Շուշին 1902թ. փետրվարին

Շուշին 1902թ. փետրվարին

Փետրվարի 2-ին, երեկոյան, արդեն երեք օր տեղի ունեցած երկրաշարժի առթիվ, Արցախի թեմի առաջնորդ Գրիգորիս եպս. Գառնակերյանը, աղոթողների խուռն բազմության ներկայությամբ հանդիսավոր թափոր է կատարել՝ նախախնամության ողորմությունը խնդրելու համար: Բնակչությունը մեծ սարսափի մեջ է եղել եւ նրա մեծ մասը երկյուղից գիշերներն անց է կացրել քաղաքային զբոսավայրում. շատերն էլ բնակարաններից դուրս՝ պարտեզների մեջ՝ շարժական վրաններում: Մի երիտասարդ երկրաշարժից վախեցած լինելով վախճանվել էր:

Շուշիում երկրաշարժ է գրանցվել նաեւ փետրվարի 14-ին, գիշերը 1-ին եւ կրկնվել է ժամը 3-ին ու առավոտյան: Քաղաքի բնակիչները դարձյալ եղել են ահ ու դողի մեջ: Ինչպես նշվել է՝ «երկրաշարժի ցնցումները զգացվել են այս մի շաբաթվայ մէջ համարեա ամեն գիշեր»:

Փետրվարի 10-ին Շուշիում վախճանվել է Արզուման բեկ Ավանյանցը 70 տարեկանում: Հանգուցյալը երկար տարիներ վարել է տեղի արքունական գանձարանի գանձապահի պաշտոնը, որը թողել էր երեք տարի առաջ ծերության պատճառով: Նրա որդիները, իրենց հոր հիշատակին, 200 ռ. նվիրել են թեմական դպրանոցին, 50 ռ. էլ Շամախու երկրաշարժից վնասվածների օգտին: Ղազանչեցոց եկեղեցում, պատարագից հետո Բենիկ վարդապետը խոսել է հանգուցյալին նվիրված դամբանական:

Մի քանի օր անց, փետրվարի 14-ին, Շուշիում հողին են հանձնել Ստեփան բեկ Յուզբաշյանցի մարմինը, որը փոխադրվել էր Թիֆլիսից: Հուղարկավորությանը ներկա է եղել մեծ բազմություն, որոնք եկել էին հրաժեշտ տալու իրենց նշանավոր համաքաղաքացուն: Ղազանչեցոց եկեղեցում ասեղ գցելու տեղ չի եղել: Դագաղի վրա դրվել են պսակներ Հողորտի գյուղի հասարակությունից, Շուշու քաղաքային վարչությունից, Գանձակից, փաստաբան ընկերներից եւ այլն: Հանգուցյալի կինը՝ Փեփրոնիան, մամուլում իր եւ որդիների կողմից խորին շնորհակալություն է հայտնել այն բոլոր բարեկամներին, ծանոթներին եւ զանազան անձանց, որոնք նամակներով, հեռագրերով, կամ անձամբ պատվել էին ամուսնու հիշատակը: Նա ի հիշատակ ամուսնու, Շամախու երկրաշարժից տուժածների օգտին նվիրել էր 200ռ.: Ի դեպ, Շուշու հասարակաց ժողովարանն էլ շամախեցիներին նվիրել էր 500ռ.:

Խանդամիրյան թատրոնի շենքը 1905թ. հրդեհից հետո

Փետրվարի 16-ին Մկրտիչ Խանդամիրյանի թատրոնի դահլիճում թատերասերների խումբը Շամախու երկրաշարժից տուժած հայերի օգտին, ներկայացրել է Զուդերմանի «Ֆրիցխեն» դրաման եւ «Ատրճանակ» կոմեդիան, որից հավաքվել է բավականին պատկառելի գումար: Ներկայացումից հետո տեղի են ունեցել երաժշտական պարեր: Հաջորդ օրը, թեմի առաջնորդը Ղազանչեցոց եկեղեցում հոգեհանգիստ է կատարել երկրաշարժի զոհերի հիշատակին: Կատարվել է նաեւ հանգանակություն:

Փետրվարի 21-ին Խանդամիրյան թատրոնի դահլիճում թեմական դպրանոցի ուսուցչական խումբը, մասնակցությամբ՝ Հ. Տեր-Միքելյանի եւ Ա. Փարսադանյանի, չքավոր աշակերտների համար, ներկայացրել է Է. Տեր-Գրիգորյանի «Բարեգործական դիմակի տակ» դրաման, որն անցել է բավականին հաջող: Այդ առթիվ մամուլում նշվել է. «Դահլիճում ասեղ ձգելու տեղ չկար, եւ տոմսակները վերջացած լինելով՝ շատերը յետ դարձան առանց ներկայացումը տեսնելու: Դահլիճի նախագաւթում բուֆետի նման մի բան էր սարքուած, ուր տիկիններ ու օրիորդներ քաղցրաւէնիք, մրգեղէն ու թէյ էին վաճառում յօգուտ դպրանոցի: Ներկայացումից յետոյ տեղի ունեցան սովորական պարեր: Զուտ արդիւնք մնաց 325 ռ.»:

Մկրտիչ Խանդամիրյան

Փետրվարի 21-ին, Վարդանանց տոնի առթիվ, տեղի դպրանոցի դահլիճում կատարվել է հանդես, որին ներկա են եղել թեմի առաջնորդը, դպրանոցի տեսուչը, ուսուցչական խումբը եւ աշակերտները: Հանդեսը բացվել է «Նորահրաշ» շարականով, որը երգել է աշակերտական երգեցիկ խումբը: Ապա բեմ է բարձրացել ուսուցիչ Հ. Հովհաննիսյանը եւ խոսել Վարդանանց հերոսների մասին: Նրա ելույթը լավ տպավորություն է թողել հանդիսականների վրա եւ արժանացել է բուռն ծափահարությունների ու արծաթյա մի բաժակակալի: Այնուհետեւ ելույթ է ունեցել ուսուցիչ Լ. Աղախանյանը եւ վերջում՝ դպրանոցի 6-րդ դասարանի աշակերտներից՝ Ա. Տերտերյանը, ով խոսել է 5-րդ դարի հայ կանանց մասին: Արտասանվել են նաեւ ոտանավորներ, իսկ ընդմիջումներին կատարվել են երգեր ու նվագումներ: Թղթակցությունում նշվել է, որ դպրոցի մեծ հյուրասենյակը, բեմը, Թյունիբեկյանի նվիրած 3000 ռ. գումարով վերանորոգվել եւ զարդարվել էր:

Փետրվարի 22-ին Ն. Խանդամիրյանի թատրոնի դահլիճում Ռեալական դպրոցի վարչությունը կազմակերպել է գրական-երաժշտական հանդես, որ նվիրված էր ռուս հայտնի գրող Գոգոլի մահվան 50-ամյակին: Հանդեսին 7-րդ դասարանի աշակերտ Փիրումյանը կարդացել է գրողի կենսագրությունը, իսկ նույն դասարանի աշակերտ Տեր-Դավթյանը Գոգոլի նշանակությունը ռուսաց գրականության մէջ: Նույն դպրոցի վարչությունը մեծ գրողին նվիրված երեկույթ է կազմակերպել նաեւ հաջորդ օրը, որին հրավիրվել են թեմի առաջնորդը, հոգեւոր տեսուչը, ուսուցչական խումբը՝ դպրանոցի վեցերորդ դասարանի աշակերտների հետ եւ քաղաքի պատվավոր անձինք: Նույն օրը, երեկոյան դպրոցի վարչության նախաձեռնությամբ, աշակերտներից կազմված մի խումբ ներկայացրել է Գոգոլի կատակերգություններից մեկը: Դահլիճը եղել է բազմամարդ, իսկ մուտքը ձրի: Այդ հանդեսի մասին գրվել է. «Ներկայացումը սպասածից այնքան աջող անցաւ, որ մարդ չէր կարող երեւակայել, թէ աշակերտներ են խաղում եւ ոչ թէ կարգին դերասաններ: Մինչեւ անգամ եթէ մեզ վաղօրոք յայտնի չը լինէր, թէ կանանց դերերը տղաները պիտի կատարեն, այդ երեկոյ նրանց կանանց տեղ կընդունէինք, այնքան բնական էին նրանց ձայնը եւ ձեւերը… Ներկայացումից յետոյ սկսվեցին պարերը, իսկ ընդմիջումներով կենդանի պատկերներ, որոնք Գօգօլի ստեղծած տիպերի մի շարքն էին ներկայացնում»:
Այդ օրերին Գոգոլի մահվան 50-ամյակին անդրադարձել է նաեւ «Մշակը». «Այսօր լայնածաւալ Ռուսաստանը հասարակական տօներով յիշատակում է իր գրական փառքերից մէկին, Գօգօլին … Եթէ այսօր ռուսաց գրականութիւնը համաշխարհային գրականութեան մէջ գրաւել է մի այնպիսի պատուաւոր եւ ինքնուրոյն դիրք, որ նրան սկսել են ուսումնասիրել քաղաքակիրթ աշխարհի համարեա բոլոր անկիւններում, դա այն շարժման եւ ուղղության յաղթանակն է, որ սկսվեց Գօգօլից եւ շարունակվում է մինչեւ այսօր, կրելով համարեա միշտ Գօգօլի ազդեցութեան կնիքը»:

Փետրվարի 23-ին Խանդամիրյան թատրոնի դահիճում, Գոգոլին նվիրված հանդես է կազմակերպել քաղաքային դպրոցի վարչությունը: Աշակերտներից մի քանիսը կարդացել են Գոգոլի գրվածքներից հատվածներ, իսկ դպրոցի ուսուցիչ Տելենկոն պատրաստել էր երգեցիկ խումբը ու նվագախումբ: Առանձին շնորհակալություն է հայտնվել Մ. Խանդամիրյանին՝ թատրոնի դահլիճը անվարձ տրամադրելու համար: Նշենք, որ Շուշիում առաջին թատերական ներկայացումները կատարվել են դեռեւս 1840-ական թթ.: 1873թ. թատրոնի համար Մկրտիչ (Նիկիտա) Խանդամիրյանի ջանքերով փայտից կառուցվել է քաղաքային ակումբի շենքը եւ ի պատիվ կառուցողի էլ կոչվել է «Խանդամիրյան թատրոն»։ Թատերական եւ հասարակական գործիչ Մկրտիչ Խանդամիրյանը ծնվել է 1847թ.՝ պղնձագործ եւ զինվորական Աբրահամ Խանդամիրյանի ընտանիքում: Սովորել է Մարսելում:

1880-ականների վերջերին Խանդամիրյանի գլխավորությամբ Շուշին ունեցել է մշտական սիրողական թատերախումբ՝ Գ. Նազարյան, Ա. Աբրամյան, Ա. Կոստանդյան, Օ. Թառումյան, Ս. Միքայելյան, Գ. Իշխանյան, Մ. Դավթյան, դերասանուհիներ Գ. Թառումյան, Գ. Աթաբեկյան, Գ. Գյանջեցյան եւ ուրիշներ։

1891թ., Ղազանչեցոց եկեղեցու հարեւանությամբ, Մկրտիչ Խանդամիրյանը կառուցել է նոր հայկական հոյակերտ թատրոնի շենք, որի հարմարավետ դահլիճը նախատեսված էր 350 հանդիսատեսի համար: Այն ունեցել է վերնահարկ, երկու օթյակ, դերասանների զարդասենյակներ, գրադարան եւ այլ հարմարություններ: Ճեմասրահի պատերը զարդարված են եղել հայ, ռուս եւ օտարազգի դերասանների եւ դրամատուրգների նկարներով։ Լուսավորվել է նավթի եւ գազի լապտերներով: Պահպանվել է վարագույրի նկարը, որը նկարել էր Օ. Շմեռլինգը։ Շենքը ավերվել եւ հրկիզվել է 1905թ. ամռանը՝ կովկասյան թաթարների հրոսակախմբերի կողմից, հայ-թաթարական բախումների ժամանակ: Այստեղ 1891-1905թթ. բեմադրվել են Սունդուկյանի, Շիրվանզադեի, Պարոնյանի, Պուշկինի, Գոգոլի, Չեխովի, Լերմոնտովի, Օստրովսկու, Իբսենի, Սերվանտեսի, Շիլլերի, Մոլիերի եւ Հյուգոյի երկերը: Շեքսպիրյան շարքից շուշեցիների շրջանում առանձնահատուկ ժողովրդականություն են վայելել «Համլետը», «Օթելլոն», «Լիր արքան» եւ «Վենետիկի վաճառականը»: 1891թ. կայացել է 13 թատերական ներկայացում, 1892թ.՝ 19, 1893թ.՝ 20, 1894թ.՝ 19, 1895թ.՝ 24, 1896թ.՝ 24 եւ այլն: Այստեղ կազմակերպվել են նաեւ բազմաթիվ համերգներ եւ կրկեսային ներկայացումներ:

Փետրվարի 25-ին, գիշերվա ժամը 1-ին Շուշիում դարձյալ երկրաշարժի ցնցում է զգացվել: Մամուլում նշվել է, որ այն «ուղղուած էր հիւսիսից հարաւ: Բարեբաղդաբար ոչինչ վնաս չպատահեց: Չնայելով, որ մինչեւ օրս էլ պարբերաբար կրկնւում են ցնցումները թոյլ կերպով, բայց կարծէք բնակչութիւնը վարժուել է այդ բանին եւ այնքան էլ երկիւղ չի կրում: Վերջին ցնցումը, սակայն, մի քիչ երկիւղի մէջ գցեց բնակչութիւնը»: Եվ վերջում, Շուշուց Ոսկեթել Թունիբեկյանցը Սբ Էջմիածնի թանգարանին նվիրել էր 2000 ռ. արժողության հին դրամներ, որի համար Վեհափառ Հայրապետից ստացել էր օրհնութեան կոնդակը:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող
Գլխավոր լուսանկարում՝ Խանդամիրյան թատրոնի շենքը 1902թ.

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում