Ինչպես Ներսիսյան դպրոցի շենքը դարձավ Կովկասյան ժամանակակից համալսարան

Ինչպես Ներսիսյան դպրոցի շենքը դարձավ Կովկասյան ժամանակակից համալսարան

Վիրահայ հասարակական գործիչ Լեւոն Չիդիլյանը մանրամասներ է ներկայացնում

Թբիլիսիի Ներսիսյան դպրոցը, որ հայության շրջանում սրբավայր էր ընկալվում, ժամանակին ամենահայտնի կրթական հաստատությունն էր, Կովկասի առաջին միջնակարգ անկախ դպրոցը: Այժմ դպրոցի շենքում գործում է Կովկասյան համալսարանը` 5000 ուսանողով: Հայկական Թիֆլիսի ուսումնասիրությամբ զբաղվող վիրահայ հասարակական գործիչ Լեւոն Չիդիլյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ ներկայիս կառույցը Ներսիսյան դպրոցի երրորդ շենքն է, իրականում Ներսիսյան դպրոցը հիմնադրվել է 1824 թվականին: «Երբ 1814թ. Ներսես Աշտարակեցին նշանակվում է Վրաստանի եւ Իմերեթի հայոց հոգեւոր առաջնորդ, գալով Թիֆլիս՝ տեսնում է, որ թիֆլիսահայերի մեծամասնությունը հայախոս չէ, եւ գրեթե գոյություն չունի հայկական դպրոց, կար ընդամենը մեկ դպրոց՝ Ժառանգավորացը, որտեղ քահանաներ էին պատրաստվում: Եվ առաջին իսկ գերնպատակը եղել է դպրոց հիմնադրելը, որպեսզի թիֆլիսահայությունը, արեւելահայությունը կարողանա դիմակայել ժամանակի մարտահրավերներին: Այդպես հիմնադրվեց իր ժամանակի ամենափառահեղ շինությունը, որն իր գոյության ընթացքում ունեցել է մի քանի հազար աշակերտ»,-նշեց պարոն Չիդիլյանը:

Նրա խոսքով, 150 տարի Ներսիսյան դպրոցի ուսուցչական կազմը եւ աշակերտները դարձել են առաջատարները բոլոր ոլորտներում. «Եթե մենք ասում ենք հայ մշակույթ, ապա նոր հայկական մշակույթը ձեւավորվել է հենց Ներսիսյան դպրոցի ուսուցիչների եւ սաների շնորհիվ, եթե ասում ենք արդյունաբերություն, նորից պետք է նկատի ունենանք Ներսիսյան դպրոցի աշակերտներին ու շատ հայտնի հայերի: 1930թ. առաջին շրջանավարտների թվում են եղել Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Ներսիսյանը, Հովնանյան օրիորդաց գիմնազիայի հիմնադիր Հովհաննես Անանովը… Ուսուցիչների մեծ մասը հետագայում հենց Ներսիսյան դպրոցի սաներն են եղել եւ ամենահայտնի տեսուչները: Առաջին հայտնի տեսուչը եղել է Ալմադարյանը՝ ժամանակի ամենալուսավոր դեմքերից մեկը, որը աքսորվեց Ներսես Աշտարակեցու աքսորից հետո»:

Լեւոն Չիդիլյանը նշում է, որ սկզբում Ներսես Աշտարակեցու նախաձեռնությունը մեծ ոգեւորությամբ է ընդունվել ռուսական կայսրության կողմից, բայց Հայաստանի այսօրվա տարածքը ռուսական կայսրությանը միացնելուց հետո լարվել են հարաբերությունները, եւ ռուսական կայսրությունը Ներսես Աշտարակեցու մեջ վտանգ է տեսել: Հետագայում Աշտարակեցին ու նրա համախոհներն աքսորվել են:

Վիրահայ գործիչն ասում է, որ 1924 թ. դպրոցը փակվել է, դադարել է նրա հարյուրամյա գոյությունը, սակայն դպրոցի սաները, որոնց թվում էին Անաստաս Միկոյանը, Կարո Հալաբյանը, Եզնիկ Երզնկյանը, Թումանյանը եւ այլք, իրենց գործունեությունը չեն դադարեցրել:

Մեր զրուցակիցն ասում է, որ իրեն հայտնի Ներսիսյան դպրոցին նվիրված շուրջ տասը աշխատություն կա, նա ցուցադրեց 1970-ականներին ներսիսյանցիների տպագրած աշխատություններից մեկը. «Շատերը չգիտեն, բայց Սողոմոն Թեհլերյանն էլ է սովորել Ներսիսյան դպրոցում: 1915թ. նա մեկ տարի եղել է Ներսիսյան դպրոցի սան: Ցավոք, կոմունիստական շրջանում ամեն ինչ արվում էր, որպեսզի չներկայացնեն դպրոցի այն սաներին, որոնք եղել են դաշնակցական եւ ռամկավար կուսակցության անդամներ»: Լեւոն Չիդիլյանը թվարկեց մի քանի հայտնի տեսուչների՝ Հովսեփ Օրբելի, Պետրոս Շանշյան, Ավետիս Ահարոնյան:

Ինչ վերաբերում է ներկայումս գոյություն ունեցող շենքին, ասաց, որ հիմքը դրվել է 1909թ. եւ ամբողջ ծախսն իր վրա վերցրել է Ալեքսանդր Մանթաշյանցը, նամակը պահպանվել է, որով նա դիմել է կաթողիկոսին եւ ասել, որ երջանիկ է այդ հնարավորությունն իրեն տրվելու համար: Մանթաշյանցը մահացել է, եւ բացմանը չի հասցրել մասնակցել, մնացած ծախսերն իրականացրել է Լեւոն Մանթաշյանցը, եւ 1912 թ. դպրոցն ամբողջությամբ տեղափոխվել է նոր շենք: Այս շենքում Ներսիսյան դպրոցը գործել է մինչեւ 1924 թ.: Կոմունիստական շրջանի լուսավորության նախարար Լունաչարսկին մեծ հանդիսությամբ մասնակցել է Ներսիսյան դպրոցի հարյուրամյակին, որից մի քանի ամիս անց դպրոցը դադարեցրել է իր գործունեությունը: Մեր զրուցակիցը հայտնում է նաեւ, որ Թիֆլիսի հայոց թատրոնը եւս Ներսիսյան դպրոցի սաների շնորհիվ է հիմնադրվել, Թիֆլիսի առաջին հայկական տպարանը հենց Ներսիսյան դպրոցում է հիմնադրվել, որը եղել է Գրիգոր Արծրունու պապի՝ Գեւորգ Արծրունու նվերը:

Հայ առաքելական եկեղեցուց Ներսիսյան շենքը առգրավվել է խորհրդայնացման տարիներին, այն վաճառվել է վերջին տարիներին եւ այժմ Կովկասյան համալսարանի սեփականությունն է: Կովկասյան համալսարանի ռեկտորի գրասենյակի ղեկավար Սվետլանա Քեւխիշվիլին նշեց, որ համալսարանի ղեկավարությունը Ներսիսյան դպրոցի շենքում փոփոխություններ չի կատարել, ընդամենը փոքր վերակառուցումներ են կատարել, պահպանվել են հատակի խճանկարները եւ չի խաթարվել ճարտարապետական հորինվածքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Թբիլիսի-Երեւան

Լուսանկարները՝ հեղինակի

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում