Երանելի Սարգիս Շնորհալու խոստովանությունը

Երանելի Սարգիս Շնորհալու խոստովանությունը

«Վա՛յ ինձ, թշվառիս, քանզի այս ամենը գրելով՝ ինքս ինձ եմ դատապարտում, որովհետև չկա որևէ ախտ, որ միտքս գերած և ծառայեցրած չլինի մեղքի օրենքին: Եվ ես, իբրև արձանագրություն, կգրեմ իմ կրքերը՝ հիշատակ թողնելով ինձանից հետո եկողներին:

Սովորությամբ եմ միայն քրիստոնյա, և չեմ ապրում քրիստոնյային վայել կյանքով, խղճմտանքն ինձ հանապազ տագնապի է մատնում և տարակուսում եմ իմ խորհուրդներում: Թվում է, թե ուրիշներն էլ մաս ունեն իմ խղճմտանքից:

Չգիտեմ, թշվառություններիցս որի համար ողբամ. մկրտության որդեգրությո՞ւնը, որ կորցրեցի, թե կուսության սրբությունը, որ պղծեցի, քահանայության շնորհը, որ արատավորեցի, թե այդ անվան մեծությունը, որ անվամբ միայն ստացա և անպիտան դարձրեցի ու վաճառական եղա Քրիստոսի շնորհների՝ դրանք փոխարինելով հարստության, փառքի ու հանգստի հետ: Չգիտեմ ինչպե՞ս ողբամ պատիժներիս համար, ողբացող կանայք են ինձ պետք, ըստ Երեմիայի, որոնք երկար հառաչելով ողբեր հորինեին ինձ հուզելու համար, որպեսզի բավականաչափ արտասվեի անձիս դառնության համար, և կամ հառաչելով ասեի մարգարեական խոսքը. «Ո՞վ կտար իմ գլխին ջուր և իմ աչքերին՝ արտասուքի աղբյուրներ, որ ես զօր ու գիշեր ողբայի իմ հոգու դառնությունների համար» (հմմտ. Երեմիա Թ 1):

Ունեցածս արժանիքներից առավել պատվի արժանացա Աստծու կողմից, սակայն որքա՞ն անհավատությանս պատճառով անարգեցի Նրան և դարձա անհամ աղ՝ ոչ հողին պիտանի և ոչ էլ որպես աղբ [օգտագործելի], այլ՝ դուրս թափվելու և տրորվելու արժանի: Նմանվեցի արտաքինից ծեփված գերեզմանի, սակայն ներսում լի աչքերի, լեզվի, ականջների, հոտոտելիքի և շոշափելիքի միջոցով գործված մեղքերի գարշահոտությամբ: Սովորաբար միշտ սրանց կողմն եմ դառնում՝ չցանկանալով ազատվել դրանցից, և խոզի նման՝ միշտ լվացված, սակայն տիղմի մեջ եմ թավալվում:

Սրանցից բացի անմտանում էի նաև այլ կերպ. ուրիշների աչքի շյուղը տեսնում էի, քննում և ջանում մաքրել, սակայն իմ աչքի գերանն անտեսում: Ուրիշների փոքրիկ փուշը ջանում էի քաղել, սակայն իմը՝ մոլախոտներով ու մացառոտ թփերով տեսնելով, որ նույնիսկ գազանները կարող են բույն դնել դրանում, անտեսում էի: Եվ այսպիսի արտասուքի և ողբի արժանի գործերի մեջ հղփացած մնում էի և հանգիստ վայելում՝ մարդկանցից վարդապետ կոչվելով, և այս կյանքն անցկացնում էի զվարճանալով և կեղծավորությամբ: Առյուծի մորթու մեջ էի ինձ թաքցնում՝ անպիտան էշ լինելով հանդերձ: Աղոթող էի ձևացնում ինձ, սակայն իրապես այդպես չէի, պահեցող էի ձևացնում, սակայն իրականում որկրամոլներից ավելի անժուժկալ ու վատն էի: Խոնարհ ու նվաստ էի ինձ ցույց տալիս, սակայն գոռոզացած ամբարտավան էի՝ նման նրան, որ ասաց. «Աթոռս ամպերի վրա կդնեմ և Բարձրյալի նման կլինեմ»:

Ինձ ողորմած և հյուրասեր էի ցույց տալիս, սակայն ագահության մեջ խեղդված էի անհույսի նման: Սուրբ և սրբասեր էի ինձ ցույց տալիս, սակայն գարշահոտ ախտերով որդի պես տիղմի մեջ էի սողում: Այսպիսի ախտերի մեջ գտնվելով՝ մարդկանց կողմից երանության էի արժանանում, որոնք միայն արտաքինին են սովոր նայել, այլ ոչ թե՝ սրտին: Եվ հավատում էի ու այդպես էլ ինձ ցույց էի տալիս՝ միամիտներին խաբելով, թե իբր երանելի եմ: Եվ չէի վախենում Նրանից, ով սրտին է նայում ու թաքուն բաները տեսնում, և Ում առաջ ամեն ինչ բաց է ու հայտնի: Այդ պատճառով էլ, երբ պատանի դարձա, ոչ մի բարի բան չձեռնարկեցի: Հասուն մարդ դարձա, սակայն ոչ մի առաքինությամբ Քրիստոսի կատարյալ հասակին չհասա, մազերս սպիտակեցին, սակայն ես չսպիտակեցի խոստովանությամբ և ապաշխարությամբ:

Եվ այժմ՝ գերեզմանի դուռն հասած, ահա արձանագրում եմ իմ մեղքերը, և ոչ մի օգուտ չունեմ: Եթե եղեգի շամբերը գրչի վերածեմ և մագաղաթները՝ գրելու նյութի, կարծում եմ, բավարար չեն լինի դրանք բովանդակելու և կրելու համար իմ տարակուսանքների աղետը:

Արդ, ես հազարավոր պարտքերի պարտապանս, մեղքերս խոստովանությամբ դրեցի ձեր՝ ինձանից հետո եկողներիդ սիրո առջև, որպեսզի ձեր բերանից թողություն ստանամ: Եվ դուք մի՛ հապաղեք ասել և տալ ինձ սրտացավությամբ, որպեսզի դուք ինքներդ էլ նման [թողություն] գտնեք մարդասերից:

Եվ ի՞նչ, այսքանով պիտի դադարեցնեմ տրտմալի կրքերս, թե նաև մարգարեից սովորած մխիթարականներ պիտի ասեմ, որովհետև նա էլ մեղանչելուց հետո, երբ նման մտքի տարակուսանքի մեջ ընկավ՝ հուսահատվելով իր անձի փրկության համար, այս ողորմելի հառաչանքն արեց. «Հոգիս չէր ուզում մխիթարվել» (Սաղմոս ՀԶ 4): Ապա, գտնվելով այսքան տարակուսանքների մեջ, գտավ մխիթարության քաղցր հույսին և բոլոր վշտացածների ուրախությանը, հուսահատների հույսին և նեղվածների ապավենին՝ ասելով. «Հիշեցի Աստծուն և ուրախացա» (Սաղմոս ՀԶ 4):

Մենք էլ, սիրելինե՛րս, հիշե՛նք Աստծուն Իր գթությամբ և չհուսահատվե՛նք մեր հոգիների փրկության համար: Այլ նորից Դավթի հետ ասենք. «Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովվեցնում ինձ. հույսդ դի՛ր Աստծու վրա, խոստովանի՛ր նրան, իմ անձի փրկիչն Աստվածն է» (Սաղմոս ԽԱ 6): Եվ այս հույսով, անսասան հավատով և սիրով գործենք ըստ Աստծու պատվիրանների և դրանց մեջ անցկացնենք մեր կյանքը, որպեսզի արժանի լինենք խոստացված բարիքներին՝ շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի, որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:

Պատրաստեց Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում