Լրագրող Զոհրաբ Ըռքոյանը լուսանկարներով ներկայացրեց Քաշաթաղի մշակութային ժառանգությունը

Լրագրող Զոհրաբ Ըռքոյանը լուսանկարներով ներկայացրեց Քաշաթաղի մշակութային ժառանգությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լրագրող, լուսանկարիչ, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարները, որոնցում արտացոլված է հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը, ներկայացված են «Հայկական Քաշաթաղ» խորագրով ցուցահանդեսում:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 18-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զոհրաբ Ըռքոյանը ցավով հիշեցրեց, որ լուսանկարներում պատկերված հուշարձաններն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են: Նա խոստովանեց, որ վախենում է՝ հակառակորդը վերացնի հայկական մշակութային ժառանգությունը: «26 տարի շարունակ աշխատել եմ Քաշաթաղում: Աշխատել եմ կրթության վարչությունում. դպրոցներ էինք հիմնում, հետո շրջանային թերթի գլխավոր խմբագիրն էի: Այցերով հաճախ էի լինում շրջանի տարբեր վայրերում և լուսանկարում, ուսումնասիրում մեր ժառանգությունը, ռեպորտաժներ պատրաստում: Հենց այդ ընթացքում էլ ծնվեց այս շարքը: Սա իմ արխիվի տասը տոկոսն է միայն: Մեծ մաս են կազմում հատկապես խաչքարեր, տապանաքարեր պատկերող աշխատանքները»,-նշեց նա:

Զոհրաբ Ըռքոյանը տեղեկացրեց՝ լուսանկարները ներկայացնելու են նաև ՀՀ մարզերում: Հնարավոր է՝ ապագայում ցուցահանդեսով ներկայանան նաև Արցախում:

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի խոսքով՝ այս տարի պիտի նշվեր Քաշաթաղի ազատգրման 29-ամյակը, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Նա պատմեց, որ թանգարանն իրականացրել է «7 սարի հետևում» նախագիծը, որի նպատաակը երիտասարդներին հայրենաճանաչության մղելն էր: Ծրագիրը մեծ արձագանք է ստացել. շուրջ 5 հազար մասնակից են ունեցել, այդ թվում՝ Արցախից, մասնավորապես Քաշաթաղի շրջանից: Հինգ ամիս տևած ծրագրի արդյունքում տասը հաղթող է հայտարարվել, նրանցից մեկը Քաշաթաղի շրջանից է եղել: «Ի սկզբանե որոշված էր ընտրել տարածք և հաղթող խմբին ուղղորդել այնտեղ՝ տեղում ծանոթանալու հուշարձաններին: Պատահաբար ընտրվել էր Քաշաթաղը: Ցավոք, զարգացումներն այնպես եղան, որ Քաշաթաղում լինելու փոխարեն այսօր ստիպված ենք Քաշաթաղը ժամանակավոր տեղափոխել թանգարան՝ լուսանկարների տեսքով»,-ասաց Անի Եղիազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում