Գիտելիքի աղբյուրը

Գիտելիքի աղբյուրը

Հրեա փիլիսոփաներն իրենց աստվածաբանությունը հիմնում էին Աստվածաշնչի ուսուցումների և մարգարեությունների վրա: Սակայն միջին դարերում առաջ եկան հրեա մտածողներ, ովքեր իրենց մտքերը հաստատեցին փիլիսոփայական սկզբունքներով: Նրանք այսպես վարվեցին, որովհետև տեսան, որ մուսուլման աստվածաբաններն իրենց աշխատություններում գործածում են հույն փիլիսոփաների տեսությունները: Այդ ժամանակ մահմեդական մտածողները, հունարեն լեզուն սովորելով, արդեն կարողանում էին հունարեն ընթերցել հույն փիլիսոփաների աշխատությունները կամ դրանք թարգմանել արաբերենի:

Հրեա մտածողներից մեկը իր հայացքները կառուցեց նման փիլիսոփայական սկզբունքներով: Նա ասում էր, որ հավատը ևս գիտելիք է, և փիլիսոփայությունը ճանապարհ է, որ տանում է դեպի այս գիտությունը: Այսպիսի հասկացության համար Աստված օբյեկտ է, որին նայելով` կարող ենք պատկերացում կազմել այդ օբյեկտի մասին: Այս տեսակետին դեմ հանդես եկավ մեկ այլ հրեա փիլիսոփա, ով նախընտրեց ամրապնդել իր մտքերը Աստվածաշնչի իմաստությամբ: Նա ջանաց ապացուցել, որ Աստված գիտելիքի օբյեկտ չէ, այլ Նա գիտելիքի սուբյեկտն է: Այսինքն` գիտելիքն ինքն է գալիս Աստծուց, Աստծո պարգևի շնորհիվ մարդը կարող է հասկացողություն, հասկանալու կարողություն ունենալ, և Աստված տաղանդ է տալիս մարդկանց, որոնցով մարդիկ ընդունակ են հայտնագործություններ անելու և բազմապատկելու մարդկային գիտելիքը: Ահա նաև այս բացատրությամբ առավել հասկանալի է դառնում որևէ մեկին բացարձակ իմաստով ուսուցիչ կոչելու Քրիստոսի արգելքը (Մատթ. 23.8), քանի որ Աստված Ինքն է գիտելիքի աղբյուրը:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում