանդարտությամբ ու մյուս առաքինություններով էին զարդարում սեփական անձերը՝ հլու և հնազանդ լինելով իրենց ամուսիններին: Բայց միևնույն ժամանակ նրանց աչքերը սիրունատես ու գեղեցիկ էին՝ առավել, քան արտաքին զարդարանքների՝ շպարի ու դեմքի այլ քսուքների, բամազան հյուսքերի, ոսկեհուռ վարսակալների և պաճուճազարդ հանդերձների ու մնացյալ պչրանքների հաղորդած «գեղեցկությունը»:

Եվ թեպետ այդ կանայք իրենց աչքերը «գունազարդելով» գրավչություն էին առաջացնում սեփական անձի հանդեպ, սակայն նրանք մշտապես սրտում երկյուղ ունեին, որ գուցե իրենց այդ կերպարանքը պատճառ դառնա ուրիշների այնպիսի մի գայթակղության, որ իրենք ստիպված լինեն ամուսնանալ նման պագշոտ մարդկանց հետ:

Իսկ ահա այն կանայք, որ Աստծուն էին հուսացել, հենց Նրանից էլ ստանում էին փոխհատուցումը իրենց առաքինությունների: Նրանք ամոթխածությամբ էին զարդարում իրենց անձերը և ազատ էին վերոնշյալ մտավախությունից: Աստծուն ապավինած այդ կանայք համակ հեզությամբ հնազանդվում էին իրենց ամուսիններին, իսկ կանացի ընդունայն «գեղեցկությունն» ու կեղծ պաճուճանքն էլ խորթ էին նրանց համար:

Այն բանի համար է Պետրոս առաքյալը նրանց օրինակը բերում, ովքեր միայն բնության օրենքով իսկ արդարացան և ովքեր Ավետարանի նկարագրած առաքինությունները դրոշմեցին իրենց հոգիներում, որպեսզի այդպիսով ամոթանք տա այն կանանց, որոնք ընդունայն կյանքով են կենցաղավարում. ո՛չ ըստ բնության օրենքի, ո՛չ ըստ քրիստոսապատում Ավետարանի վարդապետության և ո՛չ էլ առաքելական խրատներին ականջալուր լինելով՝ այդպիսիք չեն կամենում համեստանալ ու հեզությամբ և հանդարտությամբ առաքինությունների կրողը դառնալ:

Եվ որպեսզի որևէ մեկն էլ տարակուսանքի մեջ չընկնի ու չասի, թե՝ «ովքե՞ր էին արդյոք այդ կանայք, որոնք այդքա՜ն համեստություն ունեին՝ այն աստիճան, որ մինչև իսկ մյուսների համար իբրև օրինակ են հանդես գալիս», այս պատճառով էլ առաքյալը թվում է այդ կանանցից մեկին, որը շատ պատվական մի կին էր թե՛ Աստծու և թե՛ մարդկանց առաջ: Խոսքը Սառայի մասին է, որ աղբյուրն էր օրհնությունների և որի օրինակն է առաքյալը մեր առջև դնում՝ պատգամելով նրանի՛ց ուսանել աստվածասիրությունն ու այրասիրությունը: Եվ ահա երանելին հետևյալ խոսքն է ասում. «Այդպես էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում»:

Արդ, տեսնենք, թե արդյոք ե՞րբ էր, որ կանանց մեջ երանելի Սառան այդպիսի հնազանդություն ցույց տվեց իր ամուսնու նկատմամբ: Այդ մասին վկայվում է շատ տեղերում, ամենուր այդ մասին է խոսվում և ովքեր կամենում են ուսանել այդ, թող որ ազատ գնան ու խնամքով ընթերցեն Սուրբ Գիրքը, որպեսզի այնտեղից տեղեկանան Սառայի մասին: Իսկ մանավանդ հիշատակելի է փարավոնի առաջ Սառայի՝ իր ամուսնու նկատմամբ ցույց տված հնազանդությունը, որից դրդված նա հանձն առավ իր պարկեշտ ու անպիղծ կյանքը կորստյան մատնել հանուն Աբրահամի հանդեպ տածած սիրո և հնազանդության: Իսկ այսպիսի օրինակները բազմաթիվ են:

Ինչ վերաբերում է «նրան իր տերն էր կոչում» խոսքին, ապա դա այն ժամանակ եղավ, երբ Աստված հրեշտակների կերպարանքով հյուընկալվեց Աբրահամին ու Սառային՝ փոքր-ինչ հանգստանալու նպատակով: Եվ երբ Տերը ճաշակում էր Իր համար պատրաստված հորթի միսը, Իսահակի ծննդյան ավետիսը տվեց ամուսիններին, իսկ Սառային էլ խոստացավ, որ նա բազում ու բյուրավոր սերունդերի և շատ ժողովուրդների մայր է լինելու:

Սառան էլ, այս հրաշափառ խոսքերից զարմանալով՝ երկբայության մեջ ընկավ, և տեսնելով ամուսնու ծերությունն ու մանուկ ծնելու իր անկարողությունը՝ ասաց. «Արդյոք ինչպե՞ս պիտի այդ ինձ պատահի իմ այս տարիքում, երբ իմ տերն էլ արդեն ծերացել է»: Տեսնո՞ւմ ես, թե Սառան ինչպիսի՜ պատվով էր պատվում իր ամուսնուն, ինչպե՜ս էր ակնածում նրանից և ինչպիսի՜ հնազանդություն էր ցուցաբերում նրա նկատմամբ:

Իսկ երանելի Պետրոսը այնուհետ էլ մեկ այլ հորդորական խոսք է ուղղում իր ունկնդիրներին, որով նրանց մեծ հարգանքի ու պատվի է արժանացնում՝ ասելով հետևյալը. «Եվ դուք նրա զավակները եղաք. նրանք բարեգործ էին ու չէին սարսափում և ո՛չ մի բանից»:

Արդարև, բարեգործ ու ամեն գովասանքի արժանի կանայք էին նրանք, ովքեր մարդկային բնության՝ խորին խավարով ու անթափանց մառախուղով պատված լինելուն հակառակ, մեղքի դեմ իրենց «գիշերամարտն» էին պատերազմում նրա՛նց դեմ, ովքեր ո՛չ օտար էին ճանաչում և ո՛չ հարազատ, այլ առանց խտրության պատառոտում էին միմյանց՝ իբրև շների մի խումբ ու գայլերի ոհմակ:

Այդ այն ժամանակներն էին, երբ մարդիկ անաստվածության պատրանքների մեջ էին, երբ ողորմելի անմտության վիճակում էին գտնվում, երբ խաբում ու գողանում էին իրարից ու ամեն ոք անում էր՝ ինչ կամենար: Բարին չար էին համարում, իսկ չարը՝ բարի, լույսը խավար էին կոչում, իսկ խավարը՝ լույս, քաղցրը դառն էին կարծում, իսկ դառնը՝ քաղցր:

Մինչդեռ ահա այս կանայք, այդպիսի չարիքների մեջ ապրելով, բարեգործներ եղան ու, իբրև ծովի խորքերը մխրճվող մի կայծակ, շանթահարելով՝ անօրենության հոսքին ենթակա չեղան: «Իսկ դուք,- ասում է երանաշնորհ առաքյալը,- ահա այսպիսի բարեգործների որդինե՛ր եղաք, ուրեմն պարտավոր եք նմանվել ձեր բարեգործ ծնողներին, քանի որ սրբերի հետ ազգակցությունը ձեզնից ոչ թե միայն մարմնական նմանություն, այլև հոգևոր, առաքինությունների տեսքով դրսևորվող նմանություն է պահանջում»:

Իսկ մեր Տերն էլ հետևյալն է ասում նրանց մասին, ովքեր իրենց ծնողների առաքինության օրինակը չընդօրինակեցին. «Եթե դուք Աբրահամի որդիները լինեիք, Աբրահամի գործերը կգործեիք, բայց դուք հոր կողմից սատանայի զավակներ եք»: Ուստի դուք ևս ձեր բարեգործ ծնողներին պիտի նմանվեք՝ նրանց բարի գործերի որդիները լինելով, որպեսզի չլինի թե դատապարտության ենթակա դառնաք ու զրկվեք նրանց որդիները լինելու պատվից: Այս պատճառով էր Հովհաննեսն ասում, թե Աստված քարերից էլ կարող է Աբրահամի որդիներ ստեղծել:

Եվ դարձյալ, ինձ այնպես է թվում, թե առաքյալը հավատքի «ազգականությունն» է ակնարկում՝ իր այս խոսքն ասելով, և նպատակ է հետապնդում այդպիսով ցույց տալու աստվածային սիրո կապը, որն ավելի ամուր է մարմնական ազգականությունից: Դրա համար էլ, ահավասիկ, երանելին ասում է. «Եվ դուք նրա զավակները եղաք. նրանք բարեգործ էին»:

Այդպիսին էին, օրինակ, Սառան, Ռեբեկան, Լիան, Ռաքելն ու Աննան: Նրանք հնազանդ էին և խոնարհ, բարեձև՝ ամեն առումով: Նրանք Աստծու սիրելիներն էին և միաժամանակ հաճելի էին իրենց ամուսինների աչքին «ու չէին սարսափում և ո՛չ մի բանից»: Այս ասելով՝ առաքյալն ուզում է մեզ ծանուցել, որ մեծ երկյուղ ու չարահնար կասկած կարող է առաջանալ կնոջ և տղամարդու միջև, եթե տղամարդն իր կնոջը տեսնի մարմնական զարդերով, գույնզգույն զգեստներով ու զանազան այսպիսի պչրանքներով զարդարված, ինչպես նաև՝ լկտի երգեր երգելիս: Այդ դեպքում տղամարդը երբեք չի դադարի իր կնոջ հանդեպ չարառիթ կասկած ունենալուց:

Ահա այս պատճառով էլ այդպիսի կինը մշտապես սարսափի ու չսպառվող մտածմունքների մեջ է լինում, ինչի հետևանքով ատելություն է ծնվում նրա ներսում, իսկ ատելությունից էլ առաջանում են վեճ ու կռիվ, բազում հակառակություններ և, ի վերջո, բաժանում: Մինչդեռ այն կանայք, որոնք բարեգործ ու համեստ են՝ հույսով Աստծուն ապավինած և ամոթխածությամբ զարդարված, «չեն սարսափում և ո՛չ մի այսպիսի բանից»:

Երբ առաքյալը խրատեց կանանց և իրենց բնորոշ ու վայել առաքինություններ «պահանջեց» նրանցից, հրամայեց հնազանդ լինել իրենց ամուսիններին՝ որպես իրենց գլխի և տիրոջ, բարեգործ ու Աստծու հանդեպ տածած հույսով զարդարուն կանանց օրինակով էլ գոտեպնդեց նրանց և բարեգործություններն էլ իբրև ճանապարհ մատնանշեց ամեն տեսակի երկյուղալի խռովքներից զերծ մնալու համար, այդուհետ էլ տղամարդկանց անցավ՝ վերջիններիս համար ևս «օրինադրելով» հնազանդության միևնույն չափը և պատվիրելով, իբրև մարմնի անդամների գլուխ, սիրել ու խնամել իրենց կանանց:

Երանելի առաքյալն այսկերպ կամենում է խրատել, որ տղամարդն իրեն ավելի բարձր չկարծի և կնոջից որևէ բանով առավել չհամարի: Այս միտքը փոխանցելով մեզ՝ առաքյալն ասում է. «Նույնպես և տղամարդիկ թող իմաստությա՛մբ ապրեն իրենց կանանց հետ, պատվեն նրանց, իբրև դյուրաբեկ անոթի»։

Բոլոր հարցերում ու բոլոր գործերում մենք իմաստությամբ առաջնորդվելու կարիք ունենք, և առավել ևս զգուշությա՛ն կարիքն ունենք, որպեսզի անխաթար գործենք այն, ինչ կարգուկանոնն է թելադրում և ա՛յն, ինչ պարտավոր ենք գործել: Բայց մանավանդ մեծ իմաստության կարիքն ունեն տղամարդիկ՝ կնոջ հետ բնակվելիս, քանի որ հակառակ դեպքում սարսափելի ու մեծամեծ վնասներ կան, որոնք կարող են սպառնալ այր և կին հարաբերություններին, վնասներ, որոնք և՛ նրանցից յուրաքանչյուրի բնությամբ են պայմանավորված, և՛ ուրիշ, «արտաբնութենական» պատճառներ ունեն:

Ու ինչպես որ, զոր օրինակ՝ իժի և քարբի հետ բնակվելու համար իմաստություն է պետք, որպեսզի նրանց խայթոցին չենթարկվես և չվիրավորվես, նույնպես և իմաստության կարիք ունի նա, ով անզգամ ու շնաբարո կնոջ հետ է բնակվում, որը հացակից է գազաններին, աթոռակից՝ դաժանությանը և որը հրահրիչ է պատերազմների. և դեռ արդյոք այդ ո՞ր չարաթույն գազանը գիտի այնպե՛ս խայթել, ինչպես չար ու անզգամ կինն է խայթում:

Արդ, ուրեմն, անզգամի հետ բնակվելու համար կատարյալ իմաստություն է պետք, այնպես, ինչպես որ իմաստություն է հարկավոր գազաններին՝ ընձառյուծին ու առյուծին ընտելացնողներին՝ զգաստացնող ձայնով մշտապես նրանց առաջնորդելու համար, որպեսզի նրանք վանդակից դուրս չգան և իրենց գազանությունը «չգործադրեն»: Իսկ ահա բարեգործ ու ողջախոհ, խոնարհ և առաքինի կնոջ հետ ապրելիս էլ իմաստությունն անհրաժեշտ է նրան պատվելու և սիրելու ու, իբրև դյուրաբեկ անոթի, խնամելու համար:

Արդարև, մի դյուրաբեկ անոթ է կին-մարդը և՛ ըստ իր բնության, և՛ ուրիշ, բնությունից անկախ այլ պատճառներով: Ըստ բնության, քանի որ թույլ է և տկար՝ տղամարդկային ուժի հետ համեմատած, ու իսկույն էլ այս կամ այն հաճույքին տրվող: Իսկ բնությունից դուրս տկարության պատճառներն էլ կնոջ համար տրտմության կիրքը, սուգը, անզուսպ ողբն ու արտասուքն են, որոնք կնոջ վրա ավելի շատ են «ներգործում», քան թե՝ տղամարդու:

Արդ, եթե օրինակ՝ մեկը մի դյուրաբեկ, խեցեղեն կամ ապակեղեն անոթ գնի, առավել ևս զգուշություն և զգաստություն պիտի ունենա այն անվնաս պահելու համար, որպեսզի չլինի թե այդ անոթը մի ծանր առարկայի դիպչելով՝ կոտրվի: «Այդպես էլ և դուք, ո՜վ տղամարդիկ,- խրատում է առաքյալը,- կին առնելով՝ առավել ևս զգուշություն պիտի ցուցաբերեք նրանց «պահպանության» համար, քան թե՝ դյուրաբեկ անոթի պարագայում, քանի որ կինը ամեն մի դյուրաբեկ բանից էլ առավել դյուրաբեկ ու թույլ է:

Ուստի և դու պարտավոր ես պատվել ու մեծարել քո կնոջը, խնամք տանել նրա նկատմամբ և օգնել նրան բոլոր հարցերում: Դու չպե՛տք է խստաբարո լինես կնոջ հանդեպ ու գավազանով հարվածես նրան, ինչը կարող է պատճառ դառնալ նրա մահվան համար: Դու չպիտի՛ խոսքով ծաղրես կամ որևէ ուրիշ կերպ թշնամանաս նրան, որպեսզի նա «չփշրվի» ու շատ հարցերում դրսևորվող մե՜ծ տրտմության պատճառ դառնա քեզ համար»:

Տեսնո՞ւմ ես, թե երանելի առաքյալը և՛ կնոջ, և՛ տղամարդու համար իմաստությամբ լի ինչպիսի «օրենքներ» է սահմանում: Քանի որ կնոջը օրինադրելով՝ միայն հնազանդություն և իր ամուսնու հանդեպ մտերմություն պահանջեց նրանից, իսկ տղամարդուն էլ պատվիրում է առավելաբար պատվել ու խնամակալություն ցուցաբերել կնոջ նկատմամբ՝ իր արիական բնությամբ նեցուկ և օգնական լինելով կանացի ու թույլ բնությանը:

Այս նույն «օրենքով»՝ միայն թե մի փոքր հավելումներով, առաջնորդվել է պահանջում նաև Պողոսը և պատկառազդու օրինակների միջոցով տղամարդկանց հորդորում է պատվել իրենց կանանց՝ հետևյալ խոսքն ասելով. «Տղամարդի՛կ,- ասում է,- սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց Իր եկեղեցուն և Իր անձը մատնեց նրա համար, որպեսզի ավազանի մկրտությամբ սրբի նրան և որպեսզի եկեղեցին որևէ արատ, որևէ խորշ կամ աղտեղություն չունենա: Արդ, ուրեմն, ինչպես որ Քրիստոս սիրեց Իր եկեղեցուն՝ նրան Աստծո առաջ անվերք ու անսպի կանգնեցնելով, այդպես լ դուք,- ասում է Պողոս առաքյալը,- պարտավոր եք սիրել ձեր կանանց»:

Տեսնո՞ւմ ես բերված օրինակը, որն առավել քան ճշմարիտ է: Ուրեմն, այս օրինակի՛ց դու ուսանիր ճշմարտությունն ու այնպիսի՛ սեր, խնամք և հոգածություն դրսևորիր կնոջդ հանդեպ, որպիսին որ Քրիստո՛ս ցուցաբերեց Իր եկեղեցու նկատմամբ:

Իսկ ահա Պետրոս առաքյալը, շարունակելով իր խոսքը, կամենում է այն ասել, որ միայն հեշտասիրություն ծնող մարմնական կենակցության համար չէ, որ անհրաժեշտ է պատվել կնոջը, այլ նաև հոգևոր ու աստվածայի՛ն «կենակցության» համար: Եվ արդ, առաքյալն ասում է. «Իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների»:

«Կյանքի շնորհ» ասելով՝ երանելին այստեղ Քրիստոսի շնորհները նկատի ունի, որոնք Քրիստոս պարգևել է բոլորին, որոնք համապատիվ են միմյանց, քանի որ Հիսուս Քրիստոսով խտրություն չկա ո՛չ արուի և ո՛չ էգի միջև, այլ առաքինությամբ ամենքն էլ համապատիվ ու հավասար են իրար:

«Արդ, եթե դուք, ո՛վ տղամարդիկ,- ասում է առաքյալը,- ձեր ձեռքն առնեք արորն ու հերկեք առաքինության արտը և արդարություն ու ողջախոհություն սերմանեք այնտեղ, ապա կյանքի պտուղներ կքաղեք, ինչպես որ գրված է: Իսկ ձեր կանայք էլ ձեր հոգևոր ջանքերի գործադրման հարցում ձեր օգնականները կլինեն ու իրենց համեստ և պարկեշտ տնակցությամբ կխաղաղեցնեն մարդկային բնությունը փոթորկող ցանկությունների ալիքները: Մանավանդ եթե նրանք էլ հոգևոր բարեգործությունների միջոցով ձեր ունեցած միևնույն առաքինությունները ամբարել կարողանան, ժառանգակից կլինեն ձեր ունեցած կյանքի շնորհներին՝ այդպիսով էլ առավել պատվի ու մեծարանքի արժանանալով ձեզանից»:

Իսկ այնուհետ էլ առաքյալը «հիմնավորում» է կնոջը պատվելու և հոգածությամբ վերաբերվելու անհրաժեշտությունն՝ ասելով. «Որպեսզի,- ասում է,- ձեր աղոթքներին արգելք չլինեն»:

«Աղոթք» ասելով՝ առաքյալը գուցե Տիրոջ կողմից ասված ու մեզ ավանդված հանապազորյա աղոթքը նկատի ունի, որի մասին Քրիստոս ասում է՝ «Ամեն ժամ աղոթք արեք»՝ նաև այդ աղոթելու նպատակը շեշտադրելով՝ «որպեսզի փորձության մեջ չընկնեք»: Տիրոջ այս խոսքն է ասես «կնքում» առաքյալը և ինքն էլ հետևյալն է ասում, թե՝ «կամենում եմ, որ տղամարդիկ ամեն տեղ աղոթքի կանգնեն և սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր»:

Կամ էլ գուցե առաքյալը, «աղոթք» ասելով, նկատի ունի եկեղեցական տոներն ու ուխտերը, որոնց մասին է, որ իր այդ պատվերն է տալիս երանելին: Ե՛վ այս, և՛ նմանատիպ մյուս աղոթքները առավելաբար հոգու անզբաղ մտածության կարիք ունեն, որպեսզի չլինի թե մարդու հոգին, բազում զբաղումների և խռովությունների մեջ ընկղմված լինելով, ինչն, ի դեպ, մարդկային բնությունը սովոր է անել իր նանիր կյանքի պատճառով, որևէ խոչընդոտի հանդիպի աղոթքի ժամանակ, ինչն էլ կկուրացնի միտքը՝ աստվածային լույսը տեսնելուն անկարող դարձնելով մարդուն:

Այս իսկ պատճառով էլ մեծ իմաստություն է պետք նրանց, ովքեր կանանց հետ են բնակվում, որպեսզի այդ իմաստությամբ պատշաճորեն պատվեն ու աստվածային ուսուցումներով խրատեն իրենց կանանց՝ զգուշավորություն ունենալու և Աստծու պատվիրանների մասին «հոգ տանելու» համար, որպեսզի և նրանք իրենց կանացի ու մեղկ ընթացքով, ինչպես առաքյալն է ասում, «արգելք չլինեն» տղամարդկանց աղոթքներին:

Արդարև, աղոթքը խոսք է Աստծու հետ և այն օգտակար ու պիտանի է ամեն բանի: Աղոթքը հոգեկան սպեղանի ու դարման է, ինչպես նաև մարմնական ամեն մի վիրալից փորձության համար: Եվ դեռ աղոթքը մարդուն հարազատեցնում է Աստծուն: Աղոթքը հրեշտակային գործառնություն է, քանի որ նրանք՝ հրեշտակները, որևէ այլ զբաղում չունեն, այլ միայն «տարված» են Աստծուն օրհնելով և փառավորելով, ինչը զուգորդվում է սրբաբանությամբ ու աշխարհի փրկության համար զանազան խնդրանքներով:

Աղոթքը առաքյալների ու մարգարեների «գործն» է, իսկ նրանց այդ «զբաղումի» մասին վկայում են հենց իրենց իսկ խոսքերը: «Ես գիշերն արթնանում էի՝ խոստովանելու Տիրոջ անունը- ասում էր Դավիթը,- Նրա կարողության և արդարության համար», և թե՝ «Իմ աղոթքը Տիրոջը պիտի մատուցեմ Նրա ողջ ժողովրդի առջև», ու դարձյալ՝ «Ամեն ժամ պիտի օրհնեմ Տիրոջը, Նրա անվան օրհնաբանությունն իմ շուրթերին պիտի լինի ամեն ժամ»:

Եվ դեռ նրանք ոչ թե միայն աղոթքի խոսքեր են մեզ ուսուցանում, այլև սովորեցնում են, թե որն է աղոթքի համար պատշաճագույն ժամանակը և թե քանի անգամ է պետք աղոթել: «Օրվա մեջ յոթն անգամ,- ասում է,- պիտի օրհնեմ Քեզ»: Եվ դարձյալ՝ «Ես Աստծուն աղոթեցի երեկոյան, առավոտյան և կեսօրվա ժամին»: Այսպիսի այլ, բազում օրինակներ կան, որոնք, եթե մեկը մտքին դնի, կարող է գտնել սաղմոսների մեջ:

Իսկ այն, որ աղոթելը նաև առաքյալների «գործն» էր, մենք իմանում ենք Պետրոսի և Հովհաննեսի՝ աղոթելու նպատակով իններորդ ժամին տաճար բարձրանալուց, երբ էլ որ, ի դեպ, նրանք բժշկեցին ի ծնե կաղ անդամալույծին: Նաև՝ Պետրոսը, օրվա վեցերորդ ժամին տանիք ելնելով, աղոթք էր անում էր, երբ քաղց զգաց ու կամեցավ կերակուր ճաշակել, որից հետո էլ այն հրաշալի տեսիլքն ունեցավ՝ չորս ծայրերից կախված այն անոթը տեսնելով: Իսկ Պողոսն ու Շիղան էլ գիշերը՝ բանտում, օրհնում էին Աստծուն, ինչի շնորհիվ սքանչելիքներ էին գործում, ցնցում բանտը և բացում բանտախցի դռները, որն էլ, ի դեպ, պատճառ դարձավ բանտապետի դարձի գալուն:

Սակայն ինչո՞ւ եմ ես ծառաների թողած օրինակները թվում. հենց Իր՝ ամենքի Տիրոջ ու Արարչի մասին պատմեմ այժմ ձեզ: Հիսուս էլ գիշերով աղոթքի էր կանգնում Աստծու առաջ, Հիսուս խաչի վրայից ուժգին գոչյունով ու արտասուքով աղոթք էր վերառաքում Նրա՛ն, ով կարող էր Իրեն փրկել մահվանից:

Իսկ, առհասարակ, սրբերի գրեթե բոլոր դասերն առավելաբար աղոթքի՛, քան թե մնացյալ բոլոր բարեգործությունների շնորհիվ արդարացան ու Աստծու ընտանիքի անդամները դարձան, քանի որ բոլոր մյուս բարեգործություններն Աստծուն ուղղված նախընծան են, իսկ Տիրոջը մատուցվող աղոթքն ու Նրանից բարիքների հայցումը սրբերի թողության պարգևն է, առողջության մայրը փորձությունների դադարեցուցիչը, երկնքի մուտքը բացողն ու Աստծուն մարդկանց հետ հաշտեցնողը: Աղոթքը մարդկանց հրեշտակների է վերածում ու սլացիկ թռիչքով բարձրացնում է Երկինք՝ Աստծու առաջ կանգնեցնելով:

Իսկ մենք դարձյալ առաքյալի խոսքին վերադառնանք. «Եվ, ամենագլխավորը,- ասում է նա,- եղե՛ք համախորհուրդ, կարեկից»:

Առաքյալը, որ նախ կանանց պատվիրեց երկյուղածությամբ հնազանդ լինել իրենց ամուսիններին, ինչպես տերերին հնազանդ կլինեին, իսկ ապա տղամարդկանց էլ խրատեց պատվել իրենց կանանց, իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, այդուհետ էլ, վերոնշյալ խոսքով, միաժամանակ երկուսին է խրատում մեկ կամք ու մեկ հոժարամտություն ունենալ Աստծու պատվիրանների հանդեպ, չըմբոստանալ, չկռվել ու հակառակությամբ չվարվել իրար նկատմամբ։

Այդ պատճառով է ասում՝ «ամենագլխավորը, եղե՛ք համախորհուրդ, կարեկից»։ Առաքյալի ասած այս խոսքը հետևյալն է նշանակում․ «Ձեր բոլոր բարեգործությունների գլուխն ու ավարտը թո՛ղ որ այն լինի, որ դուք մեկ մտքի ու միևնույն կամքին հանգեք և ձեզնից անսահմանորեն հեռու վանեք ամեն մի տարամիտ կամեցողություն ու մտակարծություն»։

Իսկապես որ, թե՛ բարեգործություն անելիս, թե՛ տունը շենացնելիս, թե՛ զավակներին խնամելիս և թե՛ ծառաների մասին հոգ տանելիս անմիաբան միտք ու տարամիտվող կամք ունենալը հակառակության նշան է, խռովության, անհաշտ թշնամության և միության լուծարման պատճառ։

«Ահա այդ պատճառով էլ ա՛յս եմ պատվիրում ձեզ,- ասում է առաքյալը,- թո՛ղ որ ձեր բարի գործերի գագաթնակետը լինի մեկ միտք ունենալը, միևնույն կերպ խորհելն ու միևնույն իմացության տեր լինելը, ինչը որ գրավականն է տան շենության ու հոգիների փրկության և լրումը՝ աստվածային պատվիրանների։ Ուստի եղե՛ք համախորհուրդ, կարեկից»։

Ինձ այնպես է թվում, որ «կարեկից» լինել պատվիրելով՝ երանելին այն միևնույն՝ նախորդ միտքն է շոշափում, քանի որ այրն ու կինը, մեկ մարմին լինելով, նույն կարիքներն ունեն։ Երկուսն էլ, իրենց բնույթով պայմանավորված, նույն պահանջմունքների «կրողն» են, ինչի մասին որ խոսում է Պողոս առաքյալը՝ ասելով․ «Մի՛ զրկեք իրար այդ բանի մեջ, այլ միայն այն դեպքում, եթե երկուսդ էլ միաբան կերպով որոշել եք ուխտ անել, բայց և վերստին միմյա՛նց դարձեք, որպեսզի չփորձվեք սատանայի կողմից»։

Ուստի անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը իրենը համարի դիմացինի կարիքը, քանի որ մեզ պատվիրված է հոգ տանել մեր ընկերների կարիքների մասին, ինչպես որ ուսանում ենք հաջորդ խոսքի միջոցով, որպեսզի չլինի թե մեկը կամենա կատարել որևէ մպատվիրան, իսկ մյուսը հակառակվի նրան։ Ահա ա՛յս պատճառով առաքյալն ասում է՝ «Եղե՛ք կարեկից, եղբայրասեր»։

Երանելին ասես իր ոսկեշար խոսքերին մարգարիտ է ավելացնում՝ միմյանցից տարբեր պատվիրաններ թվելով: Այդ շարանի սկզբում առաքյալը «տեղադրում» է տղամարդու և կնոջ՝ միմյանց համախորհուրդ և կարեկից լինելու առաքինությունը, իսկ այնուհետ շարանը լրացնում է մեկ այլ պատվիրանով՝ ասելով. «Եղե՛ք եղբայրասեր, ազնվագութ»:

Օրենքի առաջին պատվիրանը Աստծուն սիրելն է, երկրորդը՝ սիրելն ընկերոջը սեփական անձի պես: Եվ արդ, այդ դեպքում ինչո՞ւ է առաքյալը, առաջին պատվիրանը զանց առնելով, երկրորդ՝ շատ վայելուչ ու իմաստությամբ լի պատվիրանը թվում: Քանի որ Աստծուն սիրելու անհրաժեշտությունը մարդիկ իրենց բնության պահանջով իսկ ունեն, ուստի բազմաթիվ խրատների կարիք չկա այլևս, իսկ ահա ընկերոջը սիրելու առաքինությունը բնությունից անդին եղող պահանջմունք է, ուստի և բազմազան ու հորդորեցուցիչ խրատների կարիք կա, էլ չեմ ասում, թե որքա՜ն զգուշավարություն է անհրաժեշտ այդ երկրորդ պատվիրանը կատարելու համար:

Այդ իսկ պատճառով է, որ բոլոր սրբազան խոսքերը մեզ այս են հորդորում՝ լինել եղբայրասեր: Եվ հենց Ինքը՝ մեր Տեր ու Աստված Հիսուս, մեզ սիրելու պատճառով մեր եղբայրը դարձավ և մեր բոլոր կարիքները կրեց Իր Աստվածությամբ: Նա այս կերպ «նկարագրեց» Իր ծառաներին վայել կերպարանքը՝ ասելով. «Այն բանից ձեզ կճանաչեն, թե դուք Իմ աշակերտներն եք, եթե սիրեք միմյանց»: Այս միևնույն միտքն է արծարծում նաև Պետրոս առաքյալը՝ պատվիրելով սեր ցուցաբերել եղբոր նկատմամբ ու ասելով. «Եղե՛ք եղբայրասեր»:

Եվ որպեսզի որևէ մեկն էլ իր ասած այս խոսքը հարևանցիորեն չընդունի ու մատների արանքով չնայի այդ պատվիրանին, առաքյալը իր խոսքի շարունակության մեջ հետևյալն է ասում. «Եղե՛ք ազնվագութ»: Երանելին, «ազնվագութ» ասելով, նկատի ունի ա՛յն մարդուն, ով իր ողջ սրտով է սիրում ու ոչ թե միայն սիրում, այլ նաև գթում է, ինչպես որ հայրը՝ որդուն, այլ նաև տապակվում, աղեկիզվո՛ւմ է ընկերոջ ցավերով ու կարիքներով և մահու չափ ջանքեր է գործադրում՝ նրան իր ծանր կացությունից դուրս բերելու համար:

Չէ՞ որ կան այնպիսի մարդիկ, որոնք սիրելը՝ սիրում են, բայց այդ անում են ոչ թե սրտացավությամբ, այլ հարկադրված կամ էլ մարդկանց աչքին լավը երևալու համար: «Իսկ ես այդպիսի սեր չեմ կամենում,- ասում է առաքյալը,- այլ ուզում եմ, որ դուք ազնվագութ լինեք և գթասրտությամբ ամեն բան կիսեք ձեր եղբոր հետ, այդ թվում և՝ ինչք ու ունեցվածք: Եվ եթե ձեր ընկերը արդեն իսկ կարող լինի էլ աշխատելու և իր հոգսերը հոգալու, թո՛ղ որ, սակայն, նրա հանդեպ ձեր սերը վախճան չունենա այդպիսով»:

Արդ, այնպիսի՛ սիրով սիրելն է անհրաժեշտ ու վայելուչ, ինչպիսի սիրով սիրել որ Պողոս առաքյալն է խրատում. «Եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին,- ասում է նա,- և իմ մարմինը մատնեմ այրվելու, սակայն սեր չունենամ ու նաև՝ ազնվագութ չլինեմ, որևէ օգուտ չեմ ունենա»:

Իսկ այդուհետ էլ Պողոսը, շարունակելով իր խոսքը, ազնվագութ սիրո պտուղներն է թվարկում. «Սերը համբերող է ու քաղցրաբարո,- ասում է երանելին,- սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, հանդգնություն չի ցուցաբերում, չի հակառակվում, իրենը չի փնտրում, չի գրգռվում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա: Ամեն բանի դիմանում է, ամեն բանի՝ հավատում, մշտապես հույս է տածում, ամեն բանի՝ համբերում: Սերը երբեք չի անհետանում»:

Իսկապես որ, սերը երբեք չի վերանում. ո՛չ թշնամանքի ու ո՛չ գովասանքի, ո՛չ աղքատության ու ո՛չ հարստության, ո՛չ ազատության ու ո՛չ ծառայության, ո՛չ առողջության ու ո՛չ հիվանդության, ո՛չ թշվառության ու ո՛չ բարեկեցության պատճառով: Այլ ամեն պարագայում էլ սերը մշտապես իր միևնույն բարքն է դրսևորում, չի փոխում իր կերպարանքն ու չի այլայլվում:

Աստվածատուր բոլոր շնորհները, կյանքի պայմաններից ելնելով, ենթակա են անհետանալու՝ բացառությամբ, սակայն, սիրո շնորհի, քանի որ այդ շնորհը օրըստօրե աճում է, այն կա ու պիտի մնա մշտնջենավորապես՝ առանց վերանալու, որովհետև, ինչպես որ ուսանում ենք Սուրբ Գրքից, Աստված Ինքը սեր է: Արդ, ուրեմն, ինչպես որ Աստված է Իր բնությամբ մշտապես անփոփոխելի, ինչպես որ Աստված երբևէ չի «հնանում» ու չի ծերանում, այդպես էլ ճշմարիտ սերը իր էությունը երբեք չի կորցնում: Ահա այսպիսի՛ն է ազնվագութ մարդու կերպարանքը:

Այնուհետ առաքյալը իր խոսքի շարունակության մեջ անդրադառնում է խոնարհությանը, որ մայրն է բոլոր բարիքների: Խոնարհության հետ չի կարող համեմատվել որևէ այլ առաքինություն, քանի որ բոլոր բարի գործերի հիմքն ու արմա՛տն է խոնարհությունը: Ինչ էլ որ ասելու լինես մնացյալ բոլոր առաքինությունների մասին, միևնույն է, դրանցից որևէ մեկը չի կարող հաստատապես կանգուն մնալ առանց այս առաքինության, այլ վայր կընկնի, կկեղծվի ու ոչնչության կվերածվի: Ուզում է՝ պահք լինի, ուզում է՝ լինի աղոթք, գետնամած երկրպագություն թե արտասուք, ողորմածություն ու մինչև իսկ կուսություն, միևնույն է, առանց խոնարհության այդ առաքինություններից յուրաքանչյուրն էլ խոտելի ու արհամարհելի են:

Խոնարհությունն էր, որ Աստծուն մինչև մարդեղություն խոնարհեցրեց, և մարդկանց խոնարհությա՛ն միջոցով էր, որ Աստված նրանց մինչև երկինք բարձրացրեց: Խոնարհությունն էր, որ չեզոքացրեց այն առաջին ամբարտավանի հպարտությունը, և խոնարհությունն էր, որ մարդկանց վեր բարձրանալու հնարավորությունը ընձեռեց:

Արդարև, նա, ով իսկապես խոնարհություն ունի, կրողն է Քրիստոսի՛ կերպարանքի, որ ճշմարտագույն Խոնարհը, Հեզն ու Մարդասերն էր, որ Իր խոնարհությամբ հանդիմանեց երկրի բոլոր «խոնարհներին» և որ Իր իսկ օրինակը ցույց տալով՝ պատվիրեց այս մեծագույն բարիքի կրողը լինել. «Սովորե՛ք Ինձնից,- ասաց Նա,- քանի որ Ես հեզ եմ և սրտով խոնարհ»: Արդ, տեսնո՞ւմ ես, որ խոնարհություն ձեռք բերելու համար մենք մեծ ուսման կարիք ունենք:

Եվ ինչպես, օրինակ, նրանք, ովքեր կամենում են կտավի վրա պատկերներ նկարել, նախ և առաջ պարտավոր են մասնավոր կերպով ուսանել այդ արվեստը, այնուհետ՝ ուշադրությամբ նայել նախանկար պատկերին և ապա միայն՝ փորձել այն արտապատկերել կտավի վրա, այդ նույն կերպ էլ նաև մեր Տերը խոնարհության ուսուցումն է տալիս մեզ, որը մենք պարտավոր ենք ուսանել։ Եվ Տերը ոչ թե մարդկանցից վերցված օրինակ է դնում մեր առջև, ոչ թե մարգարեներից կամ արդարներից որևէ մեկին է մատնանշում, որպեսզի չլինի թե նրանց այդ խոնարհությունը քեզ երկյուղածության պատճառով, մարդկանց աչքին հաճոյանալու նպատակով կամ բռնադատված լինելու հետևանքով դրսևորված թվա, այլ Իր իսկ կամավոր խոնարհության օրինա՛կն է բերում:

Ինքը՝ Տերը, որ ազատ էր այս բոլոր թվարկված կրքերից, Ի՛ր օրինակն է դնում մեր առջև, որպեսզի մենք Իրենի՛ց ուսանենք և Իրենի՛ց խաղաղություն ստանանք: Եվ նա երանի է տալիս ոչ թե փուչ խոսքերով «խոնարհներին», այլ նրանց, ովքեր «խոնարհ են,- ասում է,- հոգո՛վ», քանի որ խոսքերով շատերը կարող են խոնարհ լինել, սակայն գործերով և ճշմարտությամբ շա՜տ ու շա՜տ քչերը միայն:

Արդ, այս ամենին նայելով էր, որ երանելի առաքյալը իր այդ պատվերն էր տալիս՝ ասելով. «Եղե՛ք խոնարհ»:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ.

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

 

Լրահոս
Մենանվագ Կամերային երգչախումբը սկավառակի շնորհանդես-համերգով ներկայացրեց Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը Ավարտվեց «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգաշարը Օգնելով ուրիշին՝ օգնում ես ինքդ քեզ «Արցախյան կամուրջներ». Թումանյանի թանգարանում կբացվի Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը Christie's աճուրդում վաճառվել են Վան Գոգի, Շագալի, Պիկասոյի և այլ հայտնի նկարիչների գործերը Նոր ցուցադրություն` Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում Նկարիչ Վազգեն Քալայջյանի երեսուն տարվա աշխատանքները կցուցադրվեն նորաբաց «Լաթիթյուդ» պատկերասրահում Մայիսի 18-ին հայաստանյան և արցախյան 113 մշակութային կազմակերպության մուտքն անվճար է Քրիստոսի բարի մշակը. Մովսես Տաթևացի Պեղումների արդյունքում Արտաշատում բաղնիքներ, պալատներ և հռոմեական ակվեդուկ է հայտնաբերվել Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի 27 երկրի դիրիժոր Չծուլանալ, չհուսահատվել, միայն հավատալ Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի եզակի էսքիզները ներկայացված են «Քարի ձայնն ու բույրը» ցուցահանդեսում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է Ո՞վ է մերձավորը 106 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց գործող դերասանը Կառլովի Վարիի կինոփառատոնը հետաձգել են օգոստոսի վերջին «Կաֆկայի երազը» ընդգրկվել է Հելսինկիիում կայանալիք անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրում Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին Աղոթքը ջանք է պահանջում Ժողովրդական արվեստի կրքոտ սիրահարը. ազնիվ, հայրենասեր ու սկզբունքային. այսպիսին էր գեղանկարիչը Վահան Արծրունին «Կոմիտաս. տասը հայտնություն» համերգ կունենա Վարդապետի թանգարան-ինստիտուտում Sotheby's-ն աճուրդի է հանել Վասիլի Կանդինսկիի` 25-35 մլն դոլար գնահատվող կտավը Ազգային գրադարանը ներկայացրեց Շուշիի տպարաններում հրատարակված հետաքրքիր գրքերն ու ամսագրերը Կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի և Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները Ա Պետրոս 3:17 Արա Հուսիկ․ Սաղմոսներ Արցախի հայոց ժառանգությունը վտանգված է. Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ահազանգում է Օպերային թատրոնի բեմ կբարձրանա Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» ներկայացումը «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք» Հայ հեղինակները ներկայացվել են Եվրոպական Միության գրական մրցանակի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթը Աղոթքի արտաքին սովորույթը Հայկ Կազազյանի, Վահագն Պապյանի մասնակցությամբ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավը Երևանից կտարվի Մոսկվա Ձայնը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը «Նարեկ» համույթը «44» պարային ներկայացմամբ արվեստասերներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին
website by Sargssyan