Աղոթքը ջանք է պահանջում

Աղոթքը ջանք է պահանջում

– Հա՛յր, ես նախընտրում եմ նստել խցում և աղոթքով զբաղվել, քան հնազանդություն կատարել:

– Տե՜ղ հասանք: Ինչ է, նիրվանայո՞ւմ ես գտնվելու(1): Ուղղափառ վանականությունը նիրվանա չէ: Պա՞րզ է: Վանականը ծույլ մեկը չէ, որպեսզի չաշխատի, այլ նստի ու միայն աղոթք ասի: Եթե ուզում է անընդհատ նստել, ապա կնմանվի նրանց, ովքեր ինքնակենտրոնացման համար յոգայով են զբաղվում: Վանականը, հատկապես՝ երիտասարդ, պետք է գործուն լինի, կորովալի, վազի հնազանդություն կատարելու:

– Հա՛յր, ծնրադրություններն էլ եմ դժվարությամբ անում:

– Հրաշալի է, թող այդպես էլ լինի՝ ո՛չ երկրպագություն արա, ո՛չ հնազանդություն կատարիր, նստիր ու աղոթիր: Եվ դա կլինի առաջադիմությո՞ւն: Աբբա Իսահակն ասում է, որ առանց մարմնի աշխատանքի արվող աղոթքն այլանդակություն է, այլ ոչ թե աղոթք:

– Տերողորմյայով աղոթելիս չեմ կարողանում երկար կանգնած մնալ, հա՛յր, շուտով ծնկի եմ իջնում և ծնկած աղոթում:

– Նախ արա այն, ինչ դժվար է, իսկ երբ հոգնես՝ ինչ հեշտ է: Եթե կանգնած չես կարողանում, ծնկի իջիր: Եթե ծնկած չես կարողանում, նստիր: Իսկ եթե նստած էլ չես կարող, ապա պառկած աղոթիր: Կարևորն այն է, որ միտքդ Աստծու հետ լինի: Աբբա Իսահակն էլ է այդ ասում:

– Իսկ հայրերն ինչո՞ւ են ասում, որ աղոթք անելիս պետք է նստարանին նստել:

– Նկատի ունեն, որ կանոնը կարդալուց, բոլոր երկրպագություններն անելուց հետո հոգնում ես: Կարելի է մի փոքր նստել ու աղոթել, որպեսզի այնուհետև կարողանաս շարունակել աղոթքդ: Բացի այդ, պատարագների ու հնազանդությունների ժամանակ բավականին երկար ես կանգնում, իսկ դա հոգնեցուցիչ է: Եթե խցում էլ կանգնած աղոթես, ապա ուժասպառ կլինես: Ուստի մի փոքր նստիր և աղոթք արա: Սակայն հայրերն ամենևին նկատի չունեն, որ աղոթք անելու համար պետք է նստել: Ինձ չի թվում, թե ճիշտ է նստել ու աղոթել, եթե կարող ես կանգնել, դա խաղ ու պար է, եթե անգամ քեզ թվում է, թե որոշակի բերկրանք ես զգում դրանից: Հայր Արսեն Անձավաբնակը(2) ասում էր. «Երբ կանգնած եմ աղոթում, ուժեղ անուշահոտություն եմ զգում: Երբ նստած եմ աղոթում՝ թույլ»:

– Հա՛յր, երբ խոնարհումները կամ տերողորմյայով աղոթքը կանգած եմ անում, միտքս դյուրությամբ է կենտրոնանում, այսինքն՝ ֆիզիկական ջանքն ինձ օգնում է կենտրոնանալ:

– Միտքն ուղղվում է դեպի այն գործողությունը, որը կատարում ես: Ինչպես, օրինակ, երբ ինչ-որ տեղդ ցավում է, միտքդ ուղղվում է դեպի ցավը, որովհետև ցավը նրան ձգում է: Այդպես էլ խոնարհումներ անելիս միտքդ դրանց է ուղղվում: Սակայն եթե միտքդ ամբողջովին ուղղված լիներ դեպի Քրիստոս, ապա անգամ չէիր հիշի, թե քանի խոնարհում ես արել:

1. Հայրը նկատի ունի, որ աղոթելու պրոցեսը պահանջում է և՛ ֆիզիկական ջանքեր, և՛ պայքար կրքերի դեմ, և՛ ընդհանուր ոչինչ չունի այն տեխնիկայի հետ, որը գործածում են արևելյան կրոնների հետևորդները այսպես կոչված «նիրվանայի» վիճակին հասնելու համար:

2. Հայր Արսեն Անձավաբնակ (1886-1983 թթ.) – ճգնել է Աթոսում գտնվող սուրբ Աննայի անապատի քարանձավներում:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում