Թումանյանի թանգարանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրեց «Խոսք հոգեհանգստյան» հիշատակարանը

Թումանյանի թանգարանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրեց «Խոսք հոգեհանգստյան» հիշատակարանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի թանգարանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին լույս է ընծայել «Խոսք հոգեհանգստյան» հիշատակարանը, որում ներառվել են ոչ միայն հայերի, այլև օտարազգիների խոսքեր, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդանշական գիրքը ապրիլի 23-ին ներկայացվեց հանրության ուշադրությանն ու փոխանցվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասաց, որ «Խոսք հոգեհանգստյան» հիշատակարանը ծնվել է 2020 թվականի ապրիլի 24-ին, երբ կորոնավիրուսային համավարակի պայմաններում ՀՀ-ում հայտարարված էր արտակարգ դրություն, իսկ Ցեղասպանության հուշահամալիր ավանդական այցը՝ արգելված։ Հենց այդ ժամանակ թանգարանի նախաձեռնությամբ ստեղծվել է առցանց հարթակ, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ՝ հայ, թե օտարազգի, իրենց հոգու խոսքն են գրել՝ ի հիշատակ ցեղասպանության սրբադասված նահատակների:

«Արձագանքը շատ մեծ էր, և ոգեկոչման խոսքերով նախաձեռնությանը միացան ոչ միայն հայեր, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Նրանց բոլոր խոսքերն ի մի ենք բերել, հավաքել, ամփոփել այս գրքում: Այն ունի 24 թերթ, որոնցում հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն և այլ լեզուներով ընդգրկվել են մասնակիցների խոսքերը»,-նշեց նա:

Եղիազարյանն ընդգծեց, որ մատյանն ամբողջական չէր լինի, եթե թանգարանին չաջակցեին նկարիչ Սուսաննա Կիրակոսյանը, որը գրքի էջերը նկարազարդել է միջնադարյան մանրանկարչության ոճով, և Էլլա Հակոբյանը, որը գրքի ինքնատիպ կազմի հեղինակն է:

Խորհրդանշական է հիշատակարանի սկիզբը, որն սկսվում է Հովհաննես Թումանյանի «Հոգեհանգիստ» բանաստեղծությամբ: Հեղինակն այն գրել է 1915 թվականին:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանն էլ տեղեկացրեց, որ օրեր առաջ թանգարան-ինստիտուտում ցուցադրություն են բացել, որն անդրադարձել է ցեղասպանությունը վերապրածների ընտանիքներին: «Այս պատմությունները մեր աշխատակիցները հավաքել են ժամանակին, հետո թարմացրել են նորանոր նյութերով: Պատմություններից 12-ը մեր թանգարան-ինստիտուտի աշխատակիցների գերդաստանների մասին են: Ցուցադրությունը ցույց է տալիս կապն անցյալի ու ներկայի միջև: Մի դեպքում լուսանկարներն են, իսկ մյուս դեպքում՝ պատմությունները՝ հանձնված թղթին, մագաղաթի պես ձևավորված»,- շեշտեց Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով Հովհաննես Թումանյանի թանգարանին գրքի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում