Ապաշխարությունը դեպի աղոթք տանող ամենաստույգ ճանապարհն է

Ապաշխարությունը դեպի աղոթք տանող ամենաստույգ ճանապարհն է

– Հա՛յր, Իգնատի Բրյանչանինով սրբազանն ասում է, որ պետք է դանդաղ աղոթել և դանդաղ կատարել խոնարհումները:

– Սրբերից յուրաքանչյուրն աղոթքի մասին խոսում է այնպես, ինչպես ինքն է ճգնել: Դրա համար էլ մտքի աղոթքի վերաբերյալ կարծիքները հաճախ չեն համընկնում: Սուրբ հայրերը մշտական կապի մեջ էին Աստծու հետ և դրա շնորհիվ կարող էին ճիշտ աղոթել՝ հետևելով աղոթքի այն կերպին, որը նրանց ամենամեծ օգուտն էր բերել: Սակայն եթե ես ջանում եմ հետևել հայրերի գրածներին, ինչպես, օրինակ, գլուխը կրծքին խոնարհել, շունչը պահել և այլն, միայն այն բանի համար, որ բերկրանք, ուրախություն զգամ կամ հպարտության պատճառով, որպեսզի սուրբ հայր դառնամ, ապա չեմ կարող առաջընթաց ունենալ:

– Իսկ օգտակա՞ր են արդյոք մտքի աղոթքի մասին պատմող զանազան գրքերը:

– Օգտակար են նրա համար, ով խոնարհություն ունի: Սակայն օգտակար չեն հպարտների, նրանց համար, ովքեր նպատակ են դնում որոշակի ժամանակահատվածում հոգևոր աստիճանի հասնել, սուրբ հայր դառնալ: Մի օր մի քանի հոգի եկան իմ խուց և ասացին. «Եկել ենք, որպեսզի մեզ աղոթել սովորեցնես, որովհետև դու նրանցից մեկն ես, ով տիրապետում է մտքի աղոթքին»: «Ինձ ձեր ցուցակից ջնջեք,- ասացի նրանց:- Ես Աստծու ողորմությունը խնդրելուց բացի այլ բան չեմ անում»:

– Իսկ պրակտիկ որոշակի հնարքները, որոնց մասին հայրերը խոսում են, օգտակար չե՞ն:

– Այդ ամենը օժանդակ միջոցներ են մտքի կենտրոնացման համար և օգնում են, եթե միայն մարդու համար առաջնահերթ են խոնարհությունը, ապաշխարությունը, խորտակված սիրտը: Իսկ եթե ես նստարան վերցնեմ, գլուխս կրծքիս հակեմ և ասեմ, որ աղոթք կասեմ այնքան անգամ, որքան Ուխտավորն* է ասում, և նախքան այդ ջանք չթափեմ ապաշխարելու համար, ապա կխրվեմ-կմնամ արտաքին կողմի մեջ և աղոթքս էլ արտաքուստ կլինի: Սակայն եթե նախ և առաջ ջանք թափեմ խոնարհության ու ապաշխարության համար, ապա հայրերի ասածներից ինչ-որ բան վերցնեմ՝ որպես օժանդակ միջոց, ապա օգուտ կստանամ: Ով այսպես է ձեռնամուխ լինում աղոթքին, նա պատրանքի մեջ չի ընկնի, իսկ այլ եղանակը կարող է պատրանքի հասցնել:

– Հա՛յր, մարդ կարո՞ղ է աղոթք ձեռք բերել առանց սուրբ հայրերին կարդալու և որոշակի մեթոդների հետևելու:

– Իհարկե կարող է, եթե պարզությամբ ու խոնարհությամբ է աղոթում: Որովհետև ոմանք մեթոդներն են փորփրում և մնում են դրանց վրա՝ առաջ չընթանալով: Այսինքն մեթոդը նպատակ է դառնում նրանց համար այն պարագայում, երբ այն ուղղակի օժանդակ միջոց է:

– Հա՛յր, իսկ ո՞րն է աղոթքի մեջ ընկղմվելը:

– Քաղցր ընկղմո՞ւմը: Մարդ չպետք է աղոթքը սկսի այդ նպատակով:

– Այո, չպետք է, բայց ի՞նչը, ո՞ր սխրանքը պետք է դրան նախորդի:

– Գլխավորը, որ շահ չլինի, որպեսզի ազնվություն, անձնազոհություն լինի: Ամենավստահելի ուղին ազնվությամբ արված աղոթքն է: Այսինքն՝ Աստծու մեծամեծ բարիքների ու Նրա առջև սեփական ապերախտության մասին խորհելն է: Այնժամ հոգին ինքը խոնարհաբար ճնշվում է պատվախնդրությամբ և ցավով խնդրում Աստծու ողորմությունը: Այդպիսով մշտապես աճում է Աստծու ողորմածության հանդեպ կարիքը, աղոթքը սրտից է բխում, աստիճանաբար հոգուն նախ աստվածային մխիթարության քաղցրությունն է բերում, իսկ ապա նաև աստվածային ուրախությունն ու բերկրանքը:

* Հայրը նկատի ունի «Откровенные рассказы странника духовному своему отцу» գիրքը:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում