Գյումրեցի հանդիսատեսը հոտնկայս լսեց ու երգեց «Project LA»-ի ստեղծագործությունները (տեսանյութ)

Գյումրեցի հանդիսատեսը հոտնկայս լսեց ու երգեց «Project LA»-ի ստեղծագործությունները (տեսանյութ)

Հայ և համաշխարհային մեծության պոետների խոսքը մեղեդիների վերածող «Project LA»-ն առաջին անգամ հնչեց Երևանից դուրս, ինչպես տեղացիներն են սիրում նշել՝ հայրաքաղաք Գյումրիում, բծախնդիր հանդիսատեսի առջև:

Երաժիշտները ներկայացրել են միանգամից երեք պրեմիերա, երեքն էլ՝ չարենցյան պոեզիայի հիման վրա գրված մեղեդիներով, որոնցից մեկն անտիպ բանաստեղծությունների շարքից «Մայրամուտային» ստեղծագործությունն էր, որը եղավ համերգի բացման երգը:

Վեց տարի առաջ պրոյեկտի հեղինակ, երգահան Լևոն Արևշատյանը ստեղծեց այս նախագիծը, որն օր-օրի էլ ավելի մեծ թվով ունկդրի է մոտեցնում գրականությանն ու դրանք անում այնպիսի մեղեդիներով, որոնք թույլ են տալիս հոգին լցնել որակյալ երաժշտությամբ: Սրա մասին Tert.am-ի հետ զրույցում խոստովանեցին երկրպագուները: Նրանցից ոմանք Երևանից էին հասել Գյումրի, որպեսզի «Project LA»-ի հետ միասին գտնեին խաղաղ րոպեներ:

Նախագծի մեներգիչ Գոռ Սուջայնը Tert.am-ին խոստովանեց, որ իրենց հաջողություններից մեկը նաև այն է, որ դպրոցականները դասաժամերին մեծն պոետների բանաստեղծություններն անգիր արտասանելու փոխարեն երգում են դրանք, ինչը հաճելին օգտակարի հետ է համադրում: Նա ուրախությամբ ընդգծեց, որ այս նախագիծը բացառիկ է, քանի որ Հայաստանում հազվադեպ են թիմային ծրագրերը երկար կյանք ունենում:

Երեկոյին հնչեց նաև «Ռեքվիեմ» ստեղծագործությունը. Բոստոնի համալսարան ընդունված, բայց նախ հայրենիքին ծառայելը նախընտրած ու հերոսի մահով ընկած Ալեն Մարգարյանի անվամբ բառախաղով այս երգով «Project LA»-ն իր հարգանքի տուրքը մատուցեց 44-օրյա պատերազմում զոհված բոլոր զինվորներին: Կարճ ժամանակահատվածում գրված այս գործը շատ արագ, մի քանի ամսվա ընթացքում դարձավ ունկդրին սիրտ ու հոգի տվող ստեղծագործություններից մեկը:

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսատեսը 3 ժամ լսեց, երգեց ու խմբի հետ վայելեց ժամանակակից երաժշտության ու գրականության պատմության էջերում հավերժ մնացող պոետների արժեքավոր տեքստերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում