Դավանանք և վարդապետություն

Դավանանք և վարդապետություն

Դավանանքի և վարդապետության սահմանումներն ու դրանց տարբերությունները մատչելիորեն բացատրում է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը: Դավանանքը վերաբերում է հավատքին և կրոնին, իսկ վարդապետությունը` աստվածաբանությանը: Դավանանքը ուսուցանում է Եկեղեցին, իսկ վարդապետությունն ուսուցանում են աստվածաբանական դպրոցները: Դավանությունը Եկեղեցու հեղինակությամբ զորացած ճշմարտություն է, վարդապետությունը դպրոցների հեղինակությամբ հաստատված կետ: Եկեղեցին այս իմաստով ճկունություն է հանդես բերել, որով միևնույն դավանանքի առկայությամբ և այն չխախտելով` առաքելահաստատ Եկեղեցիներն ունեն տարբեր վարդապետություններ: Մեր Եկեղեցին, սակայն, զգուշացրել է, որ վարդապետությունը չպետք է բարձրացնել դավանանքի աստիճանին: Դավանել նշանակում է ընդունել, խոստովանել, և մեր դավանությունն արտահայտված է Հավատամքի մեջ, որ հատկապես ամեն Պատարագներին արտասանվում է եկեղեցիներում արարողության ընթացքում: Հավատամքով բոլոր քրիստոնյաներս խոստովանում ենք, որ ճանաչում ենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն իբրև երեքանձնյա մի Աստվածություն՝ Նրանց միջև չընդունելով առավելություն կամ նվազություն, հառաջագույնություն կամ հետնություն, այլ միանգամայն հավասար, ամեն ինչում միաբան և միևնույն բնությամբ, Հայրը ծնող, Որդին ծնունդ, իսկ Հոգին ոչ թե ծնունդ, այլ բխում Հորից, Երեքն էլ անժամանակ և Որդին ու Սուրբ Հոգին ի սկզբանե Հոր հետ: Որդին անճառապես մարմնացած Սուրբ Կույս Մարիամից, Նույն Ինքը՝ ճշմարիտ Աստված և կատարյալ մարդ, որ Իր Աստվածության զորությունը ցույց տվեց որպես Աստված, և մարդկային կարիքներն առանց մեղքերի կրեց՝ որպես մարդ մեկ բնությամբ: Նույն Ինքը խաչին ու մահվանը համբերեց և երրորդ օրը հարություն առավ՝ վերացնելով մեր վրայի անեծքը, մեղքը և մահը: Մեր մարմնով համբարձվեց երկինք և գալու է կենդանիներին ու մեռածներին դատելու և յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցելու, արդարներին՝ կյանք հավիտենական, իսկ մեղավորներին՝ տանջանք հավիտենական: Ինչպես նաև հավատում ենք մեկ կաթողիկե և առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեկ մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի քավությանն ու թողությանը, մեռյալների հարությանը, հոգիների և մարմինների դատաստանին, երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին: Չնայած այս ընդհանուր Հավատամքին` Առաքելահաստատ Եկեղեցիների միջև այսօր կան տարբերություններ, բայց դրանք միայն ծիսակարգային են, վարդապետական և ոչ դավանական, դրա համար միմյանց համահավասարորեն ընդունում են Քրիստոսի առաքյալների կողմից հաստատված Եկեղեցիները և զգուշացնում մոլորեցնող աղանդներից, որոնք այլ դավանանք ունեն:

Կան աղանդներ, որ չեն ընդունում Քրիստոսի աստվածությունը, նաև Եկեղեցու ուսուցումը, թե Որդին ծնունդ է Հորից: Սակայն Տերը, որ բոլորին ծնունդ է շնորհում, մի՞թե Ինքը չի կարող ծնել: Հորից Որդու ծնունդը պետք չէ հասկանալ մարդկային իմաստով: Հորից Որդու ծննդյան մասին սաղմոսում ասվում է. «Դու Իմ որդին ես, Ես այսօր ծնեցի Քեզ» (Սաղմ. 2.7), ինչպես նաև` «Քեզ արշալույսից առաջ ծնեցի» (109.3):

Հայր Աստված կատարյալ է, և ոմանք գուցե ասեն, թե նրանից ծնված Որդին նույն կատարելությունը չի կարող ունենալ: Սակայն թեև մարդն իր որդու ծնունդից կատարելություն չի առնում, բայց իր կատարելությունից իր նմանն է ծնվում: Եվ մարդկանց պարագային նույնիսկ անկատար հայրը կարող է կատարյալ որդի ծնել, ինպես որ կույր հորից առողջ տեսողությամբ որդի է ծնվում: Եթե մարդուց ծնվածը մարդ է, ուրեմն նաև Աստծուց ծնվածը Աստված է:

Կան աղանդներ, որ մերժում են նաև Սուրբ Հոգու աստվածությունը: Բայց Ծննդոց գրքի հենց սկզբում նշվում է, որ «Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա» (1.2): Ասում են, թե այստեղ Աստծո Հոգին պետք է հասկանալ որպես զորություն, սակայն Դավիթ մարգարեն տալիս է Ծննդոց գրքի այս մտքի ճիշտ մեկնությունը. «Տիրոջ ձայնը ջրերի վրա է. փառքի Աստվածը որոտաց, Տերն Ինքն է անսպառ ջրերի վրա» (Սաղմ. 28.3): Սաղմոսի այս նույն խոսքերը քահանայի կողմից ասվում են նաև Մկրտության արարողության ժամանակ` ջրի օրհնությունից առաջ:

Եկեղեցական հեղինակները պարզ համեմատություններով փորձել են ըմբռնելի դարձնել Աստծո` Սուրբ Երրորդության գաղափարը: Հայր Աստված Սուրբ Երրորդության առաջին անձն է, Որդին ծնունդ է Հորից, իսկ Սուրբ Հոգին բխում է Հորից (Հովհ. 15.26): Սա որոշակիորեն հասկանալի է դառնում հետևյալ օրինակներով: Ծաղիկը մեկն է, սակայն գույնը և հոտը նրանից են, կրակը մեկն է, սակայն լույսը և ջերմությունը նրանից են:

Քրիստոս մարդացավ, աշխարհ եկավ` միևնույն ժամանակ նաև ներկա լինելով Աստծո աջ կողմում, ինչպես շարականագիրն է քանիցս ասում Ծննդյան շարականների մեջ. «Ոչ մեկնելով ի Հօրէ»: Սուրբ Գրիգոր Տաթևացին սա բացատրում է գեղեցիկ օրինակով. ջերմությունը բաժանվում է կրակից և տաքացնում է ջուրը, սակայն ջերմությունն անպակաս է մնում կրակի մեջ, նույնպես և բույրը կարող է խնձորից բաժանվել: Այսպես և Աստծո Որդին մարդացավ, ծնվեց Սուրբ Աստվածածնից և միևնույն ժամանակ աննվազ մնաց Հայր Աստծո աջ կողմից: Բայց ինչպես ասում է մեր եռամեծ Սուրբը, Աստծո մասին չափից ավելին քննելը հանդգնություն է, հավատալը` փրկություն, և ճանաչելը` կյանք հավիտենական:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում