USD
EUR
RUB

Լևոն Սահակյան. Բանաստեղծություններ

 

***
Հոգեմաշ կասկած, ահի զգացում,
Ճաքեր են գցում երազները հեշտ,
Անօրենները դեռ դիմանում են
Ու պճնազարդում դիմակները գեշ.

Ինքնազսպումի որոշումներից
Ո՞րն էր ճշմարիտ և ո՞րը սխալ,
Ա՜խ, ազնիվ մարդու հոգեոռնոցը
Մի՞թե դժվար է վերևում անսալ.

Կոշտ դատաստանի
ե՞րբ կարժանանան
Բիճ զավակները ձգվող խավարի.
Տե՛ր ու մարգարե՛, օգնական եղեք,
Արդարության է ազգս ծարավի:

***
Հպարտ քարափի պռնկին ահոտ
Կրկին ծաղկել է,
զուգվել մասրենին,
Նայելով նրան՝ չես ուզի խոսել
Կյանքի անկատար լինելու մասին.

Խոնարհ ու բարի իմ
մարդու տեսակ,
Զսպվածությունը ընկեր է անգին,
Մի՛ մերկացրու հոգիդ մինչև վերջ,
Ծովն ինչքա՜ն գաղտնիք
ունի հատակին.

Պարզին պարզապես
մերկ են հասկանում,
Ամեն խելոք քեզ կասի այդ մասին,
Նայի՛ր, նրբաթերթ
ծաղիկների հետ
Ի՜նչ սուրծայր
փշեր ունի մասրենին…

ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿՈՉ

Պետականության հարգը չգիտենք
Ու դաս չենք առնում
առաջվա նման,
Արաքսից անդին Էրգիր ենք թողել,
Տրվել վեճերին ներազգայնական.

Մեր «վերջին խելքը»
ե՞րբ կգա առաջ,
Ու մեր մենք-ը ե՞րբ կհաղթի ես-ին,
Հիշե՛ք, հարգում ու
չեն համարձակվում
Հեգնաբար խոսել ուժեղի մասին.

Ժամանակները նոր
բան չեն հուշում,
Վաղն էլ կհաղթի զորեղը միայն…
Արաքսից անդին Էրգիր ենք թողել,
Տրվել վեճերին ներազգայնական:

***
Պա՛հ աննախընթաց, հրաշալի ես,
Ինքնահատուկ ես, հոգեհմա,
Ես հիացմունքից ընդարմացել եմ
Եվ մրմունջներ են լեզվիս վրա.
Ի՜նչ սիրարկու է այս գեղեցկուհին,
Ու վարակիչ է խինդը նրա,
Ճերմակ մարմինը,
ձայն ու նազանքը…
Լույս հրեշտակ է երկրի վրա.

Պա՛հ աննախընթաց, հրաշալի ես,
Անրջային ես, հոգեհմա,
Ես կարկամել ու ես քարացել եմ,
Չգիտեմ ինչ է լեզվիս վրա:

ԶՂՋՈՒՄ

- Գնանք,- ասում է,-
աշխարհի ծայրը,
Չէ՞ որ դու էիր ուզում մի օր,
Ես այն ժամանակ պարծենկոտ էի,
Եսապաշտ էի, խելացնոր.

Անծայրածիր է թախծի աշխարհը,
Ուրախությանը՝ մի օազիս,
Հաճախակի են մղձավանջները
Կրծում կողերը երազներիս.

Քո շունչը միշտ էլ ինձ
կյանք է տվել,
Իզուր տարիքը մեջտեղ բերիր,
Ա՜խ, պահեիր ինձ, թեկուզև ուժով,
Միամիտիս էլ մի կերպ ներիր.

Գնա՛նք, իմ ասպե՛տ,
աշխարհի ծայրը,
Ու թող հեքիաթը վերջ չունենա,
Ես այն ժամանակ պարծենկոտ էի,
Հիմարիկ էի, երկնագնա…

***
Որոնում էի ինձ ամենուրեք,
Որոնում էի համառ, անընդմեջ.
Ու միայն երեկ գտա վերջապես
Աշխարհի ցավով հիվանդների մեջ:

***
Արևկա օրով հավքերն իմ այգում
Ճռվողում են հա առանց դիրիժոր,
Մարդու մեկին այն
հաճույք է վերին,
Մյուսի համար՝ ձանձրալի ժխոր:

***
Ես չեմ հիշում,
թե ապրել եմ այլ կյանքով,
Այն մի հատ է, մի անգամ է,
մի դարով,
Թող ոչ մեկը ինձ ահ չտա իր ահից,
Ամեն մի բան կվերանա իմ մահով:

ԱՐՏԱՌՈՑ ՕՐ

Օրն արտառոց է այսօր մի տեսակ,
Ամպերը ծանր են, մտքերը՝ թեթև,
Զգալ է տալիս ցավը կենսունակ,
Երեսուն տարի անցել է թեև.

Ստվարանում է մութը կարկամած,
Արցունք է կաթում երկնքի աչքից,
Նորից հուշերիս
մատյանն եմ թերթում,
Եվ ինձ պատում է
կպչուն մի թախիծ.

Կլլում է խավարն ամեն ուրվագիծ
Ու վերջին պատառ
ամպե կարմիրը,
Ահ է ներշնչում փութկոտ կայծակի
Անընթեռնելի կրակագիրը…

Օրն անսովոր է այսօր մի տեսակ,
Կյանքս եմ դիտում էկրանին նրա,
Խինդ ու քրքիջ է օրորոցիս շուրջ
Եվ լաց են լինում շիրիմիս վրա:

***
Ասես ապրում ենք
խարխափումներով,
Կույրի՝ ճանապարհ գնալու նման,
Իրար անհաղորդ և օտարոտի
Ու թմբիրի մեջ մշտնջենական.

Անցնում է կյանքը աճապարանքով,
Կողմնորոշվելը դյուրին չէ էլի,
Եվ մշուշոտված հիշողությունը
Մեզ գիրկն է հրում
կասկածանքների.

Մարդը՝ տագնապի,
վախի ճիրանում,
Բայց և ՝ եսամոլ ու գլուխգովան…
Չէ՛, մոլորուն է մեր
կյանքն իսկապես,
Կույրի՝ ճանապարհ գնալու նման:

***
Ծանր պայքար է իմ ու իմ միջև,
Հաղթողը ես եմ, պարտվողը՝ ես,
Այս ի՞նչ ուժ է, որ ներսս կրծում է,
Ուզածն անում է, մնում անտես.

Խառնակչին
ե՞րբ եմ հայտնաբերելու,
Հանելու իր մութ թաքստոցից,
Կողքից ոչ մեկը տեղյակ չէ սրան,
Զի չի երևում կողքից ոչինչ.

Կյանքը մի անել, բարդ լաբիրինթ է,
Ու տեսանողն է հսկում անտես,
Ծանր պայքար է իմ ու իմ միջև,
Հաղթողը ես եմ, պարտվողը՝ ես:

***
Կեսգիշերային մտատանջություն
Եվ կյանքն ուղղելու
անհաջող փորձեր,
Մեկը փողոցում երգում է խռպոտ,
Երևի մի քիչ ավել է կոնծել.

Նրան ի՞նչ՝ կյանքը ինչպես է գնում,
Ու թքած ունի խորհողի վրա,
Գինու փող լինի և մի խուլ անկյուն,
Սա է անկրկին դրախտը նրա.

Նայում Բարձրյալը
իր ստեղծածներին
Եվ չի իմանում՝ ծիծաղի թե լա…
Գնա՛նք, Տեր Աստվա՛ծ,
նրա ետևից,
Գուցե խմելու դեռ բան ունենա:

***
Իսկ գինարբուքը
Օգնում է մի քիչ,
Թող մշուշոտվեմ,
Չհիշեմ ոչինչ.

Թող գինին գործի
Որպես բալասան,
Եվ պարբերաբար
Խռովի մուսան.

Հրձիգները խև
Թող անգործ ննջեն,
Պոետներն իրար
Նախանձոտ ջնջեն.

Թող որ մոռանամ
Ամենքին և ինձ…
Չէ՛, գինարբուքը
Փրկում է մի քիչ:

***
Սա ժամանց չէր, խաղ չէր սա,
Կեղծ գովազդ ու խաբ չէր սա,
Հավատամքով ապրված
Բանաստեղծի կյանք էր սա:

2020 թ.
գ. Ակներ

Աղբյուր՝ Grakantert.am

Լրահոս
Արա Հուսիկ․ Սաղմոսներ Արցախի հայոց ժառանգությունը վտանգված է. Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ահազանգում է Օպերային թատրոնի բեմ կբարձրանա Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» ներկայացումը «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք» Հայ հեղինակները ներկայացվել են Եվրոպական Միության գրական մրցանակի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթը Աղոթքի արտաքին սովորույթը Հայկ Կազազյանի, Վահագն Պապյանի մասնակցությամբ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավը Երևանից կտարվի Մոսկվա Ձայնը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը «Նարեկ» համույթը «44» պարային ներկայացմամբ արվեստասերներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին Ինքնագործուն աղոթք Ռուբեն Հախվերդյանը հանդես կգա «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով Ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Երևանում կկատարի Վիվալդիի և Պիացոլայի երկերը Կոլիզեումում կվերականգնվի գլադիատորների մենամարտերի հարթակը (լուսանկարներ, տեսանյութ) «Աստվա՛ծ, դու իմացար անմտությունն իմ, և հանցանքներս չծածկվեցին քեզնից» (Սաղմոսներ 68:6) Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին Երևանում կամերային երաժշտության երեկո կանցկացվի Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրն է Ա Պետրոս 3:15, 16 Սամվել Զուլոյան Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի բացման համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը «Տերն է տալիս իմաստությունը» (Առակ. 2:6) Արցունքախառն ծափողջույններ. Վերածննդի խորհուրդը՝ Ավետարանչականի բեմում «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը». լույս է տեսել «Հասրաթյան» մատենաշարի առաջին գիրքը (տեսանյութ) Արշիլ Գորկի... կոշիկի տուփերի վրա նկարելուց մինչև 20-րդ դարի արվեստի ամենակարևոր դեմքը Առնո Բաբաջանյանի հոբելյանին «Նարեկացի» արվեստի միությունում դասական երաժշտության երեկո է նախատեսվում Դու կարող ես երջանիկ լինել «Վտանգված ժառանգություն․ Արցախ»․ Հնարավոր է՝ ինչ-որ զեղծարարություններից հետո քարոզչության համար Ադրբեջանը թույլատրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը Պաշարված ամրոց Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով․ ԿԳՄՍՆ Սա դավաճանական պատերազմ էր. Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը. Հովհաննես Գալստյան Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը Առինքնող դերասանուհին. «Պետք է կայծը ձգել ունկնդիրների սրտերի մեջ…» «Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան հույսը դնել մարդկանց վրա» (Սաղմոսներ 117:8) «Ակնհայտ է՝ Ադրբեջանը վախենում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները մուտք գործեն հայկական մշակութային վայրեր» Քրիստոնեությունը հաղթեց կռապաշտությանը, Աստվածային սերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը հանդես է եկել հայտարարությամբ Թադևոս Տոնոյան․ Հայաստան
website by Sargssyan