Մտքերը ժողովելը

Մտքերը ժողովելը

– Հա՛յր, միտքս այս ու այն կողմ է թափառում:

– Երբ ես փոքր էի, երեխաները ճնճղուկ էին որսում, ճանկից պարան էին կապում և այդպես զվարճանում էին: Բաց էին թողնում, խեղճ ճնճղուկները թռչում էին՝ կարծելով, թե ազատ են, բայց հետո կծիկը կծկում էին, և ճնճղուկները հետ էին իջնում: Նույն կերպ էլ միտքդ կարող է սավառնել, բայց եթե կծիկը Քրիստոսի ձեռքին է, ապա ո՞ւր պիտի կորչի, կթռչի մի փոքր ու կրկին կդառնա դեպի Քրիստոս:

– Հա՛յր, բավական է կենտրոնանամ աղոթքի վրա և հանկարծ ուշադրությունս ընդամենը մի պահ շեղվի, մի վայրկյանում միտքս Ամերիկայում է հայտնվում: Ինչպե՞ս է նման բան պատահում:

– Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ այստեղից Ամերիկա մեկնելու և վերադառնելու համար: Կարո՞ղ ես վճարել նման ճամփորդության համար: Իսկ մտքով, տեսնո՞ւմ ես վայրկենապես այնտեղ ես հայտնվում: Տե՛ս հա, սանձահարի՛ր միտքդ, թե չէ ի վերջո կսնանկանաս և ստիպված կլինես «արտել»-ը(1) փակել, քանի որ ես չեմ կարողանա պարտքերդ մարել: Աղոթիր ի սրտե, խոնարհաբար, որպեսզի բանսարկուն քեզ չթալանի՝ մտքերիդ հետ զրուցելով: Այդ հարցում քեզ շատ կօգնի մահվան մասին խորհրդածելը: Եթե մտածես. «Աստված այս ժամանակը տվել է ինձ պատրաստվելու համար ու հետո ինձ կանչելու է Իր մոտ», ապա ոչ մի միտք չի դիմանա դրան: Երբ խոսքը մահվան մասին է, միտքը ժողովվում է և չի փախչում չգիտես թե ուր, աշխարհի ծայրը չի հասնում:

– Ինձ վշտացնում է այն փաստը, որ միտքս աղոթքի ժամանակ ցրվում է:

– Երբ իմ միտքը շեղվում է զանազան հարցերով, թեպետ ես ուզում եմ, որպեսզի այն մշտապես Աստծու հետ լինի, ասում եմ. «Տե՛ր Աստված, այսպիսի միտքը ի՞նչ պիտի անի Քո կողքին: Իմ կողմից հանդգնություն է ցանկանալը, որպեսզի այն Քեզ հետ լինի»: Մի խոնարհ միտքն իրեն է ձգում Աստծու շնորհը, և միտքը դառնում է դեպի Աստված: Դու էլ ասա. «Տե՛ր Աստված, ճիշտ ես անում, որ ինձ չես օգնում միտքս Քո մեջ հավաքել, որովհետև ես խղճուկ ողորմելի եմ»: Երբ ինքդ դրան կհավատաս, Աստված իսկույն քեզ կօգնի կենտրոնանալ:

– Հաճախ, երբ աղոթում եմ տերողորմյայով, չնայած սկզբում կենտրանացած եմ լինում, սակայն հետո միտքս ցրվում է: Ջանում եմ, կենտրոնանում եմ, բայց այն կրկին ցրվում է:

– Մտածիր, թե ինչ ափսոս է, որ աղոթքի կեսը կամ մեկ երրորդն է հասնում Աստծու գահի առջև, իսկ մնացածը ճամփին կորում է: Համբերություն և հաստատակամություն է անհրաժեշտ: Երբ միտքը ցրվում է, կրկին հավաքիր: Նորի՞ց է ցրվում: Նորի՛ց հավաքիր:

– Բայց ինչո՞ւ եմ դժվարանում կենտրոնանալ, հա՛յր:

– Որովհետև դու դեռ սխրանքի առաջին աստիճանին ես, և եթե հակառակը լիներ, ապա դա կհակասեր իրերի բնական ընթացքին. նույնն է, թե երեխան ատամներով ծնվեր: Միտքը մտրուկի նման է, որ նախ վազում է մոր հետևից, բայց շուտով մոռանում է ու սկսում թռչկոտել, խոտ ուտել, խաղալ ու հեռու է վազում, իսկ երբ ուշքի է գալիս, հասկանում է, որ կորցրել է մորը: Վազում է, նրան փնտրում, բայց շուտով կրկին մոռացության է տրվում: Երբ նա մի փոքր մեծանում է, կապում են մոր հետևից և այդկերպ միշտ նրա կողքին է լինում: Ուզում եմ ասել, որ սկզբում բնական է, որ միտքը ցրվում է աղոթքի ժամանակ: Բայց եթե համառություն դրսևորես, ապա այն կկապվի Աստծուն և չի բաժանվի նրանից, մշտապես կցանկանա աղոթել: Դրանից հետո գալիս է կատարյալ անդորրը. ոչ մի միտք մոտ չի գալիս աղոթքի ժամանակ, և միտքը խորհուրդներից ազատ է լինում(2): Այդ աստիճանից հետո գալիս է մտահայեցությունը:

1. Սուրբ հայրը հաճախ էր խոսում «աղոթական բրիգադա»-ի, «արտել»-ի կամ «ընկերության» մասին:

2. Հոգևոր վիճակ, երբ մարդը, կրքերից ազատվելով, այլևս խորհուրդներ չի ունենում: Ինչպես աբբա Իսահակն է գրում՝ հոգին ընդունում է խորհուրդների աշխարհը և այդ աշխարհից վերանում դեպի մտքի մաքրություն: Մտքի մաքրությունից մարդ հասնում է աստվածային գաղտնիքների տեսությանը, այսինքն՝ մտահայեցությանը: Զգում է Աստծուն, վայելք ապրում Նրանով:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում