Ա Պետրոս 3:18

Ա Պետրոս 3:18

18. Զի և Քրիստոս մի անգամ վասն մեղաց ՚ի վե֊րայ ձե՛ր մեռաւ, արդարն ՚ի վերայ անարդարոց. զի զձեզ մերձեցուսցէ՛ առ Աստուած. զի թէպէտ և մեռաւ մարմնով, այլ կենդանի՛ է հոգւով։

Արդարև, ձեզ համար մեղքերի պատճառով մեկ անգամ մեռավ և Ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպեսզի ձեզ մոտեցնի Աստծուն. Նա թեպետև մարմնով մեռավ, բայց կենդանի է հոգով։

«Ձեզ համար մեղքերի պատճառով մեկ անգամ մեռավ և Ինքը՝ Քրիստոս»:

Սրբախոս առաքյալը սովորություն ունի մշտապես մեծամեծ խորհուրդների մասին բարբառելու և մեկ, երկու կամ բազմաթիվ անգամներ հիշեցնելու, որ Քրիստոսի մահվամբ մենք փրկվեցինք մահից, ազատվեցինք մեղքից, կռապաշտության ընդունայնությունից և նախահայրերի հանցավոր ժառանգությունից:

Իսկ երբ երանելին ասում է. «Ձեզ համար մեղքերի պատճառով մեկ անգամ մեռավ», նույն այն միտքն է արտահայտում, որը նաև Պողոսն է հիշատակում՝ ասելով. «Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար, ըստ գրվածքների, թաղվեց, երրորդ օրը Հարություն առավ, և Նա, որ մեռավ մեկընդմիշտ, այսուհետև չի մեռնի, և մահը Նրան այլևս չի տիրի»:

Իսկ այնուհետ, որպեսզի ոչ ոք չասի, թե Քրիստոս Իր մեղքերի պատճառով մեռավ, Պետրոսը մահվան պատճառն է մատնացույց անում՝ ասելով. «Արդարը՝ անարդարների համար»:

«Արդար» ասելով՝ Փրկչի մարմին առած Աստվածությունն է խոստովանում և վկայում է, որ թեպետ Նա մեղավոր և մահվան դատապարտված բնություն վերցրեց, սակայն անմեղացրեց ու անմահացրեց այն, իսկ Աստծու արդարությունը վեհացրեց այդ աստվածամարդկային մարմինը: Քրիստոս Իր Աստվածությանը «խառնելով» այդ մարմինն ու միանալով նրան՝ արդարացրեց ու փառավորեց այն:

Արդ, ասում է. «Մեռավ արդարը անարդարների համար», ապա նաև մեռնելու պատճառն է նշում, թե ինչու մեռավ. «Որպեսզի ձեզ,- ասում է,- մոտեցնի Աստծուն»:

«Մեղքը ձեզ անսահման հեռավորությամբ բաժանեց Աստծուց,- ասում է առաքյալը,- և տարագրեց Ավետյաց ուխտից, զրկեց կենդանությունից և մահվան ճիրանը գցեց: Սակայն արդ ճշմարիտ Կենդանությունը եկավ և եղավ կյանքի ու մահվան Միջնորդ: Եվ քանի որ այլ հնար չկար, Նա մահկանացու մարդուն միավորեց Իր կենդանությանը, ապա Ինքն իսկ Կենդանությունը մարմնով մեռավ՝ մահկանացուներիս Աստծուն մոտեցնելով»:

Սրա համար է առաքյալն ասում. «Որպեսզի ձեզ մոտեցնի Աստծուն»: Մի փոքր հավելումով այս միտքն է արտահայտում նաև Պողոսը՝ ասելով. «Եվ եկավ խաղաղություն ավետարանեց ձեզ՝ հեռու եղողներիդ, և խաղաղություն՝ մոտ եղողներիդ»։ Եվ դարձյալ. «Դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձավորներ եղաք Քրիստոսի մահվամբ»։

Իսկ ապա, որպեսզի երբևէ որևէ մեկը, մահվան մասին լսելով, դա Քրիստոսի վախճանը չհամարի, ինչպես որ մեր դեպքում է մահը ապականացու վախճան ենթադրում, ուստի երանելին մեջտեղից վերացնում է այդ կարծիքը՝ ասելով. «Նա թեպետև մարմնով մեռավ, բայց կենդանի է հոգով»։

Առաքյալը միշտ հիշեցնում է Աստվածության «մահվան» մասին, քանի որ թեպետ Քրիստոս բնությամբ անմահ և անչարչարելի է, որի պատճառով անհնար էր, որ Աստված չարչարվի ու մեռնի, սակայն Նա «յուրացրեց» մահկանացու մարմինը, որպեսզի Անմահը մահկանացուաբար չարչարվի ու մեռնի, իսկ Աստվածության բնությամբ շարունակի անմահ մնալ։

Եվ ինչպես հավատում ենք, որ մահկանացու մարդը, կենդանությանը «միանալով», կենդանի ու կենդանարար դարձավ և, աներկբայորեն, իր բնությունը չփոփոխեց, այդպես էլ Կենդանությունը՝ մահկանացուին միանալով, նրա հետ չարչարվեց ու մեռավ իբրև մահկանացու, սակայն Իր ճշմարիտ Կենդանությունից «չբաժանվեց»։ Սրա համար է առաքյալն ասում. «Թեպետև մարմնով մեռավ, բայց կենդանի է հոգով»։

Պետրոսը կատարյալ, այսինքն՝ հոգի և մարմին ունեցող մարդու օրինակն է մեր առջև դնում, որպեսզի ցույց տա, որ մարմնի մեռնելով հոգին չի մեռնում, քանի որ այն աստվածային շունչն է։ Իսկ Սողոմոն Իմաստունի խոսքի համաձայն հոգին վերադառնալու է Աստծու մոտ, Որը և այն պարգևել էր մարդուն։ Նմանապես և դեռ ավելի վսեմ է Տերունակա՛ն «մահը»։ Չէ՞ որ թեպետ Նրա մարմինը չարչարանքների ու մահվան կրողը եղավ, ո՛չ հարկադրաբար, այլ կամավորապես, քանի որ Աստծու մարմին էր, բայց և Նրա հոգին կենդանությունից չզրկվեց, ո՛չ կամավորապես, այլ «հարկադրաբար»։

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ․

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում