Պարսկերեն-հայերեն բացառիկ բառարանում ընդգրկվել է պարսկերեն շուրջ 25 հազար բառ և արտահայտություն

Պարսկերեն-հայերեն բացառիկ բառարանում ընդգրկվել է պարսկերեն շուրջ 25 հազար բառ և արտահայտություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Հանրային ռադիոյի պարսկերեն բաժնի ավագ խմբագիր Տիգրան Դավուդյան-Դավթյանի Պարսկերեն-հայերեն բառարանում զետեղվել է պարսկերենի շուրջ 25 հազար բառ և արտահայտություն: Գրքում հեղինակն ամփոփել է երկու լեզվի գործածության երկարամյա փորձը, ինչպես նաև տպագիր և առցանց ԶԼՄ-ներում, առօրյայում օգտագործվող նորագույն բառեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 9-ին Հայաստանի գրողների միությունում:

«Հայերենի և պարսկերենի կապը դարերով ուսումնասիրվել է: Լեզվաբան Հրաչյա Աճառյանը բազմաթիվ բառերի ստուգաբանությունն ու արմատներն է ներկայացրել ընթերցողներին, սակայն լեզուն շարժման մեջ է, և նորաբառեր են հայտնվում, նոր արտահայտություններ»,-նշեց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու ընդգծեց, որ Տիգրան Դավուդյան-Դավթյանը շատ լուրջ աշխատանք է կատարել:

Միլիտոնյանը վստահ է՝ հայ թարգմանիչները, իրանագետները կարող են օգտվել հարուստ բառարանից:

Անդրադառնալով հայ-իրանական գրական միությունների, կազմակերպություններին՝ նա շեշտեց՝ կա սերտ համագործակցություն: «Վերջին 25 տարում Իրանն աշխարհի միակ երկիրն է, որը հրատարակում է հայ դասական և ժամանակակից գրողների: Առաջիկայում լույս է տեսնելու «Իրանի արևը» ժողովածուն, որում դասական և ժամանակակից գրողների գեղարվեստական ստեղծագործություններն են Իրանի մասին: Այն նաև Թեհրանում պարսկերեն հրատարակելու նպատակ ունենք»,-տեղեկացրեց Միլիտոնյանը:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային համոզված է, որ յուրաքանչյուր լեզվի ուսուցում, յուրացում նպաստում է երկրների միջև գրական և մշակութային կապերի զարգացմանը, ուստի նմանատիպ բառարանների հրատարակումը մեծ նշանակություն կարող է ունենալ այդ գործում:

«Հայերենի և պարսկերենի ընդհանրությունները շատ ավելի են, քան կարող ենք կարծել: Դա ակնհայտ է հատկապես այն ժամանակ, երբ խոսում ենք հին պարսկերենի մասին: Հին պարսկերեն բառեր, տեղանուններ, անձնանուններ ժամանակակից պարսկերենում մոռացվել են: Լեզվաբաններն դրանք վերծանելու համար դիմում են հայերենի օգնությանը, քանի որ հայերենում դրանք պահպանված են»,-շեշտեց Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային:

Տիգրան Դավուդյան-Դավթյանն էլ խոստովանեց, որ բառարանը կազմելիս անընդհատ բացահայտումներ է արել: «Մենք ունենք բառեր, որոնք մեզ են փոխանցվել տարբեր ժամանակաշրջաններում, բառեր, որոնք վերջին 2300 տարվա ընթացքում միասնաբար օգտագործել ենք: Նախատեսում եմ այդ բառերն առանձին գրքով հրատարակել: Նման բառերից են օրինակ հայերեն դուստրը, որը պարսկերենում դուխտար է: Այն հնդեվրոպական արմատ ունի: Այդ բառերից է հայերեն բժիշկը, որը պարսկերենում հեզեշկ է»,-նշեց նա ու հավելեց, որ բառարանի ստեղծման վրա աշխատել է շուրև տասը տարի, օգտվել է Իրանի և Հայաստանի լավագույն լեզվաբանների աշխատություններից:

Պարսկերեն-հայերեն բառարանը նախատեսված է իրանագետների, թարգմանիչների, ուսանողների, լրագրողների, գործարարների և ընթերցողների լայն շրջանակների համար: Գրքի խմբագիրը Թովմա Գալստանեանն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում