«Ժամանակն օգտագործեցե՛ք»

«Ժամանակն օգտագործեցե՛ք»

Մեր կյանքն, այո՛, մեզ տրված սահմանափակ ժամանակ է, որն օգտագործում ենք՝ հնարավորինս բարի նպատակներով: Փորձում ենք անել դրականը, գործել բարիք և օգտակար գործերով զբաղվել, ինչն, անշուշտ, ողջունելի է: Սակայն մեր կյանքի ընթացքին հետադարձ հայացք նետելով՝ երբեմն զարմանում ենք՝ արդյո՞ք միշտ ճիշտ ենք օգտագործել մեզ բաժին հասած ժամանակը: Մեր ժամանակը միշտ չէ, որ օգտագործվում է որևէ կարևոր ու օգտակար գործի համար: Նկատի չունենք, թե երբ բարիք չենք գործում, անպայմանորեն գործում ենք չարիք: Առավելապես նկատի ունենք այն շրջանները, երբ մարդ ոչնչով զբաղված չէ և ոչ մի գործ չի կատարում: Ի՞նչ է այս, եթե ոչ չարիք: Արդյո՞ք ոչինչ չգործելով ճանաչապարհ չե՞նք բացում չարի, չար գործերի համար: Խորհենք այս մասին՝ իմանալով Աստվածաշնչի այն միտքը, թե. «Ժամանակն օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են. դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ինչ է Տիրոջ կամքը» (Եփես. 5։16-17):

Մեր այս չար օրերում երբեմն մոռանում ենք գործելու մասին: Մեր հուզական աշխարհը միշտ չէ, որ թույլ է տալիս թե՛ գործել, թե՛ խորհել. զգացումները միշտ հաղթում են բանականությանն ու գործին: Սակայն մեր մտքերում մշտապես պիտի ունենանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակը, ով, գալով աշխարհ ու ապրելով չար օրերում, անջնջելի հետք թողեց՝ տալով մարդկությանը փրկության հնարավորություն: Մշտապես ունենանք քրիստոնեական խոնարհությունը և ցանկությունը՝ բարիք գործելու: Չհուսահատվենք և չծուլանանք, քանզի գիտենք, որ ծուլությամբ ու թուլությամբ չէ, որ քրիստոնյա պիտի համարվենք, այլ կամքի ուժով, աշխատանքով ու մեր բարի գործերով:

Մեր ժամանակը ճիշտ օգտագործելով է, որ մոտենում ենք Տիրոջ Լույսին, և ոչ թե անգործության մեջ անցկացրած մեր սպասմամբ: Անպայմանորեն արդարացնենք մեր սպասումը մեր բարի գործերով: Եվ հիշենք, որ Քրիստոս այս ճանապարհին մշտապես առաջնորդում է մեզ, ինչպես և ասել է. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ․ 28։20):

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում