Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին

Մոսկվայի «Ցվետնոյ բուլվար» փողոցի կրկեսում կայացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կենդանիների վարժեցնող Միխայիլ Բաղդասարովի հրաժեշտի արարողությունը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Ռուսաստանի պետական կրկեսի ներկայացուցչի խոսքին։

«Քաղաքացիական հոգեհանգիստն ավարտվել է, սկսվել է հուղարկավորության արարողությունը»,- ասել է կրկեսի ներկայացուցիչը:

Նշվում է, որ արտիստի մարմինը դագաղով տեղադրված է եղել կրկեսի բեմում՝ շրջապատված ծաղիկներով և ծաղկեպսակներով: Բեմում նաև էկրան է տեղադրված եղել, որով ցուցադրվել են Բաղդասարովի ելույթներից արված լուսանկարներ։

Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի պետական կրկեսի գլխավոր տնօրեն Սերգեյ Բելյակովը, Մոսկվայի մեծ կրկեսի տնօրեն Էդգարդ Զապաշնին, ինչպես նաև վարժեցնողներ, Կրկեսի գործիչների միության ներկայացուցիչներ:

Միխայիլ Բաղդասարովը կյանքից հեռացել է մայիսի 4-ին` 75 տարեկանում: Մահվան պատճառ է դարձել թոքերի բորբոքումը: Դերասանին հուղարկավորելու են Տրոյեկուրովսկոյե գերեզմանոցի արվեստի գործիչների ծառուղում:

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում