Ծուլության կամ անգործության ժամանակը չէ, այլ՝ ապաշխարության

Ծուլության կամ անգործության ժամանակը չէ, այլ՝ ապաշխարության

Երբ մարդ, հոգին մոռացության մատնելով, սկսում է ծառայել միայն մարմնին, բազմաթիվ կրքերի ու մեղքերի մեջ է ընկնում և կորցնում աստվածապարգև ազատությունը: Իսկ կորցրածն Աստծու ողորմածությամբ հնարավոր է վերագտնել միայն ապաշխարությամբ, որը բուժում է մարդու ոչ միայն հոգին, այլ նաև մարմինը: Աստված նախ և առաջ ակնկալում է մարդուց ներքին մաքրություն, հեզություն ու խոնարհություն: Ս. Մակար Մեծի վարքագրություն մեջ կարդում ենք դևի հետ նրա հանդիպման մասին, երբ դևը սրբին խոստովանում է և ասում. «Այն ամենը, ինչ դու անում ես, ես էլ եմ անում: Դու ծոմ ես պահում, ես ընդհանրապես չեմ ուտում: Դու արթուն ես, ես ընդհանրապես չեմ քնում: Դու ինձ հաղթահարում ես միայն մեկ բանով՝ խոնարհությամբ»:

Հոգին և մարմինը մաքրելով՝ մարդ աստիճանաբար մոտենում է երկնայինին և ճաշակում երկնային ուրախությունը: Երկնայինին արժանանում են նրանք, ովքեր Ամենակարողի առջև իրենց անարժանությունն են տեսնում և անկեղծ զղջում ապրում: Անկեղծ ու իրական զղջումը մեղքերը գիտակցելն է, դրանց համար ցավ ապրելը, Աստծուց ներում խնդրելն ու խոստովանելը: Ապաշխարելով՝ մարդ մի ակնթարթում կարող է դժոխային տանջանքներից դրախտ տեղափոխվել: Ապաշխարությունը մարդու կյանքում պետք է պտղաբեր լինի, այդ պտուղներից մեկի մասին Ս. Պողոս առաքյալը նկարագրել է եփեսացիներին ուղղված իր նամակում. «Ով գողությամբ էր ապրում, այլևս թող չգողանա, այլ վարժվի արդար վաստակով ոչ միայն հացը շահելու, այլև բարիք գործելու՝ օգնելով նրանց, որոնք կարիքի մեջ են» (Եփես. 4:28): Իսկ անպտուղ ապաշխարության մասին Հայր Պաիսիոս Աթոսացին ասել է. «Այսօր մենք պահքի սնունդ ենք ուտում, բայց պահք չենք պահում, կարդում ենք հոգևոր գրքեր, բայց հոգևոր փորձառություն չունենք, խոստովանում ենք մեր մեղքերը, բայց չենք զղջում, շատ աղոթքներ անգիր գիտենք, բայց չենք աղոթում»:

Երբ քրիստոնյան ներքին աշխատանքի արդյունքում սկսում է նախատել իրեն, ապա ըստ Ս. Անտոնի Մեծի՝ Աստված է սկսում արդարացնել նրան: Ապաշխարությունը հոգևոր կյանքի հիմքն է: Այս մասին վկայում է Ավետարանը. Ս. Հովհաննես Մկրտիչն իր քարոզն սկսեց հետևյալ խոսքով. «Ապաշխարեցե՛ք, որովհետև Երկնքի Արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3:2): Նույն կոչով Իր քարոզչությունն սկսեց նաև Հիսուս Քրիստոս (Մատթ. 4:17): Առանց ապաշխարության անհնար է մոտենալ Աստծուն և հաղթահարել մեղավոր հակումները: Տերը ողջ աշխարհին մի մեծ նվեր՝ ապաշխարելու հնարավորություն, տվեց, որով մարդ ազատվում է իր մեղքերից քահանայի միջոցով, ում Աստված օժտել է մեղքերը «կապելու և լուծելու» զորությամբ:

Մեղքերը չտեսնելը հոգևոր հիվանդության նշան է: Իսկ ինչպե՞ս էին սրբերն ու ճգնակենցաղ անձինք տեսնում իրենց մեղքերը: Ամեն ինչ պարզ է. նրանք մոտեցել էին լույսի աղբյուրին՝ Աստծուն, սկսել էին նկատել իրենց հոգու այնպիսի գաղտնի վայրեր, որ մարդիկ ուղղակի չեն նկատում: Նրանք տեսնում էին իրենց հոգին իր իրական վիճակում: Օրինակ, երբ սենյակը մաքուր չէ, և գիշեր է, ապա ամեն ինչ թաքնված է խավարի մեջ, թվում է՝ ամեն ինչ նորմալ է: Բայց երբ լուսաբացին արևի առաջին ճառագայթները թափանցում են սենյակ, այն կիսով չափ լուսավորվում է և նկատելի է դառնում խառնաշփոթը: Որոշ ժամանակ անց, երբ արևը լուսավորում է ողջ սենյակը, սենյակի անմաքրությունն ամբողջովին տեսանելի է դառնում: Այդպես է նաև հոգևոր կյանքում, որքան մարդ մոտենում է Աստծուն, այնքան ավելի տեսանելի են դառնում մեղքերը:

Չարի ներշնչանք է այն, որ ինչպես ցանկանամ կապրեմ, հետո մեղքերիս համար կզղջամ: Սուրբ Գիրքն ու եկեղեցու հայրերը հորդորում են մեղանչելուց հետո չհուսահատվել և չհետաձգել ապաշխարությունը: Իսկ նա, ով մեղանչում է ապաշխարության հույսով, հայհոյում է Սուրբ Հոգուն և աններելի մեղքի մեջ ընկնում: Մի բան է գիտակցաբար մեղանչելը, մի բան է, երբ մարդ տկարությունից ելնելով է մեղանչում:

Ապաշխարությունը փոխում է մարդու կյանքն ու արժեհահամակարգը: Աստվածաշնչյան ամենավառ օրինակներից մեկը՝ մաքսապետ Զակքեոսն է, որ Քրիստոսին տեսնելու մեծ բաղձանք ուներ և կարճահասակ լինելու պատճառով բարձրացել էր ժանտաթզենու ծառը՝ անտեսելով հասարակության կարծիքը: Զակքեոսը մեծ ուրախություն ապրեց, երբ Քրիստոս նրան ասաց, որ ցանկանում է նրա տանը գիշերել: Քրիստոսին նախ իր սրտից ներս ընդունելով՝ նա մեծ զղջում ապրեց և իր մեղքերի դիմաց հատուցեց՝ իր ունեցվածքի կեսը աղքատներին տալով և քառապատիկ հատուցելով նրանց, ում անիրավել է (Ղուկ. 19:1-9): «Մեռած մարմինը հարություն չի առնում մարդկային ուժով, բայց մեռած հոգին հարություն է առնում ապաշխարության միջոցով»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:

Բուժվելու համար մարդ պետք է նախ զգա սեփական հիվանդությունը և գիտակցի բժշկի կարիքը, այսինքն՝ ընդունի իր մեղավորությունը: Առանց այդ ամենի ճանաչման, անձն անհույս հիվանդ է և գտնվում է ինքնախաբեության մեջ: Քրիստոսն է մարդու հոգու և մարմնի հիվանդությունների Բժիշկը. Նա սպասում է, որ մեղավորը դիմի Իրեն ապաշխարությամբ, որպեսզի ազատվի մեղքերից և ուժ ստանա մեղքերի դեմ պայքարի մեջ: Բոլոր մարդիկ, առանց բացառության, ապաշխարության կարիք ունեն: Կրքերի ու մեղքերի դեմ պայքարն ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում: Այդ մասին է վկայում «Հարանց Վարք»-ում գրված հետևյալ պատմությունը. «Եղբայրը հարցրեց հայր Սիսոյին. «Հայր, ի՞նչ անեմ, ընկել եմ»: Ծերը պատասխանեց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր»: Եղբայրն ասաց. «Ես վեր կացա, բայց նորից ընկա»: Ծերն պատասխանեց. «Նորից վեր կաց»: Եղբայրը հարցրեց. «Մինչև ե՞րբ վեր կենամ ու ընկնեմ»: Պատասխանեց նրան ծերը. «Մինչև կյանքիդ վերջը»»:

Ապաշխարության մեծագույն օրինակի ենք հանդիպում Սուրբ Գրքի Հովնան մարգարեի գրքում. Տերը Հովնան մարգարեին ասաց, որ գնա Նինվե քաղաք և քարոզի այնտեղ, քանի որ նրանց չարության համբավը հասել է Իրեն: Թեև մարգարեն Աստծու խոսքին հակառակվեց, բայց հետո մեծ զղջում ապրելով՝ անսաց Տիրոջ խոսքին և ապաշխարության կոչելով նինվեացիներին՝ ասաց՝ ևս երեք օր, և Նինվեն պիտի կործանվի: Նինվեացիները հավատացին Աստծու պատգամին, պահեցողություն հայտարարեցին և մեծից մինչև փոքրը քուրձ հագան: Լուրը հասավ նինվեացիների թագավորին: Սա ելավ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա: Թագավորի և նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց և ազդարարվեց, թե՝ մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն չճարակեն և ջուր չխմեն: Նրանց զղջմանը հաջորդեցին ապաշխարության գործերը՝ ծոմ, քուրձ, ջերմեռանդ աղոթք, արցունքներ, չարից հեռացում: Մարգարեն իր քարոզչությամբ բացեց նինվեացիների հոգու աչքերը: Նրանք, մերժելով իրենց հին կենսակերպը, հեթանոսական տաճարներ գնալու և չաստվածներին զոհ մատուցելու փոխարեն, իրենց սրտում փնտրեցին ճշմարիտ Աստծուն և ճշմարիտ ապաշխարությամբ Աստծու բարկությունը բարեհաճության փոխեցին:

Եկեղեցու հայրերից Գրիգոր Մարաշեցին, օրինակ բերելով նինվեացիների ապաշխարությունը, ասում է. «Ինչո՞ւ չես տեսնում խեղճ նինվեացիների ապաշխարությունը, երբ լսեցին կործանման լուրը: Աստված տեսավ նրանց այդպես խոնարհված, կշռաքարին դրեց նրանց տառապանքներն ու մեղքերը: Նժարը ծանրացավ նրանց դատապարտության տառապանքներից, որոնցով իրենք իրենց դատեցին, բժշկեց նրանց ցավերը և վերացրեց նրանց տանջանքներն ու կյանքի ուրախություն տվեց նրանց, որի համար ողջամտությամբ հառաչեցին: Ապաշխարության ինչպիսի՜ ջերմություն, որ գերազանցեց պատժի սաստկությանը»: Ուստի մեծ վարդապետը հորդորում է. «Եկեք գնանք դեպի պահք, խոսոտվանություն, սուգ ու արտասուք: Ծուլության կամ անգործության ժամանակը չէ, քանի որ ապաշխարությունն է արքայության պատրաստող միջոցը, ապաշխարությունն է անօրինությունների ջնջողը, մեղքերին թողություն պարգևողը, սուգը նորոգողը, սպիները մաքրողը, բոլոր անհույս հոգիների համար հույսի ապաստանը և փրկության մայրը»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում