USD
EUR
RUB

Արա Հուսիկ․ Սաղմոսներ

 

Սաղմոս 15

Թույլ մի տուր այդքան հեռու
փնտրեմ քեզ, Տեր,
և վրիպեմ առանցքը քո դռան:

Ինչ ունեի՝ հոգի ու մարմին,
հավաքեցի մի սրտաչափ բռի մեջ
և ամենը վստահեցի քեզ.
համոզված էի,
որ ետ եմ առնելու ամբողջ ու կատարյալ:

Անկատար կատարեցիր,
բաժանեցիր` ինչ-որ քոնն էր իմ մեջ,
ինձ հանեցիր ինձնից ու չգումարեցիր քեզ.
ծուխ եմ առանց կրակ,
ինձ գնել ու չես վճարել:

Քննիր թաքունն ու պահածը իմ,
որ անիմանալի է ինձ:
Չեմ ուզում երկնքի երկիրը,
տո'ւր երկինքը երկրի վրա,
ուր հաց կկիսեմ քեզ հետ.
ինձ մի կորցրու առանց գտնել:

Իմ խոսքն եմ ուղղել քո լռությանը,
ձայնդ չեմ լսում.
կյանքս հարց է անպատասխան
քեզ հետ զրույցում:

Մի՛ տուր այն, Տեր, ինչ սպասում եմ ես,
եղիր այնպես, ինչպես գիտեմ քեզ:

Սաղմոս 18

Հեռու տար, Հայր,
այս գիշերը բոլորովին մերկ,
ուր չեմ կարող մտնել ես:

Այնտեղ երեսունի աղմուկով
երեք արծաթ է կտկտում
իմ մատնության հատակին.
մարմնի կշիռ,
հոգու սահման,
մտքի չափում.
երեք կերպ ու մի կեցություն,
երեք արծաթ` երեսունի աղմուկով:

Այնտեղ անցյալ է ապագան` նախապես կատարված,
որտեղից չեն գալիս, գնում են միայն,
ու չի թվում, թե սպասում են ինձ.
հիմա ոչ ոք չի փնտրում,
արդեն չի կանչում ոչ մի ձայն:

Այդպես մի' բիբիր հայացքդ բարկության մեջ, Հայր,
քո պարտադիր ներելու պայմանն եմ աղոտ փայփայում.
սկիզբ չկար, վերջ էր միանշան,
երազ չէր` մղձավանջ ուղղագիծ,
նախ մահն էր, հետո կյանքը` արդեն ոչինչ.
առանց ատյան մի' հանձնիր ինձ:

Հեռու տար, Հայր,
այս գիշերը մատնության.
ինձ այնտեղ սպասում եմ ես:

Սաղմոս 20

Հիմա ստույգ գիտեմ,
որ չեմ սպասելու քո երկրորդ գալուն, Տեր,
քանի որ չես վերադառնա այնտեղ,
ուր տալու չունես, և չունեն քեզնից վերցնելու:

Նույն գազանն է երկրի վրա,
ու զոհն է նույնը` քո միակ կերպը,
և ամեն մատաղ էլի քո անունն ունի.
այստեղ մենք ենք` ե՛ս և էլի ե՛ս.
անցյալ, ներկա ու ապառնի ժամանակ:

Այդ ե՛ս էի, որ քեզ մատնեցի տաճարում
և նրանց բերեցի այգի.
բայց մինչ օրս ուժ չեմ գտնում ու զղջում,
որ պարանն առնեմ ու մոտենամ ծառին:

Ե՛ս էի, որ ուրացա քեզ 3, արդեն 33 անգամ.
և լաց չեմ լինում ոչ մի առավոտ,
երբ կանչում է աքաղաղը:

Ու ձեռքերս լվացի,
որ կարող էի մի բառ ասել,
և դու չէիր լինի խաչին` իմ փոխարեն:

Ե՛ս խփեցի մեխը առաջին,
իսկ մինչ այդ մտրակել էի վախկոտի պես.
իմ նիզակն էր, որ կտրեց կողդ
և իմ ձեռքն էր վիճակ գցում թիկնոցիդ համար:
Քացախ տվեցի, երբ ջուր ուզեցիր:

Իսկ երբ կանգնեցիր
որպես Հարություն մեռյալներից,
ես նշաններ պահանջեցի`
հստակ գիտակցելով`
դու հենց նա ես, որ Է':

Երկրորդ անգամ չես գա,
և չենք հանդիպի նորից.
ինձ ճանաչում ես, Տեր:

Սաղմոս 22

Աշխարհը սիրուն չի այնպես,
ինչպես պատմել էիր ինձ, Տեր․
հիմա, որ եկել եմ,
ո՞ւր գնամ ես։

Տագնապ ու թափառում էր սկիզբը,
վերջում լինելու է մատնություն։

Այն չէ մարմինն իմ,
որ պետք է ասեմ՝ առեք ու կերեք․
մինչդեռ նախաճաշին ուտում եմ ինձ,
ճաշին նորից ինձ եմ ուտում,
ընթրիքին էլի ինքս ուտում եմ ինձ
ու չեմ մարսում ներսուդուրսս,
որ ծամել եմ պատառ-պատառ,
և գիշերը սրտխառնոց է ու փսխունք։

Տայիր խաղաղ ու անդորր,
իջներ հանդարտ, հանդարտ․․․
Առավոտի տագնապին,
որ խրվում է կոկորդս, հանգիստ,
կեսօրի խռովքին՝
մինչև գոտիս իջնող, հանգիստ,
և ոտնաթաթերս հասած, իմ ամբողջը առած
իրիկունի փոթորկին՝ դարձյալ հանգիստ․
տայիր այն ձեռքով, որ չվերցնեին։

Մի՛ մտիր իմ տունը՝
մոտենալով մարմնիս․
հեռվից նշան արա,
ու կխաղաղվեմ ես։

Հիմա, որ կանչել ես,
ինչո՞ւ ես լռում, Տեր։

Սաղմոս 27

Թեթև, մերկ բոլորովին,
երբ կանգնեմ քո առաջ,
ի՞նչ եմ տալու, Տեր, տվածիդ դիմաց:

Վստահած լույսը,
որ մատներիս մեջ փունջ արած
պարզելու էի քեզ,
մատնեցի ծվեն-ծվեն
ու գնացի թարս ու ոլոր:

Ցրվեցի` ինչ որ քոնն էր իմ մեջ`
քո ձեռքով՝ սերմնացանի պես.
ուղեկցող նշանները մոլորեցի ինձնից դուրս,
թե փնտրեմ՝ չգտնեմ քեզ.
քանդուքարափ ավերեցի ճանապարհը
ինձ դեպի քեզ բերող:

Ճարպկել են,
ու խաբվել եմ ինքս ինձնից`
դյուրահավատ, երեխուց էլ պարզ:

Ինձ գտել ընկած ու վեր չեմ հանել,
տեսել եմ մազից կախված՝ անցել անտարբեր
և ձեռք չեմ մեկնել, երբ փրկվելու խթան կար դեռ.
ոտնահետքս բռնած գնացել ու չեմ հասել ինձ:

Կխոսեմ՝ չես լսի,
կնայեմ՝ չես տեսնի,
կմոտենամ՝ հեռու կլինես.
շուռ կգաս ու կշեղես գութդ ինձնից:

Ի՞նչ եմ ասելու,
երբ հարցնես՝ ինչո՞ւ դու չես.
տվածդ ինչպե՞ս դարձնեմ քեզ, Տեր:

Աղբյուր՝ Cultural.am

Լրահոս
Քամի ցանողը փոթորիկ կհնձի Այլասերում է երիտասարդությանը. Կիմ Չեն Ընը K-pop-ը «չարորակ ուռուցք» է անվանել «Առնո Բաբաջանյան» համերգասրահը եւ Ֆիլհարմոնիան նոր փուլ են թեւակոխել «Մատանիների տիրակալը» ֆիլմի երկրպագուները պահանջում են հեռացնել նոր մասից ինտիմ տեսարանները Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ Մերձավորին մի՛ դատիր Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը նոյեմբերին կտեղադրվի Վագանկովյան գերեզմանատանը Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է «Հոգին ճանապարհ» ալբոմը, որը ներառում է հայաստանյան մշակույթի տարբեր դարաշրջանների 11 գործ Պարսկերեն-հայերեն բացառիկ բառարանում ընդգրկվել է պարսկերեն շուրջ 25 հազար բառ և արտահայտություն 88-ամյա օպերային թատրոնի` «Պայացների» հերթական պրեմիերան Մտքերը ժողովելը Հովհաննես Թումանյան․ Քառյակներ Այվազովսկու կտավը վաճառվել է նախնական գնից գրեթե երկու անգամ թանկ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի տասնվեց մասնակցից միայն վեցը կանցնեն երկրորդ փուլ «Ժամանակն օգտագործեցե՛ք» «ԲԱՆ ՔԵԶ Ի ՀԱՃՈՅՍ...» Համազգային թատրոնը «Փափլիկը» ներկայացմամբ կմասնակցի Չեխովյան 15-րդ փառատոնին Հավատ և սեր Վաստակաբեռն արվեստաբանի մատենագիտությունը Ծուլության կամ անգործության ժամանակը չէ, այլ՝ ապաշխարության Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր Առավել ծածուկ, մեկ-մեկ բացահայտ Վահան Սաղաթելյան. Տաշած քարեր «Ախթամար» քառյակը և «Կադանս» անսամբլը կներկայանան «Երաժշտություն՝ Հայաստանին» համերգով Թուրքիայում գտնվող 605-ամյա Արմաշի հայկական վանքը լքված և անմխիթար վիճակում է Պատասխան ենք տալու (Մատթ. 23:36) Գյումրեցի հանդիսատեսը հոտնկայս լսեց ու երգեց «Project LA»-ի ստեղծագործությունները (տեսանյութ) Պահքի խորհուրդը Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկեն Ալեքսանդր Սպենդիարյանի 150- ամյակի միջոցառումները Մահացել է «Միմինո» ֆիլմի սցենարի հեղինակ Ռեզո Գաբրիաձեն Ա Պետրոս 3:20 Մռայլ գիշերն է լռում Գոյապայքար՝ տալ ոչ թե ավելորդից, այլ ամբողջը (Մարկ. 12:41-44, Ղուկ. 21:1-4) «Վերադարձ դեպի ապագա». Գյումրիի «Սթիլ» թանգարանում նոր ցուցադրություն է բացվել Հավատքն առանց գործերի Երիտասարդն ապամոնտաժել է «Արցախի բանալի» հուշարձանը Ա Պետրոս 3:19 Կամերային նվագախումբը և Արեգ Նավասարդյանը կներկայանան «Տարվա եղանակներ» խորագրով համերգով Ստեփանակերտն ու Փարիզը «հարստացան» Շառլ Ազնավուրի կիսանդրիներով Ս. Գրքի Սրբազան պատմությունը
website by Sargssyan