Այվազովսկու կտավը վաճառվել է նախնական գնից գրեթե երկու անգամ թանկ

Այվազովսկու կտավը վաճառվել է նախնական գնից գրեթե երկու անգամ թանկ

Հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ 1858 թվականին ստեղծած գիշերային բնանկարը Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,39 միլիոն դոլարով (983 հազար եվրո), ինչը գրեթե կրկնակի գերազանցել է կտավի նախնական գինը՝ 300-500 հազար ֆունտ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Այվազովսկու ևս մեկ կտավ վաճառվել է 252 հազար ֆունտով (355 հազար դոլար):

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում