Կառավարությունը դեմ էր մշակութային կոթողների պաշտպանությունն կարգավորող նախագծին

Կառավարությունը դեմ էր մշակութային կոթողների պաշտպանությունն կարգավորող նախագծին

«Մենք ամեն օր ենք բախվում հուշարձանների պահպանության և ներդրողների ցանկությունների հակասության հետ»,-ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողի նիստում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը՝ ելույթ ունենալով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի վերաբերյալ:

Բանախոսը նկատեց, որ սխալ է այն տպավորությունը, թե չկան այդ խնդրի կարգավորումները, դրանք կան, որոնց միջոցով էլ հուշարձանների անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են լուծում:

Նախագծի հեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը, հայտնեց, որ նախաձեռնության գաղափան այն է, որ ՀՀ-ում որևէ մշակութային արժեք չոչնչացվի, չփչացվի և դրանց պահպանությունը բարձրացվի օրենքի մակարդակով:

«Մենք կյանքում տեսել ենք բազմթիվ դեպքեր, երբ համայնքից իրազեկել են, որ X տնտեսվարողը բարձր գնով ձեռք է բերել հող, որտեղ կա մշակութային արժեք, որից հետո ցանկացել է այնտեղ շինարարություն անել և ԿԳՄՍ նախարարությունը չի թույլատրել»,- հայտարարեց պատգամավորը և պարզաբանեց, որ օրենքի փոփոխությամբ կներդրվի մեխանիզ, որը մինչև հողի վաճառքը կկարգավորի պատմական հուշարձանի խնդիրը:

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում առաջարկվում է ներդնել հետևյալ բովանդակությամբ դրույթը. «Շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնելիս, եթե վտանգ է սպառնում այդ վայրում գտնվող հուշարձանների պահպանությանն ու անվթարությանը և եթե տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում բացակայում է տեղեկություն հուշարձանների պահպանման գոտու տարածքի կամ պետական գրանցման օբյեկտ հուշարձան լինելու վերաբերյալ, ապա լիազոր մարմինն աշխատանքներ իրականացնողին առաջարկում է`
1. տեղափոխել հուշարձանը, եթե դա հնարավոր է.
2. ձեռք բերել վերջինիս պատկանող հողը, ինչպես նաև փոխհատուցել պատճառված վնասը (բաց թողնված օգուտը).
3. իրականացնել հետախուզություն, պեղումներ, վերականգնման կամ այլ աշխատանքներ.
4. ապահովել հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը»:

Ներկայացնելով կառավարության տեսակետը Արա Խզմալյանը հայտնեց.«Այս նախագծով մենք բազմաթիվ բացերի առաջ ենք կանգնում, լրացուցիչ ֆինանսական, մասնագիտական ռեսուրսների անհրաժեշտություն կա, տեղեկատվական բազաների թարմացման խնդիր ունենք»:

Շեշտելով, որ մասնակցել է նախագծի վերաբերյալ բազմաթիվ քննարկումների՝ ԿԳՄՍ փոխնախարարը խոստովանեց, որ այդպես էլ չհասկացավ, թե Ինչպես են կարողանալու հաստատել 90 տոկոս հուշարձանների բազաների առկայությունը, երբ կադաստրից ստացել են գրություն, որ այդ տվյալները բացակայում են:

«Այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է այս նախագծի կարգավորման համար, 25 հազար հուշարձանից մենք ունենք միայն 200 միավորի տվյալներ, այսինքը՝ սա մեզ կանգնեցնելու է անլուծելի բարդագույն խնդիրների առջև»,-նկատեց Խզմալյանը:

Փոխնախարարը շեշտեց, որ տնտեսական վիճակով պայմանավորված կրճատվում են մշակույթի ոլորտին հատկացվող միջոցները հաստիքները, վերանայում են բյուջեները, բայց միևնույն ժամանակ նախագծով նման խնդիրների կարգավորման համար լրացուցիչ բյուջեի, տեխնիկայի անհրաժեշտություն կլինի:

Խզմալյանը դրական համարեց ներդրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ձգտումը, բայց կան հուշարձաններ, որտեղ պետությունը պետք է իմպերատիվ դիրքերից հանդես գա:

Նա Նիկոլայ Բաղդասարյանին հորդորեց չշտապել, այլ նախագիծն ընդունել ապագայում, այլ ոչ թե այս պահին ընդունել և 5 տարի հետո նոր ներդնել:

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ պնդեց, որ ՀՀ կադաստրի կոմիտեն չունի հուշարձանների կորդինատները և հիշեց Գյումրու հայտնի դեպքը, երբ աղբավայր դարձնելու համար ընկերությանը հող էր հատկացվել և պարզվել էր, որ այնտեղ 7-րդ դարի եկեղեցու 2 մետր բարձրության հիմքեր են եղել:

Հանձնաժողովը նախագծի հեղինակին հորդորեց հետ վերցնել նախագիծը և, աշխատանքային խումբ ձևավորելով, խմբագրել այն:

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում