Արվեստը՝ զգացմունքների գիտություն. Վալմարը հանրությանը ներկայացրեց «Պայքար» շարքը

Արվեստը՝ զգացմունքների գիտություն. Վալմարը հանրությանը ներկայացրեց «Պայքար» շարքը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի «Պայքար» շարքում ներկայացված է 25 աշխատանք: Նկարիչը կտավներն ստեղծել է 2019-2020 թվականներին, սակայն չի կարողացել ավելի վաղ ցուցադրել համավարակի տարածման պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 20-ին «Վալմար» ցուցասրահում:

«Մոտ հիսունից ավելի անհատական ցուցահանդես եմ ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում, բայց իմ անվան ցուցասրահի բացումից հետո գրեթե ամեն տարի այստեղ ցուցահանդես եմ կազմակերպել՝ տարբեր թեմաներով: Մեկնել եմ Իտալիա և ներկայացրել եմ «Իտալական շարքը. արտացոլումներ», եղել եմ Իսպանիայում ու նկարել «Իսպանական շարք. արտացոլումներ», «Պայքար», «Վիճակ» և այլ շարքերը: Ինձ միշտ հետաքրքրել է, թե տվյալ խնդիրը ինչքանով եմ կարողացել լուծել, հետաքրքրել է իմ աշխատանքները արվեստասեր հասարակությանը ներկայացնելը, իմ ընկերներին, բարեկամներին, բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել տարիներ շարունակ»,-նշեց Վալմարը:

Նրա խոսքով՝ երբ իր գործերը հանձնում է հանրության դատին, լիցքավորվում է, կրկին աշխատելու եռանդով է լցվում:

Նկարիչն առհասարակ կարևորում է անհատական ցուցահանդեսները, հատկապես, երբ տարբեր թեմաներով շարքեր է ներկայացնում: Սիրում է շրջել տարբեր երկրներում և, ոգեշնչվելով այս կամ այն քաղաքից, վառ ու լուսավոր գույներով ներկայացնել այս կամ այն երկրի, քաղաքի հրաշքները:

«Չմոռանանք, որ արվեստը զգացմունքների գիտություն է: Զգալու համար հարկավոր է իմանալ, իմանալու համար հարկավոր է կարողանալ: Արվեստով ապրող մարդը հարուստ ներաշխարհ ունի, բարի է, լուսավոր է, իմպուլսիվ ու դրական: Շատ կարևոր է, որ երեխաներն արվեստին մոտ լինեն, քանի որ արվեստով ապրող մարդու հոգին մաքուր է, ազնիվ է: Աշխարհի արվեստի պատմությունն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ բոլոր դրական ազգերն արվեստասեր են եղել: Այն երեխան, որն աչքերը բացելով պատին կախված նկար չի տեսնում, բացեր կունենա, քանի որ նկարչությունն անփոխարինելի հույզեր է փոխանցում»,-շեշտեց Վալմարը:

Նկարիչը կարծում է, որ ամեն ինչում անհրաժեշտ է դրական նոտա տեսնել, հավանաբար դա է պատճառը, որ Վալմարի աշխատանքներում գերակշռում են վառ գույները՝ կարմիրը, դեղինը և այլն: «Բոլոր մութ բաները ժամանակավոր են: Մթության մեջ անգամ լույս կա: Մարդը մտածում է, որ օրերից մի օր ամեն բան լուսավորվելու է, օրերից մի օր պետք է ավարտվի տառապանքը, չարչարանքը, գորշությունը: Այդ ժամանակ կրկին փորձում ես անել այն, ինչ քեզ կթելադրի արտաքին աշխարհը, փորձում ես անել այն, ինչ կթելադրի քեզ քո հոգին»,-եզրափակեց Վալմարը:

Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս:

Վալմարը (Վոլոդյա Մարգարյան) 1966 թվականին ավարտել է Գյումրիի գեղարվեստի դպրոցը, իսկ 1972-ին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Եղել է Երվանդ Քոչարի աշակերտը:

Մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ Ունեցել է ավելի քան 40 անհատական և 120 խմբակային ցուցահանդես Հայաստանում, Ռուսաստանում, մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում:

Վալմարի ստեղծագործությունները ցուցադրված են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի,Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում, ինչպես նաև բազմաթիվ ստեղծագործություններ ներառվել են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: 2004 թվականին Երևանում հիմնադրել է «Վալմար» արվեստի սրահը:

«Իմ պատուհանից», «Մանկաբույժը», «Հայելիներով նատյուրմորտ», «Տեսարան Լենինականից» և մի շարք այլ կտավներում և «Երաժշտություն», «20-րդ դարի ռիթմեր», «Պայքար», «Արհավիրք», «Իրավիճակ» նկարաշարերում հեղինակը հարուստ երանգներով գույների զուգորդությամբ դիմել է գեղարվեստական արտահայտչաձևերի բազմաշերտ ընդհանրացումների:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում