Արմենուհի Սիսյան

Արմենուհի Սիսյան

Մուզիլ. «Ճշգրտություն և հոգի»
***
Կգա ժամանակ
այս ջրերի երեսին,
որն իրականում ժամանակի երեսն է,
կսառչի իմ ժպիտը,
որ սպասումի թարգմանն էր,
ու թռչունները կչվեն ջերմ տարածքներ
միայն նրա համար,
որ չսառչի ժպիտը…
Դու կարող ես բանաստեղծություն
կամ երգ համարել ձայնը,
որ հոսում էր երեկվանից դեպի վաղը,
ու ժպիտն էր նրա
բոլոր կետադրության նշանները…
Որոշումները, որ մենք
համարում ենք իրականություն,
ոչինչ են ջրերի կայուն հոսքի առջև…
Թռչունները հեռանում են,
որ ժպիտը չսառչի,
մարդիկ՝ երբ սառչում է այն…
Կուզես՝ բանաստեղծություն
կամ երգ համարիր այն,
որ ես կուզեի թռչուն լինել…
Չկա ճշգրտություն, չկա հոգի…
«Ձոն ճամպրուկիս» շարքից

***
Ճամպրուկս` որպես պատրվակ,
լուրջ դեմքով հավաքեմ,
որ գնամ այնտեղ,
ուր երկնքի չափ
կապույտ է սերը,
սիրտս ուզում եմ երկինքներով տալ,
այդ գույնից ներքևում չկա երբեք,
իսկ վերևներում լիքը սեր է…
Ճամպրուկս առնեմ,
լուսաբացին երկինք թռնեմ…

***
Մի վերջին հայացք գցեցի ճամպրուկիս.
այնքան խեղճ թվաց, երբ օդակայանում
արագ մեզ բաժանեցին իրարից…
Ջինսերիս, զգեստներիս արանքներում
լավ ու վատ օրերի
կանխատեսումներն էին նաև,
գրված ու նոր գրվելիք տողերս,
սպասումներս ու վախերս՝
լիքը «վերջերով» ու «ամենինչնորիցներով»…
Կհանդիպենք կրկին,
երբ երկինքներով կանցնեն.
կբացեմ, տեսնեմ՝ փոխվե՞լ է ինչ-որ բան…

***
Իսկ ճամպրուկս ինձնից առաջ անցավ՝
մենակ, ինձնից բաժան.
ում հետ քայլել եմ ձեռք ձեռքի
ու վստահել շատ բան,
բայց մխիթարվիր, ընկե՛ր իմ.
երկինքներով միասին պիտի անցնենք
ու հետո նորից կմիանանք…

***
Մենք բաժանված ենք նորից,
գիտե՞ս որքան էր սիրտս թրթռում,
երբ բազում օտար ճամպրուկների
դեմքերի մեջ քեզ չէի գտնում…
Բայց ահա եկար՝
հանդիսավոր, դանդաղ,
ես դիմավորում եմ քեզ,
ու սիրտս ցնծում է քեզ համար,
ճամպրուկ իմ՝ միա՛կ,
հավատարի՛մ…

***
Սպասում: Օդակայան:
Ամեն բան ճիշտ է:
Ամեն բան ապրված:
Լավ է, երբ
տուն հասնելու համար
պիտի անցնել
երկնային ճանապարհներով…
Դեպի օդակայան
Գիշերը կվերցնեմ ճամպրուկս,
մենությունս կհավաքեմ
սենյակիս բոլոր անկյուններից,
կխցկեմ կարճ ու երկար շորերիս մեջ,
թող ճմրթվի.
մինչև երկինքներով չտամ մենությունս,
խելքը գլուխը չի հավաքի:
Դեպի օդակայա՛ն…

Գինի
Ինչ քաղցր է ժպտում
այս հասուն խաղողը.
մի օր մեկը հաստատ
հարբելու է նրանով…

***
Չգիտեմ՝ որքան օրեր
բարի լույս կասեն ինձ դեռ
առավոտվա անշպար անկեղծությամբ
ու կստանան ինձնից լույսը բարի
իրենց հասանելիք,
բայց հաստատ կխռովի ինձնից
մի ուրբաթ կամ գուցե հինգշաբթի,
թե չընդունեմ նրան հանկարծ
կամ ընդունեմ փակ աչքերով
ու չապրեմ նրա հետ մինչև գիշեր,
երբ հողը բացի իր սիրտը իմ առջև,
ու ես տրվեմ նրան շաբաթ
կամ գուցե՝ կիրակի…

***
Քո ստերից ու փչոցներից, քամի՛
տերևներն ընկան հատիկ-հատիկ,
իսկ ծառն իր տեղում է՝
մերկորեն ազնիվ…
Ինչ կատարյալ է
ազնիվ մերկությունը ծառի…

***
Երբ վերադառնաս,
նա էլ չի լինի,
կլինի ուրիշ մեկը,
որ չէր ուզի հեռանալ
օրերի, ամիսների միջով,
բայց այդքան լուսաբացներ
ու գիշերներ անցան նրա միջով,
այդքան թռչուններ չվեցին ու չվերադարձան,
այդքան ջրեր անցան նրա դեմքով
ու այտերից մաքրեցին
հետքերը մատներիդ…
Թե ուզում ես գտնել նրան,
մի՛ վստահիր ժամանակին,
թռչուններին ու ջրերին,
հավատա քեզ միայն.
վերադարձի՛ր:

***
Պատժված հրեշտակները
Երկրում շարունակ
երկնային սեր են փնտրում:
(Տեսնես երկրայինը փնտրողներ
կա՞ն երկինքներում…)
Բարեգո՛ւթ դատավոր,
չգիտեն նրանք՝ հեգ պատժվածները,
որ չեն գտնելու…

***
Անհոգի բառերից՝
նետված այս ու այն կողմ,
մոլախոտեր են աճում…
Ինչ ազնիվ հոգի ունի
այն գեղեցիկ վարդը…

***
Առավոտ ծեգին
թռչունը գլխիս քարոզ էր ճռվողում.
– Տեսա՞ր, որ ասում էի,
ի՞նչ ես գտել մարդկանց մեջ,
դե հիմա գնա՝ մեռի՛ր…
Ստիպված էի քնած ձևանալ.
ի՜նչ ճիշտ էր ախր թռչնի որդին…

***
Լուսաբացին,
երբ երկինքը բացվեց,
ես հիշեցի ինձ, ում թողել էի
հուշի հեռաստաններում
ու մոլորվելով՝ սերտաճել
մի տխրության ծառի…
Երբ հիշեցի,
ծառը ծաղկել էր արդեն…
մի ճյուղ քաղեցի ինձնից,
որ ինձ վերադարձնեմ
(ինչպե՞ս)
լուսաբացին…

***
Նորից ինձ ջերմացնողը
բաժակս եղավ,
ուր թեյը բերնեբերան
նվիրում է շուրթերիս
իր հավատարմությունը տաք,
գոնե սիրահարվեի՜ թեյին…

***
Այսօրն էլ ապրվեց,
մի օրով էլ մոտեցա մահին…
այնպես արագ ենք ապրում,
ասես մեր կյանքի նպատակը
մահն է…

***
Չհասկացո՛ւմ.
թյուրիմացությունը գուցե
մեղմ է քեզ համար,
կոպիտ ես դու
ու շատ հաճախ՝
դեմքով տղամարդու:
Չհասկացո՛ւմ.
և օրվա թևերը լուռ
փակվում են,
ցերեկով մթնում
ու ցավ՝ օրից երկար,
ու ցավ,
ու ցավ…
Ինչ-որ տեղ` հեռվում,
դևերն են քրքջում…

Աղբյուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում