Քրիստոնեությունը հաղթեց կռապաշտությանը, Աստվածային սերը

Քրիստոնեությունը հաղթեց կռապաշտությանը, Աստվածային սերը

Քրիստոնեությունը հաղթեց կռապաշտությանը

Շատ հետաքրքիր հայտանգործություններ եղան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հետ կապված, երբ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը համաձայնություն տվեց Մայր Տաճարում պեղումներ կատարելու իրեն ներկայացված առաջարկին: Այս մասին մեծ խանդավառությամբ պատմում էր Վազգեն Վեհափառն ինքը Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում տեղի հայությանը 1960 թ. հուլիսի 31-ին: Չորս տարիների ընթացքում Էջմիածնի հազարամյա քարերի տակ հայտնաբերվեցին 4-5-րդ դարերի հին հիմքերը, և այս պեղումների արդյունքները եկան մեկ անգամ ևս հաստատելու մեր պատմիչների վկայությունները Սուրբ Էջմիածնի մասին: Մայր Աթոռի Ավագ Սեղանի վերակառուցման ժամանակ ևս պեղումներ կատարվեցին ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի գլխավորությամբ: Հայտնաբերվեցին 5-րդ դարի վեմաքարը, խաչքարեր և այլ արժեքավոր իրեղեններ: Սակայն երբ պեղումները շարունակվեցին, 5-րդ դարի վեմաքարի տակ հայտնաբերվեց հեթանոսական մի կրակարան, և այս հայտնաբերումը կապված էր մեր պատմության փառավոր էջերից մեկի` Վարդանանց պատերազմի ու դրան հաջորդող դեպքերի հետ: Ինչպես պատմում է երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսը, Վարդան Մամիկոնյանի և մյուս քաջերի նահատակությունից հետո պարսիկներն սկսեցին քանդել մեր եկեղեցիները, իսկ որոշ եկեղեցիներ վերածեցին կրակապաշտական տաճարների: Սակայն հայ ժողովուրդը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ հաղթանակ տարավ` ձեռք բերելով նաև քրիստոնեության ազատությունը Հայաստանում: Վահան Մամիկոնյանն իր առաջին պարտքը համարեց նորոգել Սուրբ Էջմիածինը: Նա պահպանեց պարսիկների կրակարանը և վրան զետեղել տվեց վիմաքարը` որպես կռապաշտության դեմ քրիստոնեության հաղթության նշան:

Աստվածային սերը

Պողոս առաքյալը նախապես հալածում էր քրիստոնյաներին, բայց այդ հալածանքների ժամանակ` Դամասկոսի ճանապարհին, Քրիստոս հանկարծ հայտնվեց նրան պայծառ լույսի մեջ և հարցրեց՝ ինչո՞ւ ես Ինձ հալածում (Գործք 22.7): Զարմանալի է այս հարցը, որովհետև Պողոսը Քրիստոսին անձնապես չգիտեր և երբեք էլ Նրան չի հալածել: Սակայն այս հարցով Տերը հասկացնում էր, որ յուրաքանչյուր քրիստոնյայի ցավ նաև Իր ցավն է, և այսօր էլ Տերն Ինքը ևս զգում է մեր ցավերն ու վշտերը և Իր մեծ սիրով առաքում Իր մխիթարությունները: Շատեր դա չեն զգում, որովհետև նրանք իրենց սրտերը փակել են Աստծո առաջ: Մինչդեռ Աստծո առաջ սիրտը բացելու դեպքում մեր հոգում բացվում են հոգևոր աչքերը, որոնցով այնքան հրաշալի բաներ ենք տեսնում, որոնք հնարավոր չէ տեսնել մարմնավոր աչքերով: Պողոսը, Քրիստոսին հավատալով, այնպիսի մեծ գործունեություն է ծավալել, որ նրան սկսել են կոչել 13-րդ առաքյալ: Նոր Կտակարանի մի մեծ մաս են կազմում Պողոս առաքյալի նամակները՝ ուղղված տարբեր եկեղեցիներին, որոնցում բազում օգտակար խորհուրդներ կան, և որոնցում երևում է հավատքի անսահման խորությունն ու Աստծո հանդեպ սիրո անսահմանությունը:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում