Ինքնագործուն աղոթք

Ինքնագործուն աղոթք

– Հա՛յր, մեզ որևէ բան ասեք ինքնագործուն աղոթքի մասին:

– Ինքնագործուն աղոթք ձեռք բերած մարդը չի ջանում աղոթել, այլ աղոթքն ինքն է նրա մեջ հնչում առանց նրա կողմից որևէ ջանք գործադրելու: Անգամ երազում է աղոթում և արթնանալիս էլ աղոթքը շարունակվում է: Դրա համար էլ Սուրբ Գրքի «Երգ երգոց»-ում ասվում է. «Ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է» (5:2):

Աթոսում մի բանվոր կար, որ շատ էր աշխատում՝ երեքի փոխարեն և այդ պատճառով էլ հայրերը նրան կրկնակի էին վճարում: Երբեմն նա Սուրբ Խաչի իմ խուցն էր գալիս: Մի անգամ ասացի նրան. «Աշխատելիս աղոթիր, որպեսզի արածդ աշխատանքը սրբագործվի»: Նա պարզասրտությամբ ընդունեց ասածս և աղոթելը սովորություն դարձրեց: Մի օր ինձ մոտ եկավ ու ասաց. «Քնած ժամանակ էլ եմ աղոթք ասում: Եվ արթնանալիս էլ այն շարունակվում է: Հոգումս ուրախություն եմ զգում»: «Քաղցրանուշ արշալույսը ծագեց»,- ասացի նրան: Աշխարհիկ մարդ է, իսկ ինչպիսի՜ վիճակի է հասել:

– Հա՛յր, ինքնագործուն աղոթք ունեցող մարդը կրքերից ազատվե՞լ է:

– Դե-հ, լավ վիճակի է հասել:

– Իսկ ինչպե՞ս ինքնագործուն աղոթքի հասնել:

– Երբ մարդ գիտակցում է իր մեղանչական լինելը և մշտապես հիշում սեփական երախտամոռության մասին, այնժամ հոգին պատվախնդրորեն տանջվում է, և նա խոնարհությամբ խնդրում է Աստծու ողորմությունը: Եվ ապա առանց նրա կողմից հատուկ ջանքերի, աղոթքը սկսում է ինքն իրեն գործել նրանում:

– Նա դա զգում է որպես անհրաժեշտությո՞ւն:

– Ոչ թե որպես անհրաժեշտություն, այլ արդեն սովորություն է դառնում: Մարդու մեջ հարատև աղոթքի բարի սովորություն է մշակվում նրա գործած ջանքերից:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում