Նկարիչ Վազգեն Քալայջյանի երեսուն տարվա աշխատանքները կցուցադրվեն նորաբաց «Լաթիթյուդ» պատկերասրահում

Նկարիչ Վազգեն Քալայջյանի երեսուն տարվա աշխատանքները կցուցադրվեն նորաբաց «Լաթիթյուդ» պատկերասրահում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար տարիներ ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող նկարիչ Վազգեն Քալայջյանը մայիսի 16-ին «Երևան Բիենալե արվեստի հիմնադրամի» ջանքերով բացված «Լաթիթյուդ» պատկերասահում կներկայացնի վերջին երեսուն տարվա ընթացքում ստեղծած 40-ից ավելի լավատեսական աշխատանքներ:

«Սրտի հոսք» խորագրով ցուցահանդեսում այցելուները կարող են ծանոթանալ արվեստի համարձակ գործերի, որոնցում արտացոլված է նկարչի փիլիսոփայությունը, նրա համակրանքը քրիստոնեական, շամանական և զենիստական ուսմունքների հանդեպ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Երևան Բիենալե արվեստի հիմնադրամի» մամուլի հետ կապերի պատասխանատու Իննա Հովհաննիսյանը նշեց, որ բացմանը Քալայջյանը կնկարի ներկաների համար, կներկայացնի իր աշխատանքների ստեղծման պատմությունը:

Վազգեն Քալայջյանն իր գործերով ցանկանում է ասել, որ 1990-ականներից ի վեր Հայաստանը բազմաթիվ խնդիրներ է հաղթահարել, և անցած ուղին հնարավորություն է տալիս վերանայել մեր կյանքը, ինքներս մեզ, մեր պատմությունը:

«Այս դժվարությունները ստիպեցին քննելու ինքներս մեզ, հասկանալու, թե ով ենք մենք հիմա և որտեղ ենք ուզում լինել։ «Սրտի հոսքը» այս պահին արթուն և զգոն լինելու մասին է, որպեսզի կարողանանք կերտել ապագան»,- մի առիթով նշել է Քալայջյանը:

Չնայած 44-օրյա պատերազմի և համավարակի պատճառով առաջացած խոչընդոտներին, նկարիչն իր կնոջ հետ մշտապես տեղափոխվել է Հայաստան։

«Հիմա ավելի քան երբևէ ժամանակն է համախմբվելու ու ստեղծագործելու։ Անցյալի համոզմունքներն այլևս արդի չեն. մենք պետք է նորերը ստեղծենք»,- կարծում է նա:

Քալայջյանի վերջին հայաստանյան ցուցահանդեսը 2005 թվականին էր Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այդ ժամանակից ի վեր նա ակտիվորեն ցուցադրվել է Անգլիայում, «Kaleidoscope» պատկերասրահում (Նյու Յորք) և այլ հայտնի ցուցասրահներում:

«Լաթիթյուդ» ցուցասրահը բացվել է 2019-ին: Համավարակի տարածման, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով այն ժամանակավոր փակվել է: Պատերազմի ընթացքում ցուցասրահը հյուրընկալել է Արցախից Հայաստան եկած ընտանիքների:

Վերաբացումից հետո «Լաթիթյուդ»-ում ցուցադրվել են ժամանակակից ստեղծագործողներ Սարկո Մենեի և Արմեն Հակոբջանյանի գործերը:

Իննա Հովհաննիսյաննի խոսքով՝ ցուցասրահը գաղափարների իրականացման հարթակ է, իսկ հիմնադրամի հիմնական նպատակը՝ արվեստի ոլորտի կրթությունը զարգացնելը: «Առաջիկայում իրականացնելու ենք արվեստի կրթության ծրագիր, որը միտված է արվեստի մենեջերներ, համադրողներ, արվեստի քննադատներ և այլ մասնագետներ կրթելուն: Մենք լուրջ պոտենցիալ ունենք և շատ կարևոր է, որ լինեն մասնագետներ, որոնք կկարողանան ճիշտ կառավարել այդ ներուժը»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ հիմնադրամն ունի ռեզիդենտ արտիստներ Հայաստանից, բայց համագործակցում է նաև արտասահմանյան կազմակերպությունների և համադրողների հետ: Նախատեսում են նաև բիենալե կազմակերպել, որի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի բազմաթիվ արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից:

Անժելա Համբարձումյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում