Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկեն Ալեքսանդր Սպենդիարյանի 150- ամյակի միջոցառումները

Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկեն Ալեքսանդր Սպենդիարյանի 150- ամյակի միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանին նվիրված ծրագրերը կմեկնարկեն հունիսի 15-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին, որը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, կհնչեն «Երեք արմավենի», «Ղրիմյան էսքիզներ» գործերը, հատվածներ «Ալմաստ» օպերայից:

Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:

Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում։

Ալեքսանդր Աֆանասի Սպենդիարյանը (Սպենդիարովը) ծնվել է 1871 թվականի հոկտեմբերի 10-ին ռուսական Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, որը դաշնամուրի ուսուցչուհի էր: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր և ջութակ նվագել է սովորել: 1890-ին պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա: Սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Զուգահեռ նվագել տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում: Դեռ մանկության տարիներից նրան ծանոթ էր Ղրիմի ազգային երաժշտական ոճը: Երկար տարիներ բնակվել է Ղրիմում և ծավալել երաժշտական ակտիվ գործունեություն: Ղեկավարել է բազմաթիվ երաժշտական նվագախմբեր, հիմնել է տասնյակ երաժշտական դպրոցներ, մշակել է բազմաթիվ երգեր և ստեղծագործություններ: Հեղինակային համերգաշարերով հանդես է եկել Ռուսաստանի խոշոր քաղաքներում: 1924 թվականին հաստատվել է հայրենիքում և ակտիվ մասնակցել Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտի, պետական կոնսերվատորիայի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության հիմնադրման աշխատանքներին: Իր ստեղծագործական կարիերայի բուռն ծաղկման շրջանում ստեղծել է այնպիսի հրաշալի գործեր, ինչպիսիք են «Ալմաստ» օպերան, «Երևանյան էտյուդներ» և «Ղրիմի էսքիզներ» ստեղծագործությունները: Սպենդիարյանի ստեղծագործություններն առանձնանում են իրենց ազգային դիմագծին հավատարիմ մնալու յուրահատկությամբ, ռիթմիկությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում