Աղոթքի արտաքին սովորույթը

Աղոթքի արտաքին սովորույթը

– Հա՛յր, մարդ կարո՞ղ է մշտապես շշուկով աղոթել:

– Կարող է արտաքին սովորույթ ունենալ և ռիթմիկ աղոթել, ինչպես ժամացույցի սլաքներն են շարժվում՝ թիկ-թակ, իսկ միտքն այդ ընթացքում Աստծու մոտ չլինի:

– Իսկ դրանից օգուտ կա՞:

– Եթե մարդ մի փոքր խոնարհություն ունի և հասկանում է, որ իր միտքը Աստծու մոտ չէ, և որ աղոթքը մեքենայաբար է անում, այնժամ մի փոքր օգուտ կա: Սակայն եթե կարծում է, որ աղոթելով հոգևորապես աճել է, ապա վնասվում է:

– Հա՛յր, իսկ եթե մարդ մշտապես աղոթք է անում, դա նրան օգնո՞ւմ է իր սխրանքի մեջ:

– Հարցն այն է, թե ինչու է աղոթում: Եթե մարդ ճանաչել է իրեն և Աստծու ողորմության անհրաժեշտությունն է զգում ու մշտապես այն հայցում՝ աղոթելով, ապա օգուտ է ստանում: Կամ եթե իրեն չի ճանաչել, սակայն հասկանում է, որ հայտնվել է կրքերի աքցանում և դիմում է Աստծուն, ապա Աստված օգնում է նրան նրա պայքարում և ի հավելումն՝ մնում է աղոթելու սովորությունը: Բայց եթե մեքենայաբար է աղոթում՝ սեփական մեղքերը չգիտակցելով, ապա դա չի կարող նրան օգնել հին մարդուց ազատվել:

– Հա՛յր, միգուցե վտանգավո՞ր է, որ մարդ ձգտի աղոթելու սովորույթ ձեռք բերել:

– Վտանգավոր է, երբ մարդ դադարում է իրեն հետևելուց և զբաղվում է աղոթքով, ասես դա նորաձևություն լինի: Նա կարող է աղոթքի սովորույթ ձեռք բերել, սակայն նրանում շարունակի ապրել հին մարդը, նաև պատրանքի մեջ ընկնելու վտանգ կա:

Հիշում եմ, երբ առողջարանում էի գտնվում, այնտեղ մի վանական էր բուժվում, որը աղոթք ասելու սովորություն էր ձեռք բերել: Նա աչքերը փակում էր և անընդհատ կրկնում. «Տե՛ր Հիսուս Քրիստոս… Տե՛ր Հիսուս Քրիստոս…» Մի այցելու կին, նրան տեսնելով, սկսեց խաչակնքվել. «Ա՛յ, ի՜նչ սուրբ մարդ է»: Եվ ահա մի օր այդ վանականն ինձ ասաց. «Ես այսինչին մերկացրի, այնինչին մերկացրի: Այսինչ և այնինչ սրբազաններին գրեցի, որպեսզի իրենց մտածելակերպը փոխեն և ես նրանց կողմից կլինեմ»: «Հապա մի սպասի՛ր, եղբայր,- ասում եմ նրան:- Դու անգրագետ մարդ ես, թոքախտով ես տառապում: Ինչի՞ց ելնելով ես այդպես խոսում»: Եվ ի՜նչ է պատասխանում ինձ: «Ինձ պես մեկ-երկու հոգի որ լիներ, աշխարհը կփրկվեր»: Եթե գլխի հետ խնդիրներ ունենար, հարցեր չէին լինի, բայց խելքը տեղն էր: Քանի որ իրեն ստիպելով մշտապես աղոթք էր կրկնում, սովորություն էր ձեռք բերել, և այդ պատճառով գլխում ծագած յուրաքանչյուր միտք համարում էր Աստծուց: Եվ այդպիսով հասել էր այնտեղ, որ սկսել էր հավատալ, թե իբր աշխարհում այլևս իր պես մեկ ուրիշը չկար:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում