USD
EUR
RUB

Ա Պետրոս 3:15, 16

 

15. Պատրա՛ստք իցէք տալ պատասխանի ամենայնի որ խնդրիցէ զբա՛նն՝ որ է վասն յուսոյն ձերոյ։

Պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մարդու, որ կհարցնի ձեր մեջ եղած հույսի պատճառը:

16. Այլ հեզութեամբ և երկիւղիւ ունիցի՛ք բարս քաղցո՛ւնս. զի որով չարախօսիցեն զձէնջ՝ (մարդիկ) յամօ՛թ լիցին, որք բամբասեն զձեր բարւոք գնացս ՚ի Քրիստոս։

Հեզությամբ և երկյուղածությամբ քաղցրաբարո վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանով, որով չարախոսում են ձեր մասին (մարդիկ), ամոթահար լինեն նրանք, ովքեր բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս։

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

Կատարյալ անձանց, իմաստուն վարդապետներին և Աստծուց երկյուղածներին է բնորոշ ոչ միայն իրենց պատիվը բարձր պահելն ու սեփական առաջադիմության մասին «հոգ տանելը», այլ նաև յուրային աշակերտների մասին մտածելը։ Նրանք այս «հատկանիշը» մարդկային մտքով չսովորեցին, այլ աստվածատուր իմաստությամբ և ավանդությամբ՝ ըստ անսուտ խոստման մեր Փրկչի և Աստծու, Որն Իր աշակերտների մասին ասաց. «Այն գործերը, որ Ես եմ գործում, նրանք էլ կգործեն, ու դեռ ավելին կանեն»։

Եվ դարձյալ, քանի որ Նա, ով Աստված է և Տեր, մեկ ազգի ու ժողովրդի համար քարոզիչ և վարդապետ եղավ, ինչպես որ Ինքն էլ ասաց՝ «Այլ տեղ չեմ ուղարկված, եթե ոչ Իսրայելի տան կորուսյալ ոչխարների մոտ», իսկ ահա Իր աշակերտներին իբրև քարոզիչներ և ավետարանիչներ առաքեց ամենքի մոտ՝ ասելով. «Գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով»։

Արդ, թերևս այս ամենն ունկնդրելով՝ առաքյալների դասերը սովորեցին պատշաճորեն հարգել իրենց աշակերտներին և նրանց մեծապատիվ վայելչությունը ցույց տալ մարդկանց։ Այդպես Պողոսն է Տիտոսին և Տիմոթեոսին հավատացյալների աչքին բարձրացնում՝ ասելով. «Իսկ եթե խոսք լինի Տիտոսի մասին, նա իմ հավասարն է և իմ գործակիցը ձեր մեջ»։ Տիմոթեոսի մասին էլ ասում է. «Տեսե՛ք, որ աներկյուղ լինի ձեր մեջ, որովհետև Տիրոջ գործն է անում, ինչպես ինքս էլ»։ Դարձյալ, «Հիսուս Քրիստոս, որ քարոզվեց ձեր մեջ մեր միջոցով՝ իմ, Տիմոթեոսի և Սիղվանոսի»։

Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Պողոսը հարգում իր աշակերտներին և նրանց իրեն գործակից ու հավասար է համարում բոլոր աստվածային գործերում։ Այդ բանը նաև Պետրոսը գիտեր, ուստի աշակերտներին տեսակ-տեսակ և բազմապատիկ խրատներ տալուց հետո զգուշացնում է հաստատուն մնալ իր կողմից ուսուցանված վարդապետության և Ավետարանի ուսման մեջ, որպեսզի չլինի թե ծուլությամբ կորստյան մատնեն սովորածը, այլ մշտապես պատրաստ, այսինքն՝ արթուն լինեն։

Երանելին պատգամում է, որ իր աշակերտները հսկեն և՛ գիշերը, և՛ ցերեկը, եռանդուն լինեն, իրենց միտքը սևեռեն աստվածային գրքերի ընթերցանությանն ու աղոթքներով խնդրեն Աստծուն, որպեսզի Նա իրենց արժանի դարձնի այդ աստվածային խոսքերին։ Քանի որ եթե մարմնական գործեր կատարելու ու բարիքի հասնելու համար անհրաժեշտ է շատ ճիգ ու ջանք գործադրել, քրտինք թափել և «հոգի դնել» գործում, որքա՜ն առավել այդպես է պետք վարվել աստվածային գրքերի վարդապետությունն ուսանելու համար։

Ահա այս պատճառով է առաքյալն ասում. «Պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մարդու, որ կհարցնի»։

Տրված հարցերին ճշմարտությամբ ուղղամիտ պատասխան տալը տաժանելի գործ է, որ բազմապատիկ ջանքեր է պահանջում։ Դրա համար անհրաժեշտ է հմուտ լինել վարդապետական գրերին և արժանավոր՝ Աստծու շնորհներին։

Սակայն նախ և առաջ պետք է զանազանել, թե որ հարցն ինչ պատճառով է հնչում, պարզ մտքո՞վ, որպեսզի գիտենա չիմացածը, փորձելո՞ւ նպատակով, թե՞ հերձվածողական նկրտումներից դրդված։ Ըստ այս տարրորոշման էլ հարկավոր է պատասխանել յուրաքանչյուրին, որպեսզի երբևէ չլինի թե նա մի բան հարցնի, բայց դու մեկ այլ բան պատասխանես և ունկնդիրների կողմից մեղադրության ենթարկվես։ Այս նպատակով է երանելին զգուշացնում պատրաստ լինել պատասխան տալու։

Ինձ այնպես է թվում, որ սա նույն այն միտքն է, որը Պողոսն արտահայտում է այլ խոսքերով, երբ գրում է իր աշակերտին. «Դու,- ասում է երանելին,- քարոզի՛ր խոսքը, շարունա՛կ հայտարարիր այն, ժամանակին լինի թե տարաժամ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, մխիթարի՛ր, որպեսզի չլինի մեկը, որ քո մանկությունն արհամարհի»։

«Ամեն մարդու,- ասում է,- որ կհարցնի»։ Սա ասելով՝ առաքյալը պատվիրում է հարց տվողներից որևէ մեկի հանդեպ անփույթ չլինել, որևէ մեկին չանտեսել ու չարհամարհել՝ նրան պատասխան ստանալու անարժան համարելով։ Քանի որ աղքատ լինի թե հարուստ, տգետ լինի թե խորագետ փիլիսոփա, լինի տղամարդ թե կին, ծառա թե ազատ, հրեա թե հեթանոս, եթե կամենում է քեզնից ուսանել հավատքի իմաստուն խոսքերը, դու մի՛ ծուլացիր ու մի՛ արհամարհիր նրան, այլ պատրա՛ստ եղիր յուրաքանչյուրին ըստ իր մտավոր կարողության պատասխան տալու։ Նաև, ըստ իր կերպարի և ունեցած պատվի, ըստ հասակի, ըստ հարցի իմաստուն կամ տգետ լինելու, ըստ վայրի և ըստ ունկնդիրների արժանավորության։

Դրա համար է ասում. «Ամեն մարդու, որ կհարցնի»։ Այսպես առաքյալը արթնացնում է իր աշակերտների մտքերը՝ զգուշությամբ պատրաստ լինելու պատասխան տալ նրանց, ովքեր կկամենան ուսանել իրենցից։ Հակառակ դեպքում, եթե իրենց տրված հարցերին անփույթ պատասխաններ տան, մեծագույն դատաստանի դատապարտությանը կենթարկվեն, քանի որ չկա և չի կարող լինել ավելի մեծ ամբաստանություն, քան այն, որ մեկը, տգիտությամբ ու անասուններին հատուկ անմտությամբ «զգեստավորված», հանձն առնի պատասխաններ տալու այնպիսի հարցերի, որոնք Աստծուն, հավատքի խոստովանությանը կամ աստվածային գրերի վարդապետությանն են վերաբերում։

Այդպես վարվելով և ճշմարտազուրկ պատասխաններ տալով՝ մարդ կրկնակի մեղադրանքների է արժանանում. մեկը՝ սուտ խոսելու, մյուսը՝ հարցատուներին գայթակղեցնելու համար։ Եվ եթե ուրիշ դեպքերում սուտ խոսելը, ըստ մարգարեության և տերունական խոսքի, դատապարտության արժանի արարք է, ապա որքա՜ն առավել պատժի է արժանի նա, ով մեծամեծ բաների մասին է հանդգնում ճշմարտազուրկ խոսքեր բարբառել։

Ավելի լավ է, որ այդպիսի մարդու պարանոցին երկանաքար անցկացվի ու նա ծովի խորքերը նետվի, քան թե գայթակղության պատճառ դառնա աստվածային երևույթներին վերաբերող հարցերի առնչությամբ։ Ահա այս պատճառով է առաքյալը զգուշացնում ամեն կերպ պատրաստ լինել պատասխանելու նրան, ով կամենում է ուսանել «բանը»։ «Բան»-ը կամ հավատն է, կամ խոստովանությունը, կամ հենց Աստծու խորհուրդների մասին ողջ իմաստությունը։

Շարունակելով իր խոսքը՝ առաքյալը հավելում է. «….ձեր մեջ եղած հույսի պատճառը»։ Ինձ թվում է, որ «հույս» ասելով՝ երանելին ակնարկում է Քրիստոսի մարդեղության տնօրինությունը, որն արդարև հուսահատների համար սպասելի հույսն էր՝ Աստծու կողմից շնորհվող Կյանքը։ Չէ՞ որ Աստված մեզ խոսք էր տվել Իր ձրի պարգևներին արժանացնել ու Աստծու որդիներ, Երկնքի արքայության ժառանգորդներ լինել։

«Արդ, եթե հարցը ձեր ունեցած հույսի մասին է,- ասում է առաքյալը,- թե ինչպե՞ս Աստված մարդ դարձավ կամ ինչպե՞ս Բանը մարմին եղավ, ինչպե՞ս Անբովանդակելին բովանդակվեց կամ ինչպե՞ս Անժամանակը ժամանակավորներին միացավ, ինչպե՞ս Անտեսանելին տեսանելի դարձավ կամ ինչպե՞ս շոշափվեց Անշոշափելին, ինչպե՞ս Անչարչարելին չարչարվեց մարմնով կամ ինչպե՞ս Անմահը մարմնով մեռավ, բայց կենդանությունը չկորցրեց, ինչպե՞ս մահվան ժամանակ կյանք ունեցավ, իսկ կենդանի լինելով էլ՝ մահացավ, պատրա՛ստ եղեք այսպիսի հարցերին պատասխանելուն և ճշմարտությամբ ուսուցանելուն, որպեսզի ձեր հույսի առավելությունը բացահայտորեն երևա, իսկ ովքեր էլ կամենում էին ձեզնից իմաստություն ուսանել՝ իսկապես ձեր խոսքերից օգուտ ունենալով հեռանան»։

Այնուհետ քրիստոսակոչ առաքյալը նրանց մեկ ուրիշ խրատական խոսք է ուղղում՝ պատգամելով Աստծու խոսքերը շնորհներով զարդարել, ասես աղով համեմելով, որպեսզի այդ խոսքերն իրենց հերթին շնորհներ բաշխեն նրանց, ովքեր կունկնդրեն ասվածները: Եվ արդ, առաքյալն ասում է. «Հեզությամբ և երկյուղածությամբ քաղցրաբարո վա՛րք ունեցեք»:

Այս երկու առաքինությունները շատ ավելի կարևոր ու անհրաժեշտ են վարդապետ մարդու համար, քան մնացյալ բոլոր առաքինությունները: Առաջին առաքինությամբ մարդ կարող է իր հոգում «դրոշմել» ճշմարիտ Վարդապետի, Հեզի ու Մարդասերի՝ Հիսուսի կերպարանքը, Որը նախատվելով, բամբասվելով, հալածվելով ու չարչարվելով՝ չէր դադարում հեզության սխրանքից, չէր մոռանում Իր անբարկանալի բնության մասին և անոխակալությամբ բարի օրինակ էր տալիս ամենքին:

Վարդապետը պարտավոր է Նրա հեզության նմանությունն ունենալ, որպեսզի եթե անգամ նախատվի ու հալածվի, չարչարվի ու մեռնի էլ, չհրաժարվի հեզությունից, չդադարի քաղցրաբարբառ խոսքեր ասելուց և անպատշաճ կամ դառը խոսքեր չբարբառի, այլ որքան հակառակորդները ջանասեր լինեն տրտմեցուցիչ խոսքեր ասելիս, այնքան նա քաղցրաբանությամբ կակղացնի և հեզությամբ բարեպաշտության հորդորի նրանց: Իսկ ով այսպես չանի, նա խորթ է աստվածային ու երկնավոր վարդապետությանը, ինքն է իրեն «պատվի» արժանացրել, և ոչ թե Աստծուց կանչվել:

Իսկ երկրորդ առաքինությունը, որ Աստծու երկյուղն ունենալն է, իրենում բովանդակում է Աստծու բոլոր պատվիրանները և իմաստնացնում է ճշմարիտ իմաստությամբ, քանի որ, ինչպես ասաց Սողոմոնը, «իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է»: Ուստի և ով Աստծու երկյուղն ունի այնպես, ինչպես որ հարկն է, նա Աստծու շնորհների իմաստությամբ կիմաստնանա և այլևս ուրիշ ուսման կարիք չի ունենա ու չի դեգերի օտար վարդապետների շուրջը:

Այդպիսին էին մարգարեների դասերը, որոնք Աստծու երկյուղն ունեին և կարիք չէին զգում մարդկանցից որևէ բան ուսանելու, այլ հենց իսկ Աստծու Հոգուց ճշմարիտ ու անստվեր իմաստությունն էին ուսանում: Այդպիսի մեկն էր Պողոսը, որն ասում էր. «Ես մարդկանցից չառա այն, ոչ էլ որևէ մեկից սովորեցի, այլ՝ Հիսուս Քրիստոսի մի հայտնությունից»։

Արդ, երանելի Պետրոսը, այս բոլորը տեսնելով, ասաց. «Հեզությամբ և երկյուղածությամբ քաղցրաբարո վա՛րք ունեցեք»: Նա իր այս խոսքով մեկ այլ միտք էլ է կամենում մեզ հաղորդել: Չէ՞ որ բազմիցս հեզությամբ խրատելն ու քաղցրաբանությամբ խոսելը առավել օգտակար է լինում ունկնդիրներին, նրանց սեփական մեղավորության զգացողությամբ է «տոգորում» և զղջման առաջնորդում, մինչդեռ այդ նույն արդյունքին դժվար թե կարելի լիներ հասնել խստաբանության միջոցով:

Խստաբանությունն ու հանդիմանությունը մեղավորներին բազմիցս լրբության և անամոթության են առաջնորդել: Իսկ քաղցրությամբ աղաչելն ու արտասուքով խնդրելը, ապա՝ մեղքերի և մեղավորների տանջանքների, ինչպես նաև արդարների փառքի ու անճառելի հանգստության մասին հիշեցնելը զորավոր ազդեցություն կարող են ունենալ Աստծու երկյուղին ու բարեպաշտության սխրանքին հորդորելու գործին:

Սակայն ամենքի հանդեպ և ամեն հարցում պետք չէ քաղցրախոսություն «բանեցնել», քանի որ կան այնպիսի մարդիկ, որոնք արհամարհում են Աստծու ներողամտությունն ու համբերատարությունը և չգիտեն, որ Աստծու «քաղցրությունը» ապաշխարության զղջմանն է առաջնորդում։ Այդժամ անպատշաճ է քաղցրաբանությամբ խոսել, այլ անհրաժեշտ է հանդիմանողական խոսքերով սաստել և հանդիմանել, ապա մխիթարել, եթե կարիք լինի։

Իսկ եթե մեկը Եկեղեցու մարմնի փտած ու ապականված անդամը լինի, այն կտրել ու դեն նետելը՝ տեսակ-տեսակ խրատներ կարդալուց հետո, լավագույն տարբերակը կլինի, որովհետև մի փոքր խմորը խմորում է ողջ զանգվածը։ Եվ արդ, առաքյալն ասում է.«Որպեսզի այն բանով, որով չարախոսում են ձեր մասին, ամոթահար լինեն նրանք, ովքեր բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս»։

Երանելին նախ պատվիրեց քաղցրաբանությամբ շահել ամենքի հոգիները և մատնացույց արեց, որ, արդարև, Քրիստոսի աշակերտի կերպարանքին հեզություն, երկյուղածություն և համբերատարություն են բնորոշ, ուստի մարդ ոչ մի դեպքում չպիտի «լռեցնի» այս առաքինությունները, այլ հարկավոր է պնդակազմ ու հաղթական լինել բոլոր չարչարանքների ժամանակ։

«Այլ որքան հակառակորդները բամբասեն ու չարախոսեն ձեր մասին,- շարունակելով իր խոսքը՝ ասում է առաքյալը,- որքան ջանան բարկացնել ձեզ, դուք այնքան և դեռ բազմապատիկ ավելի ջանացե՛ք հակառակն անել և քաղցրաբանությամբ զինաթափել նրանց»։ Դրա համար է ասում. «Այն բանով, որով չարախոսում են ձեր մասին»։ Կամ էլ, «չարախոսել» ասելով, նկատի ունի, որ երբ նրանք լսեն ձեր քաղցրաբարբառ խոսքերը, գուցե «չարախոսեն ձեր մասին» իբրև մոգերի, մոլորեցնողների, կախարդների և խաբեբաների, որոնք սովոր են այդպիսի կերպարանքներ ընդունելով՝ բազմաթիվ պարզամիտների «որսալ», իրենց կողմը քաշել ու աշակերտ դարձնել իրենց մոլորություններին։

Արդ, ասում է. «Ամոթահար լինեն նրանք, ովքեր բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս»։ Կարծում եմ, որ, «բարի ընթացք» ասելով, առաքյալը նկատի ունի հեզությունը, երկյուղածությունը և քաղցրաբարոյությունը, քանի որ ինչպես նրանք, ովքեր ճանապարհ են ընկնում, ոտքերի փոփոխական շարժումներով են առաջ ընթանում, այդպես էլ «բարի ընթացքը» առաքինության «քայլերով» է կատարվում։

Իսկ ահա այս ճանապարհի նպատակակետը Քրիստոս է, Որի համար էլ գործադրվում են բոլոր առաքինությունները։ «Մինչդեռ նրանք,- ասում է առաքյալը, ովքեր ձեր այդ ընթացքի համար չարախոսեն ձեր մասին, «ամոթահար կլինեն» և՛ այստեղ՝ երկրում, և՛ այնտեղ՝ երկնքում։ Այստեղ՝ հանդիմանվելով հենց ձեր բարի ընթացքից, քանի որ դուք ո՛չ մոգ եք, ո՛չ կախարդ, ո՛չ խաբեբա, ո՛չ մոլորեցնող, այլ ճշմարտության քարոզիչ, մարդկանց համար փրկության առիթ և նրանց Աստծուն մերձեցնող։

Այնտեղ՝ հանդերձյալ կյանքում էլ նրանք «ամոթահար կլինեն»՝ տեսնելով ձեզ Քրիստոսից պսակների արժանացած և ողջ տիեզերքի առջև օրհնաբանված։ Իսկ ձեր հակառակորդները, այդժամ զղջալով իրենց չար ընթացքի համար և ամոթահար լինելով, կասեն. «Սրանք այն մարդիկ են, որոնց մենք ծաղրում էինք թշնամական խոսքերով։ Մենք հիմար էինք և նրանց վարքը մոլորություն էինք համարում, բայց ինչպե՞ս նրանք Աստծու որդիներ համարվեցին»։ Կամ էլ ձեր այդ թշնամիները դարձյալ կչարախոսեն ձեր մասին իբրև «նոր աստվածպաշտություն» քարոզող կռվասերների, խռովարարների և թագավորական օրենքները խախտողների»։

Արդ, առաքյալն ասում է. «Ովքեր այսպես չարախոսեն ձեր մասին՝ տեսնելով ձեր «բարի ընթացքը», այսինքն՝ խաղաղարար լինելը, թշնամիներին սիրելը, հալածիչներին օրհնելը, հանուն աստվածպաշտության ճգնելն ու մեռնելը, որը բնորոշ է բարի ընթացքով դեպի Քրիստոս գնացողներին, ամոթ ու մեծագույն նախատինք կկրեն»։

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ․

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Մենանվագ Կամերային երգչախումբը սկավառակի շնորհանդես-համերգով ներկայացրեց Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը Ավարտվեց «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգաշարը Օգնելով ուրիշին՝ օգնում ես ինքդ քեզ «Արցախյան կամուրջներ». Թումանյանի թանգարանում կբացվի Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը Christie's աճուրդում վաճառվել են Վան Գոգի, Շագալի, Պիկասոյի և այլ հայտնի նկարիչների գործերը Նոր ցուցադրություն` Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում Նկարիչ Վազգեն Քալայջյանի երեսուն տարվա աշխատանքները կցուցադրվեն նորաբաց «Լաթիթյուդ» պատկերասրահում Մայիսի 18-ին հայաստանյան և արցախյան 113 մշակութային կազմակերպության մուտքն անվճար է Քրիստոսի բարի մշակը. Մովսես Տաթևացի Պեղումների արդյունքում Արտաշատում բաղնիքներ, պալատներ և հռոմեական ակվեդուկ է հայտնաբերվել Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի 27 երկրի դիրիժոր Չծուլանալ, չհուսահատվել, միայն հավատալ Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի եզակի էսքիզները ներկայացված են «Քարի ձայնն ու բույրը» ցուցահանդեսում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է Ո՞վ է մերձավորը 106 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց գործող դերասանը Կառլովի Վարիի կինոփառատոնը հետաձգել են օգոստոսի վերջին «Կաֆկայի երազը» ընդգրկվել է Հելսինկիիում կայանալիք անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրում Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին Աղոթքը ջանք է պահանջում Ժողովրդական արվեստի կրքոտ սիրահարը. ազնիվ, հայրենասեր ու սկզբունքային. այսպիսին էր գեղանկարիչը Վահան Արծրունին «Կոմիտաս. տասը հայտնություն» համերգ կունենա Վարդապետի թանգարան-ինստիտուտում Sotheby's-ն աճուրդի է հանել Վասիլի Կանդինսկիի` 25-35 մլն դոլար գնահատվող կտավը Ազգային գրադարանը ներկայացրեց Շուշիի տպարաններում հրատարակված հետաքրքիր գրքերն ու ամսագրերը Կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի և Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները Ա Պետրոս 3:17 Արա Հուսիկ․ Սաղմոսներ Արցախի հայոց ժառանգությունը վտանգված է. Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ահազանգում է Օպերային թատրոնի բեմ կբարձրանա Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» ներկայացումը «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք» Հայ հեղինակները ներկայացվել են Եվրոպական Միության գրական մրցանակի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթը Աղոթքի արտաքին սովորույթը Հայկ Կազազյանի, Վահագն Պապյանի մասնակցությամբ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավը Երևանից կտարվի Մոսկվա Ձայնը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը «Նարեկ» համույթը «44» պարային ներկայացմամբ արվեստասերներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին
website by Sargssyan