Սամվել Զուլոյան

Սամվել Զուլոյան

Պատկեր առ պատկեր հեռանում քեզնից,
Հալվող հուշերի անէ մշուշում
Մոտենում այլոց, օտարում եմ ինձ
Եվ ինձնից արդեն ոչինչ չեմ հիշում…
Այնտեղ, ուր քեզ հետ երբևէ եղանք,
Քո մասին պատմող վայրկյանները սուղ
Օրեր են գծում, իրեր անտեղյակ,
Որ վերնահարկից իջել են նկուղ…
Նրանք հուշում են անվերջ քո մասին,
Վկայակոչում դիպվածներ չեղյալ:-
Գորշ ներքնահարկից` մգլահոտ ու հին,
Բարձրանում է իմ հավակնոտ «մեղա»-ն…
Քո դեմ մի մեղք եմ ես գործել արդար,
Իմ հանդեպ` հանցանք մի աններելի,-
Դու քո դրախտում գոնե հասկացա՞ր`
Ո՞նց էինք ապրում առանց թևերի…
Ինձ ինչ` դրախտդ անձուկ ու դատարկ,
Ես դեռ այստեղ եմ, ուր մի օր եղանք,
Ուր ներքնահարկից` մգլահոտ ու հին,
Բարձրանում է իմ հավակնոտ «մեղա»-ն

Հետևեք մեզ նաև Telegram-ում