Հովհաննես Գրիգորյան․ Գիշերահավասար

Հովհաննես Գրիգորյան․ Գիշերահավասար

* * *
Ճանապարհ ընկնողների համար
կարևորը արցունքները զսպելն է:
Երջանիկներ, ձեր թաշկինակները միշտ չոր են,
հումորի զգացումը միշտ էլ հաղթանակում է ձեզ մոտ,
դուք ճիշտ ժամանակին կռահում եք,
որն է ճիշտ և որը` սխալ
և ամեն ինչ շարունակում եք, նախօրոք վերջն իմանալով:
Ճանապարհ ընկնողների համար
կա հատուկ երաժշտություն:
Նրանք անպայման հիշում են մանկությունը,
և այդ պահին արագ-արագ շարվում են կողք-կողքի
սենտիմենտի հրեշտակները,
որոնք անպայման գեղեցիկ մարմիններ ունեն
և առանձնանում են իրենց նազելի շարժուձևով:
Ճանապարհ ընկնելուց առաջ
պարտադիր է հիշել առաջին սերը:
Գուցե այս ամենն իզուր պատմություն է,
չէ՞ որ ինչ կատարվում է, ճիշտ է կատարվում,
և վերջաբանն իմանալը սոսկ անմտություն է:
Ահա և անապատը`
իր շարժուն ու խոսող ավազահատիկներով:
Փակիր աչքերդ և ասա արագ.
– Ո՞րն ես սրանցից:-
Եվ հենց որ մարի հնչյունդ վերջին,
կլինի հրաշք` կելնի արևը,
լուսինն էլ կելնի, աստղերն էլ կելնեն,
և ծունկի կիջնես,
և հուզմունքի ու աղոթքի բառերը դուրս կսողան
քաղաքակրթության նիկելած ուղեղիդ անցուղիներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում